Սեպտեմբերից կներդրվի էլեկտրոնային օրագիր. դրանից օգտվել, թե չէ, կորոշեն ծնողն ու դպրոցը
13:33 - 26 հունիսի, 2019

Սեպտեմբերից կներդրվի էլեկտրոնային օրագիր. դրանից օգտվել, թե չէ, կորոշեն ծնողն ու դպրոցը

Կառավարության այսօր ընդունած որոշումներից մեկի համաձայն, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) կտրամադրվի մոտ 27 միլիոն դրամ: Դա հիմնավորվում է դպրոց ընդունվողների էլեկտրոնային հայտագրման եւ կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման ու սպասարկման անհրաժեշտությամբ:

Հայտնի է, որ այս տարի առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը փորձնական տարբերակով կազմակերպվեց միայն Երեւանում: Հաջորդ տարվանից այդ սկզբունքը գործելու է ամբողջ հանրապետությունում: Ինչ վերաբերում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգին, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Դա ենթադրում է կրթության բոլոր մակարդակների համար, սկսած նախադպրոցականից մինչեւ բուհական եւ հետբուհական կրթության մակարդակ, ունենալ մեկ միասնական տեղեկատվական համակարգ, որի միջոցով կհավաքագրվի վիճակագրությունը, տեղի կունենա ուսանողների, աշակերտների շարժը, բոլոր աշխատողների մասին տեղեկատվությունը եւ այլն: Ներկայումս մենք շահագործում ենք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարագը, որի մի մասն էլ նաեւ առաջին դասարանցիների ընդունելությունն էր» :

Սպասարկող անձնակազմն, ըստ Պողոսյանի, փոքր է, որպեսզի կենտրոնը կարողանա ներդնել կրթության կառավարման տեղեկատվական այդ մեծ համակարգը: Առայժմ աշխատում են երեք հոգի: Ֆինանսավորումը ստանալուց հետո այդ թիվը կավելացվի երեքով: «Այս պահին ծանրաբեռնվածությունը չափազանց մեծ է, աշխատում են 1400 դպրոցի հետ: Պատկերացրեք, եթե ավելանան մանկապարտեզները, բուհերը, քոլեջները»,- նկատեց ԿՏԱԿ տնօրենը:

Կառավարությունից ստացվող գումարի շրջանակներում (որն ի դեպ, հաջորդ տարիներին չի հատկացվի առանձին, այլ կնախատեսվի բյուջեով) նաեւ պետք է ընդունվեն երկու ծրագրավորողներ ու ներդրվեն հեռավար կրթության հետ կապված որոշակի ծրագրեր:

«Հեռավար ուսուցման կենտրոնի նախատիպ է ստեղծվում, որը հետագայում կարող է մեծանալ եւ դառնալ հեռավար ուսուցման կենտրոն եւ որը էլեկտրոնային տարբերակով կրթություն կտա բոլոր այն դպրոցների երեխաներին, որտեղ չկա այս կամ այն առարկայի մասնագետ: Դրա փորձնական տարբերակը իրականացվել է նախորդ տարի մեկ-երկու դպրոցի համար: Այս տարի սեպտեմբերից կսկսի գործել եւս մի քանի դպրոցներում: Մեկ ուսումնական տարի փորձարկելուց հետո, եթե հաջողությամբ իրականացվի, ապա հետագա ծրագրով կարծում եմ կենտրոնը կմեծացվի»,- ասաց Արտակ Պողոսյանը:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հանրակրթության ոլորտի շահառուներին սեպտեմբերից կառաջարկի նաեւ էլեկտրոնային օրագիր: «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը ամբողջությամբ իր մեջ ներառում է մի քանի կոմպոնենտ: Ինչպես օրինակ աշակերտների առցանց հերթագրումն է, այնպես էլ՝ էլեկտրոնային օրագիրը, որը մենք ուզում ենք ներդնել սեպտեմբերից: Այդ ծրագրի միջոցով ծնողները կարող են տեսնել իրենց երեխաների գնահատականը, անհրաժեշտության դեպքում անմիջապես կապ հաստատել ուսուցչի հետ, ուսուցիչն էլ՝ ծնողների հետ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Հայտնի է, սակայն, որ մանկավարժները հաճախ դժգոհում են անվերջ գրագրությունից ու թղթատարությունից, այս կամ այն հարթակներում տեղեկատվություն մուտքագրելուց: ԿՏԱԿ տնօրենից հետաքրքրվեցինք, թե այդ օրագիրն ուսուցի՞չը պետք է լրացնի եւ այնտեղ անցկացնի աշակերտների գնահատականը, ու ընդհանարպես ո՞րն է էլեկտրոնային օրագրի նպատակը, ինչ-որ մեկի գործն այն հեշտացնելո՞ւ է, թե ընդհակառակը:

«Դա նախագիծ է: Սեպտեմբերից, երբ որ սկսենք օգտագործել, ըստ ցանկության է լինելու: Եթե ծնողները կամ դպրոցը կորոշեն, որ իրենք վարում են այդ օրագիրը, կվարեն, եթե չէ, այդտեղ խնդիր չկա: Մենք վիճակագրության համար վերցնում ենք, օրինակ, կիսամյակային եւ տարեկան գնահատականները, որոնք պարտադիր են, բայց օրագիրը պարտադիր չի լինելու: Ընդհանրապես մեր բոլոր ծրագրերը, որոնք ներդնում ենք, միտված են, որպեսզի ավելի թեթեւացնենք դպրոցների բեռը, ավելորդ թղթատարությունից ազատենք: Օրինակ մեր դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը այս տարի ամբողջությամբ էլեկտրոնային աշխատել է, եւ դպրոցները թղթային տարբերակով վիճակագրություն ընդհանրապես չեն լրացրել: Ամբողջ հաշվետվությունները էլեկտրոնային ենք ստացել, եւ դպրոցների բեռը երեւի տասը անգամ թեթեւացել է, որպես այդպիսին»,- ասաց Արտակ Պողոսյանը:

Վիճակագրության համար անհրաժեշտ հաշվետվությունը, որը դպրոցը ներկայացնում էր կրթության եւ գիտության նախարարություն, ազգային վիճակագրական ծառայություն, ֆինանսների նախարարություն, կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ամբողջությամբ աշխատելու պարագայում այդ տվյալները կլրացնի մեկ անգամ՝ էլեկտրոնային հարթակում, եւ բոլոր շահագրգիռ կազմակերպությունները կստանան դրանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել