Սև ծով

Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Եգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը՝ 422 հազար կմ²։ Առավելագույն խորությունը՝ 2210 մետր, ջրի ծավալը ծովում՝ 555 000 մ³։ 

 

Եթե այս պատերազմը երկարաձգվի, Սև ծովի էկոհամակարգը կարող է լրջորեն տուժել, և դա կազդի բոլոր երկրների վրա. Ելենա Մարուշևսկայա

Եթե այս պատերազմը երկարաձգվի, Սև ծովի էկոհամակարգը կարող է լրջորեն տուժել, և դա կազդի բոլոր երկրների վրա. Ելենա Մարուշևսկայա

Ուկրաինայի ազգային «Black Sea Assistance Mechanism» կենտրոնի ներկայացուցիչ Ելենա Մարուշևսկայայի հետ զրուցել ենք Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից առաջ և հետո Սև ծովում առկա խնդիրներից։ - Պարզ է, որ Սև ծովը՝ որպես ջրային ռեսուրս, մեծ կարևորություն ունի․ որքա՞ն լայն շերտ է ընդգրկում նրա նշանակությունը և ի՞նչ ոլորտների վրա ազդեցություն ունի, օրինակ՝ տնտեսություն, էներգետիկա, զբոսաշրջություն, կենսաբազմազանություն և այլն։ - Սև ծովը մեծապես ներգրավված է տնտեսության, մասնավորապես՝ նավագնացության մեջ, քանի որ այնտեղով հսկայական բեռներ են տեղափոխվում, ինչպես նաև ուղևորափոխադրումներ են իրականացվում։ Հավանաբար լսել եք հացահատիկային միջանցքի մասին, և որ այժմ Ուկրաինայից հնարավոր չէ հացահատիկ արտահանել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը գնդակոծում է նավահանգիստները։ Դա իսկապես վնասում է ոչ միայն մեզ, այլ նաև Աֆրիկայի և մեր հացահատիկի կարիքն ունեցող մյուս երկրներին։ Այդ ուղին հացահատիկի փոխադրման և վաճառքի նմանատիպ միակ լավ ուղին էր։ Ցավոք, հիմա այդ ճանապարհը բարդացել է, ես կասեի՝ նույնիսկ գոյություն չունի, քանի որ հացահատիկի միջանցքը ներկայումս փակ է։ Օրերս նավահանգիստները նորից գնդակոծել են, այսինքն՝ այնպես են անում, որ ենթակառուցվածքը ոչնչացնեն, և մենք չկարողանանք որևէ բեռ տեղափոխել Սև ծովով։ Դրանից բացի՝ Սև ծովը շատ կարևոր է ձկնորսության համար։ Հիմա Ուկրաինան ձկնորսություն չի անում, մուտքը դեպի Սև ծով սահմանափակ է, քանի որ շատ վտանգավոր է ականների պատճառով։ Բայց, ընդհանուր առմամբ, ձկնարդյունաբերությունը Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի համար տնտեսության առանցքային ճյուղերից է, որը կերակրում է և ապահովում։ Սև ծովը նաև հիանալի ռեկրեացիոն ռեսուրս է, քանի որ շատերն են այստեղ հանգստանում, լողում, ծովի ափին բազմաթիվ առողջարաններ և հյուրանոցներ կան։ Այժմ զբոսաշրջությունը ավելի սակավ է, քան պատերազմից առաջ, երբ Սև ծովը լայնորեն օգտագործվում էր այդ նպատակով։ Կենսաբազմազանության համար, իհարկե, նույնպես շատ կարևոր է, քանի որ Սև ծովում կան այնպիսի էնդեմիկ ձկներ, որոնք ապրում են միայն այնտեղ։ Ենթադրենք, եթե ծովի հետ ինչ-որ բան պատահի, ապա որոշ տեսակներ ուղղակի կմահանան․ նրանք ապրելու այլ տեղ չեն ունենա։ էներգիայի համար՝ ոչ: Ալիքային էներգետիկան, քամու էներգետիկան դեռ զարգացած չեն Սև ծովում։ Զարգանալու մեծ ծրագրեր կային, բայց, ցավոք, այդ ծրագրերը դեռ չեն իրականացվում։ - Բնապահպանական ի՞նչ վտանգներ կային Սև ծովում Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից առաջ։ - Սև ծովի հիմնական խնդիրը, որ նկատել էինք, օրգանական նյութերով աղտոտվածությունն էր։ Ջրուղիների վատ աշխատանքի պատճառով Սև ծով են թափվում հատկապես խոշոր քաղաքների չմաքրված կեղտաջրերը, և այս ամենը հանգեցնում է ծաղկման: Հավանաբար տեսած կլինեք, երբ ծովի մակերևույթին ջրիմուռների մեծ կանաչ շիլա է լողում: Հետո այդ շիլան իջնում ​​է հատակ և սկսում է նեխել։ Այս երևույթը հանգեցնում է ձկների անկմանը: Ահա այսպիսի երևույթ նկատում էինք դեռ պատերազմից առաջ՝ մաքրման կայանների բավականաչափ արդյունավետ չաշխատելու հետևանքով։ Ջրի ծաղկում Սև ծովում (Օդեսա), 22.06.2023, հեղինակ՝ Օլգա Զոտովա Կար նաև քիմիական աղտոտվածություն։ Երբ դիտարկում էինք, թե ինչ նյութեր են աղտոտում Սև ծովը, տեսանք, որ առաջին հերթին դա դեղագործական արտադրանքն էր՝ որոշակի դեղամիջոցներ, որոնք ծով են լցվում կեղտաջրերի միջոցով։ Դրանք նաև միջատասպաններն էին, թունաքիմիկատները՝ այն ամենը, ինչն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և լվացվում անձրևով։ Նաև մետաղներ էինք նկատել, օրինակ՝ սնդիկի բարձր կոնցենտրացիա։ Ինչո՞ւ սնդիկ, որովհետև ջեռուցման կայաններում ածուխ կամ տորֆ այրելիս մեծ քանակությամբ սնդիկ է դուրս գալիս օդ, օդային զանգվածը տեղափոխվում է և անձրևի հետ նորից վերադառնում ջրային զանգված՝ արդեն նաև ծով։ Նախքան պատերազմը ԵՄ-ի՝ «Սև ծովի էկոլոգիական մոնիթորինգ» նախագծի շրջանակում, մենք ստեղծել էինք առաջնահերթ աղտոտիչների ցանկ, որտեղ կային շուրջ 124 վնասակար և թունավոր նյութեր, որոնք հայտնաբերվել էին Սև ծովում: Մի խոսքով, մենք պատկերացում ունենք, թե ուկրաինական մասում ինչպիսին էր ծովը մինչ պատերազմը։ Եվ սա լավ է, քանի որ հիմա, երբ պատերազմից հետո կարողանանք կրկնել այս հետազոտությունը, կտեսնենք, թե ինչ նոր նյութեր են հայտնվել․ իսկ նորերը, իհարկե, հայտնվել են։ Եվ կտեսնենք, թե ինչպես է փոխվել այս ցանկը։ Այն ամենը, ինչը փոխված կլինի այս ցուցակում, կարծում եմ՝ կարելի է հանգիստ ասել, որ կապված է պատերազմի հետ, քանի որ այլ ազդեցություններ չեն եղել։ - Ի՞նչ խնդիրներ են առաջացել պատերազմից հետո և դրա հետևանքով, օրինակ՝ ականների հայտնվելը ծովում, Կախովկայի հիդրոէլեկտրակայանի կործանումը և այլն։ - Դե, նախ՝ պատերազմի հենց առաջին օրերին ականապատվեցին բոլոր լողափերը՝ հատուկ, որ ռուսական դեսանտը չիջնի։ Նաև ռուսները ականապատեցին Սև ծովի մեծ մասը։ Բայց փաստն այն է, որ մենք գոնե լողափերի ականների քարտեզը գիտենք և կարող ենք դրանք հեռացնել։ Սովորաբար վաղ գարնանը և վաղ աշնանը Սև ծովում մեծ փոթորիկներ են լինում։ Այդ փոթորիկները պոկել են ստորջրյա ականները, և այժմ ականներն անտեր շրջում են Սև ծովով․ ոչ ոք հստակ չգիտի, թե որտեղ են դրանք։ Կախովկայի հէկ-ում տեղի ունեցած պայթյունով ամենն ավելի վատթարացավ, քանի որ ռուսներն այնտեղ ձախ ափը ականապատել էին հակատանկային ականներով։ Սա ականի մեկ այլ, փոքր տեսակ է՝ «Լեպեստոկ»  հակահետևակային ականը, և այս փոքր ականները նույնպես մեծ քանակությամբ թափվել են Սև ծով։ Դրանք այժմ և՛ լողափերում են, և՛ ծովի հատակում, ուստի հիմա, նախքան Սև ծովի ցանկացած վայր գնալը, պետք է համոզվել, որ դրանից առաջ այնտեղ եղել է Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը, որը ստուգում է՝ այդ վայրերը ականապատված են, թե ոչ: Քանի որ ոչ բոլոր ականներն են տեսանելի՝ կարող են ծածկված լինել ավազով, կարող են գերաճած լինել խեցեմորթներում, ուստի դա իսկապես շատ վտանգավոր է: Կախովկայի հէկ-ի ամբարտակը՝ պայթյունից առաջ և հետո Սա երևի առաջին և ամենակարևոր ազդեցությունն էր։ Հետո սկսեցինք նավթով աղտոտվածություն նկատել, որովհետև վառելանյութով հրթիռներ էին ծովն ընկնում, նավեր էին խորտակվում և այլն։ Այն ամենը, ինչն այժմ Սև ծով է ընկնում, վառելանյութի որոշ տարրեր է պարունակում: Եվ հատկապես խոշոր նավերի խորտակման հետ մենք նավթամթերքի հսկայական շերտ նկատեցինք: Այն դիտարկել ենք արբանյակից և արդեն արբանյակային տվյալների միջոցով վերլուծել, թե որքան մեծ է այդ շերտը, քանի որ, դարձյալ, մենք ելք չունենք դեպի Սև ծով՝ այնտեղ լողալու կամ նավարկելու և այն չափելու համար: Նաև քիմիական աղտոտվածություն կա։ Այն, ինչպես արդեն ասացի, պայմանավորված էր ռազմական գործողություններով, բայց ամենն ավելի վատթարացավ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթյունով, քանի որ ջրհեղեղի մեծ ալիք անցավ տներով, գյուղատնտեսական հողերով, բոլոր այդ գերեզմաններով ու աղբամաններով և այդ ամենը բերեց դեպի Սև ծով։ Կարող եք պատկերացնել, որ նույնիսկ ավերված գերեզմանոցի որոշ հատվածներ էին լողում դեպի ծով: Եվ, իհարկե, այնտեղ շատ-շատ աղբ կար։ Բայց դա առաջին ալիքն էր։ Իսկ այժմ, որպես այդպիսին, Կախովկայի ջրամբարը գոյություն չունի, բայց դրա հատակային նստվածքներում ավելի քան երեսուն տարի ինչ-որ նյութեր են կուտակվել։ Առաջին հերթին դրանք ծանր մետաղներ են, որոնք այժմ կամաց-կամաց նորից թափվում են Սև ծով։ Որքանով դա կարող է վտանգավոր լինել՝ պետք է մշտադիտարկել։ Շուտով սպասում ենք արդյունքներին։ Կախովկայի ջրամբարում անկած ձկներ - Ի՞նչ հետազոտություններ են Ձեզ հայտնի Սև ծովի իրավիճակի հետ կապված, կա՞ն արդյոք այդպիսիք: - Նախ, Ուկրաինայի ծովային էկոլոգիայի կենտրոնը մշտապես նմուշներ է վերցնում և չափում ծովի ջրում աղտոտիչների կոնցենտրացիան: Վերցրել է նաև Կախովկայի ՀԷԿ-ի ողբերգությունից հետո՝ առաջին իսկ օրերին, որից հետո նկատել են, որ նավթամթերքի, կադմիումի և կապարի մեծ ավելցուկ կա, գրանցվել է նաև վտանգավոր նյութ՝ պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ). սա հին շինանյութ է, որն օգտագործվել է ութսունական-իննսունականներին: Նշանակում է, որ շատ տներ ջրի տակ են անցել, և այս շինանյութը ջրի հետ հայտնվել է Սև ծովում։ Մեզ մոտ անցկացվում են նաև մանրէաբանական անալիզներ, որոնք իրականացնում է Առողջապահության նախարարությունը, և, ցավոք, նկատել են, որ մանրէաբանական վիճակը լավ չէ, քանի որ ծովի ջրում գրանցվել են ռոտավիրուս, աստրովիրուս և այլ հիվանդություններ․ նույնիսկ խոլերայի էմբրիոններ, բայց ոչ այն խոլերան, որ մարդուց մարդուն է փոխանցվում։  - Իսկ ի՞նչ հետազոտություններ կան ծովային կամ այլ կենդանիների մասին: - Ծովային կենդանիների մասով ներկայումս ուսումնասիրություն ենք անցկացնում միդիաների մահացության վերաբերյալ: Պարզվեց, որ Օդեսայի ծովածոցում այդ բոլոր փափկամորթների 70%-ն անկել է՝ բոլոր հասուն միդիաները մահացել են, մնացել են միայն ձագերը։ Եվ հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչու է դա տեղի ունեցել: Փափկամորթ  միդիաների առանձնահատկությունն այն է, որ նրանք զտում են ջուրը, այսինքն՝ նրանք իրենց մեջ քիմիական վտանգավոր նյութեր են կուտակում։ Եվ երևում է՝ այնքան են կուտակել, որ նրանց գոյությունն այլևս հնարավոր չի եղել։ Սա մի տարբերակն է, իսկ մյուսն այն է, որ մեր ծովը շատ է թարմացել։ Այն պատճառով, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ոչնչացումից հետո Դնեպրից շատ քաղցր ջուր է լցվել ծով, աղիությունը կտրուկ իջել է, և գուցե դա է հանգեցրել միդիաների մահվանը: Բայց լավ է, որ ձագերը մնացել են, նշանակում է, որ պոպուլյացիան կվերականգնվի, բայց կվերականգնվի ժամանակի ընթացքում: Թե ինչպես են իրենց զգում մնացած բոլոր ծովային բնակիչները, ցավոք, չենք կարող ասել, քանի որ հետազոտություն չունենք։ Մենք միայն մահացած դելֆիններին ենք հետազոտում․ իմ գործընկերները գալիս են, հավաքում սատկած դելֆինների դիակները, կտրում նրանց ներքին ականջներն ու օրգանները, այդ և մյուս մասերն ուղարկվում են Իտալիայի և Գերմանիայի լաբորատորիաներ, որտեղ մեզ օգնում են պարզել դելֆինի մահվան պատճառը։ Կետանմանների մահացությունն իսկապես աճել է այս տարի, հնարավոր է՝ պայթյունների պատճառով, քանի որ դելֆինները շատ զգայուն լսողություն ունեն, և այդ բոլոր պայթյունները նրանց շատ են վախեցնում: Լսողության սենսորները նավիգացիայի և միմյանց հետ հաղորդակցման նրանց հիմնական միջոցն են: Կամ դա է նրանց վախեցրել, կամ, ինչպես ասում են, նրանց մարմիններն այրվել են այս պայթյուններից։ Շատ տարբեր պատճառներ կարող են լինել, բայց, ցավոք, մենք դեռ հստակ չգիտենք։ Սակայն հավաքում ենք այս ամենը, քանի որ վերջում պատրաստվում ենք մեծ դատական հայց ներկայացնել Ռուսաստանի Դաշնության դեմ և ցույց տալ, թե որքան վնաս է հասցվել Սև ծովի ուկրաինական հատվածին։ - Սև ծովի տարածաշրջանի մյուս երկրները կարող են անմիջապես չզգալ Ձեր նշած ազդեցություններն ու հետևանքները․ ինչպե՞ս կարող է այս իրավիճակն ազդել ավազանի մյուս երկրների վրա։ Եվ քանի որ Հայաստանի շատ բնակիչներ են նախընտրում ամառային հանգիստն անցկացնել Բաթումիում և Քոբուլեթիում, կխնդրեմ մեր ընթերցողների համար մանրամասնել, թե հատկապես այս առումով ի՞նչ հետևանքներ կարող են լինել: - Լսել եմ, որ վրացական ափին մի քանի ականներ են լողացել և գրանցվել, բայց դա, միևնույն է, զանգվածային չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև թուրքերը հետևում են իրենց տարածքում գտնվող ականներին, իսկ դրանք լողում են ափի երկայնքով, քանի որ այնտեղ՝ Սև ծովում, հոսանքն այնպիսի կառուցվածք ունի, որ ընթանում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ։ Թուրքերը ականների հայտնաբերման շատ լավ հաստատված համակարգ ունեն, ուստի չեմ կարծում, որ դա իսկապես շատ վտանգավոր է վրացական հատվածի համար։ Բայց իսկապես մի երկու նման ական արդեն գրանցվել է։ Սև ծովի ափ դուրս բերված ական Ինչ վերաբերում է աղբին՝ մենք տարբեր մոդելներ ենք կառուցել, ուկրաինական գերեզմանոցից աղբը չի կարող հասնել Քոբուլեթի կամ Վրաստան․ սա նույնպես անհնար է, աղբն ավելի շուտ է ափ դուրս բերվում։ Այսինքն՝ նման վտանգ չկա։ Ես կասեի, որ վտանգն ավելի շատ կապված է ծովային կենսաբազմազանության հետ, քանի որ պետք է հասկանալ, թե այս ամբողջ իրավիճակը ինչպես է ազդել Սև ծովում ձկների պաշարի, փափկամորթների պոպուլյացիայի քանակի և վիճակի վրա։ Նույնիսկ եթե Ուկրաինայում փափկամորթները շատ կեղտոտ ջուր ֆիլտրելու հետևանքով չեն սատկել, ապա Վրաստանում նրանք հաստատ չեն սատկի, բայց, այնուամենայնիվ, բավականին մեծ աղտոտվածություն են կուտակել իրենց մեջ: Այստեղ հետազոտել է պետք, բայց ես գիտեմ, որ վրացական իշխանությունները զբաղվում են դրանով․ նրանք անընդհատ դիտարկում և վերահսկում են իրավիճակը Սև ծովում, որպեսզի ի վերջո անվտանգ լինի զբոսաշրջիկների համար։ Ավելին՝ տեսեք, թե որքան հեռու է Վրաստանը Ուկրաինայից։ Ռումինիան, օրինակ, ընդհանրապես Ուկրաինայի մոտ է, բայց այնտեղ նույնպես զբոսաշրջային ​​սեզոնն ընթացքի մեջ է, բոլորը լողում են, և վտանգ չկա։ - Սև ծովում Ձեր նշած վտանգները մեղմելու համար ի՞նչ լուծումներ ու քայլեր եք տեսնում, ի՞նչ խոչընդոտներ կան այդ առումով: Ի՞նչ լուծումներ կան այս իրավիճակում, երբ պատերազմը դեռ ընթանում է, և պատերազմի ավարտից հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի վնասի չափը հասկանալու և աշխատանքներ սկսելու համար: - Ցավոք, քանի պատերազմը շարունակվում է, մենք չենք կարող նույնիսկ ճիշտ գնահատել, թե ինչ է կատարվում Սև ծովի մեր հատվածում։ Պարզ է, որ մյուս երկրներն էլ մեզնից են վերցնում տեղեկատվությունը։ Ստացվում է, որ մինչև պատերազմի ավարտը չենք կարողանա ի վերջո պարզել, թե որքան և ինչ վնաս է հասցվել մեր Սև ծովին։ Ավելին՝ նույնիսկ երբ պատերազմն ավարտվի, միանգամից հնարավոր չի լինի գիտական ​​հետազոտություններ կատարել, քանի որ պետք է ամենն ականազերծել, և պարզ չէ, թե որքան կտևի այդ աշխատանքը։ Եվ միայն դրանից հետո մենք միջազգային համատեղ մեծ արշավախումբ ենք նախատեսում։ Ուզում ենք բոլոր երկրներին հրավիրել և համատեղ հետազոտություն անել՝ համեմատել աղտոտիչների ցանկը պատերազմից առաջ և պատերազմից հետո, անցնել նույն կետերով, տեսնել, թե ինչպես է ամեն ինչ փոխվել, ինչպիսի կենսաբազմազանություն է եղել, ինչպիսին է հիմա և այլն։ Բայց նույնիսկ առանց այդ ուսումնասիրության արդեն պարզ են որոշ բաներ, որ պետք է արվեն միջոցառման ծրագրում՝ Սև ծովին օգնելու համար։ Նախ, անհրաժեշտ է ամբողջությամբ վերանորոգել բոլոր մաքրման կայանները, քանի որ եթե դրանք Օդեսայում դեռ կանգուն են, Մարիուպոլը, օրինակ՝ Ազովի ծովում գտնվող քաղաքը, ավերված է, և մաքրման բոլոր կայաններն են ավերված։ Հասկանալի է, որ այն մեծ քաղաք էր, և որ այդ ամբողջ աղտոտվածությունը թափվում է Ազովի ծով, իսկ հետո՝ Սև ծով։  Դնեպրի երկայնքով նույնպես սահմանագծով անցնող բոլոր գյուղերում և քաղաքներում բազմաթիվ ավերված մաքրման կայաններ ունենք, և, ստացվում է, որ Դնեպրն այժմ դեպի Սև ծով նույնպես բավականաչափ չմաքրված ջուր է տանում, իսկ Դնեպրը մեծ գետ է։ Պարզ է, որ այդ բեռը բավականին մեծ է Սև ծովի համար։ Հետո հաստատ պետք է զբաղվել աղբի կառավարմամբ, քանի որ, իհարկե, պատերազմը մեծ քանակությամբ աղբ է առաջացնում՝ ինչպես շինարարական, այնպես էլ հատկապես ռազմական, ինչը նաև վտանգավոր է․ ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ անել դրա հետ: Անհրաժեշտ կլինի ռազմավարություն մշակել, թե ինչպես անել, որ այս ամենը ոչ մի դեպքում չհայտնվի գետերում կամ ծովում, պատշաճ կերպով թաղվի կամ այրվի։ Մենք ունենք «Ուկրաինայի վերականգնում» ծրագիր, և այդ միջոցառումներն արդեն այժմ էլ նախատեսված են։ Չնայած այն հանգամանքին, որ մշտադիտարկումը դեռ ցույց չի տվել, թե որքանով է դա անհրաժեշտ, բայց առանց այդ էլ պարզ է։  Իսկ թե ինչպես ենք վերականգնելու կենսաբազմազանությունը, դեռ պարզ չէ, քանի որ սա իսկապես շատ բարդ խնդիր է, բայց լավ կողմն այն է, որ Սև ծովի միայն մի հատվածն է լարվածության գործոնի ազդեցության տակ, այսինքն՝ հույս ունենք, որ դելֆինները, խեցգետինները, ձկները, բոլորը տեղափոխվել են ինչ-որ տեղ՝ Վրաստան, Թուրքիա, և սպասում են մեր հաղթանակին, որպեսզի վերադառնան ուկրաինական ջրեր։ Ամեն դեպքում, մենք մեծ հույս ունենք։ - Եվ, վերջապես, այս իրավիճակում, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անեն սևծովյան ավազանի երկրները և մյուս երկրները։ - Նախ, մենք բոլորս երախտապարտ ենք այլ երկրներին, երբ նրանք ասում են, որ այո, շատ վատ է այն, ինչ տեղի է ունենում Սև ծովի հետ ռազմական գործողությունների ժամանակ։ Եթե այս պատերազմը երկարաձգվի, ապա սևծովյան էկոհամակարգը կարող է լրջորեն տուժել, և դա կազդի բոլոր երկրների վրա։ Պատերազմն ազդում է ոչ միայն Սև ծովի մեր հատվածի, այլև կլիմայի փոփոխության վրա։ Այն ուժեղացնում է կլիմայի փոփոխության հետևանքները, և բոլորս ենք դա զգում: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մյուս երկրները նույնպես ասեն, որ դա սխալ է, և որ անհրաժեշտ է վերականգնել Սև ծովի յուրահատուկ էկոհամակարգը: Մարգարիտա ՂազարյանԼուսանկարները տրամադրել է Ելենա Մարուշևսկայան
20:57 - 14 օգոստոսի, 2023
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահությունը կես տարով անցել է Թուրքիային |hetq.am|

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահությունը կես տարով անցել է Թուրքիային |hetq.am|

hetq.am: Թուրքիան հուլիսի 1-ից 6 ամսով ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահությունը։ Այդ մասին նշվում է այդ երկրի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։  «Մեր երկիրը 2023 թվականի հուլիսի 1-ից 6 ամսով ընդունել է ՍԾՏՀ նախագահությունը։ <...> Մեր երկրի առաջնահերթությունը լինելու է անդամ պետությունների հետ անհրաժեշտ քայլերի իրականացումը ՍԾՏՀ հիմնարար սկզբունքների և նպատակների շրջանակներում համագործակցության արագացման համար»,- ասված է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Թուրքիային նախագահությունն անցել է Սերբիայից։   Թուրքիայի ԱԳՆ-ն նաև նաև նշել է, որ «սևծովյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովմանը և բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների զարգացմանն ուղղված կազմակերպության հիմնարար նպատակներն առավել քան երբևէ կարևոր են տարածաշրջանում առկա մարտահրավերների առջև»։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական միավորում է, որին անդամակցում են Սև ծովի տարածաշրջանի և Հարավային Բալկանների 13 երկրներ, այդ թվում` Հայաստանը։ Կազմակերպությունն ստեղծվել է 1992 թվականին Թուրքիայի նախաձեռնությամբ։ Կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում։ Ինչպես նշված է կանոնադրության մեջ, Կազմակերպության նպատակն է սևծովյան տարածաշրջանը դարձնել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի՝ իր անդամ պետությունների միջև տնտեսական բազմակողմանի համագործակցության միջոցով:
19:06 - 02 հուլիսի, 2023
Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|

Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|

tert.am: Սև ծովում սկսվել են «Դայվ-2021» բազմազգ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի, ԱՄՆ-ի և Ռումինիայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է корреспондент-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:Ինչպես նշվում է, մարտավարական ստորաբաժանումների կազմում հնարքների մշակում է տեղի ունենում անդամ երկրների՝ սուզվելու համար նախատեսցված նորագույն սարքավորումների, ուկրաինական ռազմածովային ուժերի որոնողափրկարարական նավի հատուկ սարքավորումների և ռումինական նավի հիդրոգրաֆիկ համալիրի կիրառմամբ:Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:  
19:56 - 05 օգոստոսի, 2021
ՆԱՏՕ-ն հայտարարեց Ղարաբաղի և Բելառուսի իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ուժեղացման մասին
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ն հայտարարեց Ղարաբաղի և Բելառուսի իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ուժեղացման մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներուժը Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում՝ ասել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած ասուլիսում: ՆԱՏՕ-ն կքննարկի այդ ուժեղացման պատասխանը, ինչպես նաև կշարունակի ավելացնել իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում՝ հայտնում է rbc.ru-ն: «Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցը և տեղակայում նոր հրթիռներ: Այն նոր ուժեր է տեղակայում հեռավոր հյուսիսից մինչև Սիրիա և Լիբիա: Մենք տեսնում ենք նաև, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ուժեղանում է Բելառուսի և Լեռնային Ղարաբաղի ճգնաժամերի արդյունքում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա ասել է, որ առաջիկա առցանց հանդիպմանը նախարարները կքննարկեն, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ակտիվության աճի: Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր ուժերը կենտրոնացնել Սևծովյան տարածաշրջանում. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ղրիմում, ուստի պետք է ավելացնենք մեր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում և քննարկենք այս հարցը մեր գործընկերների՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ»: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ Սևծովյան տարածաշրջանում դաշինքը սերտորեն գործակցում է նաև Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ: «ՆԱՏՕ-ն արդեն զգալի ռազմական ներկայություն ունի տարածաշրջանում, մենք վերջերս այնտեղ ծովային զորավարժություններ անցկացրինք»- ասել է Ստոլտենբերգը:
00:49 - 01 դեկտեմբերի, 2020
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը բացատրել են USS Ross հրթիռակիր ռազմանավի Սեւ ծով մտնելու պատճառը |armenpress.am|

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը բացատրել են USS Ross հրթիռակիր ռազմանավի Սեւ ծով մտնելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան USS Ross Էսկադրային ականակիրն ուղարկվել Է Սեւ ծովի ջրատարածք՝ ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման համար: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 23-ին զետեղվել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնական կայքումժ: Բացի դրանից, ամերիկյան Էսկադրային ականակրի ներկայությունը կոչված Է ցուցադրելու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ ԱՄՆ-ի փոխգործակցության ուժեղացումը: «Arleigh Burke տիպի USS Ross հրթիռակիր Էսմինեցը հյուսիսային ուղղությամբ դեպի Սեւ ծով միջազգային տարանցում Է կատարել 2020 թվականի փետրվարի 23-ին անվտանգության եւ ծովի տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ պատրաստականության եւ ռազմածովային ներուժի (ցուցադրման) նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը տեղեկացրել Է, որ Ռուսաստանի սեւծովյան նավատորմը հետեւում Է Սեւ ծովի ջրատարածք մտած ամերիկյան USS Ross հրթիռակրին: Ամերիկյան ռազմանավերը պարբերաբար մտնում են Սեւ ծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:33 - 24 փետրվարի, 2020