Իմ երկրում ապրում եմ կիսապատանդի կարգավիճակով. Ալեք Ենիգոմշյանը հայտարարություն է տարածել
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքը Հայաստանում ապրում է կիսապատանդի կարգավիճակով:Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Ցավում եմ, որ պետական գերիշխանության, անվտանգության և ներքին արդարության ասպարեզներում մեր երկրի ու ժողովրդի դիմագրաված լրջագույն և բազում խնդիրների առկայության պայմաններում ստիպված եմ բարձրաձայնել դրանց համեմատությամբ շատ անկարևոր, անձնական բնույթի մի հարցի մասին:
Խնդիրը վերաբերվում է հակաիրավական նախկին վարչախմբի դեմ ժողովրդի ընդվզումից ու տարած հաղթանակից մեկ տարի անց «իրավապահ» մարմինների շարունակվող հակաիրավական գործունեությանը:
ՀՀ գործադիր իշխանությունների մաս կազմող ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ինչպես նաև ՀՀ Դատախազության հակաիրավական կամայականությունների պատճառով ես, Ալեք Ենիգոմշյանս (անձնագրային տվյալներով` ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույան), արդեն ավելի քան երկուսուկես տարի իմ երկրում պահվում եմ փաստացի կիսապատանդի վիճակում:
27 հուլիսի 2016 թ. ինձ առաջադրվել է շենք-շինությունների զավթման օժանդակության մեղադրանք: Ինձ համար աներկբա է, որ մեղադրանքը բացարձակապես անհիմն է և շինծու, և ունեցել է բացառապես քաղաքական շարժառիթներ: Բայց նշածս հակաիրավականությունը դրան չի վերաբերվում:
Մեղադրանքը ներկայացվելու օրվանից անցել է մոտ 1000 (հազար) օր, և իմ «գործը» դեռեւս գտնվում է «նախաքննության» փուլում: Եվ սա այն դեպքում, երբ հազարապատիկ ավելի բարդ ու խճճված գլխավոր գործի` «Սասնա ծռեր» խմբավորման գործողության նախաքննությունն ավարտվել է 8-9 ամսում:
Իրականում այս 1000 օրերի ընթացքում ոչ մի նախաքննություն չի ընթացել և ես թեկուզ մեկ անգամ հարցաքննության չեմ հրավիրվել:
Փոխարենը՝ այս ամբողջ ընթացքում իմ անձնագիրը մնացել է առգրավված և իմ բանկային հաշվեհամարների ու անշարժ գույքի նկատմամբ կալանք է կիրառված: Նշեմ, որ ես ոչ աշխատավարձ եմ ստանում, ոչ էլ թոշակ և իմ բանկային հաշիվը եղել է ապրուստի իմ միակ աղբյուրը:
Իմ նկատմամբ մեղադրանքի պահպանումը, տեղի չունեցող «նախաքննության» հավերժացումը, անձնագրի առգրավման ու միջոցների նկատմամբ կալանքի անժամկետ պահպանումն այլ կերպ չեն կարող բնութագրվել, քան իրավունքը պահպանելուն կոչված մարմինների կողմից հակաիրավական գործունեություն և քաղաքացուն կիսապատանդի վիճակում պահելու փաստ:
Այդ հակաիրավական գործունեության հեղինակներն են ՀՀ ՀՔԾ-ն և ՀՀ Գլխավոր Դատախազությունը: Առաջինը` որովհետեւ իմ «գործը» գտնվում է նրա վարույթում, երկրորդը` որովհետեւ անցնող երեսուներկու ամիսների ընթացքում յուրաքանչյուր երկու ամիսը մեկ դատախազությունը ՀՔԾ քննիչին թույլ է տվել երկարացնել «նախաքննության» ժամկետը:
Ս.թ. մարտի 6-ին ես դիմում եմ ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, պահանջելով վերջ տալ խեղկատակությանը և քննությունն ավարտել ու գործն ուղարկել դատախազություն, որպեսզի ի վերջո կայանա դատական գործընթաց: Մարտի 18-ին նույնաբովանդակ գրությամբ դիմել եմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Երեկ, 2019 թ. ապրիլի 10-ին, ստացել եմ իմ «գործով» ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանի 5 ապրիլի թվակիր գրությունը, որտեղ նա ինձ ոչ ավել ոչ պակաս հաղորդում է, թե «քննությունը» շարունակվում է:Ես կասկած չունեմ, որ իմ դիմումի «պատասխանի» բովանդակությունը նույնն էր լինելու, եթե այն ստորագրած լիներ ոչ թե Էդիկ Հակոբյանը, այլ ՀՔԾ մեկ այլ պաշտոնյա:
Բայց առնվազն տարակուսանք է առաջացնում այն իրողությունը, որ ՀՔԾ-ն իմ դիմումին պատասխանելու պարտականությունը հանձնել է նույն այն անձին, ում հանցավոր անգործունեության դեմ է ուղված եղել իմ բողոքը:
Բայց սա դեռ երևույթի մի կողմն է:
Մյուս, ավելի հրեշավոր կողմը պարզ է դառնում, եթե հիշենք, թե ո՞վ է ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Հակոբյանը:
Էդիկ Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի գլխավոր դահիճն է:
Փաստորեն, նախկին վարչախմբի ամենակեղտոտ գործերի կատարածուները շարունակում են մնալ իրենց պատասխանատու պաշտոններում: Ավելին՝ շարունակվում է նրանց վստահվել կարևորագույն նշանակություն ներկայացնող գործերի քննությունը:
Արդարև, նույն Էդիկ Հակոբյանը ներկայումս մաս է կազմում 2008 թ. մարտի 1-ի գործով քննչական խմբին: Ինչ խոսք, այդ գործով բազմակողմանի, լրիվ, առարկայական, մանրակրկիտ, խղճամիտ և արդար քննությունը կարելի է երաշխավորված համարել … :
Ակնհայտ է, որ վերոգրյալի պատասխանատուները ՀՀ «անկախ» դատական իշխանությունները չեն, այլ գործադիր իշխանության մաս կազմող «իրավապահ» մարմինները:
Այդ դեպքում ի՞նչ է գործադիր իշխանության ղեկավարության դիրքորոշումն այս ամենի նկատմամբ»:
08:02 - 11 ապրիլի, 2019