Լենուղի համայնք

Լենուղին գյուղ է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 7 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 890 մ բարձրության վրա։ Բնակչության թիվը 2004թ․ տվյալներով 1669 մարդ է։

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքի բնակիչները վերջին օրերին բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք նախօրեին առավոտյան փակել էին գյուղի դպրոցի մուտքը։ 22 ընտանիք ապրում է 4-րդ կարգի վթարային շենքում: Շենքը վթարային է դեռ անցած դարի 80-ական թվականներից: Երեկ բնակիչների հետ հանդիպել է նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Բնակիչները որոշել են 1 ամիս սպասել եւ եթե այդ ընթացքում խնդիրը չկարգավորվի կտրուկ միջոցների կդիմեն: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դեռեւս Խորհրդային միության ժամանակ այդ շենքը սեփականացման ենթակա չի եղել, հավելելով, որ շենքում բնակվող քաղաքացիներից որեւիցե մեկը չունի սեփականության վկայական: «Ես այցելել եմ շենք, այն իրոք շատ վատ պայմաններում է գտնվում: Անկախ նրանից, թե ես ոնց կբնութագրեմ, փաստ է՝ 4-րդ կարգի վթարային է: Ես քննարկել եմ համայնքի բնակիչների հետ բոլոր հնարավոր տարբերակները, առաջարկել եմ նոր շենքային պայմաններ, սակայն նրանք հրաժարվել են: Նրանք ակնկալում են, որ լուծումը կլինի նույնը, ինչ 2015 թվականին է եղել, երբ կառավարության որոշմամբ 7 ընտանիքի հատկացվել է յուրաքանչյուրին 6 մլն 600 հազար դրամ: Հիմա դեռ 22 ընտանիք այդտեղ կա եւ նրանք ակնկալում են ֆինանսական աջակցություն: Ես ասել եմ, որ մենք այդ տարբերակն էլ կքննարկենք, բայց միանշանակ պետք է վերանայվի գումարի տրամադրման չափը: 2015 թվականից առ այսօր շուկայում բավականին փոփոխություններ են եղել: Թյուրըմբռնում կար, որ մարզպետարանն իրավասու է այդ գումարները հատկացնել, բայց մարզպետարանը ոչ միայն իրավասություն չունի, այլեւ մարզպետարանի համար նախատեսված հրատապ հարցերի լուծման համար բյուջե չկա»,- ասաց Մաթեւոսյանը: Մեր հարցին, թե այս դեպքում խնդրի լուծումն ինչպե՞ս են պատկերացնում, քանի որ նրանք հետագայում նորից բողոքի ակցիաներ են իրականացնելու, Արմավիրի մարզպետը պատասխանեց. «Ես երեկ էլի իրենց հետ զրուցել եմ: Ներկայացրել եմ, որ մենք անում ենք աշխատանքներ: Նշել եմ, որ 2018 թվականի դեկտեմբերի կեսերին կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի 4-րդ կարգի վթարային 4 դպրոցների վերակառուցման համար որոշում է կայացվել: Եթե մենք ընդհանրապես քայլեր չանեինք, այս փաստը չէինք ունենա: Քանի որ այդտեղ երեխաներ են սովորում, հետեւաբար հրատապության կարգով այդ գումարը հատկացվել է դպրոցներին: Հիմա Արմավիրի մարզում 4-րդ կարգի վթարային շենքեր էլի ունենք: Ես զրուցել եմ նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Մենք փորձում ենք նաեւ այլ տարբերակներ գտնել, չնայած նրան, որ բնակիչները միայն ֆինանսական աջակցության տարբերակն են նախընտրում»:
13:20 - 20 մարտի, 2019