Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Այսօր հայտնաբերվել է մայիսի 22-ին Մարտակերտի շրջանում անհետացած քաղաքացին

Այսօր հայտնաբերվել է մայիսի 22-ին Մարտակերտի շրջանում անհետացած քաղաքացին

Ձեռնարկված որոնողակա-փրկարարական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 07։30-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած ՀՀ քաղաքացի, 63-ամյա Ս.Մ.-ն: Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և քաղաքացուն նշված տարածքից ուղեկցել անվտանգ տեղամաս, որից հետո վերադարձել մշտական տեղակայման վայր։   Պարզվել է, որ Ս.Մ.-ն, տեղանքում չկարողանալով կողմնորոշվել, կորել է: Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը: Այսօր վաղ առավոտյան 07:30-ի սահմաններում Ս.Մ.-ն, նկատելով ճանապարհը, դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են:   Մայիսի 22-ին` ժամը 02:15-ին մեկնարկած որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի և առանձին ջոկերի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:   Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ հերթապահ մասեր:
11:25 - 23 մայիսի, 2022
Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում

Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Ինչպես տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը ողջունել է ֆորումի անցկացման գաղափարը, որը ներառական միջավայր է ապահովում բազմաթիվ սրտացավ ու պրոֆեսիոնալ հայերին՝ իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել Արցախի առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: «Արցախը բացառիկ նշանակություն ունի հայության համար անցյալում, ներկայում և ապագայում, և Արցախի ապագայի երաշխավորման համար ժողովրդագրությունը կարևոր ուղղություններից է: Ուստի, ողջունելի է այս ֆորումի նախաձեռնությունը, որը լրջորեն կաջակցի ժողովրդագրության ռազմավարության մշակման ու իրագործման ուղղությամբ կատարվող պետական ջանքերին»,- նշել է պետական նախարարը: Ըստ աղբյուրի՝ ֆորումի շրջանակներում պետական նախարարն առանձին հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նախաձեռնության մի խումբ անդամների հետ, ներկայացրել արծարծվող հարցերի շուրջ իր մոտեցումները:
16:11 - 22 մայիսի, 2022
Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացուն

Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացուն

Մայիսի 22-ին ժամը 01:06-ին Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին, մարդ է անհետացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայույան փոխանցմամվ՝ իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, ով արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ ինջնելիս, ասել է, որ ինքը առջևում գնում է և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ, խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել: Ժամը 02:15-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասին կից Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածք` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այսօր ժամը 11:20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներին կցվել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ: Աշխատանքները կազմակերպվել և իրականացվում են ԱՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:
13:20 - 22 մայիսի, 2022
Դեսպան Մկրտչյանը կիպրական Financial Mirror-ին է ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները

Դեսպան Մկրտչյանը կիպրական Financial Mirror-ին է ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցի հիման վրա կիպրական հեղինակավոր Financial Mirror լրատվականը պատրաստել է «Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները» վերնագրով հոդվածը։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հոդվածի թարգմանությունը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Ներկայացնում ենք թարգմանությունն ամբողջությամբ։ «Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած երեք տասնամյակների անկախությունից հետո փոքրիկ Հայաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և ոչ առանց իր հարևանների թշնամական մտադրությունների պատճառով: Երկրի հեղինակությունը բարձրացնելու և պատերազմների պատճառով տուժած տնտեսությունը վերականգնելու համար ունենալով սահմանափակ ռեսուրսներ, հարաբերություններն ամրապնդելու և նոր գործընկերություններ կառուցելու համար Երևանն ընտրում է դիվանագիտության ուղին, հատկապես ավանդական դաշնակիցներ Հունաստանի և Կիպրոսի հետ: «Կան հինգ մարտահրավերներ, և դրանք շատ ակնհայտ են»,- նշում է Աթենքում ՀՀ նոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և ազնիվ լուծումն է։ [2020թ.] Պատերազմում պարտությունից հետո հակառակ կողմում գտնվող ադրբեջանցիները փորձում են շահարկել իրավիճակը, ինչպես նաև՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, բանակցություններում հնարավորինս շատ բան կորզելու համար։ Սա երկու հարթություն ունի` հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քննարկումների և, ամենակարևորը, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Երբ խոսում ենք բանակցություններին վերադառնալու մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում (որը ներառում է Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան), ուկրաինական հակամարտության հետ կապված այժմ հասկանալիորեն տարաձայնություններ կան, մի կողմում Ֆրանսիան և ԱՄՆ-ն են, մյուս կողմում՝ Ռուսաստանը։ «Մենք մեծ հույս ունենք, որ միջազգայնորեն լիազորված այս ձևաչափը կվերսկսի իր աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ։ Այնպես որ, այս շրջանակում հակամարտությանն արդար լուծում գտնելու համար բանակցություններին վերադառնալը ամենամեծ մարտահրավերն է», - Financial Mirror-ին տված հարցազրույցում ասաց դեսպանը։ «Երկրորդ, իհարկե, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անկախ գործընթաց է, և դրա մասին հստակ ասվել է Անկարային։ Թուրքական կողմը ներգրավվել է այս բանակցություններում այն ենթադրությամբ, որ մենք առանց որևէ նախապայմանի գնում ենք սահմանների երկայնքով հարաբերությունների կարգավորմանը»։ Մկրտչյանն ասաց, որ երրորդ ամենամեծ մարտահրավերը «շարունակել հարաբերություններ կառուցել մեր մտերիմ գործընկերների՝ ԵՄ-ի և Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ, դաշնակիցների հետ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը»: Եվ խորացնել այդ հարաբերությունները։ «Մյուս մարտահրավերը, որը մեզանից կախված չէ, Ուկրաինայում ծավալվող պատերազմն է և դրա բացասական ազդեցությունը տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա։ Մենք ցանկանում ենք հնարավորինս քիչ կորստով դուրս գալ այս ամենից, հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինայում ունենք շուրջ 500,000 հայ՝ հակամարտության երկու կողմերում»:   Վերածնունդ Դեսպանը, ում նախորդ նշանակումը Բալթյան երկրներում էր, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հինգերորդ հիմնական մարտահրավերը Հայաստանը տնտեսապես վերականգնելն է։ «Այս ամենն ունի որոշակի ներքաղաքական հարթություններ. մենք Հայաստանում բողոքի ցույցեր ենք տեսնում սահմանազատման բանակցությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ջանքերի կամ տնտեսության իրավիճակի դեմ։ Որոշներին, ընդդիմությանը դուր չի գալիս, թե ինչպես է իշխանությունը վարում այդ գործընթացները։ Երբ վարչակազմը որոշակի հաջողությունների հասնի այս բոլոր հարթություններում, ներքին իրավիճակը կհանդարտվի»։ Նա ասաց, որ այս հաջողության գրավականը հայկական սփյուռքի կարևոր դերն է։ Ներկայացնելով 3 միլիոնանոց փոքր պետություն` Հայաստանը և նրա դիվանագիտական անձնակազմը մշտապես պետք է հավասարակշռեն իրենց հարաբերությունները։ Դեսպան Մկրտչյանն ասաց, որ իր աշխատանքին օգնում է երեք գործոն. «Նախ՝ մեր իմիջի հիանալի աջակցությունը. Հայաստանը ժողովրդավարության կղզի է, որը հիմնականում, ոչ ամբողջությամբ, շրջապատված է ոչ այդքան ժողովրդավարական պետություններով։ Հայաստանի ընտրած ճանապարհը՝ շարունակական ժողովրդավարացումն ու բարեփոխումները, մեր արևմտյան գործընկերների կողմից բարձր է գնահատվում։ «Այնուհետև, մենք ունենք մարդկային ռեսուրսներ և գիտական նոու-հաու, տասնամյակների զարգացում, նույնիսկ խորհրդային ժամանակներից, երբ Հայաստանը համարվում էր ԽՍՀՄ Սիլիկոնային հովիտը: Այս նոու-հաուն դեռ կա, և այն ավելի է զարգացել: Մենք բազմաթիվ հաջողություններ ենք գրանցում տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ ՏՏ ոլորտում։ Եվ երրորդն այն է, որ հայերը «համաշխարհային ազգ» են, որոնց սփյուռքն ավելի մեծ է, քան Հանրապետությունում է»։ «Անկախության այս երեք տասնամյակների ընթացքում մենք ուղիներ ենք փնտրել մեր սփյուռքի հետ օրինակելի համագործակցության բանալին գտնելու համար: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ակնհայտ է, որ ես չեմ ուզում համեմատել մեզ ամուր և բարձր ինստիտուցիոնալ կապերի հետ, որոնք Իսրայելն ու Հունաստանն ունեն իրենց համապատասխան սփյուռքների հետ, բայց ռեսուրսն առկա է: Ելնելով այս երեք գործոններից՝ կարծում եմ, որ Հայաստանը հաջողության, վերածնվելու հնարավորություն ունի այն աղետալի պատերազմից, որին ականատես եղանք 2020 թվականին»։   Դեպի ծով ելք չունեցած Շրջապատված լինելով թշնամական Թուրքիայով և Ադրբեջանով, իսկ հարավում՝ Իրանով, դեպի ծով ելք չունեցող Հայաստանը դարավոր կապեր է ունեցել Կովկասի իր հյուսիսային հարևանի հետ, որոնք հաճախ համարվում են եղբայրական, երբեմն նաև մրցակցային: «Բացի ընդհանուր պատմությունից, Վրաստանն ու Հայաստանը ունեն ընդհանուր արժեքներ և համոզմունքներ։ Մենք նաև ընդհանուր մոտեցումներ ունենք մեր ժողովրդավարական ապագայի վերաբերյալ: Եվ սա ահռելի ռեսուրս է, որի վրա հենվում են երկու կառավարությունները, ինչը վկայում է վերնախավերի միջև վստահության մասին»: «Միանշանակ, Վրաստանի հայ համայնքը մեծ դեր է խաղում երկու ուղղափառ քրիստոնյա ժողովուրդների ցանկացած մերձեցման գործում։ Մենք միասին ենք նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում. շատ ընդհանուր բաներ կան, որ մենք կիսում ենք: Տնտեսական առումով հարավից հյուսիս, հարավից Եվրոպա երթուղիները հաշվի են առնում, որ Հայաստանը կարող է լինել այլընտրանքային առևտրային ճանապարհ, և այդ երթուղին անցնում է Վրաստանով։ Ուստի Վրաստանը վճռորոշ դեր ունի նաև Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Մենք պետք է հասկանանք այս աշխարհատնտեսական դերը»։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանի հետ հարաբերությունները խորացել են. հուսով եմ, որ մեր եղբայրության առաջխաղացման համար խոչընդոտներ չեն լինի, քանի որ մենք նախընտրում ենք մեր հարաբերությունները «եղբայրական» կոչել»: Դեսպան Մկրտչյանն ասաց, որ Թբիլիսին 20-րդ դարի սկզբի Կովկասի ինտելեկտուալ կենտրոնն էր։ Այնտեղ էր, որ 1918 թվականին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Հայաստանի առաջին կառավարությունը ստեղծվեց և որոշ ժամանակ գործում էր Թբիլիսիից։ «Թբիլիսին մեզ համար Երևանից հետո երկրորդ կարևոր քաղաքն է».   Բաց վերք Բայց Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը բաց վերք է թողել ողջ հայության մեջ, հատկապես կապված մեծ թվով կարուստների և գերիների հետ, որոնք Ադրբեջանը գերեվարել է և հրաժարվում հանձնել նրանց մի մասին: «Ըստ Ադրբեջանի՝ նրանք ռազմագերի չեն։ Արևմուտքի կողմից այս մեկնաբանությունը չի ընդունվում։ Դա ոչ մեկի կողմից չի ընդունվում, և նրանք պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն»,- ասաց Մկրտչյանը։ «Մինչ մենք խոսում ենք, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն արեց, որտեղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հիշեցրեց ձերբակալվածներին վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Հայտարարությունը վերաբերում է «վերջին դրական զարգացումներին և ապագա կոնկրետ քայլերին Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին, ներառյալ սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացումը և մնացած հայ կալանավորների ազատումը: Սա մեր օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է։ «Հավանաբար, Հայաստանի իշխանությունն ամեն օր բացեիբաց չի խոսում այս մասին, քանի որ երբեմն մեր մտադրությունների հրապարակայնացումը կարող է անպայման նույն արդյունքն ու ազդեցությունը չունենալ։ Դիվանագիտությունն անպայմանորեն չի նշանակում գաղտնիություն. Քանի որ հանրային հաղորդակցության միջոցները երբեմն օգտագործվում են որոշակի արդյունքի հասնելու համար, ուստի դիվանագիտությունը նույնպես ունի աշխատանքի այս տարրերը, նաև գաղտնիության, և երբեմն նաև հրապարակայնորեն աշխատելու կողմը»: Մկրտչյանն ասաց, որ Հայաստանի դեսպան լինելը մարտահրավեր է, և դա պահանջում է եռակի կամ քառակի ջանքեր, քան սովորական այլ դեսպանական աշխատանքը։ «Աշխատանքը պետք է կազմակերպվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքներով: Եվ հաշվի առնելով հայկական սփյուռքի ռեսուրսներն ու ներուժը»։   Սփյուռքի հետ առողջ հարաբերություններ «Ես բախտավոր եմ եղել իմ նախկին պաշտոնում Բալթյան երկրներում, իսկ այժմ Հունաստանում և Կիպրոսում, որտեղ մենք առողջ հարաբերություններ ունենք սփյուռքի խմբերի հետ: Ես դա ի վերուստ տրված չեմ համարում և կշարունակեմ մեծ ջանքեր գործադրել՝ սփյուռքի մեր ներկայացուցիչների հետ առողջ և արդյունավետ համագործակցություն պահպանելու համար»։ Աջակցության համար դեսպանն ասաց, որ Հայաստանը դիմել է պատվավոր հյուպատոսությունների հիմնադրմանը՝ Սալոնիկում և Լիմասոլում։ «Մենք դա արել ենք նաև իմ նախորդ պաշտոնավարման ընթացքում: Մենք պատվավոր հյուպատոսություն բացեցինք Լիտվայի Կաունաս քաղաքում, և ես սկսեցի պատվավոր հյուպատոս նշանակելու գործընթացը նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Դա չափազանց օգտակար է, քանի որ դա նման է խոշոր քաղաքում գրասենյակ ունենալուն: Բայց հիմնական նպատակը տնտեսական դիվանագիտությունը խթանելու գործում դեսպանությանն աջակցելն է։ Մենք դեռ այդքան տնտեսական կցորդներ չունենք, միայն մի քանի մայրաքաղաքներում: Մեզ բոլոր մայրաքաղաքներում անհրաժեշտ է ավելի մեծ տնտեսական ներկայություն»։ Անդրադառնալով Աթենքի հետ ջերմ հարաբերություններին՝ Մկրտչյանն ասաց, որ Ադրբեջանից բնական գազի Տրանսադրիատիկ գազատարի (TAP) բացումը չի վնասել Երևանի հետ Հունաստանի կապերին։ «TAP-ը չի կարող փոխարինել Ռուսաստանի կողմից Եվրոպային տրամադրվող գազի ծավալը։ Այն չունի այդ ֆիզիկական կարողությունը. դա այլընտրանքներից մեկն է: Առաջինը, կա չափազանցվածություն TAP-ի կարողությունների և ադրբեջանական գազի պաշարների կարողությունների վերաբերյալ: Երկրորդ, դա բազմազգ նախագիծ է. այն պատկանում է մի քանի ընկերությունների և պատրաստվում է անցնել մի քանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքով: Հունաստանը չի դառնում կախված և չի կարող կախվածություն ունենալ ադրբեջանական բնական գազից։ Եվ երրորդ, այն փաստը, որ դուք գնում եք որոշակի քանակությամբ և ոչ մեծ քանակությամբ էներգառեսուրսներ որևէ երկրից, չի խանգարում ձեզ խոսել այդ երկրում մարդու իրավունքների չարաշահման, ժողովրդավարության պայմանների մասին կամ շարունակել աջակցել ձեր պատմական ամենամոտ բարեկամներից մեկին՝ Հայաստանին: Մենք պետք է հասկանանք այս բաները»։ «Երբ մենք տեսնում ենք ադրբեջանական քարոզչական խաղը, թե «մենք ձեզ ենք տալիս TAP, հետևաբար մենք ձեր ընկերներն ենք, և դուք մեզ չպետք է քննադատեք», այս տրամաբանությունը չափազանց պարզունակ է, և այն չի աշխատի։ Չեմ կարծում, որ TAP-ի առումով նման համագործակցությունը կլինի Հունաստան-Հայաստան համագործակցության և բարեկամության գնով։ Ավելին, մենք բարձրացնում ենք Հունաստանի և Հայաստանի հարաբերությունների մակարդակը, և հուսով ենք, որ մոտ ապագայում կունենանք արդյունքներ»»։
11:32 - 22 մայիսի, 2022
Հայաստանը պետք է առաջարկի բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի. Սաղաթելյան |azatutyun.am|

Հայաստանը պետք է առաջարկի բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի. Սաղաթելյան |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունն այսօր հանրահավաք էր հրավիրել: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Նա իր խոսքում ներկայացրեց, թե իշխանափոխության պարագայում ինչ են անելու հաջորդ իշխանությունները, Սաղաթելյանը նշեց իրենց պատկերացումները խաղաղության հասնելու շուրջ, տվեց սկզբունքային չորս կետերը: «44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է առաջին՝ զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը և հստակեցումը: Երկրորդ՝ ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի և ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար, նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում անվտանգային արդյունավետ և հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով: Երրորդ՝ ռազմական, ռազմաարդյունաբերական, տեխնոլոգիական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային և հայեցակարգ: Չորրորդ՝ համախմբել համայն հայության ողջ ներուժը և սփյուռքը պետք է դառնա մասնակից ու պատասխանատու համահայկական օրակարգերի խնդիրների կենսագործման համար», - նշեց Սաղաթելյանը: Խոսելով հայ-ադրբեջանական բականցությունների մասին, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահն ասաց, որ Հայաստանը պետք է առաջարկի բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի: «Մենք համոզված ենք, որ իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայմանորեն նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնություններ, ուստի Հայաստանը պետք է առաջարկի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի, առաջինը հարաբերությունների կարգավորման սկզբունքների հստակեցում և համաձայնեցում, երկրորդ՝ բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և անհրաժեշտության դեպքում, պայմանագրի կնքում», - ընդգծեց նա: «Մեր կարծիքով ճիշտ ձևակերպելու, պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ընկալելի, միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքերից, հետևաբար սրանց այն հիմնավորումները, որ իրենք ինչ անում են, դա առավելագույնն է, սուտ է, հակահայկական ու դավաճանական», - նաև ընդգծեց ԱԺ փոխնախագահը: Սաղաթելյանը նշեց, որ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել, Արցախը պահել հնարավոր է, դրա համար, ըստ ընդդիմության, պետք է հեռացնել այս կառավարությանը: Իշխան Սաղաթելյանն ասաց՝ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի կենսական շահերի զիջման գնով, այլ՝ պետք է լինի արժանապատիվ: Այս պահին ընդդիմադիրները քայլերթ են իրականացնում, այնուհետև պատրաստվում են վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ:
20:43 - 21 մայիսի, 2022
Պետական նախարարի մոտ քննարկվել են ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ Արցախի ու ՀՀ կառավարությունների համագործակցության հնարավորությունները

Պետական նախարարի մոտ քննարկվել են ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ Արցախի ու ՀՀ կառավարությունների համագործակցության հնարավորությունները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակության և Արցախի լիազոր մարմինների մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ունեցել ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։«Պետական նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները: «Առաջիկայում մենք վերջնականացնելու ենք ժողովրդագրության հարցերով զբաղվող պետական ձևաչափերի ու սկզբունքների հստակեցումը, որպեսզի ձեռնամուխ լինենք ժողովրդագրության ռազմավարության մշակմանն ու իրականացմանը: Զուգահեռ կստեղծենք աշխատանքային խմբեր՝ ընդգրկելու համար տարբեր մասնագետներ Արցախից, ՀՀ-ից ու Սփյուռքից, որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրներին և նպատակներին համապատասխան արդյունավետ ռազմավարություն մշակել և իրագործել առնվազն մի քանի տարվա կտրվածքով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:Պետական նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ ներդաշնակ աշխատանքը ժողովրդագրական երկարաժամկետ քաղաքականության իրականացման առումով՝ հաշվի առնելով միասնական մարտահրավերների ու ռազմավարական նպատակների առկայությունը:Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և պատվիրակության այլ անդամներ ներկայացրել են ժողովրդագրության ռազմավարության մշակման սեփական փորձն ու մեթոդաբանությունը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՀ և ՀՀ լիազոր մարմինների ջանքերի համատեղման ու ներդաշնակեցման շուրջ»։ 
16:41 - 21 մայիսի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ

«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում շարունակվող հանդիպումներին (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով-խմբ․) Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»։ Այս մասին, ինչպես հայտնում է Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ասադովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը հստակեցրել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի կազմերը։ Սակայն նա կազմերի մասին այլ մանրամասներ չի հայտնել։  Ադրբեջանի վարչապետը մտահոգություն է հայտնել, թե «Հայաստանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հռչակագրի 4-րդ կետը, համաձայն որի՝ հայկական զինված ուժերը պետք է  դուրս բերվեն Ադրբեջանի (նկատի ունի՝ Արցախի գրավյալ տարածքները-խմբ․) տարածքից»։ Ալի Ասադովը հավելել է, որ «պաշտոնական Բաքուն մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում եւ կարեւոր է համարում այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»։    
21:00 - 20 մայիսի, 2022
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել․ Հայտարարությունը՝ ստորև․  «Մեր երկու հաստատությունների համատեղ մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու և խթանելու դատապարտելի երևույթը։ Ընդ որում, նման երևույթները, առավելապես դրսևորվելով հայաստանյան հանրային տիրույթում, իրենց դրսևորումներն են գտնում նաև Արցախում։ Իրենց տարբեր քաղաքական շահեր սպասարկելու համար քաղաքական դերակատարների կողմից մեր հայրենակիցների արցախցի լինելու հանգամանքի միտումնավոր օգտագործումը բևեռացված հանրային խոսույթում «առիթ» է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ վիրավորանքների, անընդունելի բառապաշարի և ատելության խոսքի տարածման համար: Խստորեն դատապարտում ենք նման վնասակար, անհեռատես ու ծայրահեղ վտանգավոր բաժանարար գծերի ստեղծմանը միտված կամ որևէ կերպ դրան նպաստող խոսակցությունները, գործողություններն ու անգործությունը՝ այդ դրսևորումների դատապարտման առումով։ Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներով լի այս պատասխանատու ժամանակահատվածում հատկապես կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հանրային մեծ լսարան ունեցող բոլոր քաղաքական գործիչներին ու հասարակական դերակատարներին, անկախ քաղաքական նախընտրություններից ու օրակարգերից, սեփական օրինակով կանխելու և դատապարտելու «հայաստանցի» և «արցախցի», իր էությամբ կեղծ ու ծայրահեղ վտանգավոր բաժանումը։ Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, տուրք չտալ ու անհանդուրժող լինել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին խմբերի բաժանելու և ներքին երկպառակտություն սերմանելու բոլոր գործողությունների նկատմամբ։ Դրանք ջլատում են մեր դիմադրողականությունը, քայքայում հանրային ու համազգային համերաշխությունը։ Համազգային միասնությունն ու իմաստնությունը մեր պետությունների առջև ծառացած բոլոր մարտահրավերների լուծման կարևորագույն առհավատչյաներից են»:
19:20 - 20 մայիսի, 2022
Արցախում անցնում են կիսանախագահական համակարգի, ԱԺ և նախագահական ընտրությունները կլինեն առանձին
 |civilnet.am|

Արցախում անցնում են կիսանախագահական համակարգի, ԱԺ և նախագահական ընտրությունները կլինեն առանձին |civilnet.am|

civilnet.am: Արցախում նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնցով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի, ինչպես նաև խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին։ Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակել է Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը։ «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,- ասված է հայեցակարգում։ Որպես հիմնավորում նշվում է, որ «Արցախի ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության նախագահի ձեռքում»։ Կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, որի գործունեությունը ղեկավարում, ինչպես նաև կառավարության անդամների աշխատանքը համակարգում է վարչապետը: Նախագահը, հանդիսանալով Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Անվտանգության խորհրդի նախագահը: Արցախի գործող սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանության ղեկավարը Հանրապետության նախագահն է: Կառավարությունը նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է։ Իսկ կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից, որոնց նշանակում և ազատում է նախագահը։ Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է նաև անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը։ Անհրաժեշտ է լինելու նաև հրաժարվել գործող Սահմանադրությամբ ամրագրված Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա ընտրություններ անցկացնելուց: «Օրենսդիր և գործադիր իշխանությունների բնականոն գործունեության ապահովման և հայեցակարգով նախատեսված առաջարկություններն իրացնելու նպատակով՝ անհրաժեշտ է լինելու մինչև գործող Սահմանադրության համաձայն ընտրված Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը կազմակերպել և անցկացնել արտահերթ համապետական ընտրություններ: Առաջարկվում է, հաշվի առնելով Արցախի ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների գործունեությանը չխոչընդոտելու նպատակով, համապետական ընտրություններն անցկացնել աստիճանաբար՝ 2023 թվականին համամասնական ընտրակարգով անցկացնելով խորհրդարանական, 2024 թվականին՝ նախագահական ընտրություններ»,- նշված է հայեցակարգում։ Միաժամանակ, առաջարկվում է ընտրական գործընթացների ճկունությունն ապահովելու նպատակով բացառիկ դեպքերում Արցախի Ազգային ժողովին վերապահել Հանրապետության նախագահ ընտրելու լիազորություն:
15:02 - 20 մայիսի, 2022
ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարի այցի կապակցությամբ՝ կարևորելով այն երկու հայկական պետությունների կառավարությունների միջև փոխգործակցությունը ավելի սերտացնելու վերջերս ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում: Զրուցակիցները քննարկել են սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի ու Արցախի համապատասխան համագործակցությանը վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել այդ կառույցների համատեղ աշխատանքի մակարդակը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման համար: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը:
13:59 - 20 մայիսի, 2022
Գերիների վերադարձի հարցում ՄԻՊ-ն ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը

Գերիների վերադարձի հարցում ՄԻՊ-ն ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը: Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։ Պաշտպան Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։ Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։ Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։
11:48 - 20 մայիսի, 2022
Պատերազմի հետևանքով Արցախում 215 բնակավայր անցել է Ադրբեջանի օկուպացիայի տակ. Արցախի ՄԻՊ

Պատերազմի հետևանքով Արցախում 215 բնակավայր անցել է Ադրբեջանի օկուպացիայի տակ. Արցախի ՄԻՊ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության 118 համայնք ամբողջությամբ, իսկ 2 համայնք՝ մասնակի, կամ ընդհանուր 215 բնակավայր անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այդ բնակավայրերից բռնի տեղահանվել է մոտ 40 000 անձ, ինչը պայմանավորել է այդ անձանց` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային իրավական ակտերով սահմանված իրավունքների՝ սեփականության, աշխատանքային, կրթության, սոցիալական ապահովության, բնակության վայրի ազատ ընտրության և ազգային ու միջազգային իրավական պաշտպանության ներքո գտնվող այլ իրավունքների զանգվածային և աննախադեպ խախտումների, որոնց հետևանքները բռնի տեղահանված անձինք կրել են նաև 2021 թվականի ողջ ընթացքում:  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տվյալները հրապարակել է  ԱՀ Ազգային ժողովում՝ 2021թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս։ Տարվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից մշտադիտարկման այց են կատարել տեղահանված անձանց կենտրոնացված բնակության հաստատություններ, հավաքագրել խնդիրներն ու դրանք ներկայացրել պետական լիազոր մարմիններին։ Չնայած պետության կողմից ներդրված մեծածավալ ջանքերի, բռնի տեղահանված անձինք շարունակում են բախվել բնակարանների սղության, չհիմնավորված բարձր բնակվարձերի, սոցիալական աջակցության այս կամ այն ծրագրերից անհիմն դուրս մնալու, կորսված փաստաթղթերի վերականգնման ուղղությամբ բյուրոկրատական քաշքշուքների և մի շարք այլ հարցերի։
19:03 - 19 մայիսի, 2022
ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. դեսպան Թրեյսիի հարցազրույցը |armenpress.am|

ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. դեսպան Թրեյսիի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Այդ մասին Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: «Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված», - վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դեսպանի խոսքով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտոնում համոզված են, որ տեւական հակամարտության հիմքում գտնվող խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Դեսպան Թրեյսին շեշտում է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ պատրաստ է ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ երկրների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: - Տիկին դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Առաջին անգամն է, որ պատիվ ունեմ Ձեզ հետ անձամբ հանդիպելու: Այնպես որ, շնորհակալ եմ այս հրաշալի հնարավորության համար: - Ես էլ շնորհակալություն եմ հայտնում «Արմենպրես»-ին այս հնարավորության համար եւ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: - 2019 թ. հունվարին, երբ տեղեկություն ստացանք Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի, այսինքն՝ Ձեր նշանակման մասին, տիկին Թրեյսի, ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը՝ իմ հոդվածում նկարագրեցի Ձեզ որպես խիզախ կին, «հերոսուհի դիվանագետ», որը դիվանագիտական ծառայություն է անցել Քաբուլում, Աֆղանստան, հետո՝ Փեշավարում, Պակիստան: Գիտեմ, որ այդ ընթացքում թիրախավորվել եք «Ալ Կաիդա» եւ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումների կողմից, նույնիսկ ահաբեկչական հարձակման եք ենթարկվել 2008 թ. օգոստոսին Փեշավարում, որտեղ ԱՄՆ հյուպատոսության գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էիք, սակայն չեք լքել Ձեր դիրքերը, որոշում եք ընդունել մնալ եւ ավարտին հասցնել Ձեր առաքելությունը՝ ի հեճուկս բոլոր սպառնալիքների, ինչի համար մեկ տարի անց՝ 2009 թվականին, արժանացել եք ԱՄՆ պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության մեդալի: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում՝ ունենալով այսպիսի հարուստ մասնագիտական փորձ, ինչպե՞ս է անցնում դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջանում՝ Աֆղանստանի եւ Պակիստանի հետ համեմատ եւ ինչպե՞ս կնկարագրեք դիվանագիտական առաքելության այս վերջին երեք տարիները Երեւանում: - Մինչ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելն իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում, անշուշտ, առիթ եմ ունեցել աշխատելու մարտահրավերներով լեցուն, բայց եւ ուշագրավ մի շարք վայրերում: Ամեն մի երկիր ունի իրեն բնորոշ դժվարություններն ու հնարավորությունները, սակայն տարբեր պայմաններում ձեռք բերած դիվանագիտական փորձից նաեւ արժեքավոր դասեր եմ քաղել: Ինչպես նկատեցիք՝ վերջին երկու տարին դժվարին ժամանակաշրջան էին Հայաստանի համար. հայ ժողովուրդը ՔՈՎԻԴ-19-ի համավարակից զատ, որը խաթարեց աշխատանքային առօրյան ու կենցաղը ողջ աշխարհում, 2020 թ. վերջին բախվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ մարտական գործողությունների վերսկսմանը, որն ավարտվեց փխրուն հրադադարով: Սա ակնհայտորեն անդրադարձավ նաեւ իմ աշխատանքի վրա՝ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի, սակայն այն նաեւ վերստին ընդգծեց դիվանագիտության կարեւորությունը եւ մասնավորապես՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը: Չնայած այս մարտահրավերներին՝ ինձ համար պատիվ է ծառայել այստեղ որպես ԱՄՆ դեսպան, աշխատել մեր երկու երկրների ժողովուրդների համար կարեւոր հարցերի շուրջ եւ աշխատանքին զուգընթաց ծանոթանալ բազմաթիվ հոյակապ մարդկանց: - Այս տարի Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ԱՄՆ-ը աշխարհի առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին, երբ նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ազգին հասցեագրված ուղերձով հայտարարեց Խորհրդային Միության կազմալուծման մասին: Բայց պատմությունն ասում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն: Ուրեմն, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական հարաբերությունները եւ ավելի լայն իմաստով հայ-ամերիկյան կապերը այս նշանավոր տարեդարձի կապակցությամբ: - Ինչպես նկատեցիք՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նշում են մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, սակայն մեր ժողովուրդների փոխգործակցությունը շատ ավելի վաղ է սկիզբ առել: Հայաստանի հետ մեր փոխգործակցության ասպարեզում մենք 1991 թվականից կամ Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեծ առաջընթաց ենք ունեցել՝ ի հեճուկս առկա մարտահրավերներին: Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված մեր փոխգործակցությունը եւ շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել: Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին եւ լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին: Մեր աջակցությունը ներառում է տարբեր ոլորտներ՝ ներառյալ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, իրավապահ բարեփոխումները, ներառական տնտեսական աճի խթանումը, միջազգային անվտանգության ապահովումը եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումն ու մարդասիրական օգնության ցուցաբերումը: - Եվ ո՞ւր ենք մենք հասել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հետագա տասնամյակների համար: - Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:  - Մարտի 23-ին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ վիրտուալ նիստը, որի ընթացքում, ինչպես Միացյալ Նահանգների դեսպանությունն է հաղորդել, երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների ընթացիկ համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգային տիրույթում եւ դիտարկել փոխգործակցության ընդլայնման ուղիները՝ միտված ընդհանուր մարտահրավերների արձագանքմանը: Հաշվի առնելով Հայաստանի հետպատերազմական մարտահրավերները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում՝ շատ ուշագրավ է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ նման քննարկումներ են լինում բարձր մակարդակով: Կարո՞ղ են արդյոք նման քննարկումները նոր հեռանկարներ բացել հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար: - Հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքում ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայություն են, սակայն մեր դրական փոխգործակցության օրակարգն այդքանով չի սահմանափակվում: Կայուն եւ ներառական տնտեսական աճի խթանում, առեւտրի եւ ներդրումների ավելացում, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովում, էներգետիկ անվտանգություն, բնական պաշարների պատասխանատու կառավարում, ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքար, ներդրումներ մարդկային ռեսուրսում՝ կրթության եւ աշխատուժի կատարելագործման միջոցով. ահա հայ-ամերիկյան փոխգործակցության լայն ու ընդգրկուն տիրույթը, որի ամրապնդման ուղղությամբ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որտեղ ամփոփվում են մեր փոխգործակցության բոլոր կողմերը, ընդգծում է մեր երկու երկրների փոխգործակցության արժեքն ու կարեւորությունը: - Իսկ առհասարակ ո՞րն է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հիմնական նպատակը, դեպի ո՞ւր են դրանք տանում, այլ խոսքերով՝ նախաձեռնված քննարկումներն ունենալո՞ւ են որեւէ ենթադրյալ արդյունք: - Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մենք չենք դիտարկում սոսկ որպես կոնկրետ արդյունքներ ապահովելու մեխանիզմ, այն նաեւ բարձր մակարդակում մեր երկու կառավարությունների միջեւ երկխոսության հարթակ է, որի միջոցով ընդգծում ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր հանձնառությունը: Այս երկխոսության շրջանակում մենք կարող ենք քննարկել մեր փոխգործակցության բազմաթիվ բաղադրիչներ՝ ինչպիսիք են, օրինակ, տնտեսական բարեկեցության ձեւավորումը, արդարադատության բարեփոխումների առաջընթացը, ժողովրդավարական կայացման ու մարդու իրավունքների խթանումը եւ պաշտպանական ու անվտանգային համագործակցության ամրապնդումը: - Հիշում եմ, որ դեռեւս 2018 թ. Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը նամակով կոչ էր արել ԱՄՆ Պետական դեպարտամենտին ռազմավարական մակարդակի բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր շահերի, ընդհանուր արժեքների եւ երկու ազգերի ամուր բարեկամության վրա: Ռազմավարական երկխոսությունը միտված է այդ «ռազմավարական թարմացմա՞նը» երկկողմ հարաբերություններում:  - Մենք արժեւորում ենք մեր գործակցությունը Հայաստանի հետ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, իսկ ակունքներում՝ մեր ժողովուրդների երկարամյա կապերը: Ռազմավարական երկխոսությունը ընդգծում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների ուղղությամբ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը: - Մարտի 28-ին տեղեկություն եկավ Վաշինգտոնից այն մասին, որ նախագահ Բայդենի վարչակազմը 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկել է ավելի քան 24 մլն դոլարի արտաքին օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը 21 միլիոն դոլարով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով ՀՀ-ին հատկացված ֆինանսական օժանդակությունից: Արցախին օգնություն հատկացնելու մասին որեւէ հիշատակում չկա: Սակայն առցանց մամուլում եւ սոցիալական մեդիայում հակասական տեղեկություններ եւ մեկնաբանություններ են հրապարակվում այս հարցի վերաբերյալ, որոշ հեղինակներ էլ ասում են, որ դա ճշգրիտ թիվը չէ: Ուստի կխնդրեի պարզաբանել՝ ո՞րն է առաջարկվող ֆինանսական օգնության ճշգրիտ թիվը եւ եթե վարչակազմը որոշել է կրճատել այդ օգնությունը, ապա ո՞րն է պատճառը: Հնարավո՞ր է, որ Կոնգրեսում սպասվող քննարկումների եւ ընթացակարգերի արդյունքում այդ գումարը ավելանա: - Ուրախ եմ, որ այս հարցին անդրադարձաք, քանի որ դրա հետ կապված որոշ թյուընկալումներ կան: ԱՄՆ բյուջետային գործընթացը բավականին խրթին է եւ ենթադրում է բյուջետային տարբեր առաջարկների ներկայացում, որին հաջորդում են քննարկումները, ապա Կոնգրեսն ընդունում է վերջնական որոշում: 2023 ֆինանսաբյուջետային տարվա թիվը դեռեւս հաստատված չէ, ուստի մենք չենք կարող համեմատել 2022 ֆինանսաբյուջետային տարվա հետ: Սակայն միանշանակ կարող եմ փաստել, որ մեր հանձնառությունը՝ շարունակելու Հայաստանի հետ մեր փոխգործակցությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներն առաջ մղելու ուղղությամբ, մնում է անփոփոխ: - 2019 թվականին ԱՄՆ կառավարությունը որոշում էր ընդունել դադարեցնելու Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, սակայն 2022 թ. պետբյուջեով Հայաստանին հատկացված փաթեթը ներառում էր նաեւ հավելյալ 2 մլն դոլարի աջակցություն 2020 թ. Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո ականազերծում իրականացնելու համար: Կա՞ արդյոք որևէ հնարավորություն կամ հավանականություն, որ Արցախի ականազերծման ծրագիրը կվերականգնվի: - ԱՄՆ կառավարությունն իր գործընկեր «Հալո-Թրասթ» կազմակերպության միջոցով աջակցել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքներին: Այդ ծրագիրն ավարտվեց 2020 թվականին, երբ «Հալո-Թրասթի» զեկույցները մատնանշեցին, որ ընդգրկված տարածքների շատ բարձր տոկոսն ականազերծվել է: Մենք շարունակում ենք դիտարկել, թե ինչպես կարող ենք օգնել վերջին հակամարտությունից տուժածներին: - Ի դեպ, քանի որ Դուք ծնվել եւ մեծացել եք Օհայոյի Բարբերթոն քաղաքում, Ձեր կենսագրության այս հատվածն ինձ մոտ շատ լավ հիշողություններ առաջացրեց, քանի որ Օհայոն ամերիկյան առաջին նահանգն է, ուր այցելել եմ 2016 թվականին՝ Պետդեպարտամենտի ծրագրով ԱՄՆ նախագահի ընտրությունների եզրափակիչ փուլը լուսաբանելու համար: Դա իմ լավագույն եւ ամենահիշարժան ճամփորդություններից մեկն էր, քանի որ այն շատ օգնեց ե՛ւ իմ լեզվական գիտելիքների բարելավմանը, ե՛ւ մասնագիտական որակների բարձրացմանը, ե՛ւ առհասարակ աշխարհայացքի ընդլայնմանը: Նման ծրագրերի շնորհիվ օտարերկրյա մասնակիցները հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխարհի ամենահզոր տնտեսությանը, աշխարհի ամենահայտնի եւ ամենաօրինակելի ժողովրդավարական մոդելներից մեկին՝ ամերիկյան ժողովրդավարությանը եւ գործնականում տեսնելու՝ ինչպես է այն աշխատում, այդ թվում՝ ինչպես են անցկացնվում ընտրությունները աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկում: Այդ գիտելիքները նա կարող է իր հետ բերել իր երկիր եւ որեւէ օգուտ տալ իր պետությանն ու հասարակությանը: Ու քանի որ, ինչպես ենթադրում եմ, նմանատիպ ծրագրերը ԱՄՆ արտաքին հարաբերությունների, այդ թվում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մի զգալի հատվածն են զբաղեցնում, հետաքրքիր է, թե ի՞նչ նոր ծրագրեր է ԱՄՆ դեսպանատունը նախատեսում առաջարկել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, մեդիադաշտին եւ քաղաքական դասի ներկայացուցիչներին մոտ ապագայում: - Շնորհակալ եմ հարցի համար: Ձեր փորձը ևս ընդգծում է, թե ինչու ենք մենք կարևորում մարդկանց միջեւ երկուստեք շփումների ու կապի ամրապնդումը: Միմյանց անձնապես ճանաչելը օգնում է հասնել փոխըմբռնման ավելի բարձր մակարդակի, որն իր արտացոլումն է գտնում ավելի լայն համայնքային շրջանակներում ու ամբողջական պետությունների մակարդակով:  Դեսպանությունը տարբեր միջոցներով նպաստում է մարդկանց միջեւ կապերի ձեւավորմանը, մասնավորապես՝ իրականացվում են անգլերենի ուսուցման ծրագրեր, Հայաստանում ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի) կրթության կատարելագործման եւ մշակութային պահպանության նախաձեռնություններ, ինչպես նաեւ փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ քաղաքացիներին այցելել Միացյալ Նահանգներ եւ շփվել համապատասխան ամերիկյան շրջանակների հետ: Մեր բազմաթիվ ծրագրերից թերևս կառանձնացնեմ Երեւանի պետական համալսարանի եւ Արիզոնայի համալսարանի համագործակցության արդյունքում ձեւավորված ամերիկագիտության նոր մագիստրոսական ծրագիրը, որի առաջին ընդունելությունը տեղի ունեցավ անցյալ տարվա աշնանը: - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ՝ վերահաստատո՞ւմ եք արդյոք 2020 թ. տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ձեր կողմից բազմիցս արտահայտված այն դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ որ հիմնախնդիրը պետք է համապարփակ լուծում ստանա: Ճի՞շտ եմ արդյոք հասկանում Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցված հայտնի սկզբունքների հիման վրա: - Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տեւական լարվածության հիմքում գտնվող եւ 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները եւ պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը արդեն լուծել է այդ խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հնչեցրել է այս միտքը, ընդ որում՝ շատ ագրեսիվ ու քամահրական տոնով՝ ինչպես արձանագրված է պաշտոնական հայտարարություններում եւ մամուլի հրապարակումներում: Ուրեմն ինչպե՞ս կարելի է վերականգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացը՝ նկատի ունենալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը Մինսկի խմբի գործունեության առնչությամբ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ: - Թույլ տվեք ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Սա նաեւ ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին եւ նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տեւական եւ համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: - Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ ներառյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կոպտագույն խախտումները, ռազմական ներխուժումը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, Արցախում հումանիտար ճգնաժամի հրահրումը տարբեր միջոցներով՝ ինչպիսիք են գազի մատակարարման պարբերական խաթարումները, ադրբեջանական զինուժի փորձերը սահմանային հենակետերից բարձրախոսներով հնչեցվող հայտարարություններով խաղաղ բնակչությանը ահաբեկելու, բարոյահոգեբանական ճնշում գործադրելու փորձերը՝ ինչպես եղավ, օրինակ, Ասկերանի Խրամորթ գյուղում, ինչպես նաեւ Արցախի հայկական մշակութային ժառանգության շարունակական ու հետեւողական ոչնչացմանն ուղղված գործողությունները, որոնց մասին բազմաթիվ տեղական ու միջազգային զեկույցներ են եղել՝ ներառյալ Եվրոպական խորհրդարանի մարտի 10-ի բանաձեւը Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է առհասարակ քննարկվել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, երբ այնտեղ ապրող մարդկանց կյանքը իրական վտանգի տակ է: - Ինչպես արդեն նշել ենք՝ մտահոգության տեղիք են տալիս այնպիսի գործողությունները, ինչպիսիք են վերջին շրջանում գրանցված գազամատակարարման խաթարումները եւ ադրբեջանական զորքերի տեղաշարժերը շփման գծի հատվածում: Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումից խուսափելու կարեւորությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրառեն: - Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգները Արցախի բնիկ ժողովրդի կենսական եւ հիմնարար իրավունքները պաշտպանելու համար: Ի վերջո, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, այդպես չէ՞: - Ինչպես ավելի վաղ ասացի՝ մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում:   Շարունակությունը՝ armenpress.am-ում:
11:39 - 19 մայիսի, 2022