Լենա Նանուշյան

ՀՀ առողջապահության նախարարի գործող տեղակալ։

Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին։ 1992-1998 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որոկավորում: 1998-2000 թվականներին անցել է մասնագիտացում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` առողջապահության կազմակերպում ծրագրով: 2003-2005 թվականներին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել հանրային առողջապահության մագիստր կոչումը: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.):

2002-2006 թվականներին դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում: 2003-2012 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ: 2012-2013 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշոնը: 2013 թվականից մինչ 2018 թվականի հունիսի 4-ը եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգող:

Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան

Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սևանա լճի թերակղզում մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Մրցաշարն անցկացվել է այսօր Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 1 փուլով և երկու տարիքային խմբով (առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ): Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: Պիտի ասեմ, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե հենց այդպես էլ պլանավորել ենք, որ ամեն ձևի հետ կապված գավաթը տեղի ունենա մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Իհարկե, սկզբնական շրջանում որոշակի տեղաշարժեր կլինեն, մինչև մրցաշարերը տեղավորվեն ավելի հաստատուն տրամաբանությամբ: Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս մրցաշարերը կայանում են, և ամեն տարի մենք տեսնում ենք, որ մի փոքր ավելի մասնակիցներ ունենք: Շարունակելու ենք բոլոր մրցաշարերը, դրանք լինելու են ավանդական, մրցանակային հիմնադրամը առնվազն չի պակասելու: Հույս ունենանք՝ սա կնպաստի, որպեսզի մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ, և մեծ հաշվով կարողանանք նաև մասսայականացնել սպորտը: Նաև պիտի հույս ունենանք, որ սա պիտի նպաստի՝ ոչ միայն մրցաշարերի առիթով մարդիկ հեծանիվ վարեն, այլև առօրյա կյանքում: Ժամանակակից աշխարհում՝ ընդհանրապես, խցանումների պայմաններում՝ մասնավորապես, հեծանիվը, իհարկե, կարող է հետաքրքիր, օգտակար, առողջարար այլընտրանք լինել: Մեր նպատակներից մեկը հենց դա է՝ խթանել առողջ ապրելակերպը, խթանել ֆիզկուլտուրան, խթանել սպորտը: Շատ ուրախ եմ, որ մրցաշարերը նաև իրենց ավանդական տեղն են գտնում. խճուղային հեծանվավազքի անցկացման վայրը Սևանն է, դպրոցական վազքի թիմային տեղն արդեն որոշել ենք, որ կլինի Պարզ լիճը, նաև սեղանի թենիսի մրցաշար ունենք, որը մշտական տեղ չունի, բայց նաև հընթացս կորոշենք: Նախնական՝ առաջինը տեղի է ունեցել Չարենցավանում, վազքինը՝ Էջմիածնում: Սա նաև հանրապետությունում որոշակի մրցաշարային աշխարհագրություն ապահովելու նպատակ ունի»: Վարչապետը նաև խոսել է այն մասին, որ այս մրցաշարի ընթացքում տարեց մասնակցի համար նախատեսված մրցանակը ստացել է երիտասարդ մասնակիցը, որի պատճառը տարեցների պասիվ մասնակցությունն է եղել, և ընդգծել, որ լրացուցիչ խթան կմտածեն, որպեսզի տարեցների մասնակցությունն ավելի ակտիվ լինի:  Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել մրցաշարի մշտական գործընկերներին, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին, մրցավարներին. «Մրցավարները շատ կարևոր են: Մեր մրցութային ամենակարևոր պայմաններից և ցանկություններից մեկն այն է, որ մրցումները տեղի ունենան կատարյալ արդարության պայմաններում, և որևէ կասկած չլինի, որ իսկապես հաղթել են ուժեղագույնները»: Վարչապետն ուրախությամբ ընդգծել է, որ կան կրկնակի մրցանակակիրներ, կա նաև մրցանակակիր, որը երեք մրցանակ է ստացել՝ երկուսը՝ հեծանվավազքից, մեկը՝ վազքից, և հույս հայտնել, որ նրանց օրինակը կոգեշնչի այն մարդկանց, ովքեր նախկինում առիթ չեն ունեցել մասնակցելու այս մրցաշարերին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կազմակերպիչները պետք է ամեն բան անեն՝  մրցաշարերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու բոլոր պոտենցիալ մասնակիցներին և քաջալերեն, որպեսզի ամեն տարի ավելի ու ավելի շատ մասնակիցներ լինեն: Երկու տարիքային խմբերում 1-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600.000, 3-րդ տեղը՝ 400.000, 4-րդ տեղը՝ 150.000, 5-րդ տեղը՝ 100.000, 6-10-րդ տեղերը՝ 75.000-ական և 11-20-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Այս մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվել է դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում ենթարկվել են դոպինգ-ստուգման»:
19:16 - 28 մայիսի, 2022
Լենա Նանուշյանը մասնակցել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին

Լենա Նանուշյանը մասնակցել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մեկնել է Ժնև` մասնակցելու Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին: Այս մասին հայտնում են նախարարությունից, մանրամասնելով, որ վեհաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ: Նշվում է, որ նստաշրջանի հիմնական նպատակն է դիտարկել համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարությունը։ Մասնակիցները քննարկելու են COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված հարցեր` առավել պատրաստ դիմակայելու թե՛ ներկա վարակի հնարավոր զարգացումներին, թե՛ գալիք վարակներին: Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանին ելույթով հանդես է եկել Լենա Նանուշյանը, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը քննարկվող հիմնական թեմայի` համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարության վերաբերյալ: Հայաստանը սկզբունքորեն աջակցում է համաճարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար նոր իրավական պարտադիր փաստաթուղթ մշակելու ջանքերին։ «Կարծում ենք, որ COVID-19 համաճարակի դասերը դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն և պահանջում են ավելի խորը քննություն: Նախքան համաճարակի դեմ պատրաստվածության և արձագանքման իրավական պարտավորեցնող պայմանագիրը հաստատելու որոշում ընդունելն, անհրաժեշտ է լրջորեն գնահատել անդամ-պետությունների մակարդակով առողջապահական կանոնակարգերը», - ասել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ Հայաստանն աջակցում է միջկառավարական բանակցային մարմնի ստեղծման առաջարկին, և այս բոլոր մարտահրավերների դեմ կմշակի համապատասխան արձագանք-լուծումներ, կորոշի միջազգային նոր փաստաթղթի շրջանակը, բովանդակությունը, կառուցվածքն ու վերջնական կարգավիճակը:
14:19 - 01 դեկտեմբերի, 2021
Աշխատավարձից քանի տոկոս կվճարեն քաղաքացիներն առողջության ապահովագրության համար. քննարկումներն ընթացքի մեջ են |armenpress.am|

Աշխատավարձից քանի տոկոս կվճարեն քաղաքացիներն առողջության ապահովագրության համար. քննարկումներն ընթացքի մեջ են |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2023 թվականից կգնա առողջության պարտադիր ապահովագրության. քաղաքացիները, այսպես ասած, կանխավճարների միջոցով կապահովագրեն իրենց առողջությունը, մասնակցություն կունենա նաև գործատուն. դեռ ակտիվ քննարկվում է՝ առողջության պարտադիր ապահովագրությունը կներդրվի միանգամից ամբո՞ղջ բնակչության համար, թե՞ փուլային տարբերակով, առողջության հարկի տոկոսի շուրջ ևս դեռ վերջնական որոշում չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Նանուշյանը հիշեցրեց՝ 1.5 տարի առաջ՝ մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումը նախարարությունն արդեն սկսել էր առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ուղղությամբ աշխատանքները, նախագիծը մշակել էին, շրջանառել, սկսել քննարկումները, սակայն համավարակի, պատերազմի ընթացքում այդ աշխատանքները դանդաղել էին: Վերջերս աշխատանքներն ակտիվացել են, վերահաշվարկ է իրականացվել, քանի որ փոփոխություններ են եղել բժշկական ծառայությունների գներում, պետպատվերի ծրագրերում: «Հիմա արդեն վերջնականացնում ենք հայեցակարգը, որը նորից քննարկումների փուլ ենք դնելու: Այդ քննարկումների փուլը ենթադրում է ոչ միայն կառավարության անդամների, գործընկերների հետ քննարկումներ, այլ նաև՝ մասնագիտական շրջանակների, միջազգային գործընկերների: Նախկին քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են մի քանի հարցեր, որոնց լուծումները մենք պետք է հիմա փորձենք տալ և վերջնական տարբերակն ուղարկենք կառավարություն»,-ասաց Նանուշյանը: Ենթադրվում է, որ աշխատողներն իրենց ամսական աշխատավարձից որոշակի գումար փոխանցելու են ապահովագրական ֆոնդ և դրանով ապահովագրելու են իրենց առողջությունը:  Դա կկոչվի առողջության հարկ, թե ապահովագրավճար, դեռ հստակ չէ: «Մարդիկ հիվանդանալիս կատարում են մեծ, աղետալի ծախսեր, հաճախ նրանք պատրաստ չեն այդ ծախսերն իրականացնել: Այս ճանապարհը թույլ է տալու մարդկանց ստանալ անվճար ծառայություններ, որոնց համար իրենք արդեն իսկ վճարել են տարիների, ամիսների ընթացքում՝ իրենց աշխատավարձից»,-ասաց փոխնախարարը: Ընդ որում՝ քաղաքացիներն այդ անվճար ծառայությունները ստանալու են ոչ միայն աշխատելու ընթացքում, այլ նաև, երբ կենսաթոշակի անցնեն ու չաշխատեն: Իսկ թե քաղաքացիներն ինչ չափով կանխավճար պետք է անեն, այսինքն` աշխատավարձից քանի տոկոս պետք է պահվի, դեռ քննարկվում է: Նանուշյանը հիշեցրեց՝ 1.5-2 տարի առաջ հաշվարկել էին, որ դա կարող է տատանվել 3-6 տոկոսի շրջանակներում, բայց հիմա վերահաշվարկ է արվում: «Տոկոսը հնարավոր է փոխվի՝ ելնելով մի քանի գործոններից: Պետությունն այս 2 տարվա ընթացքում իր վրա է վերցրել մի շարք ծառայություններ, դրանց համար վճարում է արվում պետբյուջեից, մյուս կողմից էլ՝ բժշկական ծառայությունների գների մեջ են փոփոխություններ եղել»,-ասաց փոխնախարարը: Տոկոսի չափը կախված է նաև նրանից, թե ինչպիսին կլինի բժշկական ծառայությունների փաթեթը: Նանուշյանը վստահեցրեց՝ նախատեսել են, որ լինելու է ներկայումս ՀՀ-ում առկա բոլոր ապահովագրական փաթեթներից լավագույնը: Լինելու են ամբողջական ծառայություններ, այս պահի դրությամբ փաթեթից դուրս են մնացել օրինակ ստոմատոլոգիական որոշ ծառայություններ, պլաստիկ վիրահատություններ, որոշակի կոմֆորտային ծառայություններ՝ օրինակ, երբ քաղաքացին ցանկանում է առանձին պալատում մնալ: Դրանք պետք է իրականացվեն կամավոր ապահովագրական փաթեթների միջոցով: Այսպիսով` փաթեթում ընդգրկվող ծառայությունների քանակից է կախված տոկոսի չափը: Փոխնախարարը շեշտեց՝ առողջության ապահովագրության նպատակն է բոլորին հասանելի դարձնել առողջապահական ծառայությունները: «Պետությունն այսօր մինչև 18 տարեկանների համար վճարում է բոլոր ծառայությունների համար: 18-ից մինչև կենսաթոշակային տարիքի անձինք իրենք են գումարն աշխատում, բայց ավելի քիչ են սպառում բժշկական ծառայությունները, իրենց հիվանդանալու ռիսկն ավելի ցածր է: Ռիսկը մեծանում է ավելի շատ կենսաթոշակային տարիքի հասնելուց, 65 տարեկանից բարձրերի մոտ ավելի շատ են հիվանդություններ հանդիպում, բայց, քանի որ իրենց եկամուտն այլևս այդքան բարձր չէ, ավելի շատ են այդ ռիսկի առաջ կանգնում, որ հիվանդանալու դեպքում պետք է մեծ, աղետալի ծախսեր անեն, իրենց հարազատները պետք է վճարեն: Մեր նպատակն է, որ կյանքի ընթացքում մարդն ապահովագրված լինի և կարողանա ստանալ բժշկական որակյալ ծառայություններ»,-ասաց փոխնախարարը: Նա նկատեց՝ շատերն այսօր բժշկական ծառայություններից օգտվելու համար բնակարան են վաճառում, պարտքեր են կուտակում: Շատերն էլ չեն դիմում, զբաղվում են ինքնաբուժմամբ, որովհետև հասկանում են, որ չեն կարողանա փակել այդ ծախսերը, հետո արդեն ավելի բարդացած վիճակում հասնում առողջապահական համակարգ: «Մեր խնդիրն է, որ մարդը վստահ լինի, որ ինքն արդեն իսկ կանխավճարն արել է, վճարել է այդ ծառայությունների համար և որևէ խոչընդոտ չունի՝բժշկական կենտրոն դիմելու համար»,-ասաց Նանուշյանը: Պետությունը շարունակելու է վճարել այն ծառայությունների համար, որոնց համար արդեն իսկ վճարում է, այսինքն` գործող անվճար բժշկական ծառայությունները պահպանվելու են: Պետությունը որքան ավելի շատ մասնակցի այդ ծառայությունների ֆինանսավորմանը, այնքան քաղաքացու վճարի մասնաբաժինը՝ տոկոսը փոքր կլինի: Քննարկման փուլում է նաև առողջության ապահովագրավճարի համար գործատուի մասնակցության չափը: « Երկրները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում: Կան երկրներ, երբ վճարն ամբողջությամբ աշխատողն է վճարում, կան երկրներ՝ ամբողջությամբ գործատուն, կան երկրներ էլ, որտեղ որոշակի համամասնությամբ կիսվում է դա: Մենք կարծում ենք, որ գործատուն միանշանակ պետք է մասնակցություն ունենա իր աշխատողի առողջության պահպանման մեջ: Դա նաև սոցիալական պատասխանատվության մաս է»,-ասաց Նանուշյանն ու հավելեց, որ հստակ առաջարկի մասին կարող են հայտնել միայն քննարկումների ավարտին: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
09:58 - 30 հուլիսի, 2021
Մեր կանխատեսումներով վարակի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է․ առողջապահության փոխնախարար |tert.am|

Մեր կանխատեսումներով վարակի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է․ առողջապահության փոխնախարար |tert.am|

tert.am: Արդեն երկու օր է ունենք կորոնավիրուսի տարածման 200-ից ավելի ցուցանիշ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հաստատեց, որ վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդեց գրանցվում էր և երեկ գրանցվել է 220 դեպք, այսօր՝ 225 դեպք, և իրենց կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։ Նա նկատեց, որ տարածաշրջանում վարակը լարված վիճակում է գտնվում և այն երկրներում, որտեղ պատվաստումները շատ են, մահերի թիվը քիչ է։ Նանուշյանը հայտնեց, որ օրական 5000 մարդ է պատվաստվում, սակայն Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առանձնացնել հայաստանցիների և օտարերկրացիների պատվաստումների թիվը։
12:38 - 22 հուլիսի, 2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալն այցելել է Արմավիր մարզ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալն այցելել է Արմավիր մարզ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում:   Փոխնախարարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ մասնակցել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը, հանդիպել բժշկական կենտրոնների ղեկավարների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչների հետ, քննարկել պատվաստումներին վերաբերող հարցեր:   Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով պայմանավորված առողջապահության նախարարության մշակած քաղաքականությունը, քննարկման ընթացքում խոսել հանրապետության տարածքում պատվաստումների վիճակագրությունից, այնուհետև պատասխանել հարցերին` հարցուպատասխանների ձևաչափով:   Այցի շրջանակներում փոխնախարարը փոխմարզպետի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախ Արմավիրի, ապա` Մեծամորի բժշկական կենտրոններում, տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ, մանրամասն հետաքրքրվել մարզում պատվաստումային գործընթացով և դիմելիությամբ։   Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումներով Արմավիրի մարզն աչքի է ընկնում գրանցած լավ ցուցանիշներով:    
20:45 - 02 հունիսի, 2021
Մոսկվայում կայացել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովը

Մոսկվայում կայացել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովը

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 20-ին և 21-ին Մոսկվայում մասնակցել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միացյալ ծրագրի (UNAIDS) համատեղ ջանքերով` ելնելով բնակչության համաճարակային բարեկեցության ապահովման անհրաժեշտությունից։ Համաժողովին մասնակցել են ԱՊՀ, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներից պատվիրակություններ, ԱՀԿ, UNAIDS և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 2020 թվականին երկրների առողջապահական համակարգերը ենթարկվել են լուրջ փորձությունների, որոնք չեն շրջանցել նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրները։ Նոր կորոնավիրուսային համավարակի տարածումը լուրջ սպառնալիք է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում մինչ այժմ արձանագրված ձեռքբերումների համար։  Տարածաշրջանային նշանակություն ունեցող այս խոշոր միջոցառման  ընթացքում քննարկվել են բնակչության համաճարակային բարեկեցության ապահովման, COVID-19-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների, ինչպես նաև այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ընդհանուր մոտեցումները, մշակվել են առողջապահության բնագավառում ներկա մարտահրավերների և արդիական հարցերի լուծման համատեղ  ուղղություններ։ Համաժողովի շրջանակներում Լենա Նանուշյանը մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին Ռուսաստանի Դաշնության տեխնիկական օժանդակության Համակարգող խորհրդի նիստին, որի ժամանակ ներկայացրել է ՌԴ տեխնիկական օժանդակության շրջանակներում Հայաստանի իրականացրած աշխատանքները, գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև 2021 թվականի հեռանկարները։  Միջոցառման ընթացքում անցկացվել է նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային երկու խորհրդակցություն, որոնց ընթացքում քննարկվել են ԱՀԿ համաճարակային բնույթ կրող իրավիճակներին արագ արձագանքման համակարգի բարեփոխման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի նոր քաղաքական հռչակագրի վերաբերյալ միասնական մոտեցումներ ցուցաբերելու հարցերը։ Խորհրդակցությունների ընթացքում մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները հիշյալ հարցերի մասին ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումներն ու նկատառումները։ Համաժողովին Լենա Նանուշյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հաջողված պայքարի հիմքի վրա ստեղծված նոր կորոնավիրուսային հիվանդության հակազդման Հայաստանի փորձը։  Նախարարի առաջին տեղակալը առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության  պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի, UNAIDS-ի գործադիր տնօրենի տեղակալ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Շենոն Հայդերի հետ։ Հնարավորություն է ստեղծվել նաև քննարկումներ ունենալ Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, ԱՀԿ և ԱՊՀ Գործադիր կոմիտեի գործընկերների հետ։  Համաժողովի զուգահեռ նիստերին հայաստանյան պատվիրակության անդամները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, COVID-19-ի, հեպատիտների և այլ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները, երկրի ձեռքբերումները, այդ թվում նաև՝ միջազգային համագործակցության արդյունքում գրանցված հաջողությունները։   Նշենք, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի երեք աշխատակից ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության  պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով՝ Հայաստանին ՌԴ-ի նվիրաբերած լաբորատոր ախտորոշիչ շարժական կենտրոններում բարեհաջող աշխատանք իրականացնելու համար։
17:01 - 23 ապրիլի, 2021
ՄԶԳ և ՀԱՀ հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրվել է թթվածնի 50 խտացուցիչ և 4 շարժական ռենտգեն սարք

ՄԶԳ և ՀԱՀ հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրվել է թթվածնի 50 խտացուցիչ և 4 շարժական ռենտգեն սարք

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով Առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը` թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք: Նախարարությունը նշում է, որ COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով հիշյալ սարքերը տրամադրվելու են առողջապահական հաստատություններին: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ համավարակի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մեծաքանակ հումանիտար օգնություն` բժշկական սարքեր, ախտորոշման թեստեր, թթվածնի խտացուցիչներ, քթային խողովակներ և ռեագենտներ: Հերթական այս աջակցությունը վառ ապացույցն է Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի երկարատև և սերտ համագործակցության:
21:45 - 24 փետրվարի, 2021
Ռիսկի խմբերից հետո ՀՀ-ում պետպատվերով պատվաստման հաջորդ խումբը սպասարկման ոլորտի աշխատակիցներն են
 |1lurer.am|

Ռիսկի խմբերից հետո ՀՀ-ում պետպատվերով պատվաստման հաջորդ խումբը սպասարկման ոլորտի աշխատակիցներն են |1lurer.am|

1lurer.am: Թեև կորոնավիրուսը Հայաստանում զգալիորեն նահանջել է, երրորդ ալիքի բռնկման հավանականությունը մասնագետները չեն բացառում, ավելին՝ դեռ հունվարին էին սպասում: Հնարավոր նոր բռնկումները կանխելու նպատակով մարտին կսկսվեն քովիդի դեմ պատվաստումները: Պատվաստման ենթակա առաջին՝ ռիսկի խմբում ընդգրկված անձինք են փակ հաստատությունների բնակիչները, քրոնիկ հիվանդները, տարեցները և բուժանձնակազմը: Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Իհարկե, այդ պատվաստումներն առաջնահերթորեն ուղղված են լինելու բուժաշխատողներին, որ աշխատում են Քովիդ հիվանդանոցներում, որոնք առավել վտանգված են: Դրա համար մեր որոշումն է եղել, որ անպայման առաջինը բուժաշխատողներին պետք է պատվաստել:Աշխարհի շատ երկրների դրական գնահատականի ու հավանության արժանացած ռուսական «Սպուտնիկ V»-ն Հայաստանում կիրառվող առաջին պատվաստանյութը կդառնա, բայց առաջին խմբաքանակն ընդամենը 15 հազար դեղաչափ կկազմի: Հանրապետության մյուս բնակիչներին նույնպես պատվաստանյութով ապահովելու համար միջնորդ՝ Կովաքս Ֆասիլիթի ընկերության հետ մեր երկրի Կառավարության բանակցությունները շարունակվում են: Լենա Նանուշյան - Հնարավորինս սերտ գործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք շուտ ու որակյալ վակցինա բերել Հայաստան: Ռուսական «Սպուտնիկ V»-ից հետո Հայաստան ներկրվող հաջորդ պատվաստանյութը, հավանաբար կլինի անգլիական արտադրության «Աստրա-Զենեկան»: Ի դեպ, այս պատվաստանյութը վերջին շրջանում միջազգային մամուլում ամենաքննարկված է: Կարծիքներ կան, թե այն արդյունավետ չէ: Լենա Նանուշյան - Նման մտահոգություններ մյուս պատվաստանյութերի հետ կապված էլ են միշտ հնչում: Առողջապահության նախարարությունն իմունիզացիայի խորհրդատվական խմբին խնդրել է ևս մեկ անգամ ուսումնասիրել այս պատվաստանյութի հետ կապված բոլոր հարցերը, լրացուցիչ խորհրդակցություններ են անցկացվել առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Լենա Նանուշյան - Եզրահանգումը մեկն է, որ պետք է ձեռք բերել «Աստրա-Զենեկան», քանի որ ինքն ապացուցել է իր արդյունավետությունը: Մենք էստեղ նայում ենք, ոչ թե որ մի փոքր տոկոս կա, որ հնարավոր է ինքը վարակվի, այլ այն, որ էս պատվաստանյութերը, որոնք մենք բերելու ենք Հայաստան, իրենք նվազեցնում են ծանր դեպքերը և մահվան դեպքերը:Ոչ թե նվազեցնում, այլ կարելի է ասել՝ բացառում են: Եվս մեկ պատճառ, թե ինչու են մասնագետները, ամեն դեպքում՝ այս պահին, «Աստրա-Զենեկան» են գերադասել, օրինակ, «Պֆայզերից»: Փոխնախարարը բացատրում է, որ այս պատվաստանյութի պահման պայմաններն էլ են ավելի պարզ, քան մյուսներինը: Հաջորդ գործոնը գինն է: Հայաստանն այն երկրներից է, որ ամբողջ բնակությանը պատվաստանյութով ապահովել չի կարողանա: Եվ աշխարհում այդպիսի երկրները քիչ չեն: Չի բացառվում, որ մինչև պետպատվերով առաջարկվող առաջին խումբ պատվաստանյութը հասնի Հայաստան, մասնավոր ընկերությունները սկսեն վճարովի պատվաստանյութեր առաջարկել: Դրանց գինը կարող է տատանվել 4-50 և ավելի դոլարին համարժեք դրամի սահմանում: Լենա Նանուշյան - Բոլոր երկրները ցանկանում են հնարավորինս շուտ, արագ բերել, բայց արտադրության ծավալները մեծ չեն, շատ քիչ քանակի պատվաստանյութեր են արտադրվում: Ինչ վերաբերում է պետպատվերով պատվաստումներին, ռիսկի խմբերից հետո երկիր մտած հաջորդ խմբաքանակը բաժին կհասնի ուսուցիչներին, սպասարկման ոլորտի աշխատակիցներին՝ այն մարդկանց, որոնք աշխատանքի բերումով ամենաշատ շփումներն են ունենում և, հետևաբար, գտնվում են վարակման մեծ ռիսկի տակ:
19:45 - 24 փետրվարի, 2021
Խորհրդարանը քննարկեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը միտված օրինագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը միտված օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած փաթեթը խորհրդարանում ներկայացրեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նանուշյանը նշեց, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ: 2020 թ. դեկտեմբերի 2-ին օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:
11:57 - 11 փետրվարի, 2021
Առաջիկայում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. ԱՆ փոխնախարարը՝ կարևոր ցուցանիշներից մեկի մասին

Առաջիկայում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. ԱՆ փոխնախարարը՝ կարևոր ցուցանիշներից մեկի մասին

Հայաստանում կանխատեսվում է վիրուսի արագ տարածում. ըստ կարեւոր ցուցանիշներից մեկի՝ յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավելի անձի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ նշելով, որ կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19), Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1.02։ Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելը կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին: Պաշտոնյան նաեւ հավելել է, որ ընդամենը մի քանի օր առաջ այս ցուցիչը ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին։ «Անհրաժեշտ է շարունակել պահել բոլոր կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն միմյանցից։Հակառակ դեպքում մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչիը, իհարկե, նպաստելու է նաև կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված բնակչության շարժունակության բարձրացումը և կուտակումների առաջացումը։ Պետք է միավորել ջանքերը համավարակի հակազդման գործում։ Ցավում եմ, որ որոշ անձինք, անձնական տարբեր նկատառումներից ելնելով, ապատեղակատվություն են տարածում կովիդ19 -ի դեմ պայքարի ներկայիս հայտնի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ինչպիսիք է դիմակը։ Առողջ եղեք, չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է։ Պահպանեք այն հասարակ միջոցով՝ դիմակով։ Հուսամ շուտով բժշկագիտությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ այլ միջոցներ ունենալ, բայց քանի դրանք չկան, կրեք դիմակ ու փրկեք Ձեր ու Ձեր հարազատների կյանքը»,- գրել է Նանուշյանը: Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք երեկ կատարված 4319 թեստավորումներից: Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք իրականացված 4135 թեստավորումներից: Նախորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին նոր դեպքերի թիվը գրեթե 100-ով պակաս է եղել, քան հաջորդ օրերին: Այդ օրը հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք իրականացված 2761 թեստավորումներից:
14:38 - 17 սեպտեմբերի, 2020
Լիտվայից ժամանած բժիշկների թիմը Հայաստանում է

Լիտվայից ժամանած բժիշկների թիմը Հայաստանում է

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց առաջին նմանատիպ համագործակցությունն է և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ է կրելու:«Այս ամենի միակ նպատակը հայաստանյան գործընկերներին աջակցելն է և նման առաքելության իրագործումը բարդ խնդիր է՝ ինչպես ուղարկող, այնպես էլ ստացող կողմի համար», - նշել է դեսպանը: Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, 2020 թվականի հունվարից ձեռնարկված նախապատրաստական աշխատանքները և վարակի դեմ պայքարում տարվող 7 հիմնական քայլը: Մասնագետների խոսքով` դրական արդյունք է գրանցվել կառավարության, զանգվածային լրատվամիջոցների ու առողջապահական համակարգի սերտ գործակցության շնորհիվ: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակը, կորոնավիրուսային հիվանդության բուժման կազմակերպման առանձնահատկությունները և մոտեցումները: Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տրամադրված բժշկական պաշտպանիչ պարագաների և սարքավորումների համար, հավելելով, որ Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում:
15:39 - 20 հունիսի, 2020
Վերջին օրերի ընթացքում հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման աղբյուրը, կոնտակտներին․ փոխնախարար |tert.am|

Վերջին օրերի ընթացքում հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման աղբյուրը, կոնտակտներին․ փոխնախարար |tert.am|

tert.am: Վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման դեպքերի կոնտակտներին կամ աղբյուրը, թե ումից է անձը վարակվել։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։«Առաջին օրերին եթե մենք կարողանում էինք ցանկացած հիվանդության դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, ապա վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին կամ աղբյուրը, թե ումից է անձը վարակվել։ Կդժվարանամ գնահատական տալ՝ որ մասով ենք մենք կառավարում, կամ որ մասով չենք կառավարում համավարակը»,- ասաց նա։Փոխնախարարի խոսքով՝ մարտին Հայաստանը գտնվում էր համավարակի առաջին փուլում, երբ եզակի կամ բերովի դեպքեր էին արձանագրվում, որից հետո՝ երկրորդ փուլում, հիվանդություններն արձանագրվում էին ընտանիքներում, արտադրամասերում․ «Ներկայումս էպիդեմիան ՀՀ-ում անցել է 3-րդ փուլին, որը վերջինն է, երբ համայնքային փոխանցում է տեղի ունենում կորոնավիրուսային հիվանդության»։
15:46 - 14 մայիսի, 2020
Նախարարությունն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալ |armenpress.am|

Նախարարությունն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ: ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ե՞րբ են դիահերձելու կորոնավիրուսից մահացածներին: «Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմաբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: Եվ ներկայումս Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալու նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան»,-ասաց Նանուշյանը: Փոխնախարարի խոսքով՝ միայն այդ պարագայում արդեն կկարողանան լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող են իրականացնել դիահերձում:
14:35 - 14 մայիսի, 2020
Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը |armenpress.am|

Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել կանոնները, մասնավորապես ախտահանել աշխատավայրերը, ժողովներ չանցկացնել կամ անցկացնել քիչ մարդկանցով, ջերմություն ունեցող աշխատակիցներին հնարավորություն տալ լքելու աշխատավայրը: Մայիսի 1-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակման վերացմանը: Նա նախ հիշեցրեց, որ արդեն սահմանվել էր ուղեցույց, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն: «Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատվայրը և դիմեն բժշկի: Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը»,-ասաց Նանուշյանը: Փոխնախարարը կարևորեց նաև տարբեր կազմակերպություններում սննդի ընդմիջումներին սննդի ընդունման հետ կապված աշխատանքների կազմակերպումը՝ չթողնելով, որ մարդիկ կուտակվեն նույն վայրում: Մի քանի ուղղություններով ուղեցույցներ են մշակվել, որոնք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված կլինեն կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում:
15:52 - 01 մայիսի, 2020
Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ վարքագծային փոփոխություն իրականացրեք ձեր առօրյայում․ Նանուշյան |1lurer.am|

Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ վարքագծային փոփոխություն իրականացրեք ձեր առօրյայում․ Նանուշյան |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նոր տեսակի կորոնավիրոսով վարակված 1136 պացիենտ այս պահին բուժում է ստանում։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում։ «Փորձում ենք հնարավոր բոլոր ճանապարհներով ավելացնել մեր թեստավորման ենթակա խմբերը։ Արդեն իսկ ավելացրել ենք։ Այն ռիսկային խմբերը, որ հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են թեստավորման ենթակա խմբերում, օրինակ՝ բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները։ Շնորհիվ լաբորատոր ցանցի ընդլայնման՝ մենք այսօր հնարավորություն ունենք օրական կատարել մոտ 1000 թեստավորում»,- նշեց Նանուշյանը՝ հավելեով, որ դրական դեպքերի հետ շփում ունեցածների շրջանակը պարզվում է, մեկուսացվում են վարակված մարդկանց հետ շփվածները։ Նախարարությունը շարունակում է համագործակցությունը միջազգային կառույցների և այլ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ նշեց փոխնախարարը։ Տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումների հանմանն անդրադառնալով՝ Նանուշյանը նշեց, որ հրապարակվել է ուղեցույց աշխատավայրերում՝ ինչպիսի կանոններ պետք է գործեն և սկզբունքը նույնն է գրեթե բոլոր տեսակի գործունեության ժամանակ։ «Պետք է պահպանել սոցիալական հեռավորություն՝ մեկից երկու մետր աշխատողների և հաճախորդների հետ աշխատանքների ընթացքում, հիգիենիկ միջոցառումներ պետք է կատարվեն՝ աշխտահանումներ, հաճախակի լվացումներ։ Մենք փորձել ենք մշակել նաև մի քանի ուղղություններով ուղեցույցներ, որոնք կօգնեն մեր գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները։ Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ ուզում եմ հորդորել քաղաքացիներին՝ վարքագծային փոփոխություններ իրականացրեք ձեր ամենօրյա գործունեության մեջ»,- նշեց Նանուշյանը։
14:50 - 01 մայիսի, 2020