ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Փոխգնդապետ է կալանավորվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով

Փոխգնդապետ է կալանավորվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: «Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը, 2016թ. ապրիլից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի համար նախատեսված, իրեն վստահված ՎՔՆ միջոցներից՝ անձեռնմխելի պաշարից, յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.538.457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ 19.950 լիտր ձմեռային դիզվառելիք և 100 լիտր բենզին, իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին, որը հետագայում իրացրել է, իսկ ստացված գումարը տնօրինել: Բացի այդ, փոխգնդապետը, տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող ռադիոլոկացիոն կայանից կատարված հափշտակության դեպքի մասին, չարաշահելով պաշտոնեական դիրքը, այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել, ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում:
08:29 - 27 օգոստոսի, 2019
Նախկին քննիչներին մեղադրանք է առաջադրվել 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդերի հափշտակության համար. ՀՔԾ

Նախկին քննիչներին մեղադրանք է առաջադրվել 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդերի հափշտակության համար. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Լ. Գ.-ին և Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների պաշտոնները, նախնական համաձայնությամբ յուրացրել են առանձնապես խոշոր չափերով` 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: «Ըստ առաջադրված մեղադրանքների` ՀՀ ՔԿ ավագ քննիչ Լ. Գ.-ն` 2015թ.-ին վարույթ ընդունած քրեական գործի շրջանակներում, իր ղեկավարած քննչական խմբի քննիչ Վ. Ա.-ի հետ խուզարկություն են կատարել նշված գործով խարդախության մեջ մեղադրվող անձի բնակարանում և առգրավել վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող 7.115.700 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Քննիչները, սակայն, խախտելով օրենսդրության պահանջը, առգրավված թանկարժեք իրերը չեն հանձնել պետական բանկի հիմնարկների պահպանությանը, այլ նախնական համաձայնությամբ` ոսկյա զարդերը յուրացնելու դիտավորությամբ, հափշտակել են դրանք, որոնց մի մասը Լ.Գ.-ն գրավադրել է վարկային կազմակերպությունում: Այնուհետև քննիչ Վ. Ա.-ն իր և քննչական խմբի ղեկավարի կողմից կատարվող ծանր հանցագործությունը թաքցնելու նպատակով մերժել է մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված` ոսկյա զարդերը դրանց սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ հայտնաբերված թանկարժեք իրերը կարող են ծառայել դատական ծախսերն ապահովելու միջոցներ և այդ կերպ փաստելով, թե իբր զարդերն ամբողջությամբ առկա են ու պահվում են քննչական բաժնում: Միջնորդությունը մերժելուց հետո Վ. Ա.-ն մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին: Լ. Գ.-ն կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում:  
12:45 - 26 օգոստոսի, 2019
Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք․ Քննչական կոմիտե

Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք․ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի որդու՝ Վ.Մ-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ Վ.Մ.-ի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:Բացի այդ, 2014թ. հոկտեմբեր ամսից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում կատարել է հանցանք կատարած անձ Վ.Մ.-ի պարտակում:Այնուհետև, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Վ.Մ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու նպատակով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, այն է՝ գումարի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում, Վ.Մ.-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցերը կարգավորելու, իսկ հետագայում՝ նաև զինվորական գրքույկ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս հոր՝ Է.Մ.-ի հետ, ապա 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, կանխիկ և բանկային փոխանցումների միջոցով, որպես կաշառք անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 68.160.000 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 6.000.000 ՌԴ ռուբլի գումար: Բացի այդ, գնդապետը, գործելով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. նոյեմբեր ամսին, Վ.Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև նրա ծնողների՝ ՌԴ Նախոդկա քաղաքում գտնվող գույքն իր ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով Վ.Մ.-ին ներկայացրել է իր օգտին գույքային գործողություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերի՝ 7.160.000 ՀՀ դրամին համարժեք, 1.000.000 ՌԴ ռուբլի գումար տալու պահանջ:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
09:36 - 23 օգոստոսի, 2019
Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առերևույթ յուրացումներ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։Տվյալներ են ստացվել, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համայնքի բյուջեից միջոցներ է տրամադրել նույն համայնքի մշակույթի տան վերանորոգման համար, ձեռք բերել անհրաժեշտ կահույք, սպասք և պարագաներ, որից հետո 2016թ. աշնանից մինչև 2019թ. հունվար ամիսը մշակույթի տան դահլիճում վճարովի հիմունքներով կազմակերպված միջոցառումներից ստացված զգալի չափի գումարը համայնքի բյուջե չի վճարվել, այլ յուրացվել է:Ավելի վաղ հայտնել էինք, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147.300.838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 70. 000. 000 ՀՀ դրամ:Յուրացումներ կատարելու դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 19-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը միացվել է նույն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործին:Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու, ինչպես նաև այլ գործարքներում ևս հնարավոր չարաշահումների վերաբերյալ նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։
07:17 - 22 օգոստոսի, 2019
Գնդեվազի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին՝ էական վնաս պատճառելով համայնքին

Գնդեվազի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին՝ էական վնաս պատճառելով համայնքին

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ, կրկին հայտնում ենք, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամ: Նախաքննությունը շարունակվում է:
08:02 - 20 օգոստոսի, 2019
Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ 2017թ.-ի նոյեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքը օգտագործելով յուրացում և խարդախություն կատարելու դեպքեր: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը, 1994 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2017 թվականի մայիսի 15-ը զբաղեցնելով «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կանոնադրությամբ ունենալով ՊՈԱԿ-ի գույքը, այդ թվում նաև ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություն, իր աշխատանքային գործունեության՝ 2015թ., 2016թ. և 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում, աշակերտներին հատկացվող սնունդը օրենքով սահմանված կարգով նախատեսված չափաբաժիններից ավել նրանց տրամադրելու, ինչպես նաև մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում և ձեռք բերել համապատասխան սնունդ, ապա՝ նույն ժամանակահատվածում, դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի օժանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում հաշվառել է փաստացի դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտների, այդ կերպ հիշյալ աշակերտների անվամբ իրեն վստահված դպրոցի պահեստից պաշտոնեական կեղծիք կատարելով ելքագրել և վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցների աշխատավարձի բանկային պլաստիկ քարտերից 2008 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կանխիկացրել է փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները, խաբեությամբ՝ փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով նրանց, կանխիկացված գումարներից նրանց առձեռն հատկացրել է մի մասը, իսկ մնացած՝ առանձնապես խոշոր չափերով 9.956.831 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին : Նախաքննությունը շարունակվում է:
13:51 - 19 օգոստոսի, 2019
Հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղում առերևույթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է ընդհանուր 102.329.250 ՀՀ դրամ արժեքի՝ 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ: Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կաշառք տալու դիմաց ապօրինի ծառահատում կատարելու առաջարկով Ստեփանավանի անտառպետության անտառապետերին են դիմել Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում փայտանյութի առքուվաճառքով զբաղվող, ինչպես նաև փայտամշակման արտադրամասեր ունեցող անձինք, որոնց հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, անտառապետերն իրենց հերթին կաշառքի դիմաց ապօրինի ծառահատումը թույլատրելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել տվյալ պահաբաժնի անտառապահի հետ, որոշ դեպքերում նաև՝ «Ստեփանվանի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի հետ, և ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում պաշտոնատար անձ հանդիսացող անտառատնտեսության աշխատակիցներն իրենց ուժերով կամ կաշառք տվող անձի կազմակերպմամբ իրականացրել են ծառերի ապօրինի հատումները և դրանց արդյունքում ստացված փայտանյութի՝ անտառից տեղափոխելու աշխատանքները, որից հետո ստացել պայմանավորված կաշառքի գումարը:Այնուհետև պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառային տարածքներում իրականացված ապօրինի հատումների իրական ծավալները թաքցնելու կամ լրացուցիչ ստուգումներից զերծ մնալու նպատակով «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենները, անտառապետերը, անտառապահները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, կատարել կեղծիքներ, որոշ դեպքերում տվել կաշառք և իրականացրել այլ պաշտոնեական հանցանքներ: Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառային տարածքում իրականացվող վերահսկիչ աշխատանքների ընթացքում՝ ապօրինի հատված ծառերի իրական տվյալները թաքցնելու նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և կատարել կեղծիք: Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ, այդ թվում՝ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի 2 տնօրեն, 3 նախկին անտառապետ, 3 անտառապահ, «Հայանտառ»Հ ՊՈԱկ-ի հսկողության բաժնի 3 աշխատակից, փայտամշակման արտադրամասեր ունեցող, ապօրինի ծառահատմամբ զբաղվող 5 անձ: Անտառապետերից մեկի նկատմամբ հայտարարված է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Պետությանը պատճառված վնասի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
07:04 - 19 օգոստոսի, 2019
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում խարդախության գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում խարդախության գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարույթն իրականացնող մարնի կողմից որոշում է կայացվել՝ ևս երկու անձի ձերբակալման մասին: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության 4-րդ բաժնում «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության տնօրինության կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ ստացված զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ դեռևս 2011թ., 2013թ. և 2017թ. ՀՀ ԿԱ ոստիկանության ՃՈ ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջև կնքվել են «պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման՝ գնման, և դրանց սպասարկման պայմանագրեր, նույն պայմանագրով նախատեսված համաձայնագիր և «գույքի հավատարմագրային կառավարման» պայմանագիր: Նշված պայմանագրերի և համաձայնագրի հիման վրա կատարող կազմակերպության կողմից ստեղծվել է երթևեկության արագության վերահսկողության մշտադիտարկման համակարգ, իսկ դրա գործարկման արդյունքում պետության կողմից գանձված գումարները բաշխվել են 30/70, 50/50 և 10/90 տոկոսային հարաբերակցությամբ: Բացի այդ, 2017թ. կնքված պայմանագրով, բացի գանձված գումարների 10 տոկոս հատկացումից, սահմանվել է նաև մատուցվելիք ծառայությունների ծախսերի 100 տոկոսանոց անվերապահ փոխհատուցում: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունն իր հերթին 2011 և 2018թթ. պայմանագրեր է կնքել «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերության հետ՝ պետությանը մատուցվելիք ծառայությունների, մասնավորապես՝ համակարգի սպասարկում իրականացնելու վերաբերյալ: Հաշվի առնելով, որ նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ և առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ 2018 թվականի հունիսի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունը նույնպես հիմնադրվել և փաստացի ղեկավարվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության համահիմնադիրների կողմից: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017թ. կնքված պայմանագրի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև կնքված նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում 2017թ. փետրվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն, որոնց եզրակացության համաձայն՝ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 210.346.512 ՀՀ դրամ գումար: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռքբերվել են «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից մեկի, ինչպես նաև «Էլիպս Ջի Էյ» և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունների հաշվապահների կողմից խարդախությանը և փաստաթղթերի կեղծմանն առերևույթ առնչություն ունենալու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև՝ վերոհիշյալ առերևույթ չարաշահումներին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենի առնչություն ունենալու վերաբերյալ: Որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը: Նախաքննությունը շարունակվում է:   ՀՀ քննչական կոմիտե  
10:20 - 15 օգոստոսի, 2019
«Հյուսիս-հարավ»-ի մշակման և իրագործման ընթացքում փողերի լվացման դեպքեր են բացահայտվել

«Հյուսիս-հարավ»-ի մշակման և իրագործման ընթացքում փողերի լվացման դեպքեր են բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավել տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու և հաստատելու միջոցով խարդախությամբ 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 871 մլն ՀՀ դրամ գումար խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բացակայում է ՀՀ-ից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարին: Բացի այդ, քննչական կոմիտեի ծառայողների կողմից ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերի վերաբերյալ, բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով նախորդող հանցագործությունների արդյունքում գոյացած հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:Ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերով քննության ներկա փուլում նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրենների, ինչպես նաև որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ նշված քրեական գործի նախաքննության ծավալներն աննախադեպ են՝ վարույթն իրականացնող մարմինը, այլ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ, շարունակում է հետևողական նախաքննություն իրականացնել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հանցանք կատարած անձանց ի հայտ բերելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:
09:46 - 13 օգոստոսի, 2019
Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել |armenpress.am|

Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել |armenpress.am|

armenpress.am։ Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը, կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»,- ասացին ՀՀ քննչական կոմիտեից։ Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին։
07:05 - 09 օգոստոսի, 2019
«Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու  դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի

«Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով կեղծ աճուրդներ անցկացնելու արդյունքում «Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Կարճևան համայնքի նախկին ղեկավարին (երկու դրվագ)` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք, կատարելու համար, կեղծ աճուրդի գործընթացին մասնակցություն ունեցած համայնքապետարանի աշխատակցին և աճուրդների 4 մասնակիցներին` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար: Պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակություն ցուցաբերած երկու անձանց նկատմամբ որոշում է կայացվել համաներման ակտի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Չորս անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերոնշյալ գործարքների ժամանակ խախտվել են տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ առաջարկելով Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի միջոցով նախաձեռնել համայնքին պատկանող և օրենքի ու այլ իրավական ակտերի խախտմամբ օտարված՝ հողահատվածների 6 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:   ՀՀ քննչական կոմիտե  
08:41 - 06 օգոստոսի, 2019
Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին․ ՔԿ

Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին․ ՔԿ

Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտե
08:13 - 29 հուլիսի, 2019
Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երեք բնակչի: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի 1972 թվականին ծնված բնակչի հետ՝ վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի աշխատանքի ընդունելու հարցի շուրջ` որպես կաշառք պահանջել խոշոր չափի՝ 487.290 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար: 2017թ. նոյեմբերի 13-ին 1972 թվականին ծնված տղամարդու դուստրը աշխատանքի է ընդունվել հիշյալ դպրոցում, իսկ պայմանավորված գումարը դպրոցի տնօրենին պարտավորվել է փոխանցել աղջկա ամուսինը: Այդ նպատակով 2018թ. հունվար ամսին նա հանդիպել է դպրոցի տնօրենին, տվել 200.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մնացած մասը հետագայում հրաժարվել է վճարել: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ կնոջ հորն ու ամուսնուն՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
09:39 - 11 հուլիսի, 2019
Բացահայտվել է Լուսահովիտ համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի բնակչին

Բացահայտվել է Լուսահովիտ համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի բնակչին

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի 41-ամյա բնակչին: 2019 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Իջևան քաղաքում Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ հրազենով կրակ էին արձակել՝ պատճառելով աջ ազդրի բազմաբեկորային բաց տեղաշարժով կոտրվածք, տրավմատիկ շոկ ախտորոշումով մարմնական վնասվածք, ինչ արդյունքում, բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, Գրիգոր Սարհատյանի աջ ազդրոսկրի վերին երրորդականի ամպուտացիա է կատարվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1֊ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Համայնքի ղեկավարը ճանաչվել էր տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, կատարվել են առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Իջևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1977 թվականին: Վերջինս ձերբակալվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իջևան քաղաքի՝ 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1֊ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
12:55 - 04 հուլիսի, 2019
Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցաջակցության գործակալության առաջատար մասնագետին

Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցաջակցության գործակալության առաջատար մասնագետին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը, ծնված 1975թ, զբաղեցնելով Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի պաշտոնը և լիազորված լինելով իր սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրել օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, 2012 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի 5 նպաստառուների և նրանց ընտանիքի անդամների օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև այդպիսի գործողություններ չկատարելու, այն է՝ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, անձնական գործերի ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց նրանցից ստացել է ապօրինի վարձատրություն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին մուծվել է որպես ապօրինի վարձատրություն ստացած գումարը։ Արմավիրի մարզի 5 բնակիչների կողմից պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար սկսված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով՝ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
07:11 - 03 հուլիսի, 2019