ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում խարդախության գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում խարդախության գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարույթն իրականացնող մարնի կողմից որոշում է կայացվել՝ ևս երկու անձի ձերբակալման մասին: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության 4-րդ բաժնում «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության տնօրինության կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ ստացված զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ դեռևս 2011թ., 2013թ. և 2017թ. ՀՀ ԿԱ ոստիկանության ՃՈ ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջև կնքվել են «պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման՝ գնման, և դրանց սպասարկման պայմանագրեր, նույն պայմանագրով նախատեսված համաձայնագիր և «գույքի հավատարմագրային կառավարման» պայմանագիր: Նշված պայմանագրերի և համաձայնագրի հիման վրա կատարող կազմակերպության կողմից ստեղծվել է երթևեկության արագության վերահսկողության մշտադիտարկման համակարգ, իսկ դրա գործարկման արդյունքում պետության կողմից գանձված գումարները բաշխվել են 30/70, 50/50 և 10/90 տոկոսային հարաբերակցությամբ: Բացի այդ, 2017թ. կնքված պայմանագրով, բացի գանձված գումարների 10 տոկոս հատկացումից, սահմանվել է նաև մատուցվելիք ծառայությունների ծախսերի 100 տոկոսանոց անվերապահ փոխհատուցում: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունն իր հերթին 2011 և 2018թթ. պայմանագրեր է կնքել «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերության հետ՝ պետությանը մատուցվելիք ծառայությունների, մասնավորապես՝ համակարգի սպասարկում իրականացնելու վերաբերյալ: Հաշվի առնելով, որ նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ և առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ 2018 թվականի հունիսի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունը նույնպես հիմնադրվել և փաստացի ղեկավարվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության համահիմնադիրների կողմից: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017թ. կնքված պայմանագրի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև կնքված նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում 2017թ. փետրվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն, որոնց եզրակացության համաձայն՝ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 210.346.512 ՀՀ դրամ գումար: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռքբերվել են «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից մեկի, ինչպես նաև «Էլիպս Ջի Էյ» և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունների հաշվապահների կողմից խարդախությանը և փաստաթղթերի կեղծմանն առերևույթ առնչություն ունենալու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև՝ վերոհիշյալ առերևույթ չարաշահումներին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենի առնչություն ունենալու վերաբերյալ: Որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը: Նախաքննությունը շարունակվում է:   ՀՀ քննչական կոմիտե  
10:20 - 15 օգոստոսի, 2019
«Հյուսիս-հարավ»-ի մշակման և իրագործման ընթացքում փողերի լվացման դեպքեր են բացահայտվել

«Հյուսիս-հարավ»-ի մշակման և իրագործման ընթացքում փողերի լվացման դեպքեր են բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավել տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու և հաստատելու միջոցով խարդախությամբ 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 871 մլն ՀՀ դրամ գումար խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բացակայում է ՀՀ-ից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարին: Բացի այդ, քննչական կոմիտեի ծառայողների կողմից ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերի վերաբերյալ, բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով նախորդող հանցագործությունների արդյունքում գոյացած հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:Ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերով քննության ներկա փուլում նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրենների, ինչպես նաև որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ նշված քրեական գործի նախաքննության ծավալներն աննախադեպ են՝ վարույթն իրականացնող մարմինը, այլ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ, շարունակում է հետևողական նախաքննություն իրականացնել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հանցանք կատարած անձանց ի հայտ բերելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:
09:46 - 13 օգոստոսի, 2019
Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել |armenpress.am|

Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել |armenpress.am|

armenpress.am։ Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը, կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»,- ասացին ՀՀ քննչական կոմիտեից։ Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին։
07:05 - 09 օգոստոսի, 2019
«Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու  դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի

«Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով կեղծ աճուրդներ անցկացնելու արդյունքում «Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Կարճևան համայնքի նախկին ղեկավարին (երկու դրվագ)` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք, կատարելու համար, կեղծ աճուրդի գործընթացին մասնակցություն ունեցած համայնքապետարանի աշխատակցին և աճուրդների 4 մասնակիցներին` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար: Պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակություն ցուցաբերած երկու անձանց նկատմամբ որոշում է կայացվել համաներման ակտի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Չորս անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերոնշյալ գործարքների ժամանակ խախտվել են տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ առաջարկելով Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի միջոցով նախաձեռնել համայնքին պատկանող և օրենքի ու այլ իրավական ակտերի խախտմամբ օտարված՝ հողահատվածների 6 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:   ՀՀ քննչական կոմիտե  
08:41 - 06 օգոստոսի, 2019
Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին․ ՔԿ

Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին․ ՔԿ

Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտե
08:13 - 29 հուլիսի, 2019
Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երեք բնակչի: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի 1972 թվականին ծնված բնակչի հետ՝ վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի աշխատանքի ընդունելու հարցի շուրջ` որպես կաշառք պահանջել խոշոր չափի՝ 487.290 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար: 2017թ. նոյեմբերի 13-ին 1972 թվականին ծնված տղամարդու դուստրը աշխատանքի է ընդունվել հիշյալ դպրոցում, իսկ պայմանավորված գումարը դպրոցի տնօրենին պարտավորվել է փոխանցել աղջկա ամուսինը: Այդ նպատակով 2018թ. հունվար ամսին նա հանդիպել է դպրոցի տնօրենին, տվել 200.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մնացած մասը հետագայում հրաժարվել է վճարել: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ կնոջ հորն ու ամուսնուն՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
09:39 - 11 հուլիսի, 2019
Բացահայտվել է Լուսահովիտ համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի բնակչին

Բացահայտվել է Լուսահովիտ համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի բնակչին

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի 41-ամյա բնակչին: 2019 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Իջևան քաղաքում Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ հրազենով կրակ էին արձակել՝ պատճառելով աջ ազդրի բազմաբեկորային բաց տեղաշարժով կոտրվածք, տրավմատիկ շոկ ախտորոշումով մարմնական վնասվածք, ինչ արդյունքում, բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, Գրիգոր Սարհատյանի աջ ազդրոսկրի վերին երրորդականի ամպուտացիա է կատարվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1֊ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Համայնքի ղեկավարը ճանաչվել էր տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, կատարվել են առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Իջևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1977 թվականին: Վերջինս ձերբակալվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իջևան քաղաքի՝ 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1֊ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
12:55 - 04 հուլիսի, 2019
Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցաջակցության գործակալության առաջատար մասնագետին

Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցաջակցության գործակալության առաջատար մասնագետին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը, ծնված 1975թ, զբաղեցնելով Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի պաշտոնը և լիազորված լինելով իր սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրել օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, 2012 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի 5 նպաստառուների և նրանց ընտանիքի անդամների օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև այդպիսի գործողություններ չկատարելու, այն է՝ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, անձնական գործերի ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց նրանցից ստացել է ապօրինի վարձատրություն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին մուծվել է որպես ապօրինի վարձատրություն ստացած գումարը։ Արմավիրի մարզի 5 բնակիչների կողմից պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար սկսված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով՝ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
07:11 - 03 հուլիսի, 2019
Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։ Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Էջմիածնի համայնքապետարանից առերևույթ կատարված յուրացման դեպքերը, պարզվել դրանց կատարման մեխանիզմը: Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա որպես հիմնարկի տեղամասի պահակ աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ: Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս, որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ: Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս: Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ իր վարորդին աշխատեցնում է որպես իր ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցողին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին գրավոր կարգադրություն է տվել՝ իր անձնական վարորդին նույն վարչության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի նյութական վնաս: Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում, որպես փողոցի հավաքարար, աշխատանքի է ընդունել համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ: Բացի այդ, համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ): Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:
08:40 - 28 հունիսի, 2019
ՔԿ փոխնախագահ մոտ քննարկել են զինծառայության ընթացքում մահվան դեպքերի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը

ՔԿ փոխնախագահ մոտ քննարկել են զինծառայության ընթացքում մահվան դեպքերի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը

Այսօր Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիտորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
10:25 - 27 հունիսի, 2019
Կապանի անտառտնտեսության և Սյունիքի մարզի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները պաշտոնյայի մեքենայի համար

Կապանի անտառտնտեսության և Սյունիքի մարզի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները պաշտոնյայի մեքենայի համար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը: Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարության և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106.192.800 դրամ: Գումարը տրամադրել է Սյունիքի մարզի 4 գյուղական բնակավայրերին մինչև 2300խմ. վառելափայտով ապահովելու նպատակով տրակտորի, սղոցարանի, վառելափայտ ճղելու սարքավորման, փայտածուխի արտադրամասի, չորանոցի, «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ», «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ ՊԻԿ-ԱՊ» և «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՌ» ավտոմեքենաների ձեռքբերման և դրանք անմիջապես Կապանի անտառտնտեսության մասնաճյուղին հանձնելու համար:   Պարզվել է, սակայն, որ ՊՈԱԿ-ի առաջարկով վերոհիշյալ պայմանագիրն անհիմն փոփոխվել է, և տրակտորի, փայտածուխի արտադրամասի և «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ» ավտոմեքենայի փոխարեն 2018թ. սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով 25.700.000 ՀՀ դրամով ձեռք է բերվել «ՏՈՅՈՏԱ ԷԼ ՍԻ Պրադո 4,0լ Բիզնես + /6 ՋԻ/» ավտոմեքենա, որը երկու ամիս անց 5 տարի ժամկետով հանձնվել է ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի անհատույց օգտագործմանը:Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ պարունակող առերևույթ տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքների լիարժեք պարզման նպատակով իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
14:33 - 24 հունիսի, 2019
ՊՆ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար

ՊՆ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1966 թվականին ծնված տղամարդը, վարկով գումար վերցնելու համար, դիմել է մի շարք ֆինանսական կազմակերպությունների, սակայն մշտական աշխատանք չունենալու պատճառով չի կարողացել ՀՀ բանկերում վարկ ձևակերպել:Իր նպատակն իրագործելու համար 52-ամյա տղամարդը 2018թ. աշնանը Երևանում վճարի դիմաց ձեռք է բերել իրավունք վերապահող, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական, ինչպես նաև՝ 229 460 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ կնքված և դրոշմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք: Իր տրամադրության տակ ունենալով նշված կեղծ փաստաթղթերը՝ նա դիմել է Երևան քաղաքում գործող Ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկին և դրանց հիման վրա՝ կնքել պայմանագիր՝ 300 000 ՀՀ դրամ վարկ տրամադրելու վերաբերյալ:Գործարքն ավարտելուց հետո 52-ամյա տղամարդն իրեն տրամադրված կեղծ վկայականը վերադարձրել է այն անձին, ումից վերցրել էր:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1966թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերևույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ կեղծ վկայականը պատրաստող և իրացնող անձին (անձանց) ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
07:19 - 24 հունիսի, 2019
Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար

Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաստան համայնքի ղեկավարը, 2008 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի մի շարք բնակիչներից օրենքով սահմանված կարգով վճարված և համայնքի բյուջե մուտքագրման ենթակա խոշոր չափի գումար:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
07:49 - 18 հունիսի, 2019