Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ու Լիտվայում ՀՀ դեսպանը քննարկել են կենսաթոշակային ոլորտում առկա մարտահրավերները

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ու Լիտվայում ՀՀ դեսպանը քննարկել են կենսաթոշակային ոլորտում առկա մարտահրավերները

Լիտվա կատարած այցի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Վիլնյուսում՝ Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանի հետ։ Վերջիններս քննարկել են սոցիալական ոլորտին վերաբերող խնդիրները, մասնավորապես՝ կենսաթոշակային ոլորտում առկա մարտահրավերները՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Եվրամիության անդամ պետություններում։ Կարևորելով Եվրամիության հետ ոլորտային հարաբերությունների զարգացումը՝ նախանշվել են կենսաթոշակային ոլորտում մերձբալթյան երկրների հետ համագործակցության, կուտակված փորձի փոխանակման, ՀՀ-Մերձբալթյան երկրների սոցիալական ոլորտի գերատեսչությունների միջև համագործակցության հուշագրեր և պայմանագրեր ստորագրելու հնարավորությունները։
22:04 - 14 մայիսի, 2022
Անընդունելի է երեխաներին քաղաքական գործընթացներում ներքաշելը. ԱՍՀՆ

Անընդունելի է երեխաներին քաղաքական գործընթացներում ներքաշելը. ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.   «Հարգելի՛ քաղաքացիներ,   Խաղաղ հավաքներին երեխաների մասնակցությունն ապահովելու գործընթացը կարգավորվում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով: Վերջին օրերին, սակայն, համացանցում տարածվում են որոշ տեսանյութեր, որոնք երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից խիստ մտահոգիչ են։   Տեսանյութերում երեխաները մասնակցում են հավաքների, որոնց ընթացքում վերջիններիս ներկայությամբ ոչ միայն հնչում է ատելության խոսք, այլև երեխաներն իրենք են բառացիորեն կրկնում նույնը։ Լինելով երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող գերատեսչություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անընդունելի է համարում երեխաների մասնակցությամբ ատելության խոսք, բռնության կոչ հնչեցնելը, նրանց քաղաքական գործընթացներում ներքաշելը։   Հորդորում ենք երեխաների ծնողներին ու խնամակալներին պարտադիր առաջնորդվել նրանց լավագույն շահով․ հավաքներին՝ ապահովել երեխայի մասնակցությունն այն դեպքում, երբ վերջինս այն տարիքում և այն հասունության է, որ գիտակցում է իր մասնակցությունն ու անհրաժեշտությունն իրացնելու իր այդ իրավունքը»:
14:06 - 07 մայիսի, 2022
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նախ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայիս համակարգին, առկա խնդիրներին ու թերություններին, հաշմանդամության փորձաքննության գործընթացին, մատուցվող ծառայություններին, երաշխիքներին, ինչպես նաև սոցիալական պաշտպանությանը: Նշվել է, որ հաշմանդամության քաղաքականության փոփոխության նոր մոդելը նախատեսում է առավել հասցեական մոտեցում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաշվի առնելով նաև ընտանիքների հնարավորություններն ու կարողությունները: Բացի այդ, նախատեսվում է Միասնական սոցիալական ներկայիս 34 ծառայությունների փոխարեն այդ թիվը հասցնել 49-ի, բարելավել վերջիններիս ենթակառուցվածքներն ու ներգրավել մասնագիտական նոր կարողություններ: Այնուհետև անդրադարձ է կատարվել մոդելի ներդրման «ճանապարհային քարտեզ»-ին, ինչպես նաև՝ նոր համակարգից ակնկալվող արդյունքներին: Զեկուցվել է, որ մոդելը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Ամփոփելով քննարկումները՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրային կյանքում ներգրավվածության ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումն ու հասցեական աջակցության ապահովումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում ներկայացված գաղափարներն ու առաջարկությունները, որոնք միտված են մոդելի արդյունավետության բարձրացմանը, ներառել նախագծում՝ լրամշակելով այն:   
16:11 - 02 մայիսի, 2022
Տեղի է ունեցել Աշխատանքի օրվան նվիրված հանդիպում–քննարկում

Տեղի է ունեցել Աշխատանքի օրվան նվիրված հանդիպում–քննարկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է հանդիպում–քննարկում՝ Աշխատանքի օրվան նվիրված։ Այս մասին հայտնում են նախարաության մամուլի ծառայությունից։   Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամները, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խաչատրյանը։   Հանդիպում–քննարկմանն իրենց մասնակցությունն են ունեցել ՄԿՈՒ հաստատությունների և բուհերի ուսանողները, Կարիերայի կենտրոնների պատասխանատուները, Վորլդ Վիժըն-Հայաստան կազմակերպության մարզային ակտիվ երիտասարդները։   Միջոցառման նպատակն էր ապահովել երիտասարդների իրազեկվածությունն՝ աշխատանքային իրավունքի և գործատու-աշխատող իրավահարաբերությունների, արհմիությունների մասին։ Պանելային քննարկումից հետո մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։   Կարևորելով աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը դեռևս ուսումնառության շրջանում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել իրազեկման այս ձևաչափով հանդիպումները։  
19:52 - 01 մայիսի, 2022
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրվածները կօգտվեն մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից

 |armenpress.am|

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրվածները կօգտվեն մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից |armenpress.am|

armenpress.am:  Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդները հնարավորություն կունենան օգտվել մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողին  բանակից վերադառնալուց հետո առաջարկվելու է մոտենալ միասնական սոցիալական տարածքային գրասենյակ: « Նպատակը գործազրկության կանխումն է, ինչպես նաև մարդկանց հնարավորություն տալ հասկանալու, թե  ինչ են ուզում իրենք»,-ասաց նա: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդների համար զբաղվածության ուղղությամբ արդյունավետ խորհրդատվության տրամադրման համար իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ։ Ծրագիրը նպատակ ունի մասնագետներին ծանոթացնել այն գործիքակազմին, որը հնարավորություն կտա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդներին աջակցել կրթության և ուսուցման, զբաղվածության ապահովման, աշխատաշուկայում մրցունակ լինելու գործընթացում։ Գնահատելով նրանց կարիքները՝ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ  հասարակությունում նրանց վերաինտեգրելու և տնտեսապես ակտիվացնելու ուղղությամբ։
14:43 - 27 ապրիլի, 2022
Առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծրագրին դիմելու ընթացակարգը հաստատվել է

Առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծրագրին դիմելու ընթացակարգը հաստատվել է

Հաստատվել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը․ «Ընթացակարգի համաձայն՝ դիմողը պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի Միասնական սոցիալական ծառայություն մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը. որոշման պահանջներին համապատասխանելու դեպքում՝ վերջինիս կտրվի շահառուի կարգավիճակ (հիմք է ընդունվում Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված շահառուների ցուցակը և Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովության պետական աջակցության որևէ ծրագրի շահառու չհանդիսանալու մասին ստացված տեղեկատվությունը)։   Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am վեբկայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր․ առցանց դիմումներ» պատուհան և լրացնել պահանջվող տվյալները։ (Հղումը՝ https://bit.ly/37WXffK):  Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում 2020 թ․ պատերազմի հետևանքով տեղահանված շուրջ 3000 արցախցի ընտանիքներ հնարավորություն ունեն ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները։ Շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։  Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝ •   Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով, •   ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով, •   Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով։ Վարկային հայտը դիտարկելիս՝ ֆինանսավորող կազմակերպությունները պետության կողմից սուբսիդավորվող գումարների մասով չեն կատարի վարկառուի վարկունակության գնահատում։ Այսինքն, եթե վարկի գումարը չի գերազանցում պետության կողմից սուբսիդավորվող  չափերը, ապա շահառուն հավաստագրի ներկայացման դեպքում կարիք չի ունենա ֆինանսավորող կազմակերպությանը ներկայացնել իր վարկունակությունը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն և տեղեկանքներ (աշխատավարձ, այլ եկամուտներ և այլն)»։
11:51 - 15 ապրիլի, 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս»-ի միջև հուշագիր է ստորագրվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս»-ի միջև հուշագիր է ստորագրվել

Աշխատանք փնտրողների, միգրանտների, տեղահանված անձանց, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բնակիչների և հայրենադարձների շահերի պաշտպանության ուղղությամբ համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այսպիսով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել աջակցել «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ոլորտային ծրագրերի իրականացման գործում, ապահովել և զարգացնել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատանքային միգրանտների (արտերկիր մեկնել պատրաստվող կամ ցանկացող) խորհրդատվության տրամադրման առկա համակարգը։ Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ձեռներեցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել ՀԿ կողմից նախաձեռնվող հետազոտությունների ու ուսումնասիրությունների աշխատանքներին։ Հուշագրի շրջանակում «Հայկական կարիտասը» պարտավորվել է Միասնական սոցիալական ծառայությանը տեղեկատվություն հաղորդել աշխատանք փնտրողների, աշխատանքային միգրացիայի և ՌԴ-ում գործող միգրացիոն օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև թիրախային խմբերի հետ տարվող աշխատանքներում ներգրավված ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատակիցներին տրամադրել մշակված նյութեր, վերլուծություններ և ձեռնարկներ։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել դասընթացներ և սեմինարներ՝ աշխատանք փնտրողների, միգրանտների և տեղահանված անձանց կայուն ինտեգրման մեխանիզմների շուրջ։
22:27 - 04 ապրիլի, 2022
Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժինը: Պաշտպանը ողջունելով նախարարին՝ շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով աշխատանքային քննարկման առաջարկին արձագանքելու համար համար: Քրիստիննե Գրիգորյանը որպես նախաբան նշել է, որ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվող բողոք-դիմումների զգալի մասը նաև օբյեկտիվ պատճառներով վերաբերելի են հենց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասություններին: Միաժամանակ՝ ընդգծելով, որ նման հանդիպումը կարևոր է նաև տարիներ շարունակ չլուծված բարդ խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացում Նախարարության դիրքորոշումն ու դժվարություններն արձանագրելու համար: Նախարար Նարեկ Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր իր առաջին հանդիպումն է ՄԻՊ-ի հետ և ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմի զեկույցները ոչ միայն կարևոր են նախարարության քաղաքականության մշակման համար, այլ նման ձևաչափով գործընկերային աշխատակարգի սահմանումը կարող է առավել արդյունավետ դարձնել արձանագրվող խնդիրների լուծումը, որոնց շահառուն ՀՀ քաղաքացիներն են: Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է որոշ հրատապ հարցերի վերաբերյալ նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը։ Հանդիպման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Նախարարին և տեղակալին ներկայացրել են վերհանված ոլորտային խնդիրները։ Պաշտպանի կողմից առանձնացվել են երեք առաջնահերթ թեմաներ: Մասնավորապես՝ քննարկվել են. • Շուրջ 15 տարի ձգվող «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուներ» հասարակական կազմակերպության անդամների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքի սահմանափակումների խնդիրը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան: • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ կատարված այցի շրջանակում վերհանված խնդիրները: • «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման չհայտարարված այցի շրջանակներում 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի ուսումնասիրման ընթացքում կրկին վերհանված խնդիրները: Նախանշված ուղղություններով ՄԻՊ աշխատակազմի և նախարարության աշխատակիցների ներգրավմամբ համատեղ աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզային սոցիալական ծառայությունների գործունեությանը, հաշմանդամության կարգի սահմանման փորձաքննությունների իրականացմանը, ինչպես նաև անօթևան մնացած մարդկանց արագ և պատշաճ արձագանքման խնդիրների մասով կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ գտնելուն միտված հարցեր։ Ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ կողմերը նախանշած առաջնահերթություններով համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամություն են հայտնել:
19:59 - 24 մարտի, 2022
Հայաստան ժամանած Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիներից սոցիալական աջակցության դիմումներ չեն ստացվել. նախարար |armenpress.am|

Հայաստան ժամանած Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիներից սոցիալական աջակցության դիմումներ չեն ստացվել. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից սոցիալական աջակցության համար դիմումներ չեն ստացվել: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Ցանկացած տեսակի հարց, որ կարող է քաղաքացիների կողմից բարձրացվել, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով: Կարող եմ ասել, որ այսօրվա տվյալներով չունենք դիմումներ, հասցեագրված միասնական սոցիալական ծառայությանը կամ նախարարությանը Հայաստան ժամանած ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից: Հետևաբար, այս ուղղությամբ որևէ սոցիալական ծրագրի հարց նախարարությունում չի քննարկվում»,-ասաց նախարար Մկրտչյանը: Նախարարը տեղեկացրեց, որ միայն մեկ կամ երկու դեպք է եղել, երբ Ուկրաինայի հայ քաղաքացիները, որոնք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, հետաքրքրվել են կենսաթոշակի հետ կապված հարցերով: «Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին (խմբ. ռուս-ուկրաինական զարգացումներ), սոցիալական ծրագրերի պահանջ լինելու դեպքում, անպայման քննարկման թեմա կդարձնենք»,-ասաց նախարարը:  
15:04 - 24 մարտի, 2022
Նախարարությունն առաջարկում է ժամանակավոր անաշխատունակության նպաստին առնչվող նոր կարգավորումներ |armenpress.am|

Նախարարությունն առաջարկում է ժամանակավոր անաշխատունակության նպաստին առնչվող նոր կարգավորումներ |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստի տրամադրման ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ վերանայման հետ։ Ազգային ժողովում ներկայացնելով «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախագծի նպատակն է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների կարգավորումն է։ ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝  վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը: Գործող կարգավորումներով ժամանակավոր անաշխատունակությունը առնչվում է հաշմանդամության սահմանման հետ, սակայն իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ հաշմանդամությունը սահմանվում է ավելի ուշ, քան ժամանակավոր անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է։ Լինում են դեպքեր, երբ հաշմանդամություն սահմանվում է ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման առկայությամբ, այլ օրինակ ինքնուրույն տեղաշարժման կամ կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման դեպքում, երբ կարող է անաշխատունակության թերթիկ չտրվել, սակայն, առողջական վիճակով պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումը հանգեցնի հաշմանդամության ճանաչման։ Այսինքն՝ հաշմանդամությունը կարող է սահմանվել նաև անաշխատունակության ժամանակահատվածում, իսկ անձի անաշխատունակությունը կարող է վերականգնվել ավելի ուշ, քան հաշմանդամություն սահմանելը»,- ասաց Խաչատրյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ եթե անձը վարձու աշխատող է և առողջության հետ կապված դեպք է տեղի ունեցել, վերջինս պետք է փորձաքննվի հաշմանդամության խումբ ձեռք բերելու համար․ անձը պետք երեք ամիս չաշխատի, գտնվի անաշխատունակության մեջ, որից հետո կարող է դիմել հաշմանդամության խմբում ընդգրկվելու համար սոցիալական փորձաքննություն անցնելու համար։ «Օրենքի գործող կարգավորումներով հաշմանդամություն սահմանելուց հետո անաշխատունակության թերթիկ և, հետևաբար, նպաստ չի տրամադրվում, անաշխատունակության թերթիկը չի երկարաձգվում։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության տրման ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ վերանայման հետ։ Սրանով ֆիքսում ենք, որ անաշխատունակության մեջ գտնվելը և նպաստ ստանալը գործատուից չի կապվում այլևս հաշմանդամության խումբ ձեռք բերելու բժշկասոցիալական փորձաքննության գործընթացների հետ»,- եզրափակեց Խաչատրյանը։
12:16 - 23 մարտի, 2022
Փոխնախարարը չէր եկել զեկուցման. Ռուբինյանը հանձնարարեց կապ հաստատել կառավարության հետ |hetq.am|

Փոխնախարարը չէր եկել զեկուցման. Ռուբինյանը հանձնարարեց կապ հաստատել կառավարության հետ |hetq.am|

hetq.am: Կառավարության ներկայացրած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կառավարության ներկայացուցիչը չէր եկել խորհրդարան: Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը ամբիոնի մոտ հրավիրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին, սակայն վերջինս խորհրդարանում չէր: «Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»,- քարտուղարությանը դիմեց Ռուբինյանը, ապա տեղեկանալով նրա բացակայության մասին՝ քսան րոպե ընդմիջում հայտարարեց: «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան», -ասաց նա, ինչից հետո նիստն ընդմիջվեց քսան րոպեով:
11:20 - 22 մարտի, 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը լատվիացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը լատվիացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Նյու Յորք կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության բարեկեցության նախարար Գատիս Էգլիտիսի հետ։  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր տարբերակները, ընդգծվել կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Նարեկ Մկրտչյանը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, զբաղվածության քաղաքականության վերաբերյալ լատվիական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, տեղայնացումը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան քայլեր ձեռնարկել ոլորտային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
15:32 - 17 մարտի, 2022
Հայաստանն ամփոփում է #ՄԱԹԵՄարդ արշավը՝ նշանավորելով Մաթեմատիկայի միջազգային օրը

Հայաստանն ամփոփում է #ՄԱԹԵՄարդ արշավը՝ նշանավորելով Մաթեմատիկայի միջազգային օրը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի (ԿԳՄՍ) ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները Մաթեմատիկայի միջազգային օրը՝ մարտի 14-ին, ամփոփել են ՄԱԹԵՄարդ արշավը։ ՄԱԹԵՄարդի նպատակն է դեռահասների ու երիտասարդների, հատկապես՝ աղջիկների շրջանում նպաստել գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) կրթությանն ու կարիերային՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»։ 2021 թ. Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային ճեղքվածքի զեկույցի համաձայն՝ STEM բնագավառում կանանց և աղջիկների ներգրավվածությունը Հայաստանում կազմում է 10.16 տոկոս, իսկ տղաներինը՝ 22.50 տոկոս։ «ՄԱԶԾ ImpactAIM-ի շրջանակում մենք մշակել ենք Աքսելերատոր#5 ծրագիրը՝ ուղղված կայուն զարգացման հինգերորդ նպատակին։ Աքսելերատոր#5-ը վերջին երեք տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԻԼՏԿ հիմնադրամի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի հետ գործակցաբար Հայաստանում խրախուսել է ավելի քան 1000 աղջիկների ու երիտասարդ կանանց կրթությունն ու կարիերան STEM բնագավառում։ ՄԱԹԵՄարդն արշավ է, որը մեր երկրում մղում է հարյուրավոր երիտասարդների մուտք գործել STEM ոլորտ», - նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում փետրվարի 21-25-ը Երևանում, իսկ փետրվարի 28-ից մարտի 4-ը Սիսիանում կազմակերպվել են հնգօրյա աշխատարաններ, որոնց մասնակցում էին Աքսելերատոր#5 ծրագրի շրջանավարտները՝ 10-14 տարեկան 40 աղջիկ։ Աշխատարանների մասնակիցները նկարիչ Տիգրան Մանգասարյանի և երիտասարդ կին մենթորների ուղղորդմամբ սովորել են կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը, մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։ «Այսօր դպրոցներում ավելի շատ աղջիկներ կան, քան երբևէ, բայց նրանք միշտ չէ, որ ունենում են իրենց ընտրությամբ կրթություն ստանալու այն նույն հնարավորությունը, որն ունեն տղաները։ Շատ հաճախ կանանց և աղջիկներին հետ են պահում նախապաշարմունքներն ու սոցիալական նորմերը, որոնց պատճառով նրանք չեն կարողանում մուտք գործել կրթության այն ոլորտ, որում մեծ ներուժ ունեն։ Աղջիկները պատշաճ ներկայացված չեն հատկապես STEM բնագավառում։ Հետևաբար նմանօրինակ նախաձեռնություններով STEM ոլորտ աղջիկների և կանանց մուտքը խրախուսելը կարևոր հրամայական է։ Ահա թե ինչի մասին է ՄԱԹԵՄարդը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Մաթեմատիկան գիտություն է, որը ճանապարհ է բացում դեպի մյուս գիտություններ։  Սակայն, ցավոք, մենք դեռևս ունենք հանրային կարծրատիպեր, ըստ որոնց՝ STEM ոլորտում առավել մեծ ընդունակություններ ունեն տղաները։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է առաջ տանել գաղափարը, որ մաթեմատիկան կարևոր է, և աղջիկները ևս պետք է մուտք գործեն մաթեմատիկայի ոլորտ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Արշավի շրջանակում ՄԱԶԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ են կազմակերպել, որին մարտի 2-9-ը ավելի քան 300 պատանի է մասնակցել։ Մրցույթի հաղթողները հայտնի դարձան այսօր՝ մարտի 14-ին՝ Մաթեմատիկայի միջազգային օրը կայացած միջոցառման ընթացքում։ Լավագույն լուսանկարների հեղինակները ստացան հատուկ մրցանակներ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակելու են աշխատել ՄԱԹԵՄարդ կոմիքսների գրքի էսքիզների վրա, որոնց վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը։   ՄԱԹԵՄարդ արշավը Աքսելերատոր #5 ծրագրի բաղադրիչն է, որը նպատակ ունի խրախուսել Հայաստանում կանանց և երիտասարդ աղջիկներին իրենց առաջին քայլերը կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագիրը նախաձեռնել է ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԻԼՏԿ հիմնադրամի հետ համատեղ։ Աքսելերատոր #5 ծրագիրը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) COVID-19-ի արձագանքման և հետևանքների վերացման բազմագործընկերային նպատակային  հիմնադրամի (COVID-19 MPTF) կողմից:  
21:55 - 14 մարտի, 2022
Մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը

Մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը

Այսօրվանից մեկնարկում է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը, որն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։   Սահմանված գումարը (20-ից 40 հազար դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար։ ՀԿԽԸ կողմից աջակցություն ստացող բոլոր քաղաքացիները կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:   ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության կողմից աջակցության փոխանցման գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին և կամբողջացվի մեկ շաբաթվա ընթացքում։   Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են, որոնք հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն կստանան հետևյալ չափերով՝   • անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ,   • մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։    
18:59 - 02 մարտի, 2022