ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Պատմական միջավայրի պահպանության բնագավառը ԿԳՄՍՆ-ում շարունակում է վտանգված մնալ․ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

Պատմական միջավայրի պահպանության բնագավառը ԿԳՄՍՆ-ում շարունակում է վտանգված մնալ․ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

Շուրջ մեկ ամիս առաջ՝ այս տարվա ապրիլի 30-ին, ՀՀ կառավարության որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել կառավարության 2002թ․ օգոստոսի 22-ի «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» և «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» որոշումները:  Կառավարությունը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի պնդմամբ, չի հաստատել նոր կանոնադրություն, ու կառույցը, որն, ըստ էության, կոչված է նպաստել ՀՀ մշակութային ժառանգության պահպանմանը, կանխել ու կանխարգելել մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ապօրինի ներմուծումն ու մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումն ու նպաստել միջազգային մշակութային համագործակցության և փոխանակությունների զարգացմանը, մեկ ամիս է՝ իր լիազորություններն ու գործառույթներն իրացնելու համար չունի կանոնադրություն։ Բացի այս՝ օրեր անց՝ մայիսի 6-ին, ՀՀ վարչապետը ստորագրել է համապատասխան որոշում, որի համաձայն էլ այս մարմինը պետք է վերակազմավորել որպես պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն․ որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա մայիսի 16-ին, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությամբ զբաղվող մարմինն այժմ արդեն վարչություն է։ Այս որոշումների շուրջ զրուցեցինք վարչության պետ Արմեն Աբրոյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ որն է դրանց նպատակն ու ինչ խնդիրներ են ծառացել ոլորտում ու գործակալության առաջ։ Աբրոյանը մեր զրույցում ասաց, որ վերոգրյալ որոշումներն ընդունվել են ոչ բացահայտ՝ գաղտնի կերպով․ «Փաստորեն, հիմա գործակալություն չկա, եւ գործառույթներ չկան, գործակալությունը վերաձեւակերպվել է որպես վարչություն։ Ստացվում է՝ մենք աշխատակիցներ ենք՝ ուղղակի որպես ընդունված աշխատող, բայց թե ինչ պաշտոնով կամ ինչ իրավասություններով ենք աշխատում, կամ ով լիազորություն ունի հանձնարարականան տալու, ում, չգիտենք, եւ որեւէ գործի համար պատասխանատվություն չունենք»։ Վարչության պետը կարծում է՝ այս քայլերն ուղղված են բնագավառի ակնհայտ, ուղղորդված քայքայմանը՝ փորձ անելով հապճեպությամբ եւ գուցե նաեւ սխալներով «ազատվել իրենից»։ «Հիմա մենք՝ որպես վարչություն, եւս վերկազմակերպված չենք, մեր պաշտոնների անձնագրերը չունենք եւ գործակալության կամ վարչության կամ գրասենյակի կամ որեւէ կոմիտեի կարգավիճակ, ստացվում է, չունենք։ Այսօր զրկված եմ հանձնարարական կատարելու իրավասություններից, որի համար վերադարձնում եմ մեր բոլոր հանձնարակակնները, որոնք ինձ տալիս են ընթացք ստանալու համար»։ Թե որն է այս գործելաոճի պատճառը՝ մեր զրուցակիցն արձանագրեց, որ ոլորտում վաղուց օրենսդրական բացեր կան․ տասից ավելի ենթաօրենսդրական ակտեր մշակված չեն, եւ հեղափոխությունից հետո էլ այդ բացը չի լրացվում։ Եւ դեռ ավելին՝ որոշ օրենսդրական կարգավորումներ, որոնք ինքը ներկայացրել է, իր խոսով՝ որեւէ կերպ ընթացք չեն ստացել․ «Առաջարկներ ներկայացվել են, բայց դրանց հետագա ընթացքը մեղմ ասած չեղարկվել է որոշ պաշտոնյաների՝ հատկապես նախարարի տեղակալի եւ նախարարի խորհրդականի ոչ կոմպետենտ լինելու պատճառով։ Մասնավորապես, ոլորտի լիցենզավորման մասին օրենքով նախատեսվում է, որ պատմության եւ մշակույթի հուշարձանների պատմական միջավայրի պահպանության բնագավառն ունենա լիցենզավորված գործունեություն, այսինքն՝ մասնագիտական գործունեության կանոնակարգում, կառավարում եւ այլն։ Սակայն, ցավոք, սա ընթացք չի ստանում»։  Սա, ըստ Աբրոյանի, «օբյեկտիվ» պատճառ ունի․ իրավասու անձինք չեն կարողանում օրենսդրական ակտեր մշակել, նրա համոզմամբ՝ կա նաեւ գիտելիքների ու կամքի բացակայություն․ «Մարդիկ չեն կարողանում, տեղում չեն, եւ ավելին՝ դա թողած՝ գործակալության գործառույթներով են զբաղվում՝ ցույց տալով, թե իրենք որեւէ աշխատանք են կատարում։ Եւ սա անում են օրենսդրության, մասնագիտական, սահմանված ռեժիմների, պահանջների խախտման պայմաննեորով»,- ասաց մեր զրուցակիցը՝ օրինակ բերելով «Հին Երեւան» նախագիծը, որի մասին Աբրոյանը բարձրաձայնել էր դեռ 2019 թվականի հունվարին՝ Երեւանի քաղաքապետարանին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեին մեղադրելով նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանի եւ մայրաքաղաքի պատմական տարածքում կառուցապատում իրականացնող գործարար Վարդան Սրմաքեշի «հանցախմբի» հետ համագործակցելու մեջ․ «Օրինակ, «Հին Երեւան» ծրագրում ապօրինի շինարարությունները, որոնք իրականացվեցին տարիներ շարունակ, մենք չենք համաձայնել, որովհետեւ ռեժիմի խախտումներ կային, եւ ներկայացնելով գիտամեթոդական խորհրդի որոշ քանակով քվեարկության, այն էլ՝ հարցումով, դրական եզրակացություն տրվեց։ Դրական եզրակացություն տրվեց քաղաքի կենտրոնում՝ Տեյրան 5 հասցեում կառուցապատմանը, որին գործակալությունը դարձյալ դեմ է եղել, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ բարձրահարկի կառուցմանը՝ եթե չեմ սխալվում՝ մոտ 70 մետր, որին գործակալությունը կրկին համաձայնություն չի տվել։ Ես այդ ամենում տեսնում եմ որեւէ ռիսկ»,- ասաց Աբրոյանը՝ նկատելով, որ եթե սա առաջ էլի գործակալության անհամաձայնությամբ էր արվում եւ քաղաքապետարանից նույնիսկ նախարարություն չէր գալիս՝ համաձայնեցման, ապա այսօր նախարարություն գալիս է, եւ փորձում են ստիպել, որպեսզի գործակալությունը եւ ինքը եւս համաձայնվեմ․ «Իսկ դա չի եղել անգամ նախկինում, երբ իրենք չկային»,- շեշտեց Աբրոյանը։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ բիզնես գործունեություն ծավալող անձինք փորձում են նախարարության միջոցով գործակալությանը համոզել որեւէ տեղում շինարարություն անելու հարցո՞ւմ, որը գուցե դուրս է օրենքի սահմանների՞ց, գործակալության պետը պատասխանեց՝ ոչ միայն բիզնեսմենները, այլ նաեւ պաշտոնյաներն են փորձում ազդել, որպեսզի ստանան այդ համաձայնությունները․  «Շարունակում է խաթարվել մայրաքաղաքի պատմական միջուկը։ Եւ ավելին՝ նախարարությունը նման կանոնադրական գործառույթ չունի․ այդ գործառույթը կառավարության որոշմամբ եղել է գործակալությանը։ Մշտապես փորձել են գործակալությանը խոչընդոտել եւ իրենց կամքը կամ ցանկությունները, «լավություն»  անելու գործառույթը իրականացնել, ցավոք սրտի»։ Թե ինչու է որդեգրվել այս քաղաքականությունը, ըստ Աբրոյանի, բազմաթիվ պատճառներ կան, որոնցից մեկ-երկուսը նա ներկայացրեց մեր զրույցում։ Դրանց թվում են ներդրումային քաղաքականությունը, հուշարձանների տարածքների սահմանման դրույթների խնդիրները, որոնք, մեր զրուցակցի խոսքով, հիմնականում շահեր սպասարկելու, իրար ծանոթ-ընկեր-բարեկամ պահելու նկատառում ունեն․ «Օրինակ, տարիներ շարունակ հուշարձանների տարածքները չեն սահմանվել, բայց դրանց անձնագրերում պետք է սահմանվեն տարածքներ։ Դա իրավական այն փաստաթուղթն է, որով նշագծվում է՝ դա է հուշարձանի տարածքը, եւ որեւէ մեկն իրավունք չունի այն վնասել։ Սակայն երկար տարիներ դրանք չեն մշակվել, տարիներ շարունակել բարձաձայնել ենք խնդիրը, բայց գոտիները մշակվել են հուշարձանների տարածքների չափով՝ փոխանակ տարածքների շուրջ լինեն ու ապահովեն պատմական միջավայրը։ Բազմաթիվ են նման դեպքերը։ Այդպիսին է նաեւ պեղումների բնագավառը․  պեղումներից հետո ամրակայումները պարտադիր են, քանի որ երբ հուշարձանը պեղման միջամտության է ենթարկվում, դրանից հետո ավելի է արագանում հուշարձանի քայքայումը։ Սակայն հնագետները, արշավախմբերը, որոնք ձեռնարկողի պարտականություն են ստանձնում, չեն ամրակայում, չեն կոնսերվացնում տվյալ հուշարձանը։ Կա այդպիսի հստակ պահանջ, բայց նախկինում եղած ընկերական աջակցությունը պահելու համար տվյալ գործառույթների ոչ օրենսդրական լինելը թաքցնելու փորձ է արվում․ չեմ ասում բոլոր դեպքերում, բայց մեծամասամբ։ Մեր աչքի առաջ քայքայվում են այդ հուշարձանները, բայց թվարկածներս թաքցնելու փորձ է արվում»,- մեր զրույցում շեշտեց Աբրոյանը։ Ինչ վերաբերում է ներդրումային քաղաքականությանը՝ վերջինս փորձեց ենթադրյալ օրինակով ներկայացնել իրավիճակը։  «Օրինակ՝ մայրաքաղաքի կենտրոնում՝ Օպերայի բակում, մեկն ուզում է 50 հարկանի հյուրանոց կառուցել, ներդրում է, չէ՞»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը՝ շարունակելով,- «Բայց չի կարելի իբրեւ ներդրումները խթանելու համար ենթադրյալ ապօրինի շինություն կառուցելու գործընթացը շարունակել։ Բայց մարդիկ գտնում են միջոցներ։ Մասնավորապես, գործակալության Երեւանի տարածքային պետ Կարո Այվազյանը, գիտամեթոդական խորհրդի միջոցով փորձում են սահմված գոտիների նախագիծը համարել ոչ իրավաչափ եւ այլն, որեւէ ինտրիգով, որեւէ կերպ, մի քանի ոչ պրոֆեսիոնալ մարդկանցից կարծիքներ հավաքելով, եզրակացություն ստանալով, շրջանցելով գործակալության կարծիքը, եզրակացությունը՝ նախարարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է կատարում, ու այդպիսով նախագծերին պատմական միջավայրի անթույլատրելի միջամտություններին համաձայնություն է տալիս»։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ որպեսզի ցույց տան՝ բիզնեսին զարկ են տալիս, խթանում են ներդրումային միջավայրը, միջամտում են գործակալության գործառույթներին, կամ առանց կառույցի կարծիքը հաշվի առնելու՝ թույլտվություննե՞ր են տալիս, Աբրոյանը դրական արձագանքեց․ «Գործակալությունն ասում է՝ չի կարելի, իրենք, մի դեպքում ցույց տալու համար, որ ներդրում է, մյուս դեպքում՝ գուցե ծանոթ-ընկեր-բարեկամ հարաբերություններով առաջանորդվելով՝ փորձում են տալ համաձայնություն»։ Վարչության պետից հետաքրքրվեցինք նաեւ՝ նախարարության հետ այս հարցերը բաց եւ մանրամասն քննարկե՞լ են։ Աբրոյանը պատասխանեց, որ ոչ միայն քննարկել է, այլ դիմել է վերադաս կազմին, նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը՝ հայտնելով, որ պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման  բնագավառը ԿԳՄՍ նախարարությունում շարունակվում է վտանգված մնալ: Պաշտոնյան դիմումում ներկայացրել է մեր զրույցում հիշատակված խնդիրները՝ նշելով, որ իրականացվել և իրականացվում են բնագավառի քայքայմանն ուղղված գործողություններ, լիազորությունների խախտմամբ գործառույթներ և անօրինականություններ, որոնք վնասել և շարունակում են վնասել բնագավառը, հուշարձաններն ու պատմական միջավայրը։ Դիմումը, սակայն, ըստ էության ընթացք չի ստացել։ Դատախազության պատասխանում նշված է եղել միայն, որ ձեռնարկված ուսումնասիրությունների արդյունքներով միջնորդագիր է ներկայացվել նախարարություն, որում ի թիվս այլ հարցերի նշվել է նաև հնագիտական հետախուզական աշխատանքների և պեղումների թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև դրանց իրականացման ուսումնասիրության ընթացքի և արդյունքների նկատմամբ պատշաճ, արդյունավետ հսկողությունը ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի թիվ 438 որոշման պահանջներին համապատասխան ապահովելու և այդ գործընթացում պաշտոնատար անձանց լիազորություններըհստակեցնելուանհրաժեշտության վերաբերյալ: Լուսանկարում՝ Արմեն Աբրոյանը, լուսանկարը՝ Hetq.am-ի։ Հայարփի Բաղդասարյան
23:04 - 01 հունիսի, 2020
Նոր դասագրքերի, մեթոդների հետ կապված լուրերը սուտ են. նախարարը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին
 |azatutyun.am|

Նոր դասագրքերի, մեթոդների հետ կապված լուրերը սուտ են. նախարարը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ կեղծ լուրեր ու պնդումներ են արվում, որոնք ունեն մանիպուլյացիոն բնույթ: Նա նշեց, որ սա, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, միտված է պայքարելու մանկապիղծների դեմ: Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց` սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին է կոնվենցիան: «Կոնվենցիայի միայն մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը: Շատերն ասում էին, որ սա ամբողջությամբ վերաբերում է սեռական դաստիարակությանը, նոր մեթոդներ ու ծրագրեր են ներմուծվելու»,- ասաց Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ նոր դասագրքերի, նոր ծրագրերի ու մեթոդների հետ կապված լուրերը սուտ են:
15:35 - 31 մայիսի, 2020
Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունանը այսօր` մայիսի 31-ին, կրկին ուղիղ եթերում է: Նա խոսում է  Լանզարոտեի հայտնի` «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիայի» կրթական մասից: Նախարարը մեջբերել էկոնվենցիայի 6-րդ հոդվածը, որում ասվում է. Հոդված 6. Երեխաների կրթությունը Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, եւ պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին:
14:40 - 31 մայիսի, 2020
Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար |armtimes.com|

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար |armtimes.com|

armtimes.com: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անցկացրեց համադպրոցական ժողով: Նախարարը խոսեց այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորություն ստեղծվի: «Այսօրվա խոսակցությունն ինձ համար կարևոր է մի քանի առումներով, որովհետև անընդհատ ստանում ենք հաղորդագրություններ, թե արդյո՞ք ԿԳՄՍ-ն պատրաստվում է սեպտեմբերից ևս դասերն անցկացնել հեռավար կարգով: Ասեմ, որ դրա համար ունենք բոլոր հնարավորությունները: Բայց կա մի մեծ բայց, որը պետք է միասին լուծենք: Գիտեք, որ իրավիճակը կորոնավիրուսի տարածման հետ կապված բարդանում է, լարվածությունը մեծանում է: Թվերն են այդ մասին վկայում: Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին: Դրանք են՝ դիմակ կրելը, դիմակ կրելն այն ցուցումներին համապատասխան, որը սահմանված է: Երկրորդ, հաճախ ախտահանել ձեռքերը, սա առանց հոգնելու սովորեցնել մեր երեխաներին, աշակերտներին, և երրորդ՝ պահպանել սոցիալական հեռավորությունը»,-ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը մտահոգիչ համարեց դպրոցական խնջույքների կազմակերպման դեպքերը, որոնք վարակի տարածման աղբյուր են: Այս մասսայական միջոցառումներով մենք հեռացնում ենք բնականոն կյանքի վերադառնալու հնարավորությունը, և երկրորդ, երեխաները հիվանդությունը ասիմտոմ կկրեն՝ վտանգելով իրենց ծնողների, տատիկ-պապիկների կյանքը: Բայց այստեղ կա լուծում՝ ավելորդ շփումների պակասեցում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում: Առանց սրանց, զրոյի ենք մոտեցնում վարակվելու հավանականությունը և սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հնարավորությունը: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
14:56 - 30 մայիսի, 2020
Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել. պաշտպան |armtimes.com|

Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել. պաշտպան |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մայիսի 27-ին որոշել է եւս երկու ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Հիշեցնենք՝ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա կալանավորված է 2019 թվականի դեկտեմբերից եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը նշեց, որ դատարանի այդ որոշումը ուղղակիորեն հակասում է Վերաքննիչ դատարանի՝ նույն գործով ուժի մեջ մտած դատական ակտին: Բանն այն է, որ նախորդ անգամ կալանավորման ժամկետը երկարաձգելիս նույն դատարանն իր որոշման հիմքում դրել էր ոչ միայն քննությունից թաքնվելու, խոչընդոտելու ռիսկերը, որոնց պաշտպանական կողմը դարձյալ համաձայն չէր, այլ որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, որոնք, ըստ պաշտպանի, չեն առնչվում Լոռեցյանին առաջադրված մեղադրանքին եւ կապ չունեն կաշառք հոդվածի հետ. «Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, թեեւ մերժեց այդ որոշման դեմ մեր բողոքը, այնուամենայնիվ, անդրադարձավ այն հարցին, որ պարոն Լոռեցյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում մի բանի համար, որի վերաբերյալ իրեն մեղադրանք առաջադրված չէ, եւ այդ հիմքով կալանքի ժամկետը երկարացնելը դատարանը համարեց անընդունելի: Սակայն կալանավորման ժամկետը երկարաձգելու նոր որոշման հիմքում դատարանը դարձյալ դրել է չառաջադրված մեղադրանքի կապակցությամբ կատարվելիք քննչական գործողությունների անհրաժեշտությունը»,- նշեց Սահակյանը՝ պնդելով, որ նախաքննական մարմինը փորձում է ամեն կերպ այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել.«Մեղադրանք չեն առաջադրում, որովհետեւ գիտեն, որ դա ճակատագիր ունենալ չի կարող, բայց մեր գնահատմամբ՝ նախաքննական մարմինը շտապել էր կոռուպցիայի մեղադրանք առաջադրելու հարցում, եւ հետագայում հասկանալով, որ այդ մեղադրանքը անհիմն է, ամեն կերպ փորձում է այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել, որպեսզի, այսպես ասած, խայտառակ չլինի»: Հարցին՝ այդ նոր հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ Գեւորգ Լոռեցյանը ցուցմունք տվե՞լ է, Սահակյանը պատասխանեց, որ Լոռեցյանն առհասարակ որեւէ ցուցմունք չի տվել՝ առայժմ չցանկանալով բացահայտել, թե խոսքը ինչ հոդվածի մասին է. «Այս վեց ամսվա ընթացքում հիմնական գործողությունները, որ կատարվել են, վերաբերել են այդ մյուս հոդվածին, օրինակ՝ նշանակվել է փորձաքննություն, որը կաշառքի մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի, այլ կապ ունի այն ենթադրյալ մեղադրանքի հետ, որը ցանկանում են առաջադրել, բայց չեն առաջադրում, այսինքն՝ ուղղակիորեն խախտվում է պարոն Լոռեցյանի արդար դատաքննության իրավունքը, որովհետեւ եթե անձին մի հոդվածով մեղադրանք առաջադրված չէ, ապա դրա շահարկմամբ նա չի կարող ազատությունից զրկվել, դրանից բացի, մեղադրանքը նրան չի պարզաբանվել, ուստի խախտվում է նաեւ պաշտպանության իրավունքը, որովհետեւ մինչ անձը չիմանա՝ ինչում է մեղադրվում, չի կարող արդյունավետ պաշտպանվել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ վեց ամիս օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, եւ չեն կարողանում հիմնավորել ինչ-որ մի մեղադրանք: Պաշտպանի գնահատմամբ՝ դատարանի այս որոշումը խախտում է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը՝ կապված կալանավորման ժամկետների հետ։Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:18 - 29 մայիսի, 2020
Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի կրթության, գիտության և սպորտի ներկա և նախկին նախարարների հետ

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի կրթության, գիտության և սպորտի ներկա և նախկին նախարարների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Նրան մաղթել եմ արդյունավետ աշխատանք, առաջընթաց իր ղեկավարած ոլորտներում, ինչպես նաև առաջարկել մեր նախարարության աջակցությունը ու փոխանցել համագործակցության պատրաստակամությունը։ Ի դեպ, տիկին Ղարախանյանի հետ առաջին կարճատև հանդիպումն ու զրույցը կայացել էր այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը ներկա լինելու նպատակով Ստեփանակերտում էի։ Հեռախոսազրույց եմ ունեցել նաև գերատեսչությունը մինչ այս ղեկավարած Նարինե Աղաբալյանի հետ, նրան շնորհակալություն եմ հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ ապագայում ևս տիկին Աղաբալյանը կշարունակի աջակցել ոլորտների զարգացմանը` գործի դնելով անցած տարիներին ձեռք բերած հսկայական փորձը»։
17:55 - 28 մայիսի, 2020
ԿԳՄՍ նախարարը դպրոցներին կոչ է անում զերծ մնալ ավարտական միջոցառումների կազմակերպումից

ԿԳՄՍ նախարարը դպրոցներին կոչ է անում զերծ մնալ ավարտական միջոցառումների կազմակերպումից

Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների` էքսկուրսիաների, հավաքների և ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Կառավարության մայիսի 27-ի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը: Վարչապետը նշել է, որ ուսումնական հաստատության և համայնքի ղեկավարի հետագա պաշտոնավարման համար այս հանգամանքին կտրվի առանձնակի կարևորություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության ունեցած տեղեկություններով՝ առաջիկա հանգստյան 4 օրերին որոշ դպրոցներում կազմակերպվելու են դասարանների հավաքներ, որը վտանգավոր է համավարակի տարածման այս փուլում: Ուստի, ինչպես նշել է նախարարը, տնօրենները պետք է ջանքեր գործադրեն նման միջոցառումներ թույլ չտալու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով` ուսումնական հաստատությունները նախապես զգուշացվել են ավարտական միջոցառումներ չկազմակերպելու, առողջապահության նախարարության բոլոր ցուցումները և պարետատան սահմանած կանոնները պահելու մասին. «Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան ավարտական միջոցառումների կազմակերպումից: Հասկանում ենք, որ «Վերջին զանգը» մեր շրջանավարտների կյանքում բացառիկ իրադարձություն է: Մենք խոստացել ենք, համավարակի հաղթահարումից հետո օր նշանակել ու շրջանավարտների հետ միասին «Վերջին զանգը» նշել»,- ընդգծել է նախարարը:Արայիկ Հարությունյանն առաջարկել է ոստիկանությանն առաջիկա հանգստյան օրերին խստացված հսկողություն իրականացնել կուտակումներ ենթադրող միջոցառումների ուղղությամբ: Նա իրավապահների ուշադրությունն է հրավիրել նաև դեպի սրբավայրեր ուխտագնացութունների և նմանատիպ այլ միջոցառումների վրա: Մասնավորապես, անցյալ շաբաթ մեծ կուտակումներ են եղել Սպիտակի Սբ Հովհաննես մատուռի մոտ, որին անդրադարձել են նաև սոցիալական ցանցերի օգտատերերն ու ԶԼՄ-ները: Նման երևույթների կրկնությունը, ըստ նախարարի անթույլատրելի է: Ի պատասխան` ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը նշել է, որ առաջիկա օրերին պարետատան կանոնների պահպանության ուղղությամբ կսահմանվի խստացված հսկողություն:  
21:09 - 27 մայիսի, 2020
Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար: 2020-2021 ուսումնական տարվա՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հատկացվել է 2.926 անվճար և 21.200 վճարովի տեղ: Մագիստրատուրայում նախատեսված է 1.373 անվճար տեղ, այդ թվում՝ 80-ը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար։ Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 151 տեղ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ։ Դոկտորանտուրայի համար՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 13 տեղ։
13:21 - 26 մայիսի, 2020
Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

«Բոլորիդ հայտնի է, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը դեռևս չի ստորագրվել վարչապետի կողմից, և հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ մի քանի պատճառ մատնանշելով։ Դրանցից երկրորդն այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հնարավոր հովանավորչության հետ»,- այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նշենք, որ նիստին ներկա էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։«Մենք՝ որպես ոլորտում խորհրդարանական վերահոսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել, որ այդ քննարկումը բերենք պառլամենտ, այտեղ լսենք բոլոր շահագրգիռ կողներին»,- ասաց Հայրապետյանը։ Նա նշեց, որ ապագայում չի բացառվում՝ էլի լինեն քննարկումներ հենց նույն թեմայով, որովհետև կարծում է՝ ոչ բոլոր հարցերը հասցրին սպառել այսօր։«Այսօրվա քննարկումը որոշվեց դռնփակ ձևաչափով անցկացնել, որպեսզի հնարավորինս անկաշկանդ, անկեղծ ու բաց միջավայր ապահովվեր բանախոսների համար։ Թե՛ փոխնախարարը, թե՛ ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի մասն իրենց քննադատություններն ու մեղադրանքները, մյուս կողմը՝ հակափաստարկները։ Այս փուլի համար բավական հաջող աշխատանք իրականացրինք»,- պարզաբանեց Մխիթար Հայրապետյանը։Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սմբատ Գոգյանը հետ վերցնի ազատման դիմումը, Հայրապետյանը պատասխանեց, որ այս պահին ասել չի կարող։ «Դռնփակ ձևաչափը ենթադրում է, որ այս փուլում չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով։ Այո՛ այդ հարցին երկար անդրադարձ եղավ այսօրվա մեր նիստում, լրջագույն հարցեր բարձրացվեցին, դրանց տրվեցին պատասխաններ։ Թե որ պատգամավորները որ չափով բավարարվեցին, հիմա զերծ կմնամ ասելուց»- եզրափակեց նա՝ պատասխանելով հնարավոր հովանավորչություններին վերաբերող հարցին։
23:05 - 25 մայիսի, 2020
Արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը՝ դարձնելով այն ավելի բովանդակալից և խորհրդանշական․ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը՝ դարձնելով այն ավելի բովանդակալից և խորհրդանշական․ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին․ «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։ Դուք դպրոցն ավարտում եք բացառիկ մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածման ռիսկը թույլ չի տալիս այդ կարևոր իրադարձությունը նշել ձեր դպրոցական ընկերների և ուսուցիչների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ֆիզիկական հեռավորությունը ձեզ համար առիթ է խորությամբ ընկալել և վերաիմաստավորել այն բոլոր արժեքներն ու գիտելիքը, որ ստացել եք ձեր ընկերներից և ուսուցիչներից այս տարիների ընթացքում։ Վստահեցնում եմ, որ արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը՝ դարձնելով այն ավելի բովանդակալից և խորհրդանշական։ Լիահույս եմ, որ ստեղծված այս իրավիճակից քաղած դասերով բացառիկ եք դարձնելու նաև ձեր ապագան՝ ստանալով մասնագիտական կրթություն և գիտելիքներ, զարգացնելով ձեր կարողություններն ու դրանք ծառայեցնելով մեր երկրի զարգացմանն ու հանրային բարիքի ստեղծմանը՝ ստեղծագործ և արժանապատիվ աշխատանքով։ Այդ ճանապարհին մենք ձեր կողքին ենք՝ ընձեռելով կրթությունը շարունակելու, սիրած մասնագիտությունն ստանալու համար անհրաժեշտ կարողությունները զարգացնելու մեծ հնարավորություններ ու պայմաններ՝ արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ կրթական ծրագրերով։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և մաղթում բազում հաջողություններ կյանքի այս նոր փուլում»։
16:43 - 25 մայիսի, 2020
Վճարում ենք նույն վարձավճարը, սակայն ստանում ենք թերի կրթություն․ ուսանողները  պատրաստվում են դիմում ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Վճարում ենք նույն վարձավճարը, սակայն ստանում ենք թերի կրթություն․ ուսանողները պատրաստվում են դիմում ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկան համալսարանի մի խումբ ուսանողներ նախաձեռնել են ստորագրահավաք ուսման վարձերի, կրթության որակի և այլ խնդիրների վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ խնդիրները՝ կազմել են առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն ոլորտի պատասխանատուներին։ Նախաձեռնության անդամները շեշտում են, որ  չեն ստացել անհրաժեշտ քանակությամբ ուսումնական նյութեր, որը նախատեսվում է առարկաները  լիովին յուրացնելու համար։  Նրանք անդրադառնում են նաև այն խնդրին, որ մարզաբնակ մի շարք ուսանողներ չեն ունեցել պատշաճ ռեսուրսներ դասընթացներին մասնակցելու համար։   «Որոշ դասախոսներ չեն ցուցաբերում պատշաճ վերաբերմունք՝ ըստ սահմաված կարգի, առցանց դասերի ընթացքում երբեմն  դասախոսները չեն պատասխանում ուսանողների հարցերին, ինչի հետևանքով ուսանողները ուսումնական նյութի յուրացնման հետ կապված խնդիրներ են ունենում։ Ի վերջո, ոչ բոլոր ուսանողներն են կարողացել մասնակցել  արցանց դասընթացին, սակայն նրանք նույնպես պարտավորվում են վճարել երկրորդ կիսամյակի համար նախատեսված ուսման վճարը։ Ուսանողներն այժմ որակապես չեն ստանում այն կրթությունը, որը ստանում էին մինչ արտակարգ դրությունը, բայց վճարում են միևնույն վարձավճարները»,- ասված է ուսանողների կողմից պատրաստված տեսաուղերձում: Ուսանողների համար խնդրահարույց է նաև այն, որ Կառավարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերը վերաբերում են 18 և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողներին, որոնց մեծ մասը  արդեն իսկ սովորում են անվճար համակարգում։  Ստացվում է, որ աջակցության ծրագրերից  օգտվում են քիչ ուսանողներ, սոցիալական խնդիրները չեն լուծվում ։ Ուսանողների կողմից կազմակերպված տորագրահավաքի գլխավոր նպատակն այն է, որ հետաձգվեն քննությունները և չվճարվեն ուսման վարձերը, քանի դեռ չեն լուծվել բոլոր այն խնդիրները, որոնք ներկայացրել են ուսանողները և որոնք խանգարում են որակյալ կրթություն ստանալուն։ Ստորագրահավաքին մասնակցել են հարյուրավոր ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից։  Այսօր նախաձեռնող խումբը հանդիպում է ունենալու համալսարանի ղեկավարության հետ։  Հանդիպումից հետո ուսանողները  պատրաստվում է դիմում ներկայացնելու նաև ԿԳՄՍ նախարարություն։  
16:08 - 25 մայիսի, 2020
Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այս տարվա ապրիլի 16-ին չեղյալ համարվեցին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 6-ին տեղի էր ունեցել «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Խորհրդի անդամների 5 կողմ և 1 դեմ ձայնով տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Չեղյալ համարելու պատճառը ընթացակարգային խախտումներն էին, որոնց արդյունքում վատթարացվել էին հավակնորդների իրավունքները: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս տարվա ապրիլի 20-ին Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի քաղաքապետի ապրիլի 16-ին կայացված հրամանն (խմբ․-մրցույթի արդյունքները չեղյալ համարելու) անվավեր ճանաչելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Հայկազի Մազմանյանին․ գործն ընդունվել է վարույթ՝ 2020 թվականի ապրիլի 28-ին։ Նիստի օր դեռևս նշանակված չէ։ Նշենք, որ համանման իրավիճակ է նաև Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում։ Մրցույթի արդյունքում տնօրեն էր ընտրվել Գոհար Գրիգորյանը, սակայն մրցույթից հետո ԿԳՄՍ նախարարությունում հանձնաժողով էր ձևավորվել։ Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ թիվ 180 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները չեղյալ էին համարվել։ Մրցույթին ընտրված տնօրեն Գոհար Գրիգորյանը 2020 թվականի հունվարի 8-ին դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ վերոնշյալ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գոհար Գրիգորյանի 2020 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը մերժել է Գոհար Գրիգորյանի հայցադիմումի ընդունումը։  Վերոնշյալ որոշումը բողոքարկվել է, և 2020 թվականի մարտի 11-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել է մերժել Գոհար Գրիգորյանի վերաքննիչ բողոքը։ Այս ընտրությունը դիտարկել էր նաև Infocom-ը։ Ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումներին անդրադարձել էինք դեռևս 2019 թվականի նոյեմբերին։ Արփի Ավետիսյան
15:27 - 25 մայիսի, 2020
Սմբատ Գոգյանի հայտարարությունը առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին․ Արայիկ Հարությունյան

Սմբատ Գոգյանի հայտարարությունը առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։ Հետևաբար, խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում, կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։ Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»։
12:40 - 25 մայիսի, 2020