Սյունիքի նախկին մարզպետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Ծնվել է 1971թ․-ի հունիսի 12-ին։ 1988 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը եւ 1993 թվականին ավարտել այն՝ ինժեներ-կիբեռնետիկ մասնագիտությամբ:
1993 – 1994 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերում։ 1997 – 2000 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունում։2002 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը եւ 2005 թվականին կարմիր դիպլոմով ավարտել այն։ 2002-2005 թվականներին զբաղեցրել է ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, իսկ 2005-2011 թվականներին՝ ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը: 2010 թվականին աշխատել է նաեւ «Քրոնիմետ մեթալս թրեյդինգ» ՍՊ ընկերությունում` որպես խորհրդական։ 2011 թվականին եղել է նույն ընկերության կոմերցիոն տնօրեն։
2012-2016 թվականներին եղել է «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ 2012-2016 թվականներին եղել է «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ հիմնադիր, կոմերցիոն տնօրեն, 2013-2016 թվականներին՝ «Ինթերնեյշնլ քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ 2014-2016 թվականներին եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, իսկ 2016 թվականին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Վահե Ալբերտի Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ։ 2017 թվականի հունվարի 3-ին Վահե Ալբերտի Հակոբյանը ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։
2018-ի հունիսին ազատվել է մարզպետի պաշտոնից։