Մենք ընտրել ենք միջազգային գիտական հանրույթի հետ զրուցելու ճանապարհը․ Artsakh Monument Watch ակադեմիական հարթակը հակադարձում է ադրբեջանական քարոզչությանը․ Համլետ Պետրոսյան
14:01 - 26 հոկտեմբերի, 2022

Մենք ընտրել ենք միջազգային գիտական հանրույթի հետ զրուցելու ճանապարհը․ Artsakh Monument Watch ակադեմիական հարթակը հակադարձում է ադրբեջանական քարոզչությանը․ Համլետ Պետրոսյան

Պատմաբան, հնագետ և մշակութաբան Համլետ Պետրոսյանի ղեկավարած թիմը 44-օրյա պատերազմից հետո նախաձեռնել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Artsakh monument watch) անունով անկախ ակադեմիական հարթակը, որը նպատակ ունի պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը,  ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը, միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:  

Համլետ Պետրոսյանը ասում է, որ այսպիսով ընտրել են միջազգային գիտական հանրույթի հետ զրուցելու ճանապարհը, և դա մեծ պոտենցիալ ունի․  «Հայաստանյան զանազան գերատեսչություններ, առանձին խմբեր անընդհատ նամակներ են ուղարկում միջազգային մշակութապահպան կազմակերպություններին։ Դա նույնպես ընդունելի է․ մենք ընտրել ենք միջազգային գիտական հանրույթի հետ զրուցելու ճանապարհը։ Երբ մենք Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հետազոտող տիկին Աննա Լեյլոյանի հետ  նախաձեռնել ենք Artsakh Monument Watch հարթակը, մտածել ենք, որ մեր հարուստ մշակույթը, իրականում տեղի ունեցող իրադարձությունների ներկայացումը գիտական հարթակում շատ ավելի մեծ պոտենցիալ ունի։ Կարծում եմ, որ այդ տեսանկյունից մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Նաև միանշանակ է, որ հայկական ներկայացուցչությունները, նախարարությունները օգտագործում են մեր հրապարակումները։ Վերջերս հանդիպումներ են եղել նաև արտասահմանցի փորձագետների հետ, որոնք քաջածանոթ են մեր հրապարակումներին։ Ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը հրատարակեց Տիգրանակերտին նվիրված իմ հոդվածը։ Հանդիպումներ ենք ունեցել նաև շվեյցարական մշակութապահպան երկու կազմակերպությունների հետ։ Այսինքն՝ սա մի գործընթաց է, որում մենք որպես մասնագետներ փորձում ենք մեր ներդրումը ունենալ»։ 

Միջազգային գիտական հարթակներում տեսակետներ հնչեցնելը, ըստ նրա,  տալիս է իր արդյունքները։ Նրա ղեկավարած արշավախումբն է 2005 թ․-ին հայտնաբերել Արցախի Տիգրանակերտ քաղաքը և պեղումներ իրականացրել այնտեղ։ Պատերազմից հետո քաղաքը մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, սակայն, Պետրոսյանի խոսքով, արտասահմանցի գիտնականները վերջին հրապարակումներում հենց Արցախի Տիգրանակերտ քաղաք անունն են գործածում․ «Նրանք օգտագործում են այդ անունը՝ ելնելով նրանից, թե մենք ինչպես ենք աշխատել, ինչ չեզոք դիրքորոշումներ ենք ունեցել։ Թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, թե՛ Եվրախորհրդի որոշումների հարցում կա նաև մեր կատարած աշխատանքը»։

Գիտնականը պատմում է, որ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից նույնիսկ առաջարկ են ունեցել Տիգրանակերտում շարունակել պեղումները, այդ առիթով առցանց կոնֆերանս է կազմակերպվել հայ և ադրբեջանցի գիտնականների մասնակցությամբ։ Պետրոսյանը, սակայն, ընդգծում է՝ այստեղ առաջին խնդիրը ադրբեջանցի գիտնականների ակադեմիական բարեվարքությունն է․ «Այդ կոնֆերանսում յոթ հայ կար, որոնք ութ կարծիք էին հնչեցնում և հինգ ադրբեջանցի կար, որոնք մի կարծիք էին հնչեցնում։ Ներքուստ հպարտ եմ, որ մեր հանրույթը, հատկապես՝ գիտական հանրույթը այդքան զոմբիացված չէ, բայց մյուս կողմից էլ ակնհայտ էր,  որ չենք կարող  համագործակցել նրանց հետ, ովքեր մեզ անվանում են «գող», «հանցագործ», «սուտասան»։ Ֆրանսիական խումբը առաջարկում էր միջազգային հարթակ ստեղծել, որին կարողանանք մասնակցել, ես ասում էի՝ այստեղ առաջին խնդիրը ակադեմիական բարեվարքությունն է։ Գուցե ադրբեջանցի հնագետը կարող է առանձին խոսելուց իր մտքերը արտահայտել, բայց ցանկացած հրապարակային ելույթում նրանք կրկնում են այն, ինչ ասել է նրանց նախագահը»։

Այս պայմաններում Պետրոսյանը նման միջազգային հարթակում ներգրավվելը հեռանկարային չի համարել․ «Այնպես չի, որ ես մերժողական դիրքորոշում եմ ունեցել, ուղղակի իրենք էլ են հասկացել, որ նման պայմաններում այսպիսի հեռանկարը իրականանալի չէ։ Տիգրանակերտի հետ կապված ես չեմ գտել ադրբեջանցի որևէ հետազոտողի որևէ լուրջ առարկություն, այլ լսել եմ միայն նմանատիպ հայտարարություններ․ այնտեղ քաղաք չկա, այդ քաղաքը հնարած է, այդ քաղաքը սուտ է, Պետրոսյանը գիշերը քարեր է հավաքում, պարիսպ է շարում և ծայրահեղ դեպքում այդ աղվանական Տիգրանակերտ է։ Թե ինչ է նշանակում Աղվանական Տիգրանակերտ, անհասականլի է․ եթե աղվանական է, ինչու է Տիգրանակերտ, եթե Տիգրանակերտ է, ինչու է աղվանական։ Շատ ադրբեջանցի հնագետներ գիտեն իրականությունը, բայց  պետական մեքենայի մի պտուտակն են»։

Գիտնականը նշում է նաև, որ Տիգրանակերտի վերաբերյալ գիրք են հրատարակելու, որի հեղինակները լինելու են Տիգրանակերտի պեղումները կատարած գիտական թիմի անդամները․ «Հույս ունեմ, որ եթե ոչ այս տարվա վերջին, եկող տարվա սկզբին գիրքը կավարտենք և կհանձնենք տպագրության։ Առաջին հրատարակությունը միանշանակ հայերեն է լինելու, բայց նաև պիտի փորձենք թարգմանել անգելերեն ու ռուսերեն։ Ես վստահ եմ, որ երբ գիրքը պատրաստ եղավ, տպագրելու խնդիր չենք ունենալու։
Գիրքը ներկայացնելու է Տիգրանակերտի հնագիտական կամ պատմահնագիտական հետազոտության ողջ արդյունքները, ունենալու է հատուկ բաժին, որը վերանայելու է ընդհանրապես Արցախի Տիգրանակերտի վկայություները գրավոր աղբյուրներում, տեղագրական նկարագրություններում, մասնագետների մոտեցումները տարբեր ժամանակներում, թե որտեղ է գտնվել, ինչ է իրենից ներկայացնում։ Այժմ վերանայում ենք նախկինում պեղումներին մասնակիցների հրապարակումները, բավականին լուրջ ակադեմիական կազմ ունենք։ Ես նախատեսում էի այս գիրքը ավելի ուշ գրել, որովհետև պեղումները ընթանում էին, շատ հարցերի պատասխաններ չունեինք, բայց քանի որ այս իրավիճակն է, որոշեցինք, որ անպայմանորեն ամփոփել։ Լինելու է 500-էջանոց, 300-400 գրչանկար, գծանկար, լուսանկար, և այլն»։

Համլետ Պետրոսյանը պատմում է նաև, որ վերջին շրջանում հրատարակվել է իր և հնագետ Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու գիրքը, որտեղ մանրամասն ներկայացված է Արցախի խաչքարային մշակույթը, Արցախի վաղ մինչքրիստոենական կոթողները, տապանաքարային մշակույթը․ «Ադրբեջանը, այսպես կոչված, աղվանականացման հայտարարություններով շուտով անցնելու է նաև դրան։ Եվ ժամանակին խոսել են, որ խաչքարերն էլ հայկական չեն, այլ աղվանական, տապանաքարերը հայկական չեն, այլ աղվանական են, ուստի հարկավոր էր մի քիչ ավելի մասնագիտական բացատրություն։ Ադրբեջանցիների բոլոր պնդումները գրքում առանց որևէ արհամարհանքի մանրամասն քննարկված, փաստագրված են և մենք  հիմա այդ գիրքը ուղարկում ենք աշխարհի բոլոր հայտնի գիտական կենտրոններ, որպեսզի մարդիկ գրի առնեն»։

Խոսելով ադրբեջանական քարոզչությանը հակադարձելու գործում պետության դերակատարության մասին՝ Համլետ Պետրոսյանն ասում է՝ իրենք են կատարում պետության դերը․ եթե պետական մարմինները անհրաժեշտ գործողությունները կատարեին, հազիվ թե իրենք այս ամենն  ինքնուրույն իրականացնեին։ «Հայաստանյան կառավարությունը, մեղմ ասած, զգույշ վերաբերմունք ունի դեպի այդ ամենը։ Ի տարբերություն Ադրբեջանի կազմակերպված և մեծ ռեսուրսներով պրոպագանդայի՝ մենք շատ ծանր վիճակում ենք։ Ես ղեկավարում եմ նաև ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի մշակութային ժառանգության հետազոտական խումբը։ Մենք երկու տարի դիմել ենք Կառավարությանը, որ գոնե մի փոքր ֆինանսական աջակցություն տան, բայց մեզ նույնիսկ չեն պատասխանել։ Տեսական որոշ խնդիրներ կան, որոնք պետք է լուսաբանվեն»։

Պետրոսյանի խոսքով՝ Կառավարությանը առաջարկել են ֆինանսավորել «Արցախի մշակույթը հայ-աղվանական մշակութային փոխառնչությունների կոնտեքստում» մեծ թեման, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել․ «Դա խիստ կարևոր թեմա է,  քանի որ տարակուսանք կա, որ եղել է Աղվանից եկեղեցի, այդ եկեղեցու մաս են կազմում Արցախը, Ուտիքը, և եթե Հայ Առաքելական Եկեղեցի կա, ինչո՞ւ չէին միավորվում, ինչո՞ւ էին առանձին գոյատևում, ինչո՞ւ է Ադրբեջանը այդ ամենը օգտագործում՝ ասելով՝ եթե Արցախի տարածքը մտել է Աղվանից եկեղեցու կազմում, ուրեմն խաչքարերն էլ են աղվանական, կառույցներն էլ են աղվանական։ Կան լուրջ տեսական խնդիրներ, որոնց հայագիտությունը մի քիչ թեթև է նայել կամ նայել է հայկական տեսանկյունից։ Հիմա կարիք կա խնդիրները ավելի հստակեցնել, պարզաբանել, որպեսզի աշխարհին, որը մեր հետ ուզում է խոսել, ուզում է դատել, կարողանանք  ապացույցներ ներկայացնել։ Մենք էլ ունենք ներքին մասնագիտական խնդիրներ, որոնց լուծումը մեծ ջանքեր է պահանջում»։

Գիտնականը պատմում է նաև, որ Կառավարությանը դիմել են Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում (Artsakh monument watch) հարթակի գործարկման նպատակով ֆինանսավորում ստանալու համար, սակայն դարձյալ արձագանք չեն ստացել․ «Այնպես չէ, որ մենք հրաժարվում են Կառավարության հետ համագործակցել, այնպես չէ, որ մենք դեմ ենք, բայց իրենց կողմից նույնիսկ մեր խնդրանքներին, դիմումներին  պատասխան չկա։ Ամեն տարի մեր կայքի վրա ծախսում ենք 30- 40.000 եվրո և տարբեր մարդիկ այդ նվիրատվությունները անում  են, բայց մեր Կառավարությունը որևէ կերպ չի արձագանքում։  Որևէ պետական մարմնից ըստ կարգի որևէ պատասխան չենք ստացել, որտեղ գրված լինի, որ մերժում ենք, չենք կարող, որովհետև պատճառները սրանք են։ Կարծում եմ, որ մենք այս ծանր պայմաններում պիտի շարունակենք նույն ուժով ու համառությամբ, ինչով որ սկսել ենք։ Ես վստահ եմ, որ մենք տիկին Աննա Լեյլոյանի հետ միասին հնարավորություն կունենանք  ռեսուրս գտնել»։

Համլետ Պետրոսյանը այժմ Հայաստանի պատմական Դվին մայրաքաղաքում պեղումներ իրականացնող հայ-իտալական գիտական  խմբի ղեկավարն է՝ հայկական կողմից։

Նա  ասում է, որ Դվինի մասին տասնյակ գրքեր կան, հարյուրավոր հոդվածներ կան, սակայն այդ ամենը հայկական լսարանին, իսկ ժամանակին խորհրդային լսարանին է ուղղված եղել։ Այս արշավախումբը նպատակն ունի Դվինին վերադարձնել իր «միջազգային հեղինակությունը»․ «Դվինը եղել է այս տարածաշրջանի ամենախոշոր քաղաքը, ամենալավ կազմակերպված քաղաքը, ամենախոշոր քաղաքը, ամենահարուստ մշակույթ ունեցող քաղաքը։ Ոչ մի հայկական քաղաքի մասին այդքան օտարալեզու նյութեր չկան, որքան Դվինի մասին։ Որևէ հուշարձանում այդքան բազմալեզու  արձանագրություններ չկան, ինչքան կան Դվինում։ Ըստ էության, հայաստանյան հարուստ մշակույթը աշխարհին ներկայացնելու լուրջ խնդիրներ ունենք»։

Գիտնականի խոսքով՝ Դվինի պեղումները մեծ ջանքեր ու զգուշավորություն են պահանջում․ «Մենք արդեն հիանալի նորություններ ունենք, պատերն են բացվում առանձին հատվածներում, պետք է հստակեցնենք, թե այդ կառույցը ինչպիսի ճարտարապետական տեսք է ունեցել»։ 

Գիտնականը վստահ է, որ հայ հասարակությունը պիտի իր մեջ բավականաչափ ներուժ գտնի ինքնուրույն նախաձեռնություններ իրականացնելու, մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ․«Այս ծանր պարտությունից հետո նստել միայն վայ վայ անել և ասել, որ ամեն ինչ կորսված է, նշանակում է ամեն ինչ կորցնել»։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել