Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքի բնակիչները վերջին օրերին բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք նախօրեին առավոտյան փակել էին գյուղի դպրոցի մուտքը։ 22 ընտանիք ապրում է 4-րդ կարգի վթարային շենքում: Շենքը վթարային է դեռ անցած դարի 80-ական թվականներից: Երեկ բնակիչների հետ հանդիպել է նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Բնակիչները որոշել են 1 ամիս սպասել եւ եթե այդ ընթացքում խնդիրը չկարգավորվի կտրուկ միջոցների կդիմեն:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դեռեւս Խորհրդային միության ժամանակ այդ շենքը սեփականացման ենթակա չի եղել, հավելելով, որ շենքում բնակվող քաղաքացիներից որեւիցե մեկը չունի սեփականության վկայական:
«Ես այցելել եմ շենք, այն իրոք շատ վատ պայմաններում է գտնվում: Անկախ նրանից, թե ես ոնց կբնութագրեմ, փաստ է՝ 4-րդ կարգի վթարային է: Ես քննարկել եմ համայնքի բնակիչների հետ բոլոր հնարավոր տարբերակները, առաջարկել եմ նոր շենքային պայմաններ, սակայն նրանք հրաժարվել են: Նրանք ակնկալում են, որ լուծումը կլինի նույնը, ինչ 2015 թվականին է եղել, երբ կառավարության որոշմամբ 7 ընտանիքի հատկացվել է յուրաքանչյուրին 6 մլն 600 հազար դրամ: Հիմա դեռ 22 ընտանիք այդտեղ կա եւ նրանք ակնկալում են ֆինանսական աջակցություն: Ես ասել եմ, որ մենք այդ տարբերակն էլ կքննարկենք, բայց միանշանակ պետք է վերանայվի գումարի տրամադրման չափը: 2015 թվականից առ այսօր շուկայում բավականին փոփոխություններ են եղել: Թյուրըմբռնում կար, որ մարզպետարանն իրավասու է այդ գումարները հատկացնել, բայց մարզպետարանը ոչ միայն իրավասություն չունի, այլեւ մարզպետարանի համար նախատեսված հրատապ հարցերի լուծման համար բյուջե չկա»,- ասաց Մաթեւոսյանը:
Մեր հարցին, թե այս դեպքում խնդրի լուծումն ինչպե՞ս են պատկերացնում, քանի որ նրանք հետագայում նորից բողոքի ակցիաներ են իրականացնելու, Արմավիրի մարզպետը պատասխանեց. «Ես երեկ էլի իրենց հետ զրուցել եմ: Ներկայացրել եմ, որ մենք անում ենք աշխատանքներ: Նշել եմ, որ 2018 թվականի դեկտեմբերի կեսերին կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի 4-րդ կարգի վթարային 4 դպրոցների վերակառուցման համար որոշում է կայացվել: Եթե մենք ընդհանրապես քայլեր չանեինք, այս փաստը չէինք ունենա: Քանի որ այդտեղ երեխաներ են սովորում, հետեւաբար հրատապության կարգով այդ գումարը հատկացվել է դպրոցներին: Հիմա Արմավիրի մարզում 4-րդ կարգի վթարային շենքեր էլի ունենք: Ես զրուցել եմ նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Մենք փորձում ենք նաեւ այլ տարբերակներ գտնել, չնայած նրան, որ բնակիչները միայն ֆինանսական աջակցության տարբերակն են նախընտրում»:
13:20 - 20 մարտի, 2019