Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։