Լարվածություն արցախա-ադրբեջանական շփման գծում. թարմացվող
17:20 - 08 օգոստոսի, 2022

Լարվածություն արցախա-ադրբեջանական շփման գծում. թարմացվող

08․08․2022

17։00- Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն։ Հայտնում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ նշելով․  «Այն մարդիկ, ովքեր իրականում նպատակ ունեն և գործնականում պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Բերձորի ու Աղավնոյի պահպանման հարցում կոչ ենք անում օր առաջ միանալ պայքարին։ Այս պահին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն իր ընտանիքի հետ գտնվում է Աղավնո գյուղում։

11։21- ՌԴ ՊՆ-ն երեկվա հաղորդագրությամբ արձանագրել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով վիրավորվել էր ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: «ՌԴ խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

10։20- Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: [ՀՀ ՊՆ]

10։07- Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, չի համապատասխանում իրականությանը: Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ [Արցախի ՊԲ]

07․08․2022

12։38- Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: [ՀՀ ՊՆ]

10։40- Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած  որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

06.08.2022

20:48- Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը  ներկայացրել է, թե  ինչպես կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը դեռևս պատրաստ չէ։ Օգոստոսի 1-ին ՀՀ-ում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝  երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն՝ այս կերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի։

12:08-  Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը  չեն համապատասխանում։ [Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան]

11:42- Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը օգոստոսի 5-ի ամփոփագրում նշել է, որ իր պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։  |1lurer.am|

10:54- Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը քննադատել է միջազգային հանրության արհեստական չեզոքությունը Հայաստանին և Ադրբեջանին ուղղված կոչերում։  |armenpress.am|

10:49- Արցախի Հանրապետության պատպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում։ 

05.08.2022

18։03-   Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն գյուղերը։ Այս մասին հայտնել են Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը ու Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը։ 

17։53-  Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով` անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով հայտարարվել է մասնակի զորահավաք, որում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: [Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը՝ մասնակի զորահավաքի վերաբերյալ]

15։52- Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ընթացքում հայտնել է դժբախտ պատահարների հետևանքով մահացած երեք զինծառայողների մասին: Այսպես, առավոտյան Ադրբեջանի  ՊՆ-ից հայտնեցին, որ  Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, իսկ ավելի ուշ հայտնեցին, թե Լաչինի՝ Բերձորի շրջանում ժայռից կտոր է պոկվել և ընկել մարտական առաջադրանք կատարող զինծառայողների վրա․ նրանցից մեկը մահացել էր տեղում, իսկ մյուսի վիճակը գնահատվում էր ծանր, սակայն ավելի ուշ նա նույնպես մահացել է։

14։01- Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։ Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչպիսիք էին 2020 թ․ տեղի ունեցածները, և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից։ [ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթեր]

11։50- Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, ըստ որի` Արցախի ՊԲ ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

11։32-  Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել: Հարց է առաջանում. ո՞ւմ հավանությամբ է ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը: Իշխանությունը, տեղի ունեցածի վրա տևական ժամանակ աչք փակելուց հետո, հանկարծ որոշել է ձայն հանել, և այդ ուշացած արձագանքը ոչ ոքի այլևս հետաքրքիր չէ:  [ՀՀԿ գորրծադիր մարմին]

10։45- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանն և պատասխանել հարցին, թե արդյոք ՌԴ-ն խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու անհրաժեշտություն է տեսնում․ «Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում: Ուստի, չեմ կարող գուշակություններ անել: Ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»:

10։10- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։

09։28-  Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական  ստորաբաժանումները  խախտել են  հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։ Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը` ծայրահեղ ծանր` դրական  որոշակի դինամիկայով։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

04.08.2022

22։55- Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա։ Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ դուրս են գրվել։ [Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյան] 

22։10- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է  Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով և կողմերին զսպվածության կոչ է անում։  [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկ] 

21։12-  ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում իր պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Ռուս խաղաղապահների հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, այդ միջադեպերը հարթել է, շփման գծի խախտումներ չեն եղել: [ՌԴ ՊՆ] 

19։37- ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն այսօր հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում գեներալ-մայորը ներկայացրել է խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումն այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքի մասին և հավաստիացրել, որ ՌԴ ամեն ինչ կանի իրավիճակի հետագա սրումը կանխելու համար: 

19։28- Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են  ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ: [Արցախի տեղեկատվական շտաբ]

18։43-  Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում։

18։08- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ «Պետաքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնելու  հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,-ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

16։39- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»,- ասել է նա:

16։27-  Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը տեղում իրադրության կայունացման համար:  Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր խողովակներով և բոլոր մակարդակներում, ներառյալ՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ [ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ-ում իրավիճակի մասին] 

16։01- Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում  նշել է, թե վերջին օրերի լարվածությունը կապված է «Արցախի տարածքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների անօրինական առկայությամբ, և նրանց կողմից սադրանքների դիմելու փաստով»։  Իսկ ինչ վերաբերում է Լաչինի միջանցքով երթուղու կառուցմանը, Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, թե «Լաչինի միջանցքի երկայնքով համաձայնեցված երթուղու շինարարությունը շարունակվում է արդեն երկար ամիսներ, և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է այդ ճանապարհի մասին»։

15։53- «Եթե կան հարցեր, ապա անկասկած պետք է տալ դրանց պատասխանները»։ Նշել է Պեսկովը՝ անդրադառնալով ԼՂ-ում ռուս խաղաղապահների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը․ «Հայկական կողմի հետ մեր սերտ կապերը, որոնք առկա են ամենատարբեր մակարդակներում, թույլ կտան պարզաբանել այդ հարցերը»։

15։22- ՌԴ-ում անդրադարձել են Արցախում իրադրության սրմանը․ «Մենք ուշադիր հետևում ենք: Բնական է, անհանգստացած ենք իրադրության սրման առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, իսկ ամենակարևորը՝ կյանքի կոչել բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները: Վլադիմիր  Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է նաև ԼՂ իրադրությունը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

14։10- Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի քաղաքացիների և պետական կառույցների էլ․ հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում և փորձում խուճապ տարածելով վախի մթնոլորտ ստեղծել։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել նման հաղորդագրությունների և հետևել միայն պաշտոնական լրահոսին։[Արցախի ԱԱԾ]

13։43- Արարատ Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին:  Նա նշել է՝ ագրեսիային նախորդել էր ռուսական խաղաղապահ անձնակազմին ներկայացված նամակը, համաձայն որի ադրբեջանական կողմը նախատեսում է փոփոխել ներկայումս գործող Լաչինի միջանցքով անցնող երթուղին։ [ՀՀ ԱԳՆ]

12։55- Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն։ [ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան]

12։43-  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով Արցախում լարվածությունը, «հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»։

12։34-  Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ 
Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ։ [Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը]

12։01- Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա։ Նա նշեց, որ չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ «Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Ընդգծեմ, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով ՀՀ-ն կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»։

11։25- Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում՝  ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված։  Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ [Նիկոլ Փաշինյան]

11։08- ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին, այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն իրավիճակ է։ ՀՀ սահմանին լարվածություն չկա։ [ՊՆ խոսնակը՝ Տավուշի սահմանին լարված իրավիճակի մասին լուրերին ի պատասխան]

10։18- Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է: Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:  [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

09։43- Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները։ [ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնե]

08:32-  Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներին: Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ [ԱՄՆ Պետդեպարտամենտ]

03.08.2022

22:19-  Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները։
Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար։ [ԵՄ հայտարարություն] 

21։50 - Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի: [Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյան] 

21։10 - Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի սրում է նկատվում, Սարիբաբա բարձունքի տարածքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները երկու երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ [ՌԴ ՊՆ]

21։00 - Իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն: Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ԱԽ նիստում]

19։52- Տարբեր հարցերի վերաբերյալ տարվող բանակցությունների ընթացքում հայկական կողմը ստիպված է լինում գնալ զիջումների, որի հետևանքով կոպտագույն ձևով խախտվում են մարդկանց ամենատարրական իրավունքները՝ ընդհուպ կյանքի իրավունքը։ Ռուսական խաղաղապահների չհստակեցված մանդատի և խիստ սահմանափակ թվակազմի պատճառով փխրուն ու հարաբերական խաղաղությունը պարբերաբար վտանգվում է։ [Արցախի ՄԻՊ]

19:30-  Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։  [ՀՀ ԱԳՆ]

19։15 - Վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա։ [Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյան]

19:10- Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, հակամարտության լուծմանը ներգրավված միջազգային այլ դերակատարներին գործադրելու առավելագույն ջանքերը՝ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման ուղղությամբ: [ՀՀ ՄԻՊ]

18:54- Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին։ [ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն]

18։35 - Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։

18։30 - Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է: [Արցախի ՊՆ]

18։02- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք: [ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]

16։40-  Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ զորքերի կուտակում ու լարվածություն չկա։ [ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան] 

15։53- Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ: [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

15։51- Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է:
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել: Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից: [ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն]

15:24- Օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ. վիրավորում է ստացել 7 զինծառայող, 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

12։57- Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը․  «2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում սահմանված է. «Կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել, հետեւաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ», - նշել է Գրիգորյանը: 

12։35- Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների կրակոցների հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 3-ի առավոտյան ինտենսիվ կարկոցներ են եղել Լաչինի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ «Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համապատասխան միջոցներ են ձեռնարկել»,- տեղեկացնում են երկրի գերատեսչությունից։

11։23- Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական կողմերի միջև լարվածության առթիվ։ «Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներով։ Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- Թվիթերի իր էջում գրել է Կլաարը։

10:08- Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում  շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը' Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են: [Արցախի ՊՆ]

02․08․2022

20:40 - Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, որոնց հետևանքով վիրավորվել է ԼՂ զինված ուժերի ներկայացուցիչը: ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կարգավորվել է ստեղծված իրավիճակը: Շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել։ [ՌԴ ՊՆ]

19:10 - Լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում պահպանվում է, կորուստներ չկան։ Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ: [ԱՀ նախագահի աշխատակազմ]

10։15- Օգոստոսի մեկին վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: [ԱՀ ՊՆ]

09։52-  Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն լարվածությունը պահպանվում է:  Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար: [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

00։24- Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: [Արցախի ՊՆ մամուլի ծառայություն]

01․08․2022

23։30- ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում այսօր երեկոյան 20:00-ի մոտակայքում հրապարակվել է հաղորդագրություն՝ օգոստոսի 1-ի դրությամբ ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։ Հաղորդագրության մեջ ասված է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում։

22։10 - Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի  հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել ՊԲ լիարժեք վերահսկողության  տակ։ Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

21։45 - Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: 
[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

21։30 -  Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո: Միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադրանքների չտրվել։ [Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայան]

21։05 - Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: [ՀՀ ՊՆ] 

20։10 - Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 
Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: 
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

18։00 - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Զեկուցվել է առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակը։ 
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել:  [ԱՀ նախագայի մամուլի ծառայություն]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել