Նախնական տեղեկություններով փլատակների տակ այլևս մարդ չկա․ ԱԻ նախարար |armenpress.am|
14:17 - 26 օգոստոսի, 2020

Նախնական տեղեկություններով փլատակների տակ այլևս մարդ չկա․ ԱԻ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախնական տվյալներով Երևանի Ռայնիսի, 3 հասցեում փլուզված շենքի փլատակների տակ այլ մարդու գտնվելու մասին տեղեկություններ չունեն։

Այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացած էր։ Նա 56-ամյա Ղազարյան Արթուրն էր, ցավակցում եմ նրա հարազատներին։ Փլատակների տակից դուրս բերելուց հետո փրկարարները նրա դին տեղափոխեցին շտապօգնության մեքենա։ Մենք ունեինք այդ քաղաքացու հեռախոսահամարը, և փրկարարները զանգում էին նրան, հեռախոսի ձայնը լսեցինք, սակայն տղամարդը գտնվում էր հեռախոսից բավական հեռու»,- նշեց Ցոլակյանը։

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով փլատակների տակ այլևս մարդ չկա։

Դեպքի պատճառների վերաբերյալ ԱԻ նախարարը հայտնեց, որ դեռևս ոչինչ չեն կարող ասել, նա ընդգծեց, որ շենքի 5-րդ մուտքում կա 12 բնակարան, որոնք վնասվել են։

«Մի քանի ժամում որոշում կկայացվի, թե ովքեր կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ: Իսկ ովքեր էլ չեն կարողանա, նրանց կացության հարցն անմիջապես կլուծվի։ Նախնական տվյալներով պայթյունը եղել է 2-րդ հարկի բնակարաններից մեկում»,- ասաց Ցոլակյանը և հավելեց, որ քննություն է տարվում դեպքի պատճառները պարզելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել