Արամուսի դպրոցում պահանջում են, որ տնօրեն նշանակվի իրենց թեկնածուն
Այսօր Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում սկսվել է դասադուլ, և երեխաները, ծնողներն ու ուսուցչական ողջ անձնակազմը պահանջում են, որպեսզի դպրոցի տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն դպրոցում փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիպոսյանը։
Այս պահին դպրոցի բակում են հավաքվել երեխաները, ծնողներն ու ուսուցչական կազմը և վանկարկում են, որ իրենք տնօրեն են ուզում Ա. Փիլիպոսյանին։ Օրեր առաջ նշված դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել, և թեկնածուներից մեկը եղել է Ա. Փիլիպոսյանը, իսկ մյուս թեկնածուն՝ Նոնա Պողոսյանը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է և աշխատել է Աբովյանի թիվ 10 դպրոցում՝ որպես դասվար և նրա թեկնածությունը, հավաքվածների ասելով, առաջ է քաշել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Ընտրությունների 2 փուլերի արդյունքում թեկնածուները հավաքել են 4-ական ձայն, սակայն դպրոցի կոլեկտիվը նամակ-դիմումով խնդրել է փոխվարչապետին, որպեսզի տնօրեն նշանակվի Ա. Փիլիպոսյանը։ Այս պահին դպրոցում դասապրոցեսը խաթարվել է, սակայն Ա. Փիլիպիոսյանը հորդորում է երեխաներին, որպեսզի նրանք անցնեն դասարաններ և դասապրոցեը շարունակվի։
Երեխաներն ասում էին, որ իրենք հարգում են Ա. Փիլիպոսյանին, ընդունում նրա խոսքը, սակայն ուզում են, որպեսզի Կոտայքի մարզետն ու կառավարությունը հարգեն իրենց կարծիքը։
shamshyan.com
09:02 - 22 մարտի, 2019