Կանանց աջակցման կենտրոն

Կանանց աջակցման կենտրոնը (ԿԱԿ) 15 հոգուց բաղկացած մասնագիտական թիմ է, որը աշխատում է կանխարգելել և արձագանքել ընտանեկան բռնությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց նկատմամբ տղամարդկանց բռնությանը։

Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Սովահարությունը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում։ Այս մասին ասվում է Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի համար հայտարարության մասին Հայաստանի քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների տարածած հայտարարությունում։ Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շարունակական շրջափակումն է, ԼՂ բնակչությանը սովի և թերսնման ենթարկելը՝ նրանց հարկադրաբար ենթարկեցնելու Բաքվի պահանջներին, կամ ավելի վատ՝ ֆիզիկապես դուրս մղելու տարածքից։ Ավելին, այն չի լուծում մարդու իրավունքների մյուս շարունակական խախտումները՝ ներառյալ ազատ տեղաշարժը, առողջապահական ծառայություններից օգտվելը, կրթության հասանելիությունը և այլն: Մենք մտավախություն ունենք, որ եթե այս առաջարկն առաջ մղվի, այն կվատթարացնի ներկայիս ծանր իրավիճակը՝ վտանգի ենթարկելով Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքը: Լաչինի միջանցքն այլընտրանք չունի։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի  փետրվարի որոշումը (վերահաստատված 2023թ․ հուլիսին) հաստատում է միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։ Սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսել է այս որոշումը, այլ էլ ավելի է խստացրել ամիսներ տևող շրջափակումը։ «Այլընտրանքային» ուղիների շուրջ քննարկումը, ինչպիսին է Աղդամը, հումանիտար ճգնաժամի բուն պատճառին անդրադառնալու փոխարեն, միջազգային հանրության ուշադրությունը շեղում է խնդրի սկզբնաղբյուրից՝ Ադրբեջանի կառավարության կողմից մարդասիրական միջանցքի անօրինական շրջափակումից և էթնիկ զտումների քաղաքականությունից: Աղդամի ճանապարհի շահագործումն ակամա կաջակցի այս քաղաքականությանը՝ Ադրբեջանին լրացուցիչ քաղաքական և տնտեսական ճնշման լծակներ տալով ԼՂ հայ բնակչության դեմ և էլ ավելի խարխլելով նրանց իրավունքները: Սովահարությունը, որպես բանակցային մարտավարություն օգտագործելը, չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում: Եթե միջազգային հանրությունը ենթարկվի Ադրբեջանի ապօրինի գործողություններին և էթնիկ զտումների հստակ մտադրություններին, ապա այն փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը և 2022 թվականի դեկտեմբերից ի վեր 120 հազար մարդկանց շրջափակումը: Ավելին, այն կլեգիտիմացնի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը և կվարկաբեկի բոլոր գործող և ապագա համաձայնագրերը կամ միջազգային իրավական որոշումները: Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է նաևանզգուշությամբ սահմանի հակառակ կողմն անցած զինծառայողների ազատ արձակման դյուրացմանը։ Թեև սա կարևոր է, սակայն առանցքային է, որ մոռացության չտրվի բոլոր կալանավորված անձանց և ռազմագերիների ճակատագիրը: Ադրբեջանում կա առնվազն 35 հաստատված ռազմագերի և կալանավորված քաղաքացիական անձ։ Եղել են հավաստի տեղեկություններ, որ նրանք ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի: Նրանցից երկուսն առևանգվել են այս տարվա սկզբին Հայաստանի տարածքից, և Ադրբեջանի դատարանը նրանց դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման՝ «դիվերսանտների» խմբին մատակարարման փորձի և «զինված ահաբեկչության դավադրության» համար «սահմանազանցության» համար: Նման կեղծ դատավարություններ տեղի են ունեցել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերի ընկած այլ կալանավորների մասով։ Ակնհայտ է, որ ներկա պայմաններում արդարադատության հասանելիությունն անհնար է։ Ավելին, Ադրբեջանը, կարծես թե, այս ձերբակալվածներին պահում է որպես սակարկության առարկա բանակցությունների ընթացքում։ Այսպիսով, մենք հորդորում ենք միջազգային հանրությանը. առաջնահերթություն տալ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ուղղված ջանքերին` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռին, միավորել ջանքերը՝ նպաստելու բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը»: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրազեկ քաղաքացիների միավորում Իրական Աշխարհ, Իրական ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Կանանց աջակցման կենտրոն ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն   Հիշեցնենք, որ Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին առաջին անգամ հուլիսի 14-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Ավելի ուշ՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Այսօր արդեն ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։ Հայկական կողմից այս հայտարարությանը արձագանքել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է Արցախի համար, որը կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով։ Արցախցիները հուլիսի 18-ին բետոնե արգելապատնեշներով փակեցին Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։
16:41 - 19 հուլիսի, 2023
Կանանց աջակցման կենտրոնը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Կանանց աջակցման կենտրոնը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Կանանց աջակցման կենտրոնը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին և մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Բովանդակությունը ներկայացնում ենք ստորև․ «Բաց նամակ ՀՀ Վարչապետ՝ պարոն Նիկոլ Փաշինյանին,Կանանց Խորհրդի նախագահ՝ պարոն Տիգրան Ավինյանին, ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ տիկին Նաիրա Զոհրաբյանին, ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան՝ պարոն Արման Թաթոյանին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ տիկին Զարուհի Բաթոյանին: Ա. Մ.-ն հանդիսանում է «Կանանց Աջակցման Կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կենտրոն) շահառուն, ով ընտանիքի անդամի՝ ամուսնու կողմից մշտապես ենթարկվել է դաժան ֆիզիկական և հոգեբանական բռնությունների: Կենտրոնի կողմից Ա.Մ.-ին տրամադրվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ ժամանակավոր կացարան՝ ապաստարան: 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի մարզային բաժնի քննիչի կողմից Ա. Մ.-ն որպես տուժող քրեական գործի շրջանակում հրավիրվել է քննչական բաժին՝ հարցաքննություն կատարելու նպատակով:Արդեն քննչական բաժնում պարզվել է, որ քննիչը կանչել է Ա. Մ.-ին բռնարար ամուսնու հետ առերես հարցաքննելու համար: Առերես հարցաքննությունից հետո, երբ շահառուն ցանկացել է Կենտրոնի փաստաբանի և սոցիալական աշխատողի ուղեկցությամբ հեռանալ քննչական բաժնից, նրա ամուսինը և որդին քննիչների ներկայությամբ կիրառել են բռնություն և ֆիզիկական ուժ Կենտրոնի աշխատողների և Ա. Մ.-ի նկատմամբ, վերջինիս քաշքշել են և հարկադրաբար, կամքին հակառակ տարել իրենց հետ: Քննիչները դրսևորել են անգործություն և որևէ միջոց չեն ձեռնարկել: Նշվածի կապակցությամբ անմիջապես հաղորդում է ներկայացվել ոստիկանության տարածքային բաժին, որի կողմից Ա.Մ-ն հայտնաբերվել է և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասվածքներ պատճառված լինելը պարզելու համար: Դեպքի առնչությամբ՝ առանց տիրապետելու գործի փաստերին, կեղծ տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ պաշտոնապես հայտարարելով, որ կինն ինքնակամ է նստել ամուսնու մեքենան և մեկնել, առևանգման, բռնության կամ կնոջ կամքին հակառակ որևէ գործողության մասին ահազանգ չի եղել: Ստացվում է, որ իրավապահ համակարգը ներկայացնող պետական կառույցը՝ ՀՀ քննչական կոմիտեն, իր գործողություններով, այդ թվում՝ հրապարակային արտահայտած դիրքորոշմամբ ոչ միայն պարտակում է կատարված հանցավոր արարքը՝ խրախուսելով այն կատարած անձի անօրինական վարքագիծը և կեղծում է իրական փաստերը, այլև քննիչի դրսևորած ոչ պրոֆեսիոնալ վարքագծի և կողմնակալ մոտեցման արդյունքում կինը հերթական անգամ ենթարկվում է բռնության ընտանիքի անդամների կողմից: Նման պարագայում, ակնհայտ է, որ կատարված դեպքի մասով ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով (օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդուն առևանգելը) հետագայում քննիչը պատշաճ և օբյեկտիվ քննություն չի իրականացնի, քանի որ կաշկանդված կլինի քննչական կոմիտեի արտահայտած դիրքորոշմամբ: Բացի այդ, նախաքննական մարմինը ճիշտ տեղեկություն չի տրամադրել Կենտրոնին կատարվելիք քննչական գործողության վերաբերյալ: Քննիչը ծանուցել է բռնության ենթարկված անձին հարցաքննելու մասին, մինչդեռ, իրականում, կատարել է առերես հարցաքննություն բռնություն գործադրած անձի հետ՝ անտեսելով կրկնակի զոհականացման արգելքի պահպանման, նոր բռնության կիրառման վտանգի կամ իրական սպառնալիքի բացառման պահանջները: Վերոգրյալի համատեքստում՝ արձանագրում ենք, որ խնդրահարույց և խտրական է ոչ միայն ընտանիքում բռնության դեպքերով քրեական հետապնդման իրականացման և գործի քննության հատուկ ընթացակարգերի բացակայությունը (օրինակ, դատավարական գործողությունները քրեական հետապնդման մարմնի գտնվելու վայրում կատարելը, ընտանիքում բռնության ենթարկված անձին և բռնություն գործադրած անձին առերես հարցաքննելը և այլն), այլև ի դեմս պետական մարմնի կամ պաշտոնյաների՝ ընտանիքում բռնության դեպքերը հովանավորելու և կոծկելու քաղաքականություն վարելը: Նշվածի հիման վրա՝ խնդրում ենք հանձնարարել ուսումնասիրել սույն գործի փաստերը, միջոցներ ձեռնարկել Կենտրոնի շահառու Ա.Մ-ի՝ օրենքով ամրագրված իրավունքների խախտումներն արձանագրելու համար և պատասխանատու անձանց նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ»։
13:55 - 16 դեկտեմբերի, 2019