Օրբելի կենտրոն

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծ։ Հիմնվել է 2019 թվականի մարտի 27-ին։ Կենտրոնը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում:

Տեղի է ունեցել «Օրբելի» կենտրոնի բացման արարողությունը

Տեղի է ունեցել «Օրբելի» կենտրոնի բացման արարողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Օրբելի» կենտրոնը Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Բազմիցս առիթներ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը մտավոր ոլորտի խնդիր է, նկատի ունեմ այն, որ մեր բոլոր խնդիրներն ունեն առաջին հերթին ինտելեկտուալ լուծումներ: Մեզնից որևէ մեկը չի կարող որևէ տեղ լինել ֆիզիկապես, եթե նախ և առաջ ինքն այնտեղ չի գտնվել մտովի, մեզնից որևէ մեկը չի կարող անել որևէ գործողություն, եթե այդ գործողությունը նախ չի արել մտովի, իհարկե, եթե մենք ուզում ենք անել գիտակցված գործողություններ և ուզում ենք կառավարել մեր գործողությունները: Մեզ համար կարևոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ: Մենք ամենևին էլ այս կենտրոնը, որը վարչապետի աշխատակազմում է, չենք համարում ինտելեկտուալ արտադրանքի միակ աղբյուրը»:  «Երկրի իշխանությունը պետք է առկա խնդիրների շուրջ համախմբի մտավոր ներուժը: Սա մեր առաջին քայլն է այդ ճանապարհին: Հաջորդ քայլերով պետք է փորձենք հստակեցնել մեր համագործակցության մեխանիզմներն այլ վերլուծական կենտրոնների հետ, որոնք գոյություն ունեն կամ որոնք նոր կստեղծվեն: Այն մեծ մտավոր աշխատանքը, որի պահանջը և օրակարգը կա այսօր բոլորիս ընդհանուր սեղանին՝ պետք է միասին կատարենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շնորհավորել է «Օրբելի» կենտրոնի բացման առթիվ և վերջինիս վերլուծաբաններին ու փորձագետներին մտավոր գործունեության մեջ մաղթել հաջողություններ: «Այն ամենը, ինչ իրականում տեղի է ունենում մեր շուրջը, նախ տեղի է ունենում մեր մտքում և հետևաբար մեր միտքը պետք է լինի կառուցողական, ճկուն, հզոր ու կարողանա հաղթահարել բոլոր արգելքները: Ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքի շնորհանդեսը: Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կենտրոնի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը։  
05:35 - 28 մարտի, 2019