ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը

ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը

Նոյեմբերի 2–ին ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ՄԱԿ գրասենյակը համատեղ կազմակերպել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը։ Հանդիպման սկզբում մասնակիցներին է փոխանցվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը: Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Հայաստանում ԵՄ գրասենյակի անունից ելույթ է ունեցել նաև Ֆրանկ Հեսսը։ Բանաձևի շրջանակում տարվող աշխատանքների, նպատակների ու կարևորության վերաբերյալ ելույթներով միջոցառմանը հանդես են եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն ու ՏԻՄ ներկայացուցիչները: Ի թիվս այլ հարցերի, զեկուցողներն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և կանանց վրա դրանց ազդեցությանն առնչվող հարցերի։ Միջոցառումն ամփոփել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես առաջնահերթ է համարում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացումն ու դրա դրույթների տեղայնացումը:
12:44 - 03 նոյեմբերի, 2022
ՄԱԿ ԱԽ-ը չընդունեց Ռուսաստանի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների» մասին |azatutyun.am|

ՄԱԿ ԱԽ-ը չընդունեց Ռուսաստանի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների» մասին |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի բանաձևի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը» հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին։ Նախագիծը չի ստացել պահանջվող 9 ձայնը` ՄԱԿ ԱԽ անդամ 15 երկրներից։ Կողմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ դեմ, մյուս անդամ երկրները՝ ձեռնպահ։ ՄԱԿ-ում Ռուսաստանյան Դաշնության ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հիասթափված է քվեարկության արդյունքներից։ Ավելի վաղ Ռուսաստանը պաշտոնական բողոք էր հղել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված «Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեության» հետ, ինչպես նաև շրջանառության մեջ էր դրել բանաձևի նախագիծ, համաձայն որի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «որոշում է ստեղծել հանձնաժողով, որը բաղկացած է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներից՝ հետաքննելու համար ԱՄՆ-ի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանյան Դաշնության բողոքում ներկայացված պահանջները»։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե մասնավորապես «Ուկրաինայում Միացյալ Նահանգների գաղտնի լաբորատորիաները» կենսաբանական զենք են մշակում, ինչը Վաշինգտոնը և Կիևը կտրականապես հերքում են:
10:45 - 03 նոյեմբերի, 2022
ԼՂ դեմ սանձազերծված պատերազմը, ագրեսիվ հարձակումը Հայաստանի 3 մարզերի ուղղությամբ պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը. ՀՀ ՄԻՊ

ԼՂ դեմ սանձազերծված պատերազմը, ագրեսիվ հարձակումը Հայաստանի 3 մարզերի ուղղությամբ պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը. ՀՀ ՄԻՊ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանի ելույթը՝ ստորև. «Ձերդ գերազանցություն փոխնախարար, Ձերդ գերազանցություն դեսպաններ, Մեծարգո տիկին մշտական համակարգող Քաղաքացիական հասարակության սիրելի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք։ Պատիվ է մասնակցել Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը ՄԱԿ-ի 1325 բանաձևի ներքո Հայաստանի մշակած ազգային ծրագրի բացման միջոցառմանը։ Այս բանաձևի ու ազգային ծրագրի հետևողական իրականացման կարևորությունն էլ ավելի է հաստատվում տարածաշրջանային ու միջպետական հակամարտությունների աճի ու միջազգային մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի ճգնաժամի ֆոնին։ Հայաստանում մենք շատ լավ գիտենք խաղաղության ու անվտանգության գինը, մենք մեր ընտանիքների, հարազատների ու հենց մեր մաշկի վրա արդեն տասնամյակներ ամեն օր զգում ենք խաղաղության ու անվտանգության կործանարար դեֆիցիտը մեր տարածաշրջանում։ «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2022 թվականի զեկույցն իրոք մտահոգիչ պատկեր է ներկայացնում։ Այսպես, գլոբալ առումով արձանագրվել է ռազմական բյուջեների աննախադեպ աճ՝ հասնելով պատմական մաքսիմումի (2.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի), այն ֆոնին, որ էականորեն նվազել են հակամարտությունների գոտիներում գործող կանանց կազմակերպություններին հատկացվող գումարները։ Անգամ ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղաշինական առաքելություններում կանանց թիվը նվազել մինչև 19%՝ համեմատած 2020 թ. 23%-ի հետ։ Սրանք պարզ փաստեր են, որոնք կարելի է լրացնել շատ ավելի բարդ վերլուծություններով։ Սակայն պարզ հարց է առաջանում՝ իսկ միգուցե պատճառահետևանքային կապ կա այս տենդենցների միջև։ Հարգելի ներկաներ, Կանանց մասնակցությունը խաղաղաշինությանն ու անվտանգությանը գենդերային հավասարության ապահովման հարց չէ, այն ազգային, տարածաշրջանային ու եթե կուզեք գլոբալ անվտանգության հարց է։ Հայաստանի անվտանգության հարցերով որշումներ կայացնող մարմնի կազմերում (անկախ տարբեր ժամանակահատվածում դրանց տարբեր անուններից ու սահմանադրաիրավական կարգավիճակներից) երբևէ կին չի եղել՝ առ այսօր։ Որքա՞ն կարելի է բնակչության միայն ուղիղ կեսի ինտելեկտի ու իմաստնության վրա հիմնել ամբողջ բնակչության անվտանգությունն ու խաղաղությունը։ Սա անթույլատրելի ճոխություն է։ Բայց մյուս կողմից, մենք՝ կանայք, պետք է գիտակցենք ստեղծված վիճակի լրջությունն ու առավել ակտիվ ու համաձակ լինենք խաղաղաշինության ու անվտանգության ապահովման նախաձեռնություններում, խոսակցություններում, մասնագիտացման հարցերում, քանի որ միայն տղամարդիկ ակնհայտորեն դա լավ չեն անում։ Այլ կերպ ասած՝ մեր բոլորի խաղաղությունն ու անվտանգությունը մեր իսկ բոլորի կարիքն ունի։ Հայաստանի սահմանամերձ համայնքներում իմ այցերն ու շփումները պարզորոշ ցույց են տալիս, որ կանայք ու աղջիկներն առավել խոցելի են զինված հարձակումների, տեղահանումների, ճգնաժամային այլ իրավիճակների ու պարզապես՝ սողացող ու մշտարթուն պատերազմի պայմաններում ուղղակի ամեն օր ապրելու, նպատակներ իրականացնելու, իրենց երեխաներին խնամելու ու դասիարակելու, ընտանիքներ կառուցելու և պահպանելու, աշխատելու հարցերում։ Ադրբեջանի կողմից 2020 թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը, այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիվ հարձակումը Հայաստանի երեք մարզերի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնաչությանն ու կենսական ենթակառուցվածքները, այդ թվում՝ տարհանման ճանապարհները, ու մինչ օրս շարունակվող ներխուժումը, պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը։ Յուրատեսակ խոցելի են զինված ուժերում ծառայող կանայք՝ այնպիսի ռեժիմների ու պետությունների դեմ իրենց պարտքը կատարելիս, որտեղ կնատյացությունն ու հասարակության մեջ կնոջ դերի դեգրադացված պատկերացումներն ուղղակի վտանգավոր չափերի են ու համընդհանուր կանոն։ Այո՛, վառ օրինակը այս տարվա սեպտեմբերի հարձակման ընթացքում ադրբեջանական զինուժի զարհուրելի գործողություններն են հայ կին զինծառայողների նկատմամբ և առավել վտանգավոր է այն, թե կնատյացության ու էթնիկ ատելության նման սենտիմենտներն ինչպիսի ընդգրկում ունեն ադրբեջանական հանրության շրջանում։ Հարգելի ներկաներ, Ինչպես արդեն ասացի, խաղաղության ու անվտանգության լուծումները մեր կարիքն ունեն, ու յուրաքանչյուրս մեր տեղում գործ ունենք անելու։ Ահա այս միտքն է ինձ ոգեշնչել ստեղծելու Պաշտպանին առընթեր կանանց հարցերով խորհուրդ, որտեղ Հայաստանի հատկապես մարզերում գործող կանանց կազմակերպությունների ձայնն առավել լսելի ու մասնակցությունն առավել արդյունավետ դարձնելն է։ Մեր նպատակն է միավորելու ջանքերը՝ կանանց օրակարգերն առաջ մղելու, կանանց իրավազորելու ու ոգեշնչելու, որ իրավատեր լինեն մեր բոլորի կայուն, խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Այս տարվա սեպտեմբերի սկզբին կայացած մեր առաջին իսկ հանդիպմանն ընթացքում Խորհրդում համաձայնության ենք եկել մի գործողության ծրագրի շուրջ, որի նպատակն է ավելացնել կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը իրավապահ համակարգերում։ Պայմանավորվել ենք հաջորդիվ աշխատել զինված ուժերում կանանց առավել իմաստալից ներգրավման ուղղությամբ։ Մեր գործողությունների ծրագիրը տրամաբանորեն ներդաշնակ է «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի հետ և ապահովելու է մի շարք գործողությունների ուղղակի կատարումը։ Ամփոփելով՝ թույլ տվեք բոլորիս շնորհավորել կատարված աշխատանքի համար ու մաղթել ուժ, նվիրում ու եռանդ՝ ծրագիրը կյանքի կոչելու համար»։ 
15:56 - 02 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից |armenpress.am|

Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը վերադառնում Է հացահատիկային գործարքին մասնակցությանը՝ Ուկրաինայից ստանալով գրավոր երաշխիքներ Մոսկվայի դեմ մարտական գործողություններ վարելու համար հացահատիկային միջանցքը չօգտագործելու մասին, նոյեմբերի 2-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում: Այնտեղ նշել են, որ դա տեղի Է ունեցել ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդության շնորհիվ: «Հաջողվել Է ստանալ անհրաժեշտ գրավոր երաշխիքներ Ուկրաինայի կողմից ՌԴ-ի դեմ մարտական գործողություններ վարելու համար գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նպատակով որոշված հումանիտար միջանցքը եւ Ուկրաինայի նավահանգիստները չօգտագործելու մասին, որոնք Համատեղ համակարգող խորհուրդ են ուղարկվել 2022 թվականի նոյեմբերի 1-ին»,- նշել են պաշտպանության նախարարությունում: «Ռուսաստանի Դաշնությունը կարծում Է, որ ստացված երաշխիքներն այս պահին բավարար են եւ վերսկսում Է համաձայնագրի իրականացումը»,- հայտարարել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:49 - 02 նոյեմբերի, 2022
Եվրոպական եռյակը ՄԱԿ-ին կոչ է անում քննել ռուսների կողմից Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ներ կիրառելու հարցը |azatutyun.am|

Եվրոպական եռյակը ՄԱԿ-ին կոչ է անում քննել ռուսների կողմից Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ներ կիրառելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան երեկ ՄԱԿ-ին կոչ են արել քննել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչուներ կիրառելու հարցը: Եթե այդ հանգամանքն ապացուցվի, դա կհամարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած բանաձևի խախտում: Խոսքը թիվ 2231 բանաձևի մասին է, որն Անվտանգության խորհուրդն ընդունել է 2015 թվականի միջուկային ծրագրին հավանություն տալու համար: «Հիմնովին փաստագրված է, որ ռուսական ուժերն Ուկրաինայում օգտագործել են իրանական անօդաչուներ քաղաքացիական ենթակառուցվածքներն անխտիր ռմբակոծելու համար։ Մենք և մեր գերմանացի ու բրիտանացի գործընկերներն այդ մասին նամակ ենք կազմել: Նախօրեին Եվրամիությունն է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Ֆրանսիան սատարում է այդ հարցը հետաքննելու ՄԱԿ-ի քարտուղարությանն ուղղված Ուկրաինայի պահանջը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը: Թեհրանը պնդում է, որ անօդաչուներ կամ որևէ այլ սպառազեն Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին երբևէ չի փոխանցել: Առայժմ հայտնի չէ, թե ինչ գործնական ազդեցություն կարող է ունենալ նման քննությունը, քանի որ Ռուսաստանը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կարող է կիրառել վետոյի իրավուքը և կանխել հնարավոր հետևանքները: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:17 - 22 հոկտեմբերի, 2022
Ռուսաստանը «կարող է վերանայել» ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, եթե ՄԱԿ-ը անօդաչուների հարցով փորձագետներ ուղարկի Ուկրաինա
 |azatutyun.am|

Ռուսաստանը «կարող է վերանայել» ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, եթե ՄԱԿ-ը անօդաչուների հարցով փորձագետներ ուղարկի Ուկրաինա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը կարող է վերանայվել, եթե կազմակերպությունն իր փորձագետներին ուղարկի Ուկրաինա՝ ուսումնասիրելու խոցված անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանը օգտագործում է միայն սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ «Մենք ունենք անօդաչու թռչող սարքերի արտադրության մեր արդյունաբերությունը, ուստի բոլոր մեղադրանքները մնում են մեր արևմտյան գործընկերների խղճին», - լրագրողներին ասել է Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո, որտեղ մեղադրանքներ են հնչել Իրանից անօդաչու թռչող սարքերի մատակարարումների վերաբերյալ։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ մտադիր է մասնագետների թիմ ուղարկել Ուկրաինա՝ հաստատելու անօդաչու թռչող սարքերի պատկանելիությունը, որոնց միջոցով Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցնում ուկրաինական ենթակառուցվածքներին։ Կիևում և Արևմուտքում պնդում են, որ այդ անօդաչուները Ռուսաստանի Դաշնություն են մատակարարվում Իրանից։ Թեհրանն ու Մոսկվան հերքում են այդ մեղադրանքները։
11:17 - 20 հոկտեմբերի, 2022
Անցկացվել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի զեկույցի քննարկումը

Անցկացվել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի զեկույցի քննարկումը

Արփինե Սարգսյանի համանախագահությամբ հայկական պատվիրակությունը Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում մասնակցել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ ՀՀ 7-րդ զեկույցի քննարկմանը: Հայաստանի զեկույցի քննարկումը տեղի է ունեցել հեռավար եղանակով: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից Կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատել է  կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։ Պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, զբաղվածության, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում կանանց հավասարության, առաջխաղացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Երկխոսության ընթացքում պատվիրակության անդամները կոմիտեի ուշադրությունը հրավիրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, հասարակության առավել խոցելի խմբերի վրա դրա ազդեցության, ինչպես նաև կանանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցագործությունների վրա:
11:03 - 15 հոկտեմբերի, 2022
 «Արևմուտքը դիվանագիտական ահաբեկչությամբ է ՄԱԿ-ում անցկացրել հակառուսական բանաձևը». Լավրով |azatutyun.am|

«Արևմուտքը դիվանագիտական ահաբեկչությամբ է ՄԱԿ-ում անցկացրել հակառուսական բանաձևը». Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը զարգացող երկրների վրա ճնշում է բանեցրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի տարածքներում հանրաքվեների վերաբերյալ հակառուսական բանաձևն անցկացնելու համար: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է Հանրային հեռուստատեսության թղթակցի հետ այսօրվա զրույցում: «Արևմուտքը՝ բացահայտ և առանց ամոթի, սպառնալով զարգացող երկրներին, կիրառել է դիվանագիտական ահաբեկչության և ձեռքերը ոլորելու մեթոդներ: Մենք այդ ամենը հրաշալի գիտակցում ենք, և սուտ են ամերիկացիների պնդումները, թե նրանք ոչ մեկին չեմ համոզում, թե իբր նրանք {զարգացող երկրները} ինքնուրույն են քվեարկում»,- ասել է Լավրովը: Ուկրաինայի չորս տարածքների բռնակցումը դատապարտող բանաձևին կողմ են քվեարկել 143 երկրներ, դեմ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան և Սիրիան: Ձեռնպահ են քվեարկել 35 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյկան Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
16:16 - 13 հոկտեմբերի, 2022
 ՄԱԿ-ը հավանություն տվեց Ռուսաստանի կողմից հինգ շրջանների բռնազավթումը դատապարտող բանաձևին |azatutyun.am|

ՄԱԿ-ը հավանություն տվեց Ռուսաստանի կողմից հինգ շրջանների բռնազավթումը դատապարտող բանաձևին |azatutyun.am|

azatutyun.am: Ձայների 143 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ՄԱԿ-ը հավանություն տվեց բանաձևին, որը դատապարտում է Ուկրաինայի հինգ շրջանների բռնազավթումը Ռուսաստանի կողմից: Ռուս դիվանագետից բացի փաստաթղթին դեմ են արտահայտվել միայն Բելառուսը, Սիրիան, Նիկարագուան ու Հյուսիսային Կորեան: Հայաստանը ձեռնպահ է քվեարկել` 34 պետությունների հետ, որոնց շարքում են Հնդկաստանը, Չինաստանը, Կենտրոնական Ասիայի պետություններն ու աֆրիկյան մի շարք երկրներ: Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանն ու Վենեսուելան քվեարկությանը չեն մասնակցել: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ էր արել աշխարհի պետություններին աջակցել բանաձևին: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու նրա` քաղաքական հարցերով փոխքարտուղար Վիկտորիա Նուլանդը երեկ հանդիպել էին Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանների հետ` կոչ անելով միաձայն դատապարտել Ռուսաստանին: «Խոսքը ՄԱԿ֊ի կանոնադրության խախտումներին և ուժով տարածքներ գրավելուն միասնաբար ոչ ասելու մասին է», - հայտարարել էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
11:00 - 13 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը խոշտանգել, սպանել է հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց, որոնք ենթարկվել են ամենազազրելի բարբարոսությունների, ներառյալ՝ սեռական բռնությունը, անդամահատումները. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանը խոշտանգել, սպանել է հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց, որոնք ենթարկվել են ամենազազրելի բարբարոսությունների, ներառյալ՝ սեռական բռնությունը, անդամահատումները. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը, մասնավորապես, ասել է.   «Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը: Անցած շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական զավթիչ ուժերն ականանետների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիմեցին հերթական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով երեք հայ զինծառայող զոհվեց։ Ադրբեջանական զինուժը շարունակում է կենտրոնանալ և ամրապնդել դիրքերը սահմանների երկայնքով և Հայաստանի օկուպացված հատվածներում՝ հետագա էսկալացիայի վտանգ ներկայացնելով։ Տարիներ շարունակ սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում Ադրբեջանի՝ պայմանագրերը չկատարելու և ռեժիմներին չենթարկվելու, չծանուցված լայնածավալ զորավարժությունների, չվերահսկվող զինուժի և տարածաշրջանային պայմանավորվածությունների շրջանակում վստահության և անվտանգության ապահովման միջոցառումներ իրականացնելուց հետևողական մերժման հաստատված արձանագրությունները ցույց են տվել մեր տարածաշրջանում հետագա ռազմական ագրեսիա հրահրելու հստակ մտադրություն: Ցավոք սրտի, համապատասխան միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից համարժեք արձագանքի և գործողությունների բացակայությունն ի պատասխան Ադրբեջանի կողմից իր իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների ակնհայտ անհամապատասխանությանը թույլ տվեց վերջինիս շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը: Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի կողմից վերջին հարձակումների և ներխուժման հարցը և կշարունակի այդ մասին բարձրաձայնել ՄԱԿ-ի և նրա համապատասխան մարմինների առջև, որպեսզի վերջինները կատարեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար իրենց պատասխանատվությունը, վճռականորեն դատապարտեն հանցավոր հարձակումները Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, կոչ անեն անհապաղ և անվերապահ դուրս բերել զորքերը ՀՀ տարածքներից։ Համոզված ենք, որ միջազգային կառույցները պետք է վճռական լինեն իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների համակարգային և կոպիտ խախտումների դեպքում։ Տարածքներ գրավելու կամ միջազգային վեճերը լուծելու համար ուժի կիրառման հանցավոր գործելաոճը պետք է միանշանակ դատապարտվի, իսկ խախտողները՝ ենթարկվեն համապատասխան պատժամիջոցների։
18:50 - 07 հոկտեմբերի, 2022
Պահանջում ենք փաստահավաք ու մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ քաղհասարակության մի շարք կազմակերպություններ դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Պահանջում ենք փաստահավաք ու մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ քաղհասարակության մի շարք կազմակերպություններ դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ, նամակով դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ կոչ անելով հանձնակատարի գրասենյակին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի կապակցությամբ։ «Մենք պահանջում ենք փաստահավաք առաքելության տեղակայում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքում իրականացրած երկօրյա հարձակման ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները հետաքննելու նպատակով։ Ի հավելումն, մենք պահանջում ենք նաև երկարաժամկետ մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին՝ որպես ուժի կիրառումը և մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելող միջոց»,- ասված է նամակում, որը ստորագրել են քաղհասարակության ավելի քան 2 տասնյակ կազմակերպություններ։ Նամակում քաղհասարակության կազմակերպությունները հիշեցրել են, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյետկները՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադարությունը և Ժնևյան կոնվենցիաները։ «Կարևոր է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիան չդիտարկվի որպես առանձին դեպք, այլ ընկալվի ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Տարածաշրջանում նկատվում է ուժի կիրառման միջոցով որոշակի նպատակների հասնելու նոր միտում։ Սովորաբար, ագրեսոր երկիրն ավելի մեծ և ավտորիտար պետություն է, որը հարձակում է գործում ժողովրդավար հարևանի վրա։ Այս միտումը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ սովորական դարձնելով ուժի կիրառումը և թուլացնելով միջազգային ինստիտուտներն ու ձևաչափերը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որոնք ստեղծվել են կարգավորելու և կանխելու հակամարտությունները։ Այս միտումն ավելի լայն համատեքստում խարխլում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Այս առումով, համարժեք և անզիջում միջազգային արձագանքը չափազանց կարևոր է իրավիճակի վատթարացումը և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտների հետագա խարխլումը կանխելու համար։ Պատերազմի ավարտից ի վեր մենք տարածաշրջանում ավելի մեծ միջազգային ներգրավվածության և ներկայության կոչ ենք արել` վերջ դնելու Բաքվի՝ հակամարտության «կարգավորման» թշնամական մոտեցմանը: Սա հիմա անհրաժեշտ է առավել, քան երբևէ։ Մարդու իրավունքների խախտումներն արձանագրող փաստահավաք առաքելությունը վերջին ագրեսիայի համատեքստում կլինի միջազգային ներգրավածությունը վկայող հզոր միջոց: Մենք նաև կոչ ենք արել քաղաքացիական դիտորդական առաքելություն իրականացնել երկու երկրների սահմանի երկայնքով, և դա շարունակում է արդիական հարց մնալ ապատեղեկատվական արշավների և Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման լույսի ներքո: Մենք անհանգստացած ենք, որ առանց պատշաճ միջոցների ստեղծված իրավիճակը ոչ միայն կվատթարացնի դրությունը Հայաստանում, այլ նաև կազդի ամբողջ տարածաշրջանի վրա: Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական հակազդեցության արժանանա՝ կանխելու մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի հետագա հնարավոր խախտումները»,- ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում։ Նամակը ստորագրել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, Հայ առաջադեմ երիտասարադություն ՀԿ, Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, Գորիսի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքի ուժ» ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, Հանրային լրագրության ակումբը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Հակախտրականության և հավասարության կոալիցիան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը, Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ։
17:13 - 03 հոկտեմբերի, 2022
Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է նոր տարածքների միավորումը չճանաչող բանաձեւի նախագիծը
 |news.am|

Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է նոր տարածքների միավորումը չճանաչող բանաձեւի նախագիծը |news.am|

news.am: Ալբանիան եւ ԱՄՆ-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդին են ներկայացրել բանաձեւի նախագիծ, որը չի ճանաչում Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների հանրաքվեները, Ռուսաստանը վետո է դրել դրա վրա,  գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Քվեարկության ժամանակ փաստաթղթին կողմ է քվեարկել տասը երկիր, դեմ՝ չորսը, այդ թվում՝ Բրազիլիան ու Չինաստանը։ Փաստաթղթում Ռուսաստանի Դաշնության գործողություններն անվանվում են անօրինական, նշվում է, որ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ չորս շրջանների կարգավիճակը փոխելու համար։ Բանաձեւը նաեւ դատապարտում է «Ռուսաստանի կողմից անօրինական, այսպես կոչված, հանրաքվեների կազմակերպումը Ուկրաինայի շրջաններում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։Բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները եւ մասնագիտացված կառույցները, փաստաթղթի հեղինակները խնդրում են չճանաչել ուկրաինական չորս շրջանների կարգավիճակի փոփոխությունը եւ դրանց միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ Բանաձեւը նաեւ կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դուրս բերել ուժերն Ուկրաինայից, գրում է «Կոմերսանտը»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։ Արեւմտյան մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։
10:26 - 01 հոկտեմբերի, 2022
Մոսկվայի գործողությունները վտանգում են խաղաղության հաստատման հեռանկարները. Գուտերեշ

Մոսկվայի գործողությունները վտանգում են խաղաղության հաստատման հեռանկարները. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները վտանգում են տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: Եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի չորս շրջանները միացնելու իր ծրագրերը, դա կնշանակի վտանգավոր էսկալացիա, որը կվտանգի տարածաշրջանում խաղաղության հեռանկարները, երեկ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: «Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները բռնակցելու ցանկացած որոշում իրավական ուժ չի ունենա և արժանի է դատապարտման», - լրագրողներին ասել է Անտոնիո Գուտերեշը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը Գուտերեշին մեղադրել է կազմակերպության կանոնադրությունը խախտելու մեջ։ «Մենք ցավում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության համար: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևողականորեն ցուցաբերում է նույն ընտրողական մոտեցումը, ինչ հավաքական Արևմուտքի երկրները՝ բառացիորեն դնելով իրեն նույն շարքում նրանց հետ» - ասվում է ռուսական առաքելության հայտարարության մեջ։
12:42 - 30 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան
 |aysor.am|

ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

aysor.am: Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Չեն կարողանում նաև ներգրավվել մեր գործընկեներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար։ Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։ Սա հերթական ձախողումն է ընտրած կուրսի», - հայտարարեց Քոչարյանը։ Նա նշեց, որ վերջին իրադարձությունների ներքո Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել է։ Երկրորդ նախագահի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու լծակները ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից։ «Այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը սեփական ուժերի շրջանակներում, ուղղակի հանցավոր անգործություն է։ ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան, «պանիխիդայի» ժամանակ հանգուցյալին ոչ-ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել և բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված», - հայտարարեց Քոչարյանը։
12:42 - 28 սեպտեմբերի, 2022