Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նոր վկաներ են հարցաքննվել. նրա աներ Արշակ Հակոբյանը նույնպես վկա է |armtimes.com|
15:05 - 05 ապրիլի, 2019

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նոր վկաներ են հարցաքննվել. նրա աներ Արշակ Հակոբյանը նույնպես վկա է |armtimes.com|

armtimes.com: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի եւ մյուսների վերաբերյալ նախաքննությունը վերսկսելուց հետո գործով նոր վկաներ են հարցաքննվել: Այս մասին ասել է գործով անցնող 9 մեղադրյալների պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ սույն գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, կողմերը ծանոթացել էին գործի նյութերին, սակայն դատախազությունը այն հետ էր ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության՝ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին, խաղաղ հավաքներ եւ երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ կազմակերպելու համար եւ նույն օրը Հայանիստում խուլիգանություն կատարելու համար: Իսկ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում խուլիգանություն կատարելու համար. նրանք այդ օրը հարձակվել էին փողոցը փակած ցուցարար-ուսանողների վրա. Համբարձումյանը մեղադրվում է նաեւ ապրիլի 22-ին Հայանիստում տեղի ունեցած գործողությունների համար. այդ օրը Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել Էջմիածին քաղաքի 60-ամյա մի բնակիչ։

Ընդհանուր առմամբ՝ այս գործով մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:

Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Աթանեսյան, քանի որ դատախազությունը գործը հետ է ուղարկել նախաքննական մարմնին՝ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու համար, դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչ գործողությունների մասին է խոսքը, կամ որտեղ էր թերացել վարույթն իրականացնող մարմինը:

- Որոշմանը ծանոթ չեմ, այն չի տրամադրվել պաշտպանության կողմին, կարող եմ ասել, որ իմ 9 պաշտպանյալների հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվում: Հրավիրում են ինչ-որ վկաների, թե ինչու եւ ինչ արժեք ունեն այդ ցուցմունքները, չեմ կարող հրապարակել, բայց որեւէ էական հանգամանք նախաքննությանը նրանք չեն հայտնում: Ինձ մոտ տպավորություն է, որ պարզապես ձեւական մի քանի գործողություն են անում, որ փորձեն ուղարկել դատարան:

- Այսինքն՝ նախաքննությունը վերսկսելուց հետո նոր վկաներ են հարցաքննվե՞լ:

- Այո, առաջին անգամ, այդ մարդկանց անունները հայտնի են եղել, ուղղակի չգիտեմ՝ ինչի են հիմա կանչում, 10 ամիս անց:

- Իսկ իրենք ովքե՞ր են:

- Էրեբունու տարածքի բնակիչներ:

- Քանի որ դուք գործի նյութերին ծանոթացել եք, կոնկրետ Էրեբունու դրվագով, նախաքննական մարմինը ի՞նչ ապացույցներ է դրել Դավիթ Համբարձումյանի մեղադրանքի հիմքում:

- Վկաների ցուցմունքներ, բայց դրանք ապացույցներ էլ չեն համարվում: Ես ամենասկզբից էլ ասել եմ, որ Դավիթ Համբարձումյանը որեւէ առնչություն չունի Էրեբունու դեպքերի հետ:

- Բացառապես այդ ցուցմունքնե՞րն են, թե՝ այլ ապացույցներ եւս կան:

- Միայն այդ ցուցմունքներն են:

- Իսկ տեսանյութեր չկա՞ն:

- Կան, բոլորիդ հայտնի է, տեսագրությունները համացանցում կան, որեւէ ուրիշ բան չունի նախաքննական մարմինը, բայց այդ տեսագրությունները ոչինչ չասող են կոնկրետ անձանց մեղադրանքի հետ կապված:

- Նախաքննական մարմինը նշե՞լ է, թե ինչպես է Դավիթ Համբարձումյանը կազմակերպել զանգվածային անկարգությունները:

- Ոչ, մեղադրանքը միայն մասնակցությանն է վերաբերում այս պահին, բայց դրա վերաբերյալ որեւէ ապացույց չունեն:

- Նշեցիք, որ վկաների հարցաքննություններ են դրվել ապացույցի հիմքում, նրանց եւ Դավիթ Համբարձումյանի ցուցմունքներում էական հակասություններ եղե՞լ են, առերես հարցաքննելու անհրաժեշտություն եղե՞լ է:

- Բազմիցս միջնորդել եմ առերեսել, բայց միջնորդություններս մերժվել են:

- Ի՞նչ հիմնավորմամբ:

- Հիմնավորում չեմ գտնում այդ մերժումների մեջ, նշում են, որ նախաքննության մարմինը ինքն է որոշողը՝ ոնց քննություն կատարի:

- Իսկ ի՞նչ հակասություններ են եղել:

- Տեսեք, եթե մի անձը մյուսին մեղադրում է ինչ-որ արարքի մեջ, նա էլ ասում է՝ ես դա չեմ արել, այնտեղ չեմ եղել, դա չեղա՞վ հակասություն: Բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, մանրամասն չեմ կարող ասել, քանի որ դեռ նախաքննությունը չի ավարտվել, խոսքը գնում է բազմաթիվ վկաների հարցաքննության, առերեսումների մասին, փորձաքննությունների, տարբեր վարկածների ստուգման, այդ ամենը եթե կատարվի եւ կատարվի օբյեկտիվ, այս քրեական գործը ամեն դեպքում փլուզվելու է եւ իմ կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ նախաքննության մարմինը խուսափում է մեր միջնորդությունները բավարարելուց:

- Ընդհանուր տուժողներ կա՞ն, քանիսն են:

- 3-4 հոգի Էրեբունու դրվագով, 4 հոգի՝ Հերացու դրվագով, Հայանիստով՝ 3 հոգի:

- Էրեբունու դեպքով տուժողները ձեր պաշտպանյալներին հիշե՞լ են դեմքով:

- Ես նորից եմ ասում, իմ պաշտպանյալներից ոչ ոք այդտեղ չի եղել, ընդամենը դա զրպարտություն է, որը Մասիսի նախկին քաղաքապետի բարեկամներից մեկը որոշեց անել Դավիթի եւ իր ընկերների հանդեպ, սա է այս գործի ամբողջ էությունը, թե ինչու է այդ մարդկանց անունները տրվել: Իսկ տուժողները ոչ մեկին մատնացույց չեն արել, առավել եւս իմ պաշտպանյալներին:

- Այս գործով Արշակ Հակոբյանը (Դավիթ Համբարձումյանի աները) ի՞նչ կարգավիճակ ունի:

- Նա որպես վկա հարցաքննվել է եւ որեւէ առնչություն չունի այս դեպքերի հետ:

- Իսկ Գոռ Համբարձումյանի մասով ի՞նչ ապացույցներ կան:

- Գոռ Համբարձումյանը մանիպուլյացիաների զոհ է դարձել, մի ստից քաշքուկը դարձրել են ինչ-որ մի հատ հակահեղափոխության քայլ: Իրականում իրականությունը այլ է, Գոռը ցուցմունք չի տվել այդ մասով, այն, ինչ ես գիտեմ, նա կասի դատարանում: Սովորական կենցաղային բախում է եղել՝ հրահրված ցուցարարների կողմից, ուղղակի Գոռը հայտնվեց այնտեղ, որտեղ պետք չէր:

- Այսինքն՝ դուք Հերացիում տեղի ունեցածը ստից քաշքո՞ւկ եք որակում:

- Իհարկե:

- Ակտիվիստներին ծեծելու...

- Ակտիվիստները եկեղեցու սրբեր չեն, իրենք եւ իրենց որոշակի գործողություններով հրահրել են այդ ամեն ինչը, պետք չի դիտել այդ մարդկանց սուրբ, իսկ Գոռը՝ չար... Գոռը պատասխանել է իրեն վիրավորողներին: Ուրիշ հարց տամ, իսկ որ Գոռի մեքենան ջարդել են, ո՞վ պետք է վնասը հատուցի:

- Բայց ջարդե՞լ են:

- Իհարկե, նայեք տեսանյութը, կտեսնեք:

- Իսկ ինչո՞ւ հաղորդում չի ներկայացրել ոստիկանություն:

- Գոռին պետք է ճանաչել, ինքը հաղորդում չի ներկայացնի, այդ տիպի մարդ չի ինքը, հանգիստ մարդ է, շատ հանգիստ դրան վերաբերող:

- Իսկ իր մասնակցությամբ առերեսում եղե՞լ է:

- Այո, բոլոր առերեսումները եղել են, եւ տապալվել են: 2 դրվագով է եղել՝ Հայանիստով տապալվել է, Հերացիով քանի որ քննիչի կողմից դատավարական կարգ էր խախտվել, այդ պատճառով մենք ենք ընդհատել քննչական գործողությունը:

- Տուժողների հետ պետք է առերեսվե՞ր, թե՞ վկաների:

- Ե՛ւ տուժողների ե՛ւ վկաների:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել