Վահե Ա․ Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Ծնվել է 1971թ․-ի հունիսի 12-ին։ 1988 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը եւ 1993 թվականին ավարտել այն՝ ինժեներ-կիբեռնետիկ մասնագիտությամբ:

1993 – 1994 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերում։ 1997 – 2000 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունում։2002 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը եւ 2005 թվականին կարմիր դիպլոմով ավարտել այն։ 2002-2005 թվականներին զբաղեցրել է ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության առա­ջին կարգի մասնագետի պաշտոնը, իսկ 2005-2011 թվականներին՝ ՀՀ դատա­խազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վար­չության գլխավոր մասնագետի պաշտոնը: 2010 թվականին աշխատել է նաեւ «Քրոնիմետ մեթալս թրեյդինգ» ՍՊ ընկերությունում` որպես խորհրդական։ 2011 թվականին եղել է նույն ընկերության կոմերցիոն տնօրեն։

2012-2016 թվականներին եղել է «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ 2012-2016 թվականներին եղել է «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ հիմնադիր, կոմերցիոն տնօրեն, 2013-2016 թվականներին՝ «Ինթերնեյշնլ քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ 2014-2016 թվականներին եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, իսկ 2016 թվականին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Վահե Ալբերտի Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ։ 2017 թվականի հունվարի 3-ին Վահե Ալբերտի Հակոբյանը ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

2018-ի հունիսին ազատվել է մարզպետի պաշտոնից։

Սյունիքի նախկին մարզպետը դատի է տալիս Իոաննիսյանին և մի քանի լրատվամիջոցի |civilnet.am|

Սյունիքի նախկին մարզպետը դատի է տալիս Իոաննիսյանին և մի քանի լրատվամիջոցի |civilnet.am|

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, «Սյունյաց աշխարհ» և «Արմդեյ» լրատվականներին՝ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար։ Հայցվորը «Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակից՝ Fip.am-ից պահանջում է 2 միլիոն դրամի փոխհատուցում։  Վահե Հակոբյանը հերքման տեքստում առաջարկում է նաև ներողություն խնդրել իրենից։ Fip.am-ը 2018թ․ հոկտեմբերի 23-ին գրել էր, որ նախկին մարզպետը ստեղծել է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը, որի միջոցները գոյացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նվիրատվություններից։ Ըստ աղբյուրի՝ այդ միջոցներն ուղղվել են Վահե Հակոբյանի ու նրա կնոջ հետ փոխկապակցված կազմակերպություններին ու ընկերություններին։ Հակոբյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, աշխատել է նաև կոմբինատի հիմնական բաժնետեր «Քրոնիմետ» ընկերությունում։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանը մարտի 15-ին որոշել է հայցը հետ վերադարձնել Վահե Հակոբյանին։ Մասնավորապես, նշվել է, որ հայցադիմումին կից ներկայացվում են պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, լրատվական միջոցների հրապարակումների արտատպված պատճենները, մինչդեռ վերոնշյալ փաստաթղթերը հայցադիմումին կից դատարանին չեն ներկայացվել: Այս հիմքով էլ հայցը վերադարձվել է հայցվորին։ Նրան տրվել է երեք օր ժամանակ թերությունները վերացվելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Սիվիլնեթին տեղեկացրեց, որ բացի վերը նշվածից, նախկին մարզպետը մոտ երկու շաբաթ մեկ այլ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իոաննիսյանի։ Փետրվարի 5-ին «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի մեքենայի հրկիզումից հետո Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրառում էր արել՝ հույս հայտնելով, որ թերթի հիմնական «թշնամի» Վահե Հակոբյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մտերիմ ընկերներ լինելու հանգամանքը քննությանը չի խանգարի։ Այս դեպքում պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար Վահե Հակոբյանը Իոաննիսյանից պահանջել է 1 միլիոն դրամ և դատարանից պահանջել է Իոաննիսյանին պարտավորեցնել ներողություն խնդրել իրենից։ civilnet.am
09:33 - 18 մարտի, 2019