ՀՀ հանրային ռադիո

Հանրապետական նշանակության առաջին ռադիոկայանը: Հիմնվել և առաջին հեռարձակումն ունեցել է 1926 թվականի սեպտեմբերի 1-ին։ Անկախության հռչակումից (1991թ․) հետո հանրապետական ռադիոն վերակառուցվել է Ագգային ռադիոյի։ 2001 թվականին Հայաստանի ագգային ռադիոն վերանվանվել է Հայաստանի հանրային ռադիոյի (ՀՀՌ)։ Հանրային ռադիոն դարձավ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ։ Ներկայումս ՀՀՌ-ն իրականացնում է 14 լեզվով, օրական 50 ժ տևողությամբ հաղորդումներ՝ համաշխարհային սփռումով։

Միակ պետական ռադիոն է, որ ունի քրդական հաղորդում։ Ունի նաև միջազգային համացանցային էջ՝ 8 լեզվով։ 2019 թվականի ապրիլի 3-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Գարեգին Խումարյանը։

Գարեգին Խումարյանը բարձրաձայնում է ՀՀԽ-ի կողմից «անպարկեշտ առաջարկություններ»-ի մասին, կառույցը հերքում է

Գարեգին Խումարյանը բարձրաձայնում է ՀՀԽ-ի կողմից «անպարկեշտ առաջարկություններ»-ի մասին, կառույցը հերքում է

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի եւ Հանրային հեռարձակողի խորհրդի բանավեճը շարունակվում է։ Հուլիսի 29-ին՝ արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցույթում Խումարյանը չվերընտրվեց այդ պաշտոնում եւ հայտարարեց, որ դիմելու է դատարան։ Խոսելով իր եւ ՀՀԽ-ի առճակատման մասին՝ նա օրերս հայտնել է, որ խնդիրները ծագել են այն ժամանակ, երբ մերժել է Խորհրդի առաջարկների փաթեթը՝ «Ռադիոլուր» ծրագրի վերաբերյալ։ Այդ փաթեթը, որը վերաբերում է «Ռադիոլուրի» լրատվական քաղաքականությանը, Գարեգին Խումարյանն անվանել է գրաքննության փորձ եւ փարիսեցիություն որակել ՀՀԽ-ի պնդումը, թե այդ առաջարկներն ի կատար են ածվել։ «Այդ փաստաթղթի կետերից և որևէ մեկը երբեք չի գործադրվել, Հանրային ռադիոյի աշխատակիցներից և որևէ մեկը այդ փաստաթղի ազդեցությունն իր վրա չի զգացել: Ընկերությունը շարունակել է ընթանալ իր հունով, և դա տեսանելի և լսելի է մեր եթերում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գարեգին Խումարյանը: Հանրային հեռարձակողի խորհուրդն այսօր հրապարակել է այդ փաստաթուղթը։ Այն Հանրային հեռարձակողի խորհրդի եզրակացությունն է Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի խմբագրական քաղաքականության վերաբերյալ, որն ուղարկվել է Խորհրդի նախագահ Արա Շիրինյանի աշխատանքային էլ․ փոստից ուղիղ Գարեգին Խումարյանի աշխատանքային էլ․ հասցեին 2021 թ․ դեկտեմբերի 17-ին։ Թե ինչու է 2021-ին ընդունված փաստաթուղթը հիմա հրապարակվում, Խորհուրդը բացատրել է հետեւյալ կերպ. «Փաստաթուղթը չի հրապարակվել կայքում կամ որևէ տեղ։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ Հոդվածի 9-րդ և 13-րդ կետերի համաձայն Խորհուրդը պարբերաբար հաստատում է ընկերությունների ծրագրային քաղաքականությունը, «իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն»։ Ըստ Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարության, Գարեգին Խումարյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում, Հանրային ռադիոյի վերաբերյալ պատրաստել է 3 Եզրակացություն։ Մյուս 2-ը հրապարակվել են 2023 թ․ Խորհրդի կայքում՝ Ինքնակարգավորում և էթիկա բաժնում։ Ստորեւ՝ Խորհրդի եզրակացություն-առաջարկությունը «Ռադիոլուրի» վերաբերյալ։ Հանրային հեռարձակողների խորհուրդը 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է Ռադիոլուր լրատվական ծրագրի թողարկումներով հեռարձակված լուրերը, պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութերն ու ռեպորտաժները և հանգել է հետևյալ եզրակացության․ «Ռադիոլուրի» առանձին ռեպորտաժներ և լրագրողական մեկնաբանություններ չեն համապատասխանում հանրային հեռարձակողի՝ միջազգային չափանիշներով ամրագրված գործունեության նպատակներին՝ մասնավորապես՝ սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը։ Այս Եզրակացության հիմք են հանդիսացել հետևյալ արձանագրումները․ 1․ Կառավարության գործունեությունը լուսաբանելիս Ռադիոլուրի որոշ մեկնաբաններ հաճախ անտեսում են հանրային հեռարձակողի մանդատը, որը պահանջում է  ճշգրիտ և համակողմանի ներկայացնել պետական մարմինների նախաձեռնությունները, զերծ մնալ սեփական գնահատականներից։ 2․ Սահմանամերձ բնակավայրերից Ռադիոլուրի ռեպորտաժները ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և պետական մարմինների ձեռնարկած քայլերը։ Սակայն հաճախ ռեպորտաժների հիմնական շեշտադրումներն ու հուսահատ արձանագրումները (եթե նույնիսկ օբյեկտիվ են լրագրողի տեսանկյունից) գործնականում ստեղծում են խուճապի և անկառավարելիության տրամադրություններ։ Այս ամենը արհեստականորեն սրում է ներքաղաքական իրավիճակը Երևանում, խաթարում է հասարակական կայունությունը, թուլացնում սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։ 3․Խորհուրդն արձանագրում է նաև, որ Ռադիոլուրի վերոհիշյալ  ռեպորտաժները սոցիալական ցանցերում դառնում են ներքաղաքական շահարկումների, տարբեր կուսակցությունների համակիրների՝ միմյանց վիրավորելու և ատելության խոսք տարածելու առիթ։ 4․Քաղաքական «սկանդալային թեմաներին» Ռադիոլուրի անդրադարձների անհամաչափ քանակը, ռեպորտաժներում ներգրավված «փորձագետների» անփոփոխ կազմը հիմք են տալիս արձանագրելու, որ Ռադիոլուրը մեխանիկորեն վերարտադրում է քաղաքական դաշտում ծագած մանիպուլյատիվ հարցադրումները՝ անտեսելով որակյալ տեղեկատվություն ստանալու հանրության կարիքները։                                           5․ Էթիկայի տեսակետից Խորհուրդն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի լրագրողների ոչ պատշաճ արտահայտությունները պետական և քաղաքական գործիչների հասցեին։ Հանրային հեռարձակողների խորհուրդը առաջարկում է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել Ռադիոլուր լրատվական բաժնում՝ վերոնշյալ բացթողումներն ու լրագրողական էթիկայի խախտումները բացառելու համար։ Թեև Գարեգին Խումարյանն այսօր պնդում է, որ մերժել է այս խորհրդատվական բնույթի փաստաթուղթը, այդուհանդերձ այն ժամանակ նա հավաստիացրել էր Խորհրդի անդամներին, որ կձեռնարկի համապատասխան միջոցներ և իսկապես իրականացրել էր որոշ կադրային փոխատեղումներ։ Խորհրդի գնահատմամբ, կարճ ժամանակում նշված առաջարկները հաշվի էին առնվել և իրավիճակը զգալի բարելավվել էր։ Ցավալի է, որ «ճնշումների և Խորհրդի կողմից արված «անպարկեշտ առաջարկության» մասին մենք իմացանք 3 տարի ուշացումով, այն բանից հետո միայն, երբ Գարեգին Խումարյանը չվերընտրվեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում։
22:53 - 01 օգոստոսի, 2024
Գարեգին Խումարյանը դատարանում կվիճարկի Հանրային ռադիոյի տնօրերենի մրցույթի արդյունքները

Գարեգին Խումարյանը դատարանում կվիճարկի Հանրային ռադիոյի տնօրերենի մրցույթի արդյունքները

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը դատարանում կվիճարկի Հանրային ռադիոյի տնօրերենի մրցույթի արդյունքները։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։  Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը։ Նա «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից է։ Քոլոյանը ստացել է հինգ ձայն։ Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը զրո ձայն է ստացել։ «Հարգելի բարեկամներ, քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը, որի հաղթողը կանխատեսելիորեն ես չեմ և փաստորեն աշխատանքի առայժմ չեմ վերադառնում։ Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։ Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։ Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված։ Իրավիճակի կապակցությամբ կասեմ հետևյալը՝ Ունկնդիրներին, լրագրողական համայնքին Այն, որ հիմա Ընկերության վրա ազդեցությունս զրոյական է, չի նշանակում, որ ռադիոյի համար այլևս պատասխանատու չեմ։ Ընդհակառակը՝ զարգացումների հետագա ընթացքը իմ ձախողման հետևանքն է։ Չեմ եղել բավականաչափ համոզիչ, բավականաչափ մրցունակ, բավականաչափ պինդ։ Բայց թեև իմ կարիերայի իմաստով հեռանկարն աղոտ է, հանրային հեռարձակման ինստիտուտի կայացման տեսանկյունից իրավիճակն առավել քան բարենպաստ է։ Հնարավորությունների այսպիսի պատուհան դեռ չի եղել, և եկեք այն օգտագործենք։ Օրակարգը՝ խմբագրական ինքնիշխանության, ստեղծագործական ազատության և մասնագիտական արժանապատվության սկզբունքների վրա խարսխված, պետությունից անկախ հանրային հեռարձակում ստանալն է։ Ըստ էության այն, ինչ երաշխավորված է օրենքով, բայց միշտ չէ, որ կա։ Իսկ երբ կա էլ, վստահ եղեք, որ ինչ-որ մեկը դրա համար անհամաչափ բարձր գին է վճարում։ Բոլոր նրանց, ում հետաքրքիր են հանրային հեռարձում, հանրային լրատվամիջոց երևույթները, առաջարկում եմ հետս կապ հաստատել։ Գրառման տակ պլյուս դնելով է, անձնական հաղորդագրությամբ․․․ ցանկացած այլ ձևով ձեր մասին իմաց տվեք։ Կհավաքվենք, հետաքրքրությամբ կլսեմ ձեր գաղափարները, կկիսվեմ ռազմավարության վերաբերյալ իմ պատկերացմամբ։ Ի գործ։ Մայր ռադիոյի կոլեկտիվին․ Ռադիոյի սիրելի մարդիկ, Աստված վկա, արել եմ հնարավորն ու անհնարինը, որ այսպես չլինի։ Շատերիդ կողմից ինձ հաճախակի մեղսագրվող ճկունության բացակայությունը հաշիվ չէ։ Մի անգամ էլ ասեմ, ու փակենք այս թեման: Բոլորիդ քաջ հայտնի հարցերից հատկապես ո՞ր մեկի շուրջ ցուցաբերեի ճկունություն։ Վստահեցնում եմ՝ ձեզ պետք չէր լինի այդպիսի տնօրեն։ Թրի տակով անցած ղեկավարն աղետ է իրեն վստահված մարդկանց համար։ Հավատացեք՝ գիտեմ, ինչ եմ ասում։ Իրավիճակը դիտարկեք հակառակ կողմից։ Ղեկավարության փոփոխությունը հնարավորությունների պատուհան է։ Հիմա ձեզանից յուրաքանչյուրը պիտի փորձի բարելավել դիրքերը, ստանալ այն, ինչն այս կամ այն պատճառով չի ստացել ինձանից։ Ձեզ ցույց տվեք։ Փայլեք, ինչպես հասու է միայն ձեզ՝ Ռադիոտան մարդկանց, և ամեն ինչ կլինի գերազանց։ Իսկ եթե ընթացքն այլ ուղղությամբ սկսի զարգանալ, ինչը նույնպես բացառված չէ, ձեզ «հուշանվեր» եմ թողել։ Գտեք այն։ Խմբվեք դրա շուրջ։ Այն պետք է որ մեղմի հնարավոր բացասական զարգացումները։ Հասկացողը հասկացավ, չհասկացողին կբացատրի։ Ես էլ այնպես չէ, որ հեռու եմ, 24/7 հասանելի: Հրաժեշտ չեմ տալիս։ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին․ Խորհուրդ, հիրավի դուք չքնաղ եք։ Ինձ փոխարինել պատրաստ մարդու ձեր և ձեր վերադասների փնտրտուքն ավարտվեց այն բանով, որ այս երկրում ապրող, այս հողի վրա քալյող և այս օդը շնչող յուրաքանչյուր ոք, ում այդ հարցով մոտեցել եք, ձեր առաջարկը համարել է անպարկեշտ, բայց դուք չեք ընկճվել, ընդլայնել եք որոնման աշխարահագրությունը և ի վերջո երկրի ռազմավարական տեղեկատվական ենթակառուցվածքի ղեկը հանձնել վերջին 28 տարին Պրահա քաղաքում մշտապես բնակվող ԱՄՆ քաղաքացու։ Խոսքեր չունեմ։ Ծափահարում եմ հոտնկայս։ Վերադասներ ասելով էլ մոտավորապես նկատի ունեմ հրապարակի առանձնասենյակներում նստող այն մարդկանց, ում մոտ որ մի երկու շաբաթ առաջ ձեր թեկնածուին տարել էիք «ստուգատեսի»։ Մինչդեռ Խորհրդի միակ իմաստը Հանրայինի և իշխանության միջև պատնեշ լինելն ու իշխանավորների «խածելկաներից» Հանրայինը զերծ պահելն է։ Իրենց հարկերից ամեն տարի մարդիկ 160 միլիոն դրամ ձեզ հենց դրա համար են տալիս, այլ ոչ թե «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ» կարգի հայտարարությունների։ Մի պահ ձեռքներդ դրեք խղճներիդ, դուք 160 միլիոնի գործ ե՞ք անում։ Վաղը, երբ այս ամենն ավարտվի, ու գնաք նոր աշխատանք փնրելու, ձեր CV-ների մեջ ի՞նչ եք գրելու՝ էն «քի ըչիվմընթս» բաժնում։ Ձեր էրեխեքին ու թոռներին ինչպես եք բացատրելու, որ մտավորականի, արվեստագետի, այլախոհի մի ողջ կյանք ապրած լինելուց հետո, ձեզ համար անդրոպովյան շրջանի «պարտնոմենկլատուրշիկի» ավարտն ընտրեցիք։ Հիրավի ինչին դիպչում ենք, վերջում ՍՄԿԿ է դառնում։ Հանձնվելիս մարդ միշտ չէ, որ մեռնում է, բայց միշտ չեղարկում է ինքն իրեն։ Գուցե մանկամիտ հնչի, բայց մինչև վերջ հավատում էի, որ կհետևեք ձեր գործընկերոջ՝ Վահրամ Մարտիրոսյանի օրինակին, ու հրաժարական կտաք։ Հիմա տեսնում եմ, որ անուղղելի լավատեսություն է ռազմագերիներից «Չե Գևարայի» վարքագիծ ակնկալելը։ Միակ խնդիրն այն է, որ ձեր գերությունը կամավոր է։ Որևէ օրենք չի պարտադրում ձեզ «շեֆ» ունենալ։ Դուք եք դա որոշել։ Իսկապես խոսքեր չունեմ։ Անուղղելի լավատեսությամբ կրկնում եմ մրցույթի նախարոդ փորձի կապակցությամբ արածս հորդորը՝ Արա Շիրինյան, Վահագն Թևոսյան, Արփի Ոսկանյան, Վասակ Դարբինյան, Վարուժան Օլքինյան և Արամ Սուքիասյան, վայր դրեք լիազորությունները։ Ձեզ մոտ մի տեսակ չի ստացվում, նույնիսկ երբ թվում է, թե ստացվում է»,-գրել է նա։
14:14 - 29 հուլիսի, 2024
Հանրային հեռարձակման խորհուրդը պետք է հրաժարական տա. Գարեգին Խումարյան

Հանրային հեռարձակման խորհուրդը պետք է հրաժարական տա. Գարեգին Խումարյան

Հայաստանի Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն անդրադարձել է Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համար կայացած մրցույթին, որի արդյունքում հաղթող չի ընտրվել։ Նա Հանրային հեռարձակման խորհրդի (ՀՀԽ) բոլոր անդամներին կոչ է արել հրաժարական տալ։  Քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը։ Մրցույթն անցկացնող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ), մասնակիցներից ոչ ոքի հաղթող չճանաչեց, և շուտով հայտարարվելու է նոր մրցույթ, որին կրկին մասնակցելու եմ՝ օր առաջ աշխատանքի վերադառնալու նպատակադրմամբ։ Բայց մինչ այդ մի քանի նկատառում. ևս մեկ անգամ շնորհակալություն ռադիոյի կոլեկտիվին անվերապահ աջակցության համար։ Եթե Ընկերության աշխատակիցների ընդհանուր ժողովը 99,3% հավանություն չտար վերընտրվելուս գաղափարին, անկախ ցանկությունիցս, որ աննկարագրելի մեծ էր, մրցույթին դժվար թե մասնակցեի։ Ռադիոյի սիրելի մարդիկ, երջանիկ եմ, որ ձեզանից մեկն եմ։ Առանձնակի շնորհակալ եմ  ոլորտի այն գործընկերներին, ում առաջարկվել էր ինձ փոխարինել, և ովքեր մերժել են այդ առաջարկները․ նրանց, ովքեր ունեցել են և ունեն ռադիոն ղեկավարելու ցանկություն, բայց իրավիճակի նրբությունը հասկանալով, մնացել և մնում են ձեռնպահ։ Շնորհակալ եմ արհեստակցական և մարդկային պարկեշտության բացառիկ այս դրսևորման համար։ Ինքնին արժեք լինելուց զատ այն նաև առավել ցայտուն է ցուցադրում հանրայինների ղեկավար մարմնի՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անհամարժեքությունը, որի հետևանքով առաջացած կառավարման ճգնաժամի ռիսկից խուսափելու համար չեմ տեսնում այլ տարբերակ, քան Խորհրդի բոլոր անդամների միաժամանակ կամավոր հրաժարականը, ինչին կհետևի նոր Խորհուրդ ձևավորելու գործընթաց։ Հատուկ շեշտեմ, որ Խորհրդի բոլոր անդամների նկատմամբ մասնագիտական խորը հարգանք եմ տածում։ Բոլորն էլ վաստակ ունեցող մարդիկ են և առանձին-առանձին, կարծում եմ, շատ ավելի հետաքրքիր են, քան մեկտեղված Խորհրդի կլոր սեղանի շուրջ։ Ուստի հուսով եմ, որ այս տեքստն ընթերցելիս կլինեն մենակ՝ խուսափելով այն մետամորֆոզներից, որ երբեմն-երբեմն տեղի են ունենում նրանց հետ «գրական-գեղարվեստական ժառանգությունս» Խորհրդի կազմով ուսումնասիրելու խմբակային սեանսների ժամանակ։ Եվս մեկ անգամ, անձնական հարթության վրա Խորհրդի բոլոր անդամների հանդեպ գործընկերական համակրանքից զատ այլ զգացմունք չունեմ ուստի առայժմ բաց եմ թողնում Խորհրդի այս կազմի հետ հարաբերվելու հարուստ փորձիս մանրամասները և սկսում այն կետից, որը Խորհրդի իսկ նախաձեռնությամբ դարձավ հրապարակային։ Այս տարվա հունվարի 31-ին Հանրային ռադիոյի եթերում հեռարձակված ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հետ հարցազրույցի կապակցությամբ թողարկված խմբագրական հոդվածիս («Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին») հետևեց  Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը, որտեղ հանիրավի մեղադրվեցի լիազորություններս առերևույթ չարաշահելու համար։ ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը, որին Խորհուրդը դիմեց հարցը քննելու խնդրանքով, մարտի 21-ին հրապարակած իր հայտարարությամբ արձանագրեց, որ ոչ էթիկա եմ խախտել, ոչ էլ օրենք, իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի օգտագործած ձեւակերպումները` «առերեւույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը», «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ», համարժեք չեն իրավիճակին եւ չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման եւ բանավեճի մշակույթի զարգացմանը։ Խորհուրդն, ի դեպ, այդ փաստաթուղթն իր կայքում մինչ օրս կարծես թե չի էլ հրապարակել, թեև, ըստ Դիտորդ մարմնի կանոնակարգի, վեճի կողմերը պարտավոր են հրապարակել եզրակացությունն ամբողջությամբ՝ անկախ այն բանից`հավանում են այն, թե՝ ոչ։ Ապրիլի 8-ին լրացավ պայմանագրիս ժամկետը։ Գործող օրենսդրության համաձայն, այն կարող էր մեխանիկորեն երկարացվել 2 տարով, բայց Խորհուրդն այլ ճանապարհով գնաց՝ լուծեց պայմանագիրը և նշանակեց այս մրցույթը, որի իմաստը, դատելով արդյունքից, ոչ այդքան ռադիոյի տնօրեն ընտրելն էր, որքան ինձ չընտրելը, թեկուզև հաստիքը թափուր թողնելու գնով։ Կարող եմ արդյո՞ք համարել, որ խախտված է անխտրական վերաբերմունքի երաշխավորված իրավունքս։ Կարծում եմ՝ կարող եմ և այդպես էլ համարում եմ։  Ապրիլի 5-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը փոխեց հանրայինների տնօրենների մրցույթի անցկացման կարգը՝ հրաժարվելով գումարել անկախ մրցութային հանձնաժողով։ Նույնիսկ չեմ հիշում՝ երբ էին վերջին անգամ Հանրայինի գործադիր տնօրեն ընտրում, կամ տվյալ դեպքում չընտրում, ոչ թե անկախ ընտրիչները, այլ հենց իրենք՝ անձամբ Խորհրդի անդամները։ Խորհրդի կողմից մրցութային անկախ հանձնաժողովի ինստիտուտի չեղարկումը, կարծում եմ, գործընթացների ժողովրդավարության առումով լուրջ հետքայլ է՝ վերադարձ 2000-ականների պրակտիկային․ ավելին՝ մրցութային մեխանիզմը կոոպտացիոն տարրեր պարունակող սխեմայով փոխատեղելու ակտ, որը վստահորեն աննկատ չի մնալու և ունենալու է հետևանքներ։ Խորհուրդը պիտի գնա նաև այն պատճառով, որ ստեղծված իրավիճակում, ներկայիս կազմով չի կարող ապահովել Սահմանադրությամբ երաշխավորված Հանրայինի անկախությունը։ Ամենայն հարգանքով, բայց ՔՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամը (Արա Շիրինյան), ՔՊ նախկին պատգավորը (Վահագն Թևոսյան), ՔՊ պատգավորի նախկին թեկածուի կինը (Արփի Ոսկանյան) և ՔՊ առաջնորդի սեփական լրատվամիջոցի նախկին աշխատակիցը (Վասակ Դարբինյան) չեն կարող ու, թերևս, ինչ-որ իմաստով չպիտի էլ դրժեն թիմային իրենց հանձնառությունները։ Երբ դիմացները կա պինդ գործադիր մարմին, Խորհրդի անդամների համամասնության խնդիրը կրիտիկական չէ, իսկ ռիսկերը՝ կառավարելի։ Բայց հիմա այդ մարմինը չկա, իսկ Խորհրդի մնացած անդամները՝ Վարուժան Օլքինյան, Վահրամ Մարտիրոսյան և Արամ Սուքիասյան, նույնիսկ եթե ուզեն էլ, տեսականորեն իսկ հակակշիռ լինել չեն կարող և Խորհրդում իրենց ներկայության փաստով շարունակելու են լեգիտիմացնել ստեղծված իրավիճակը։ Խորհուրդը պետք է հրաժարական տա։ Որովհետև՝ ա) Ընկերության գործադիր տնօրենին հրապարակայինորեն հանիրավի մեղադրելով օրենքի խախտման համար և կասկածի տակ առնելով նրա գործողությունների համապատասխանությունը էթիկական նորմերին, Ընկերության շուրջ առաջացրել է բացասական տեղեկատվական ֆոն և վտանգել հանրային հեռարձակման ինստիտուտի նկատմամբ լսարանի վստահությունը՝ փաստացի գործելով Ընկերության շահերին և կանոնադրական նպատակներին հակառակ։  բ) Ոչնչացրել է մրցութային անկախ հանձնաժողովի ինստիտուտը՝ կառուցակարգերի և գործընթացների ժողովրդավարության տեսանկյունից ապահովելով շեշտակի հետընթաց։ գ) գործադիր տնօրենի թափուր հաստիքի համալրման մրցույթի ժամանակ  մասնակիցներից առնվազն մեկի նկատմամբ դրսևորել է քաղաքականապես մոտիվացված ակնհայտորեն կանխակալ վերաբերմունք։ դ) ներկայիս կազմով՝ երբ Խորդհրդի 7 անդամներից 4-ը այս կամ այն կերպ կապված են գործող իշխանության հետ, անհամարժեք է  Հանրային հեռարձակման անկախությունը երաշխավորող Սահմանադրության 42-րդ հոդվածին։  ե) Ու անգամ այս ամենով հանդերձ ձախողել է Հանրային ռադիոընկերության տնօրեն փոխելու առերևույթ իր հանձնառությունը, ինչը բացի ամեն ինչից արդեն նաև զուտ կոմպետենտության խնդիր է։ Հանրայինը ոչ ՊՈԱԿ է, ոչ էլ ՊՀ: Ընկերության մանդատի առանձնահատկությունները տասնամյակների վարչաիրավական էվոլյուցիայի արդյունք են՝ երաշխավորված ազգային օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով, և այս ամենն իսկապես հետևանքներ է ունենալու։ Չե՞ք ուզում հանրային։ Անկեղծորեն խոստովանեք դա, փոխեք օրենդրությունը, ձեզ համար պետական լրատվամիջոց հիմնեք, ինչպես օրինակ Բելառուսում է, Ռուսաստանում, Միջին Ասիայի երկրներում, Ադրբեջանում, որտեղ, ի դեպ, գործադիր տնօրեն ընտրում են ճիշտ նույն ընթացակարգով՝ Խորհրդի որոշմամբ` առանց մրցութային անկախ հանձնաժողովի։  Լիահույս եմ, որ Խորհրդի անդամներն այս տեքստն առանձին-առանձին են ընթերցում և գոնե կմտորեն դիմում գրելու շուրջ։ Նրանց ճանաչող և նրանց վրա քաղաքական, թիմային, գործընկերական, բարեկամական ազդեցություն ունեցող անձանց հորդորում եմ, հեղինակության ողջ պաշարն օգտագործելով, մղել նրանց լիազորությունները վայր դնելուն։ Եթե այդպիսի ազդեցություն ունեցողների մեջ կան մարդիկ, ում համար սկզբունքային է նաև իմ չլինելը, ապա ստեղծված իրավիճակի համապարփակ և վերջնական հանգուցալուծման նկատառումներից ելնելով խոստանում եմ, որ եթե ողջամիտ ժամկետներում ՀՀԽ բոլոր անդամները հրաժարական տան, ես նոր մրցույթին չեմ մասնակցի ու էլ չեմ հավակնի ստանձնել Ընկերության ղեկը։ Կգնա խորհուրդը, կանհետանամ նաև ես։ Ընկերության 100-ամյակին ընդառաջ դա կլինի նոր սկիզբ, նոր ընթացք, ամեն ինչ նոր էջից սկսելու և նախկին սխալները չկրկնելով հանրայինի լիարժեք անկախությունը վերջապես և մեկնդմիշտ կայացնելու պատմական հնարավորություն։
17:10 - 05 հունիսի, 2024
 Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնում ոչ ոք չի ընտրվել․ Հանրային հեռարձակողի խորհուրդ

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնում ոչ ոք չի ընտրվել․ Հանրային հեռարձակողի խորհուրդ

2024 թվականի հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից։  Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։ Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց մրցույթը համարել չկայացած։ Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։
17:07 - 05 հունիսի, 2024
Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածում էթիկայի խախտում չկա. հրապարակվել է փորձագիտական կարծիքը

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածում էթիկայի խախտում չկա. հրապարակվել է փորձագիտական կարծիքը

Էթիկայի Դիտորդ մարմինը Հանրային հեռարձակողի դիմումի հիման վրա փորձագիտական վերլուծության է ենթարկել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածը ռադիոյի տաղավարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ եւ արձանագրել, որ Խումարյանի հոդվածում լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա, իսկ ՀՀՌ հայտարարության մեջ առկա «որոշ բնորոշումներ համարժեք չեն իրավիճակին եւ չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման եւ բանավեճի մշակույթի զարգացմանը»։  Ինչ վերաբերում է իր աշխատակից լրագրողի մասին Խումարյանի քննադատական գնահատականին, թե «վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել», ըստ ԴՄ կարծիքի՝ ցանկալի կիներ, որ այն մնար ներքին քննարկումների մակարդակում։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար Դիտորդ մարմինն առաջարկում է մշակել Հանրային հեռարձակողի ներքին խնդիրների կոմունիկացիայի աշխատակարգ-կանոնագիր։ Էթիկայի Դիտորդ մարմնի ամբողջական դիրքորոշումը՝ հղումով։
13:32 - 22 մարտի, 2024
Հայտարարում եմ Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու, հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին․ Գարեգին Խումարյան

Հայտարարում եմ Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու, հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին․ Գարեգին Խումարյան

Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Խոսք շնորհակալության և բացարձակ երջանկության։ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության փառապանծ կոլեկտիվն է: Այնքան շատ ենք, որ Ընկերության շենքի դահլիճներից, ստուդիաներից, փորձասրահներից և ոչ մեկում չենք տեղավորվում և ստիպված շենքից դուրս ենք դահլիճ վերցրել:   Մի ամսից պայմանագիրս ավարտվում է, ու, թեև մամուլի մեր գործընկերներին մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ կուզեի մնալ, անկեղծ ասած, ապագաս ինձ համար փոքր-ինչ մշուշոտ էր: Հատկապես վերջին շրջանում հաճախ եմ լսում «բա հետո ի՞նչ ես անելու» հարցը:   Այսօր այդ հարցի պատասխանը վերջնականապես և անտարընթերցելիորեն ստացել եմ գործընկերներիցս: Փակ գաղտնի քվեարկությամբ «փրայմերիզի» պես մի բան էինք արել, որի ընթացքում ընկերության աշխատակիցների 99,3%-ն ասել է «պիտի մասնակցես և հաղթես» հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար շուտով հայտարարվելիք մրցույթում:   Ձայների հաշվարկը Ընկերության ամենաջահել աշխատակիցներն էին անում: Հարցնում եմ՝ գործընկերներ, հաշվապահությունից մարդ կա՝ էրեխեքին օգնի տոկոս հաշվեն: Պատասխանում են՝ ոնց որ թե կարիք չկա: Երկու ձայն կա միայն «դեմ»: Եվ այսպես՝ Ընկերությունում շուրջ 340 մարդ է աշխատում: Քվեարկությանը մասնակցել է 297-ը` աշխատակիցների 87%-ը: Թեև ժողովը ժամը վեցից հետո էինք արել, ռադիոն շուրջօրյա ռեժիմով է աշխատում, ու մարդկանց մի մասը պիտի տեղերում մնար: Վերջը՝ ստացել եմ 295 ձայն:   Պիտի շատ անկեղծ ասեմ. ներքին որոշում ունեի ութսուն տոկոսից ցածր աջակցություն ստանալու դեպքում նույնիսկ չփորձել ու գնալ նոր աշխատանք փնտրելու: Այն էլ 99,3: Էլի շատ անկեղծ՝ այնպես չի, որ ես չեմ ուզում, և գործընկերներիս սրտով եմ գնում: Ընդհակառակը՝ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա: Կարյերայի առումով չկա որևէ բան, որ ավելի շատ կուզեի անել, քան այս Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելը: Ռադիոյի սիրելի մարդիկ, շնորհակալ եմ, որ այն եք՝ ինչ եք: Երբեք չփոխվեք: Երջանիկ եմ, որ ձեզանից մեկն եմ:   Սույնով պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի շուտով հայտարարվելիք մրցույթին մասնկացնելու, այդ մրցույթում հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին»:
21:54 - 07 մարտի, 2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հարցով

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հարցով

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։ «Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կառավարման ներքո գտնվող հեռարձակող ընկերություններն անդամակցում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնությանը, դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով Խորհուրդն իրավասու է ինքնուրույն գնահատելու Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին, սակայն հաշվի առնելով միջադեպի հետ կապված հանրային լայն արձագանքը, Խորհուրդը հայցում է համապատասխան մանդատ և փորձառություն ունեցող մարմնի կարծիքը»- ասվում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
17:01 - 09 փետրվարի, 2024
Գարեգին Խումարյան. «Ես կատարել եմ մասնագիտական պարտքս»
 |azatutyun.am|

Գարեգին Խումարյան. «Ես կատարել եմ մասնագիտական պարտքս» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը համաձայն չէ Հանրային հեռարձակողի պնդման հետ, թե Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները վիճարկող իր հոդվածով՝ չարաշահել է լիազորությունները և պաշտոնը: Խումարյանն այդ մասին ասաց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ Խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո: Գարեգին Խումարյանի հետ հարցազրույցի տեքստը՝ ստորև. «Ազատություն». - Պարոն Խումարյան, ինչպե՞ս եք նախ գնահատում Հանրային հեռարձակողի խորհրդի այսօրվա հայտարարությունը, Դուք համաձա՞յն եք, որ չարաշահել եք Ձեր լիազորությունները և պաշտոնը: Գարեգին Խումարյան. - Ներկայում ես միջանկյալ տեսակետ եմ հայտնում, զուտ ինտուիտիվ, որովհետև խորհրդի մեր հարգելի գործընկերների հրապարակած փաստաթուղթը այս պահին ուսումնասիրում են Հանրային ռադիոընկերության իրավաբանները: Զուտ ինտուիտիվ, զուտ մասնավոր՝ ես դրա հետ համաձայն չեմ, սպասում եմ՝ ինչ կասեն մեր ընկերության իրավաբանները: Ինչ վերաբերում է Հանրային ռադիոընկերության կայքը օգտագործելուն, ապա ես մեծ լրագրողական կոլեկտիվի մաս եմ, ես էլ այստեղ աշխատող լրագրողներից մեկն եմ, պարբերաբար գրում եմ ինչ-որ թեմաներով: Ես քիչ առաջ նայեցի՝ ես մոտ 10 հրապարակում ունեմ իմ սյունակի տակ, համենայնդեպս, մինչ այս որևէ խնդիր երբեք չի եղել: «Ազատություն». - Խորհուրդը նշում է, որ «առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրենի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին», այսինքն՝ դա դեռ որոշված չէ: Կա՞ն որոշակի էթիկական և իրավական նորմեր, որոնք Ձեզ արգելում են Հանրային ռադիոյի կայքում արտահայտել Ձեր մտքերը: Խումարյան. - Կրկին՝ միջանկյալ և շատ ինտուիտիվ: Ես ևս մեկ անգամ անցել եմ Հանրային ռադիոընկերության կողմից որդեգրված էթիկական կանոնագրքով և որևէ խնդիր այդտեղ չեմ տեսել: Բայց սպասենք խորհրդի եզրակացությանը, որով զբաղվելու են ընկերության իրավաբանները: «Ազատություն». - Դուք այստեղ տեսնո՞ւմ եք ճնշում այս հայտարարությամբ Ձեր նկատմամբ՝ հաշվի առնելով, որ Դուք քննադատության էիք ենթարկել Փաշինյանի հայտարարությունները: Խումարյան. - Ես չգիտեմ՝ քննադատության ենթարկել եմ, թե՝ ոչ, ես կատարել եմ մասնագիտական պարտքս: Մենք ակնհայտորեն թույլ պրոդուկտ ենք հեռարձակել՝ օրինակ, համեմատած ձեր հարգելի ընկերության վերջին հարցազրույցի հետ՝ վարչապետի հետ, ու ես արել եմ այն, ինչ որ պետք է անեմ՝ ես, այո, ներողություն եմ խնդրել խնդրահարույց հաղորդման համար, որը ակնհայտորեն ավելի թույլ էր, քան կարող էր լինել: Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։   
00:04 - 07 փետրվարի, 2024
Գարեգին Խումարյանը չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը․ ՀՀԽ

Գարեգին Խումարյանը չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը․ ՀՀԽ

Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․ «2024թ. փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը լրատվամիջոցի կայքում հրապարակել է իր հոդվածը, որով վիճարկում է օրեր առաջ «Անվտանգային միջավայր» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները։ Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում։ Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը։ Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։ Բացի այդ, ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու և ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է։ Ըստ այդմ, Խորհուրդն առաջիկայում  քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին»։
19:36 - 06 փետրվարի, 2024
Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան

Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հանդես է եկել հայտարարությամբ․ « Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր։ Իսկ ես, ընդհակառակը՝ վստահ էի, որ կբացվի ու պնդում էի, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի։ Վարչապետի մասնակցությամբ՝ թիվ 22 թողարկման մասին Բարեղամի հետ երկար ենք խոսել ու եկել ենք այն եզրակացության, որ առաջիկայում նա կկենտրոնանա լուրերում իր աշխատանքի վրա, կանի այն, ինչն իսկապես գերազանց է անում, իսկ հարցազրույցների ժանրին կվերադառնանք, երբ զգանք, որ պատրաստ է։ Հազիվ եմ համոզել, որ աշխատանքից ազատվելու դիմումը հետ վերցնի։ «Անվտանգային միջավայր» հաղորդումը հետայսու այլ մարդ կվարի։ Դեռ չգիտեմ՝ ով։ Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։ Հիմա բուն տեղի ունեցածի մասին։ Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։  Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։ Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը: Տրամաբանական մտավարժանքի տեսանկյունից երկու եզրահանգումներն էլ անխոցելի են ու հավասարապես ճիշտ։ Բայց սա շտեմարանային խնդիր չէ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն։ Առնվազն մեզ առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետև Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը և հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են։   Նույն հաջողությամբ, օրինակ, սովի պայմաններում կարելի է մարդկանց առաջարկել դադարել լինել մարդ։ Առնվազն խորհել սովի պայմաններում մարդակերության նպատակահարմարության շուրջ։ Ուղղակի երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ սա էլ խաղ է՝ մանևր ժամանակ շահելու և ուժեղանալու համար։ Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման, 2021-ին Իշխանասարում, 2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում, 2023-ին Արցախում զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։ Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան: Հնդկական ու ֆրանսիական զենքի մատակարարումները, զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ատեստացիան, «Պաշտպան հայրենյացը», վարժական հավաքները որպես այդպիսին, իրենք իրենցով, կոնտեքստից ու ժամկետներից դուրս բացարձակապես գերազանց են ու անվերապահորեն շլացուցիչ։ Իսկ կոնտեքստի ու ժամկետների մե՞ջ։ Որքանո՞վ է այդ ամենը լուծում վաղը կամ գուցե կես ժամից երկու ճակատով ներխուժման խնդիրը։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր հնարավոր 92-94 թվականներին երկու տարվա մեջ պատերազմին զուգահեռ ոչ մի բանից բանակ ստանալ։ Ինչո՞ւ սա հնարավոր չէր հիմա՝ վերջին երեք տարիներին։ Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ լավ ծեծ կերած էինք, բայց այնպես էլ չէր, որ բացարձակ 0 էինք, ինչպես 91-92-ին։ Վերացականանք աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Խոսքը զուտ բանակաշինության ու ավելի լայն իմաստով պետականաշինության տեմպերի ու, որ ամենակարևորն է, փիլիսոփայության մասին է։ Հռչակագիրը, 3-րդ հանրապետությունը, օրհներգը, պատմական արդարությունը, զինանշանը ու մեր հաղորդման ժամանակ կասկածի տակ առնված այլ բաները մեղավոր չեն, որ մենք չենք կարող լինել սովորական երկիր, իսկ մեր իշխանությունը սովորական երկրի իշխանություն է, ու գուցե նույնիսկ հաջողեր Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրներից որևէ մեկում, որի գոյության իրավունքը որևէ մեկի կողմից երբեք չի վիճարկվել ու հիմա էլ չի վիճարկվում։  Մեր դեպքն այլ է, ու մեր զինանշանը, օրհներգը, հռչակագիրը․․․ մեր ինքնությունը կրում են այդ այլությունը և ձևակերպում այլևս երբեք ցեղասպանված չլինելու մեր միակ պետական նպատակը։ Մնացածն ածանցյալ է, ու պետք չէ պատճառներն ու հետևանքները տեղերով փոխել։ Հայաստանը չի կարող լինել սովորական երկիր, որի հերոսը լինելու համար հերիք է բարեխիղճ հարկատու լինել։ Ռաֆայել Լեմկինը՝ «ցեղասպանություն» բառի հեղինակը, իր առաջարկած եզրույթը հետևյալ կերպ է սահմանում․ «Ցեղասպանությունը տարաբնույթ գործողությունների ներդաշնակված ծրագիր է՝ ուղղված ազգային խմբերի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքերի ոչնչացմանը և այդ խմբերի ոչնչացմանը որպես այդպիսին»։ Արդյո՞ք հայ անունը կրող ազգային խմբի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքեր չեն Հռչակագրի, Զինանշանի, Օրհներգի խորհուրդներն ու պատմական արդարության զգացողությունը։ Բայց այդ հիմքերով, թե առանց դրանց, մեր հետևից, միևնույն է, գալու են։ Ինչպես նացիստները եկան անգամ հավատափոխ հրեաների հետևից։ Այնպես որ, բնավ ավելորդ չէր լինի վերջին երեք տարում գոնե վառոդ արտադրել սովորել։ Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հաղորդման համար, որն անկասկած պիտի ավելի որակյալ լիներ։ Կջանանք դառնալ ավելի լավը»։
18:20 - 05 փետրվարի, 2024
Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել են Հանրային ռադիոյից․ տնօրենը հաստատում է, բայց նշում՝ ռադիոյի աշխատակազմը չի արել


 |factor.am|

Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել են Հանրային ռադիոյից․ տնօրենը հաստատում է, բայց նշում՝ ռադիոյի աշխատակազմը չի արել |factor.am|

factor.am: Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են  Արցախի դրոշը։ Տեղեկացանք, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն  դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է։ Այս միջադեպի վերաբերյալ Factor.am-ը զրուցեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Նա  Factor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ դրոշը մի քանի ժամով  հեռացվել է։ -Պարոն Խումարյան, ճի՞շտ է, որ Փաշինյանի այցից առաջ Արցախի դրոշը հեռացվել է։ -Հիմա դրոշը տեղում է, կարող եք գալ տեսնել։ -Խնդրում եմ ասել՝ Փաշինյանի այցից առաջ հանվե՞լ է, թե՞՝ոչ։ -Ամսի 31-ին ժամը մեկի սահմաններում մեր աշխատակիցներից մեկը տեսել է, որ դրոշը հանված է և անմիջապես հետ ենք բերել, որտեղ որ պետք է լիներ։ -Իսկ Փաշինյանը ժամը քանիսի՞ն էր եկել։ -Առավոտյան։ -Ստացվում է՝ Փաշինյանի այցից առա՞ջ է հանվել։ -Ես արձանագրում եմ փաստը, որ ամիս 31-ին մի քանի ժամ Արցախի դրոշը, ցավոք սրտի, այդտեղ չի եղել։ Վստահեցնում եմ, որ դա որևէ կապ չունի Հանրային ռադիոյի որևէ աշխատակցի հետ։ -Իսկ տարածքում տեսախցիկներ կա՞ն։ Արձանագրվե՞լ է՝ ով է հանել։  -Այդ կողմի վրա չեն նայում, փորձել ենք, ցույց չի տվել։ -Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները հանած լինեն։ -Դժվարանում եմ ասել, հստակ տվյալներ չունեմ։ Եկեք փաստերով խոսենք, այո, ես հաստատում եմ, որ ձեր մատնանշած օրը դրոշը մի քանի ժամով այնտեղ չի եղել։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:01 - 05 փետրվարի, 2024
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների օրերը հայտնի են. ՀՌՀ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների օրերը հայտնի են. ՀՌՀ

Այսօր՝ հունվարի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանելու և Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության վերաբերյալ հարցերը: Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ անդամները առաջնորդվելով  «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր են սահմանել. 2021 հունվարի 14-ը՝ մարզային սփռման մրցույթների համար, իսկ հունվարի 15-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների  համար: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, փոփոխություն է կատարվել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթում սլոթերի քանակների հետ, քանի որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5, նախկին 6-ի, իսկ մայրաքաղաքային սփռման մրցույթում՝ 7, նախկինում հաստատված 9-ի փոխարեն:
21:18 - 08 հունվարի, 2021
Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին` բարձրաձայնելով դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19-ի տարածման հնարավոր վտանգի մասին

Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին` բարձրաձայնելով դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19-ի տարածման հնարավոր վտանգի մասին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որում բարձրաձայնել է հանրապետության դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19 համավարակի տարածման հնարավոր վտանգի մասին: Նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ և նախարար, Որպես Հանրային խորհրդի նախագահի՝ ինձ են դիմել մի քանի ծնողներ, ըստ որում՝ մասնագիտությամբ բժիշկներ, որոնք երեխաներ ունեն հանրակրթական դպրոցներում։ Նրանք հայտնել են, որ իրենց երեխաների դպրոցներից (կամ միգուցե բոլոր դպրոցներից) խնդրել են, որպեսզի վաղվանից ծնողները ներկայանան՝ աշակերտների դասագրքերի հանձնման նպատակով: Հաշվի առնելով COVID-19 համավարակը և նրա տարածման տեմպերը վերջին շրջանում՝ ծնողները, որոնցից ոմանք մասնագիտությամբ բժիշկներ են, խնդրում և հորդորում են ինձ օգտագործել իմ բոլոր կապերը և հնարավորությունները՝ տեղեկացնելու համար, որ դա կարող է լինել վարակը տարածելու ևս մեկ ճանապարհ։ Ծնողները կարծում են, որ դպրոցներում դասագրքերի հանձնման պրոցեսը կարող է կատարվել, օրինակ, մեկ ամսից կամ օգոստոսին, երբ իրավիճակը չի լինի մտահոգիչ կամ վերահսկելի կլինի: Գրությունս ավարտում եմ նամակներից մեկից մեջբերմամբ․ «Նորից խնդրում եմ՝ որպես բժիշկ, ով անմիջապես մասնակցում է COVID-19-ով հիվանդների բուժմանը. ջուրը մի գցեք մեր ջանքերը՝ թեկուզև մեկ վարակակիր ավելացնելով: Ենթադրում եմ՝ դա թյուրիմացություն է, որը միգուցե Ձեր մասնակցությամբ կանխվի, քանի դեռ ուշ չէ»: Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ճշգրտել, թե որքան համատարած է նման խնդիրը։ Իսկ ընդհանուր վերցրած՝ վերին աստիճանի ցանկալի կլինի, որպեսզի բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների համակարգման ոլորտում մարդկային շփումներ ենթադրող միջոցառման կամ միջոցառումների թույլատրումը լինի միջգերատեսչական մակարդակում ծայրահեղ համակարգվածության ներքո, որպեսզի կոնկրետ նախարարության կամ գերատեսչության իրավասության ներքո գտնվող բնագավառում տեղի չունենան միջոցառումներ, որոնք հակասում են ընդհանուր հակաճգնաժամային ռազմավարությանը և կարող են ռիսկեր ստեղծել։ Հարգանոք՝Ստյոպա ՍաֆարյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ»:
13:57 - 26 մայիսի, 2020