ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար։ Ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Անկուսակցական է։
Ծնվել է 1952 թ․ հունվարի 27-ին ՀԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում։ 1969-1974 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Սովորել է ՊԱԿ-ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել ՊԱԿ-ի Տաշքենդի հատուկ դասընթացներում։ 1974-1976 թթ. աշխատել է Արարատ քաղաքի Ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում` որպես ուսուցիչ։
1976-1980 թթ. ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա` 2-րդ քարտուղար։ 1980-1985 թթ. տեղափոխվել է պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) Գորիսի բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր, ապա 1985-1991 թթ. զբաղեցրել է Եղեգնաձորի ՊԱԿ բաժանմունքի պետի պաշտոնը։ 1993-1996 թթ. նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության վարչության Մասիսի բաժանմունքի պետ,1996 թ. նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999 թթ. նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Երեւանի քաղաքային վարչության պետ։ 1999-2003 թթ. ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, 2003-2007 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը։
2007 թ․ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 2013 թվականի մարտի 7-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։ 2016-2017 թթ. կրկին զբաղեցրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2017 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով։ 2018թ․ մայիսի 1-ին Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից եղավ միակը, ով կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ ասելով, որ քվեարկել է «իր խղճի թելադրանքով»։ 2018թ․ հունիսին Ցոլակյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից։
ՀՀ Նախագահի հրամանագրով 2020 թվականի նոյեմբերի 20-ին ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնից։