Աշտարակ

Աշտարակ, Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերեւույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի եւ Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երեւանից 13 կմ հյուսիս-արեւմուտք։

Քաղաքը 2015 թ. դրությամբ ունեցել է 18 300 բնակիչ, բացառապես հայեր։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի եւ Վանաձոր տանող մայրուղիները։ Աշտարակը ՀՀ օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։ Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակ, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի եւ Վանաձոր տանող մայրուղիները։

Ներկայումս քաղաքապետը՝ Թովմաս Շահվերդյանն է։

Աշտարակ համայնքը վերջին 3 տարում շուրջ 735 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ընկերությունից

Աշտարակ համայնքը վերջին 3 տարում շուրջ 735 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ընկերությունից

Աշտարակի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 735 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի կնոջը և հորեղբոր տղային պատկանող ընկերության հետ, որի տնօրենը ավագանու նույն անդամն է։ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արա Բաղդասարյանի կինը՝ Մերի Խաչատրյանը, և հորեղբոր որդին՝ Կարո Բաղդասարյանը, 2022 թվականի հունիսին դարձել են «Վոլֆ» ՍՊԸ-ի սեփականատերերը և անվանափոխել այն «Ավանգարդ Շին» ՍՊԸ։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ ընկերությունը զբաղվում է շենքերի ապախոնավեցմամբ և տանիքածածկերի անջրանցիկության ապահովմամբ։  Արա Բաղդասարյանը Աշտարակ համայնքի ավագանու անդամ է 2021 թվականի դեկտեմբերից։ Նա 2022 թվականի հունիսից ստանձնել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։  «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն Աշտարակ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել  2022 թվականի սեպտեմբերից։ 2022-2024 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 4 գնման ընթացակարգերում, որոնցից 3-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 735 մլն դրամի պայմանագիր։ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն 2022 թվականի սեպտեմբերին կնքված առաջին պայմանագրով պարտավորվում էր հիմնանորոգել Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզը, ինչպես նաև բարեկարգել մանկապարտեզի բակային տարածքը։ Ընկերությունը հայտ ներկայացրած միակ մասնակիցն է եղել։ Ըստ պայմանագրի՝ «Ավանգարդ Շինն» այս աշխատանքները պետք է կատարեր 12 ամսվա ընթացքում։ Պայմանագրի գինը կազմել է 186․6 մլն դրամ։  Սակայն 2023 թվականի սեպտեմբերին կնքված համաձայնագրով 10 տոկոսի չափով ավելացվել են աշխատանքների ծավալները, ինչի արդյունքում ընկերությանը վճարվել է հավելյալ 18․6 մլն դրամ։  Երկրորդ պայմանագիրը ընկերությունը կնքել է 2023 թվականի հունիսին։ Ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում ևս «Ավանգարդ Շինը» եղել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է 180-օրյա ժամկետում հիմնանորոգեր Աշտարակ քաղաքի և Բազմաղբյուր բնակավայրի մարզադաշտերը։ Այս պայմանագրի արժեքը 263․3 մլն դրամ է, սակայն այս դեպքում ևս համայնքը ընկերությանը վճարել է հավելյալ 26․3 մլն դրամ՝ աշխատանքների ծավալների ավելացման պատճառով։  Իսկ երրորդ պայմանագիրը համայնքը ընկերության հետ կնքել է 2024 թվականի սեպտեմբերին։ Գնման ընթացակարգին հայտ էր ներկայացրել 5 մասնակից, որոնցից հաղթող է ճանաչվել «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն։ Պայմանագիրը կնքվել է 2 չափաբաժնով, որից առաջինի դեպքում ընկերությունը պետք է Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում կառուցեր ֆուտբոլի խաղադաշտեր, իսկ 2-րդի դեպքում՝ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բակում և Արուճ, Կոշ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում կառուցեր խաղահրապարակներ։ Պայմանագրի գինը կազմել է 218 մլն դրամ: Այս դեպքում ևս համայնքը ընկերությանը հավելյալ վճարել է 11․8 մլն՝ առաջին չափաբաժնի, և 9․8 մլն՝ երկրորդ չափաբաժնի համար՝ աշխատանքների ծավալների ավելացման պատճառով։  Այս առնչությամբ Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին խնդրել էինք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Ըստ համայնքապետի՝ «Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում համարվում է վարձու աշխատող, եւ օրենսդրության պահանջների խախտման մասին [շահերի բախման վերաբերյալ] որեւէ խոսք լինել չի կարող»։ Նշենք, որ մեր հարցը վերաբերում էր այն իրավիճակին, որ համայնքապետը, որպես պատվիրատուի ղեկավար, պետք է մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը շահերի բախմանը վերաբերող հանգամանքների, տվյալ դեպքում՝ նույն խմբակցության ավագանու անդամի կնոջ և հորեղբոր որդուն պատկանող ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացներ գրավոր հայտարարություն։    Տեխհսկողություն իրականացրած ԱՁ-ի կասկածելի գնառաջարկը   2022 թվականին «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի` Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների (ընդհանուր արժեքը` 205 մլն դրամ) իրականացման տեխնիկական վերահսկողությունը իրականացրել է անհատ ձեռներեց Արտակ Մարտիրոսյանը՝ համայնքի հետ կնքելով ընդամենը 950 դրամ արժողությամբ պայմանագիր։ Տեխնիկական վերահսկողություն իրականացնելու համար համայնքի հայտարարած մրցույթին հայտ է ներկայացրել 6 մասնակից։ Նշենք, որ այս գնման գործընթացը կազմակերպվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, և պայմանագրի արժեքի 70%-ը՝ այս դեպքում 665 դրամը, վճարել է պետությունը։    Տեխհսկողության աշխատանքների նախահաշվային գինը համայնքապետարանը սահմանել էր 3․2 մլն դրամ: Մրցույթին հայտ է ներկայացրել 6 ընկերություն։ Գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրություններից պարզ է դառնում, որ սկզբում բոլոր 6 մասնակիցները ներկայացրել են իրենց գնառաջարկները, որտեղ ամենացածր գնով հայտ է ներկայացրել 2 մասնակից։ Իսկ  Արտակ Մարտիրոսյան Ա/Ձ-ն 6 մասնակիցներից ամենաբարձր գինն է առաջարկել։ Հանձնաժողովի հաջորդ նիստերում առաջարկվել է նվազեցնել գնառաջարկները, ինչն արել են միայն 2 մասնակից՝ «Լիլ-Ռուզ» ՍՊԸ-ն և Արտակ Մարտիրոսյան Ա/Ձ-ն՝ առաջարկելով համապատասխանաբար 1000 և 950 դրամ։     Այս առաջարկը ոչ միայն ցածր է նախահաշվային գնի համեմատ, այլ նաև հարցեր է առաջացնում աշխատանքի իրականացման որակի վերաբերյալ․ ըստ տեխառաջադրանքի՝ ընկերությունը պետք է իրականացներ տեխնիկական հսկողությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և ապահովեր վերանորոգման աշխատանքների  իրականացումը անհրաժեշտ որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան, ապահովել կատարվող աշխատանքների անհամապատասխանությունը վերանորոգման նորմերին և կանոններին, ստուգել, վերահսկել նյութերի որակը, արգելել կամ փոփոխել այն նյութերը որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ պայմաններին, վերահսկել և գնահատել շինաշխատանքների գործընթացը, կատարել որակի և քանակի հսկում, կատարել անհրաժեշտ գրառումներ, որոնք անհրաժեշտ են պայմանագրի ընթացքի վերահսկման համար և այլն։  Համայնքապետարանից հետաքրքրվեցինք, թե այդ ինչպես է ԱՁ-ի հետ կնքվում ընդհանուր 950-դրամանոց պայմանագիր, երբ կատարված աշխատանքների նախահաշվային գինը հազարապատիկ ավելի է եղել։ Համայնքապետն այս գլխավոր հարցն անպատասխան է թողել՝ նշելով միայն, որ ընթացակարգի գների նվազեցման շուրջ կատարվել են միաժամանակյա բանակցություններ, որոնց արդյունքում հաղթող ընտրված մասնակից է ճանաչվել Ա/Ձ Արտակ Մարտիրոսյանը՝ որպես բավարար գնահատված նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից:    Ավագանու անդամը չի հայտարարագրել իր և իր կնոջ ներկայացվածությունն ու մասնակցությունը ընկերությունում՝ չնայած օրենքի պահանջին Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ նրա կինը՝ ընկերության 40 տոկոսի բաժնետերը։ Օրենքը սահմանում է, որ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Սակայն, Արա Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրերում (2022 և 2023) առկա չեն նշումներ ոչ իր՝ ընկերությունում տնօրեն լինելու մասին, ոչ էլ իր կնոջ՝ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում մասնակցության մասին տվյալները։ Մեր հարցին, թե ինչու նա չի հայտարարագրել այս փաստը, Արա Բաղդասարյանը պատասխանեց, որ գիտի՝ իր հայտարարագրերում կան թերի լրացված տվյալներ, որոնք ուղղելու համար կդիմի Հանձնաժողովին։    Մեր զրույցից հետո ներկայացված՝ 2024 թվականի տարեկան հայտարարագրում արդեն Արա Բաղդասարյանը լրացրել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում իր ներկայացվածության և կնոջ մասնակցության փաստը։  Բացի մասնակցության հայտարարագրումից, պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել իրենց և իրենց ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ՀՀ կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է հինգ միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Նշենք, որ Արա Բաղդասարյանը 2022, 2023 թվականներին չի հայտարարագրել «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի՝ Աշտարակ համայնքի հետ կնքած 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող 2 պայմանագրերը։ Նշենք նաև, որ Արա Բաղդասարյանի կինը՝ Մերի Խաչատրյանը, չի ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի գույքի և եկամուտների հայտարարագրեր։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3,) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Ավագանու անդամ Արա Բաղդասարյանը և համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը ավագանու ՔՊ խմբակցության անդամ են։ Համայնքային գնումներում ի պաշտոնե լինելով պատվիրատուի ղեկավար՝ Թովմաս Շահվերդյանը ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի և նրա կնոջ ընկերության մասնակցության վերաբերյալ պետք է գրավոր հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ «Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի կողմից 2022-2024 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ Հանձնաժողով չեն ներկայացվել»:  Նշենք, որ ավագանու անդամ Արա Բաղդասարյանը շահերի բախում չի տեսնում  իր կնոջ և հորեղբոր որդու ընկերության՝ համայնքային գնումներին մասնակցության մեջ։  «Աշխատանքային փուլի ամբողջ ընթացքում համայնքը ունի տեխնիկական հսկողության ծառայություն, հեղինակային հսկողության ծառայություն, որոնք շինարարությանը զուգահեռ արվում են։ Եթե դու ինչ-որ բան արած չլինես, նախ չես կարող հանձնես։ Իրենք քո ավարտականը պետք է ստորագրեն, հետո համայնքի պատասխանատու ստորաբաժանումը ստորագրի, այսինքն՝ համայնքի ղեկավարին այլ բան չի մնում անել կամ չանել, ես չլինեմ, Պողոսը լինի, Պետրոս լինի, թե ով կլինի, թեկուզ օտարերկրյա կազմակերպություն, եթե ամեն ինչ արված է, բոլորը հաստատել են, պետք է հաստատի համայնքի ղեկավարը»,- նշեց նա։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։  Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանք։ Այսպիսով՝ չնայած Աշտարակ համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց,  ավագանու անդամին փոխկապակցված ընկերության հետ վերջին երեք տարվա ընթացքում կնքել է շուրջ 735 մլն դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։ Իսկ ավագանու անդամն էլ չի հայտարարագրել իր և իր ընտանիքի անդամի մասնակցությունը համայնքային գնումներում հաղթած առևտրային կազմակերպությունում։ Սուսինա Խաչատրյան
16:39 - 13 հունիսի, 2025
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Արտաշատի համայնքապետարանում ստուգումներից հետո 9 անձ մեղադրվում է կաշառք ստանալու, տալու, խարդախություն կատարելու մեջ

Արտաշատի համայնքապետարանում ստուգումներից հետո 9 անձ մեղադրվում է կաշառք ստանալու, տալու, խարդախություն կատարելու մեջ

Արտաշատի համայնքապետարանում քննչական գործողություններն իրականացվում էին համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Ըստ նրա վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։
17:36 - 01 օգոստոսի, 2024
Կառավարությունում կստեղծվի ակադեմիական քաղաքի նախագծի մշակման աշխատանքային խումբ

Կառավարությունում կստեղծվի ակադեմիական քաղաքի նախագծի մշակման աշխատանքային խումբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը մինչև նոյեմբերի 30-ը պետք է մշակի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք։ Աշխատանքային խումբը ներկայացնելու է նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություններ։ Տեղեկանքում ներառվելու է նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։ «Ներառվելու են ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման, համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություններ, ինչպես նաև բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների մասին առաջարկություն»,- ասված է որոշման մեջ։ Նախատեսվում է նաև «սպայական ակադեմիայի» ստեղծման նպատակով մշակել սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ։ Աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Խմբի կազմում ընդգրկվելու են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու տեղակալը, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, Գիտության կոմիտեի նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։
12:15 - 08 նոյեմբերի, 2022
Հայտնի է «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Հայտնի է «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:32 - 06 հուլիսի, 2022
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացածն ու տուժածները բանկի աշխատակիցներ են. հայտարարություն

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացածն ու տուժածները բանկի աշխատակիցներ են. հայտարարություն

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները: «Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,-ասված է բանկի տարածած գաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ-ի հրապարակած նախնական տվյալների՝ բանկում պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
11:28 - 06 հուլիսի, 2022
«Հետքին» արգելել են նկարահանում իրականացնել Աշտարակի բժշկական կենտրոնում |hetq.am|

«Հետքին» արգելել են նկարահանում իրականացնել Աշտարակի բժշկական կենտրոնում |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը մի քանի հոդված է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսին է առկա վիճակը մարզերի հիվանդանոցներում, ինչքանով են դրանք պատրաստ կորոնավիրուսով վարակված հիվանդներ ընդունելու: Հրապարակված նյութերից մեկի ֆեյսբուքյան մեկնաբանություններում մի քաղաքացի խնդրում էր անդրադառնալ նաև Աշտարակի հիվանդանոցին:     «Մի հատ եկեք Աշտարակինը պալատներով, բանով նկարեք, խնդրում եմ։ Տոտալ խայտառակություն ա...»,-գրել էր քաղաքացին: Այցելեցինք Աշտարակի հիվանդանոց՝ տեղում պարզելու իրավիճակը։ Հիվանդանոցի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կոպիտ տոնով ասաց, որ չի կարող մեզ ընդունել, քանի որ զբաղված է ավելի կարևոր գործերով: «Ես ձեզ չեմ ընդունելու, չեմ խոսելու»,-ասաց Ա. Հովհաննիսյանը և փակեց ընդունարանի դուռը: Հետո աշխատակցի միջոցով փոխանցեց, որ գնանք իր մոտ: Դարձյալ ընդունարանի մուտքի մոտ կանգնելով՝ ասաց, որ ընդամենը մեկ նախադասություն է ասելու՝ «Ամեն ինչ նորմալ է, բնականոն աշխատում ենք»: Քանի որ Աշտարակի բժշկական կենտրոնը մարզային ենթակայության բժշկական հաստատություն է, զանգահարեցինք Արագածոտնի մարզպետի ընդունարան, որպեսզի մարզպետին ներկայացնենք իրավիճակը: Գործավարուհին ասաց, որ մարզպետը տեղում չէ, և խորհուրդ տվեց դիմել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն: Վերջինիս աշխատակցուհին նախ հետաքրքրվեց, թե ինչու ենք այցելել հիվանդանոց, ապա, լսելով պատասխանը, նշեց. «Նորմալ է ամեն ինչ»: Մենք պնդեցինք, որ ցանկանում ենք տեղում պարզաբանումներ ստանալ հիվանդանոցի տնօրենից։ Մարզպետարանի աշխատակցուհին ասաց, որ կզանգահարի քիչ ուշ: Հիվանդանոցի բակում 40 րոպե սպասելուց և մարզպետարանից զանգ չստանալուց հետո որոշեցինք գնալ մարզպետարան և տեղում ստանալ պատասխանը: Մինչ մարզպետարան գնալը զանգահարեցինք նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ ներկայացնելու իրավիճակը: Պարզաբանեցինք, որ քաղաքացիներից բողոք ենք ստացել, նյութը գրելու ենք, պարզապես ցանկանում ենք տեղում պարզաբանում ստանալ: Ասաց, որ չի կարող ստիպել հիվանդանոցի տնօրենին, որպեսզի նա պարզաբանում տա, սակայն հիշեցնելով նախկինում հրապարակած մեր հոդվածները՝ ակնարկեց, թե նպատակահարմար չեն նմանատիպ հրապարակումները: Մարզպետարանի մուտքի մոտ մեզ դիմավորեց պաշտպանիչ միջոցներ չկրող մի տղամարդ: Մարզպետարանից փոխանցեցին, թե նա պահակն է: Տղամարդը ոչ ձեռնոց ուներ, ոչ էլ՝ պաշտպանիչ դիմակ: Ասաց, որ չենք կարող առաջ գնալ և որ ինքը առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից կճշտի պատասխանը և կփոխանցի: «Ապեր, դու դրսում սպասի»,-ասաց պահակը: Որոշ ժամանակ անց ենթադրյալ պահակը մոտեցավ և ներկայացրեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանը. «Ասում են՝ պարետն արգելել է հիվանդանոցը նկարել, չեք կարող գնալ ու նկարել»: Թյուրիմացությունից խուսափելու նպատակով խնդրեցինք, որ այդ ամենը մեզ փոխանցեն հենց վարչության աշխատակիցները: Պահակը նշեց, թե հիմա կզանգեն ու կասեն: Մարզպետարանի բակում 30 րոպե սպասելուց հետո որևէ մեկն այդպես էլ չզանգեց: Դարձյալ զանգահարեցինք նշված վարչություն: Աշխատակիցը, ով չներկայացավ, նշեց, թե մեզ պետք է զանգահարեր բաժնի պետը: «Հիմա կասեմ կզանգի, եթե ազատ լինի»,-ասաց աշխատակցուհին դեռևս ժամը 15:00-ին: Մինչ այս պահը Արագածոտնի մարզպետարանից որևէ զանգ չենք ստացել: Ավելին՝ կարդացեք Հետք-ում։
22:23 - 31 մարտի, 2020