Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

«Սանիթեքն» ու քաղաքապետարանը կհանդիպեն դատարանում |civilnet.am|

«Սանիթեքն» ու քաղաքապետարանը կհանդիպեն դատարանում |civilnet.am|

civilnet.am։ «Սանիթեքը» երկու տարբեր դատական հայցեր է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով շուրջ 65 մլն դրամի գումար բռնագանձել քաղաքապետարանից։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Առաջին հայցը, որը ներկայացրել է «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը, վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին։ Հայցվորը պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել շուրջ 25 մլն դրամ, երկրորդ դեպքում հայցվոր է «Սանիթեքի» հայաստանյան մասնաճյուղը՝ 40 մլն դրամ պահանջով։Ընկերության շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Վանիկ Մարգարյանը, որը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայցից մանրամասներ չհաղորդեց՝ ասելով, որ դեռ չունի ընկերության համաձայնությունը։ Նա միայն տեղեկացերց, որ «պայմանագրային վեճ է, ընկերությանը չեն վճարվել կատարված ծառայությունների դիմաց որոշ գումարներ»։
11:23 - 03 հուլիսի, 2019
2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 1.7 մլրդ դրամ ավելի է հավաքագրվել․ Երևանի քաղաքապետարան

2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 1.7 մլրդ դրամ ավելի է հավաքագրվել․ Երևանի քաղաքապետարան

Ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակի պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%: Փաստացի հավաքագրված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.7 մլրդ դրամով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման գործընթացը: ***Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների բարեկարգման տարեկան ծրագիրը: 2019թ. շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն: Կարևորելով երթևեկության ու հետիոտնի անվտանգությունը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել գծանշումների ապահովման ուղղությամբ: ***Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 25 արձանագրություն: Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը մի շարք քրոնիկ վայրերում: ***Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 26 արձանագրություն: ***2019թ. հունիսին Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 641 հազար 29 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 9,6%-ով: ***Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ վերականգնվել է 353 լուսակետ:***Մայրաքաղաքում շարունակվում են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները կփոխարինվեն ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:***«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն, որից երկուսին ի պահ են վերցրել կենդանասերները: ***Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա՝ 237 տղա, 194 աղջիկ: ***Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող «թեժ գծի» հեռախոսահամարներով նախարոդ շաբաթ ստացվել է շուրջ 1087 հեռախոսազանգ, որից 691-ին տրվել է լուծում, իսկ 396-ի ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
17:16 - 01 հուլիսի, 2019
Անօրինական գերեզմանները հնարավոր է ենթակա լինեն տեղափոխման

Անօրինական գերեզմանները հնարավոր է ենթակա լինեն տեղափոխման

Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է: «Ունենք նախադեպ, երբ Դավթաշենի գերեզմանատան հարակից շուրջ 1 հա տարածքը 2012թ. գրավադրվել է բանկերից մեկում, որտեղ կան նաև գերեզմանատեղեր: Հիմա քննչական վարույթ է իրականացվում: Մարդիկ իրենց սեփական հողատարածքներում թե ինչ ճանապարհով, չեմ կարող ասել, բայց թույլատրել են հուղարկավորություն կատարել, որն անօրինական է»,- նշում է կազմակերպության տնօրեն Արման Իսկանդարյանը:Բոլորովին վերջերս անօրինական հուղարկավորության դեպք է գրանցվել նաև «Քանաքեռ» գերեզմանատան հարակից տարածքում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով՝ սահմանված տարածքներից դուրս հուղարկավորություն կազմակերպելու համար նախատեսված են տույժեր:«Շատ հնարավոր է, որ օրենքի ուժով ինչ-որ մի օր այդ գերեզմանները ենթակա լինեն տեղափոխման: Կոչ եմ անում մեր բոլոր բնակիչներին՝ զերծ մնալ նմանօրինակ հողային ձեռքբերումներից: Օրինական ճանապարհը միայն «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տրամադրվելիք տարածքներն են, որոնք, ի դեպ, բացառապես տրամադրվում են անվճար»,- նշում է կազմակերպության տնօրեն Արման Իսկանդարյանը: Ընթացիկ տարում Աջափնյակ վարչական շրջանում նոր տարածք կհատկացվի համայնքային գերեզմանատան համար: Միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ հանդես գալ: Համյանքային նոր գերեզմանատանը հուղարկավորությունների ու գերեզմանատեղերի համար կսահմանվեն միանման չափորոշիչներ:
06:23 - 28 հունիսի, 2019
Առևտրի օբյեկտներում հայտնաբերվել են առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով ապրանքներ

Առևտրի օբյեկտներում հայտնաբերվել են առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով ապրանքներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող առևտրի օբյեկտներում, ինչի արդյունքում հայտնաբերվել են առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով ապրանքներ, տարբեր տեսակի սննդամթերք և խնամքի միջոցներ, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմվել են 16 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, ինչի համար նախատեսվում է հարյուրից մինչև երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ: Մասնավորապես` Մովսես Խորենացու փողոցի թիվ 6 հասցեում գործող «Վաս» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով սառը թեյ, առանց պիտանիության ժամկետի մակնշման հում ապխտած երշիկ, իսկ Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս: Վերը նշված խանութների տնօրինությունը, խախտելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 14-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի պահանջները, փորձել է խոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին, չեն կատարել տեսուչների օրինական պահանջները և ցուցումները, իսկ «Էվրիկա-95» խանութում նույնիսկ փորձել են հսկողությունից թաքցնել պիտանիության ժամկետն անցած ապրանքները, սակայն այնուամենայնիվ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Երևանի քաղաքապետարանը հորդորում է բոլոր տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելուց, իսկ քաղաքացիներին` Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտներում նման ապրանքներ հանդիպելիս ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-05 թեժ-գծի հեռախոսահամարով:
15:09 - 24 հունիսի, 2019
Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են վերգետնյա և ստորգետնյա անցումների, ինչպես նաև կամուրջների և ուղեանցների (թունելների) ճակատային հատվածներում տեղադրված անօրինական գովազդները: «Ապամոնտաժվող գովազդային միջոցները տեղադրված էին Երևան համայնքի սեփականություն համարվող գույքային միավորների վրա, որոնք օգտագործելու առումով առկա չէ իրավահաստատող որևէ փաստաթուղթ: Նման դեպքերն անթույլատրելի են, և Երևանի քաղաքապետարանը իր ողջ ներուժը կօգտագործի նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,-նշում է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը: Գույքագրված թվով 13 գովազդային պաստառներից 7-ն արդեն ապամոնտաժվել են: Առաջիկա օրերին կապամոնտաժվեն նաև մյուս գովազդները: «Գործող օրենսդրությունը նախատեսում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորները տրամադրվում են մրցութային կարգով: Ցանկանում եմ խնդրել և հորդորել մեր սիրելի քաղաքացիներին՝ խուսափել անօրինություններից»,-ընդգծում է Գարիկ Խաչատրյանը: Մրցութային կարգը սահմանում է այն չափորոշիչները, թե քաղաքի որ հատվածում և ինչ տեսակի գովազդային վահանակ կարող է տեղադրված լինել: Այդկերպ նաև տնտեսվարողների համար ստեղծվում են հավասար պայմաններ և հնարավորություններ:Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը գույքագրում է նաև օրենսդրությանը չհամապատասխանող այլ գովազդները:
16:47 - 17 հունիսի, 2019
Քննարկվում է Երեւանի քաղաքապետարանի նոր հիմնարկի կառուցվածքը եւ հաստիքացուցակը |lragir.am|

Քննարկվում է Երեւանի քաղաքապետարանի նոր հիմնարկի կառուցվածքը եւ հաստիքացուցակը |lragir.am|

lragir.am: Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քննարկվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնեական դրույքաչափերը նախագիծը:Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ ավագանու որոշմամբ արդեն ստեղծվել է այս հիմնարկը:Նախագծի համաձայն՝ հիմնարկի տնօրենի աշխատավարձի հաստիքի չափը 850 հազար դրամ է, փոխտնօրենինը՝ 650 հազար դրամ: Գլխավոր ինժեների հաստիքի համար սահմանված է 600 հազար, ֆինանսատնտեսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահի հաստիքի համար՝ 650 հազար, աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետ՝ 500 հազար, տեխնիկական միջոցների պատասխանատու ինժեներ՝ 400 հազար դրամ և այլն: Հավաքարարների համար սահմանված է 200 հազար դրամ աշխատավարձ:Հայկ Սարգսյանն ասաց, որ նաև պարգևատրման ֆոնդ է նախատեսվում աշխատակիցների համար:«Կարծում եմ՝ աշխատավարձերը բարձր են մի փոքր, և դրա հիմնավորումն ունենք: Այս ընկերության տնօրենի աշխատավարձն անգամ քաղաքապետի աշխատավարձից բարձր է: Կարծում ենք՝ դա օրինաչափ է՝ կախված այն ծավալից ու աշխատանքի բնույթից, որն իրականացվելու է այս հիմնարկի կողմից: Այս հիմնարկն իրականացնելու է քաղաքապետի ամենակարևոր լիազորություններից մեկը՝ աղբահանության իդեալական վիճակի ապահովումը: Համենայնդեպս մեր հավականությունները սրանք են այս ընկերության նկատմամբ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ձախողումների պատճառներից մեկը նաև ոչ բավարար վարձրատրությունն է եղել»,- ասաց փոխքաղաքապետը:
12:24 - 17 հունիսի, 2019
Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արևելյան մայրաքաղաքը. Հայկ Մարությանը՝ Ստեփանակերտում

Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արևելյան մայրաքաղաքը. Հայկ Մարությանը՝ Ստեփանակերտում

Երևանի քաղաքապետի՝ Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը:ԻՆչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է. «Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արևելյան մայրաքաղաքը՝ պայծառ, մաքուր, կոկիկ ու, ամենակարևորը՝ անամպ երկնքի տակ: Ընդ որում, այստեղ մաքուր են ոչ միայն փողոցներն ու պուրակները, այստեղ մաքուր են մարդկանց աչքերն ու հոգիները, և մենք, այո՛, Արցախի հերոս ժողովրդի ջերմությունն ու մաքրությունը պետք է հետներս տանենք ու փոխանցենք Ձեր երևանաբնակ եղբայրներին ու քույրերին: Ուրախությամբ եմ ուզում նշել, որ մեր երկու մայրաքաղաքներն իրար հետ շփման բազմաթիվ առիթներ են ունենում՝ սկսած փոխայցելություններից, համատեղ կառուցապատման ու բարեկարգման ծրագրերից, վերջացրած՝ մշակութային ու մարզական միջոցառումներով: Եվ առավել ուրախ եմ, որ այդ միջոցառումները գնալով ավելի մեծ թափ են հավաքում և արդեն միջազգային մասշտաբներ են ձեռք բերում: Մի քանի շաբաթ հետո Երևանն ընդունելու է Ֆուտբոլի միչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Սա մեր քաղաքի համար իսկապես խոշոր իրադարձություն է լինելու, թերևս ամենախոշոր մարզական միջոցառումը մեր երկրի պատմության մեջ: Իսկ բոլորովին վերջերս Արցախում ու մասնավորապես, Ստեփանակերտում բարձր մակարդակով անցկացվեց ֆուտբոլային մեկ այլ միջազգային մրցաշար՝ CONIFA-ի գավաթը: Մենք ոգևորությամբ էինք հետևում այդ խաղերին: Ավելի մեծ ոգևորությամբ սպասում ենք Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկին, որոնք նույնպես կայանալու են Արցախի հյուրընկալ հողում»:Երևանցի տաղանդավոր փոքրիկներն իրենց կատարումներով հրաշալի երեկո են պարգևել արցախցիներին:
09:48 - 14 հունիսի, 2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման շրջանակում քննարկվել են Երևանի և Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր իր առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Ստեփանակերտ: Կարևորելով հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերն ու համագործակցությունը՝ քաղաքապետ Մարությանը վերահաստատել է փոխգործակցության ընդլայնման հարցում իր պատրաստակամությունը:***ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառներում: Երևանի քաղաքապետը և ԱՀ պետական նախարարն առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը:«Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: Հույս ունեմ, որ հայկական պետությունների մայրաքաղաքների միջև կապն ավելի կամրանա, իսկ համատեղ աշխատանքները նոր որակ կստանան կրթական, մշակութային և մարզական բնագավառներում»,- նշել է նախարարը:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է առաջնահերթություններից՝ կարևորելով Ստեփանակերտի և Երևանի միջև կրթական ու մարզամշակութային կապերի խորացումը: Կրթության ոլորտում մասնավորապես կարևորվել է ուսուցիչների վերապատրաստումը: Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնմանը՝ հատկապես մարզական կարևոր միջոցառման՝ Համահայկական խաղերին ընդառաջ:«Արցախից է սկիզբ առնում ուժն ու եռանդը, իսկ հայրենասիրության օջախը հենց Ստեփանակերտն է»,- ընդգծել է Հայկ Մարությանը:Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:***Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերի հանդիպման շրջանակում Հայկ Մարությանն ու Սուրեն Գրիգորյանն ամփոփել են երկարամյա համագործակցության արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես մեր երկրի արևելյան մայրաքաղաքի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու նշել, որ սերտ համագործակցությունը Ստեփանակերտի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի հաջողված փորձը կարևոր է և անհրաժեշտ Ստեփանակերտի համար:
07:00 - 14 հունիսի, 2019
Գծատերերին լիցենզիայից զրկելը նվեր է՝ ոչ թե պատժամիջոց․ քաղաքապետ |epress.am|

Գծատերերին լիցենզիայից զրկելը նվեր է՝ ոչ թե պատժամիջոց․ քաղաքապետ |epress.am|

epress.am։ Ազգային ժողովում Երևանի քաղաքագլուխ Հայկ Մարությանը՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ․Հայկ Մարության․ — Վարորդին աշխատանքից ազատելը կամ չազատելը որոշում է մասնավորը, որովհետև սա մասնավոր գիծ է, և այդ ընկերությունն է որոշում կայացնում։ Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել, որոնք դրվում են բոլոր վարորդների նկատմամբ։․․․Հանրային տրանսպորտը այս պահին 90 տոկոսով մասնավորին է պատկանում։ Ես անձամբ այս սխեմային դեմ եմ։ Ես գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծամասամբ պետք է կառավարի համայնքը, պետք է կառավարի պետությունը։ Մենք արդեն ունենք պատրաստ ծրագիր, մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը կառավարությանը, և այս պահին կառավարության կողմից հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ պետք է քննարկվի վերջնական, այսինքն՝ բոլոր շահագրգիռ մարմինները պետք է ներկա լինեն։ Քննարկենք վերջնական այս ծրագիրը և արդեն սկսենք ի կատար ածել։Այնտեղ, մեր պատկերացմամբ, մեծամասամբ, եթե ոչ լրիվ, տրանսպորտը լինելու է համայնքային կամ պետական, ոնց ուզում եք անվանեք։Գծատերերը, ես ձեզ վստահեցնում եմ, վերջին չորս տարվա մեջ ոչ մի ներդրում չեն անում գրեթե, որովհետև իրենք էլ սպասում են այս նոր տրանսպորտային համակարգին։ Ասեմ ավելին՝ մենք ունենք այս պահին գործող մոտ 900 միկրոավտոբուս, որոնցից 450-ը մյուս տարի դառնում են 15 տարեկան։ Օրենքով այս պահին արգելվում է, որ իրենք շահագործվեն։ Սա խոսում է այն մասին, որ գծատերերը ոչ մի ներդրում չեն անում։ Այսինքն՝ իրենք ապագա չեն տեսնում այստեղ։Լրագրող․ — Ավելի ճիշտ չէր լինի՞ գծատերին լիցենզիայից զրկել, քան վարորդին գործից ազատել [վարորդի մասին, որին գործից ազատել են ու որը, պարզվել է, վկայական չի ունեցել]:Մարության․ — Ես նորից եմ ասում, սա մասնավոր ընկերություն է, որը իր քաղաքականությունը վարում է։ Մենք իրավունք էլ չունենք սահմանադրությամբ մտնելու իրենց գործերի մեջ։ Մենք կարող ենք մեր լիազորությունների սահմաններում մեր գործողությունները իրականացնել։ Եթե դուք խոսում եք լիցենզիաներից զրկելու մասին, չասեմ ձեզ գաղտնիք, բայց ասեմ դառը ճշմարտություն, որ այսօր շատ և շատ մասնավորներ գալիս են, ասում են՝ խնդրում ենք, սիրելի քաղաքապետարան, վերցրեք գիծը մեզնից, չենք ուզում։ Ձեռք չի տալիս, մենք չենք ուզում սպասարկել այս գիծը։ Եվ դրանք քիչ չեն։ Այսինքն՝ այսօր, որ դուք ասում եք մենք զրկում ենք լիցենզիայից այս գիծը, ես ձեզ վստահեցնում եմ, որ սա իրենց համար նվեր է լինելու, ոչ թե պատժամիջոց։
05:53 - 13 հունիսի, 2019
«Սանիթեք»-ը քրեակատարողական հիմնարկների աղբահանությունն ուշացումներով է կատարում |hetq.am|

«Սանիթեք»-ը քրեակատարողական հիմնարկների աղբահանությունն ուշացումներով է կատարում |hetq.am|

hetq.am։ Աղբահանությունից դժգոհում են ոչ միայն Երևան քաղաքի բնակիչները այլև մայրաքաղաքում գտնվող քրեակատարողական հիմնարկները: Այստեղ նույնպես օրերով, երբեմն էլ՝ շաբաթներով աղբի տեղափոխություն «Սանիթեք» ընկերությունը չի իրականացնում: Ականատես ենք եղել, թե ինչպես է աղբի բլրակ գոյացել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում: Երբ ներսում էինք, այդ պահին բեռնատար ավտոմեքենայի ձայն լսվեց և քրեակատարողականի աշխատակիցները «աչքալուսանքի» նման իրար փոխանցեցին, թե եկել են աղբը տանեն, սակայն պարզվեց, որ սնունդ բերող ավտոմեքենան էր: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանը պարզաբանեց, որ «Սանիթեք»-ը պարտավորվել է շաբաթը երկու անգամ իրականացնել աղբի տեղափոխում, սակայն կատարում են երբ կարողանում են: Տարածքում արդեն տարածվել էր աղբի հոտը: ՔԿՀ-ում մտավախություն ունեն, որ այս վիճակը շարունակվելու դեպում, ձմերուկի, սեխի սեզոնին, տարածքով անցնել չի լինի գարշահոտությունից:Ավելին՝ hetq.am
05:36 - 13 հունիսի, 2019
Հայկ Մարությանի կարծիքով` հանրային տրանսպորտը պետք է ղեկավարի համայնքը |armenpress.am|

Հայկ Մարությանի կարծիքով` հանրային տրանսպորտը պետք է ղեկավարի համայնքը |armenpress.am|

armenpress.am: Երևանում հանրային տրանսպորտն 90 տոկոսով պատկանում է մասնավոր ընկերություններին: Քաղաքապետ Հայկ Մարությանը դեմ է դրան և պատկերացնում է, որ առաջիկայում այն պետք է լինի համայնքի, պետության կառավարման ներքո:Մարությանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:«Հանրային տրանսպորտը 90 տոկոսով մասնավորին է պատկանում: Ես այդ սխեմային դեմ եմ: Ես գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծամասամբ պետք է կառավարի համայնքը, պետությունը»,-ասաց Մարությանը:Նա նշեց, որ նաև ունեն պատրաստ ծրագիր, ներկայացրել են կառավարություն, և այս պահին կառավարության կողմից հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ պետք է վերջնական քննարկվի ծրագիրն ու ի կատար ածվի: «Այստեղ մեր պատկերացմամբ տրանսպորտը լինելու է համայնքային կամ պետական: Վստահեցնում եմ, որ վերջին չորս տարում «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում և սպասում են նոր տրանսպորտային համակարգին»,-նշեց քաղաքապետը:Նա տեղեկացրեց, որ այս պահին Երևանում գործում է 900 միկրոավտոբուս, որոնցից 450-ը հաջորդ տարի դառնում են 15 տարեկան: Օրենքով արգելվում է, որ դրանք շահագործվեն: Մարությանի կարծիքով` դա խոսում է նրա մասին, որ «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում:Նա նշեց, որ շատ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ գալիս են և խնդրում, որ այն գիծը, որն իրենք սպասարկում են, վերցնեն, չեն ուզում սպասարկել, քանի որ ձեռնտու չէ: Մարությանը վստահեցրեց, որ եթե համայնքը կառավարի հանրային տրանսպորտը, դա ոչ թե պատիժ, այլ նվեր է լինելու այդ մասնավոր ընկերությունների համար:
12:53 - 12 հունիսի, 2019