ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍ նախարարը Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարը Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: ԿԳՄՍ լրատվականի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ իր դիվանագիտական գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ մասնավորապես ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում։ «Լեհաստանի հետ արդեն իսկ ունենք համագործակցության թե՛ հաջողված փորձ, թե՛ մեծ պոտենցիալ: Մասնավորապես՝ համագործակցության մեծ հեռանկարներ կան բարձրագույն կրթության ոլորտում, հատկապես հետաքրքիր է բարձրագույն կրթության կառավարման ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով քննարկել Լեհաստանի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական կենտրոն ստեղծելու հնարավորությունը, որը թույլ կտա նաև զարգացնել միջբուհական համագործակցությունը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել նաև Լեհաստանում հայ մշակույթի օրերի և Հայաստանում Լեհաստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը, սպորտի ոլորտում՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկություն ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը: Նախարարն ընդգծել է՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև երիտասարդական քաղաքականության ոլորտը՝ երիտասարդության մասին օրենսդրության մշակման և մարզաբնակ երիտասարդների համար զարգացման հնարավորությունների ընդլայնման հարցերում լեհական փորձի ուսումնասիրման առումով: Ոլորտային համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում 2023-2027 թվականների» գործնական ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որը նոր հնարավորություններ կընձեռի համատեղ միջոցառումների իրականացման համար: Կողմերը կարևորել են հատկապես այն հանգամանքը, որ գործնական ծրագիրը ներառելու է նաև համալսարանական կրթաթոշակային փոխանակման ծրագիր իրականացնելու հնարավորություն: ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել երկու ժողովուրդների միջև պատմական և դարավոր բարեկամության փաստը՝ հույս հայտնելով համագործակցության զարգացումն ու կոնկրետ ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով: «Հետաքրքրված ենք հատկապես ուսանողների փոխանակության, Լեհաստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոնի ստեղծման և երկու երկրներում մշակութային օրերի անցկացման հնարավորությամբ: Ուրախ կլինենք մեր երկրում ընդունել հայ երիտասարդներին՝ կրթական տարբեր մակարդակներում ուսանելու նպատակով: Առհասարակ, Լեհաստանում հայկական մեծ համայնք է գործում, որը պատմականորեն նշանակալի դերակատարություն է ունեցել մեր երկրի կյանքում»,- ասել է դեսպան Սկվեչինսկին: Կողմերը քննարկել են նաև ՀՀ բուհերում լեհերենի ուսուցմանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի: «Անելանելի վիճակում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար բնակիչները, որոնցից 30 հազարը երեխաներ են: Իրավիճակը ոչ այլ ինչ, քան էթնիկ զտումների քաղաքականություն անվանել չեմ կարող: Կարծում եմ՝ սա անթույլատրելի իրավիճակ է, և անհրաժեշտ է միջազգային կառույցների հասցեական արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար իրավունքների ապահովման համար»: Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Լեհաստանի կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
10:41 - 27 հուլիսի, 2023
Հանրային քննարկման է դրվել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Հանրային քննարկման է դրվել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախմբի ստեղծում, որը կապահովի մի շարք թիրախային հարցերի լուծում, մասնավորապես՝ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների  լավագույն 500-ի մեջ և առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։ Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքում և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ զբաղեցնելով ընդհանուր շուրջ 700 հա մակերես: «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման, իրականացման, համակարգման և հետագա կառավարման մարմին է հանդիսանալու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Հայեցակարգը կյանքի կոչելու գործընթացը իրականացվելու է մասնակցային և բաց ընթացակարգերի միջոցով` ներգրավելով Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի լավագույն մասնագետներին և մասնագիտացված կառույցները։ Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 4 ակադեմիական կլաստերներից, որոնք կազմավորվելու են համապատասխան 4 խոշորացված համալսարանների և դրանց հետ միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա՝ տեխնոլոգիական կլաստեր, արվեստների կլաստեր, կրթական կլաստեր և սպայական կլաստեր: Յուրաքանչյուր կլաստերում ընդգրկվելիք բուհերի, կազմակերպությունների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հայեցակարգից:\ Ակադեմիական քաղաքի 4 կլաստերներում և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 հազար մարդ, որոնց մի մասին կամպուսային տարածքներում անհրաժեշտ է լինելու ապահովել կա՛մ հանրակացարանային տարածքով, կա՛մ ծառայողական բնակարաններով։ Կառուցվելու են նոր ենթակառուցվածքներ՝ ուսումնական հաստատություններ, հետազոտական կենտրոններ և այլ արտադրական և փորձարարական կենտրոնների շենքեր, հանրակացարանային կամ բնակելի թաղամաս՝ ուսանողների և դասախոսների համար: Նախատեսվում են նաև մշակութային և մարզական կառույցներ՝ բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ և մինչև 35 000 հանդիսատեսի համար նախատեսված ազգային ստադիոն։ Կլաստերների նախագծման և կառուցման փուլում նախատեսվում են մի քանի հանգուցային կառույցներ՝ բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահը, 4 կլաստերների կենտրոնական մասնաշենքերը, ազգային ստադիոնը։ Դրանց ճարտարապետությունն ամբողջությամբ իրականացվելու է միջազգային գործընկերոջ կողմից: Համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային հեղինակավոր ճարտարապետական (gmp Architekten) և կառուցապատող (NUSSLI) ընկերությունների հետ, իսկ Արվեստների կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման համար՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոնդոնի Արվեստների համալսարանի (University of the Arts London) հետ։ Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թ. սեպտեմբերից և ավարտել 2025 թ սեպտեմբերին: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թ. դեկտեմբերին: Ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուր է հանդիսանալու ՀՀ պետական բյուջեն, ինչպես նաև միջազգային գործընկեր ֆինանսական և ներդրումային կառույցների ներդրումային կամ վարկային միջոցները: Կացարանային, բնակելի, սպորտային և կենցաղային այլ նպատակներով ֆոնդի կառուցման կամ կառավարման համար կներգրավվեն նաև մասնավոր հատվածից ներդրողների միջոցներ` որոշակի պայմաններով։ Ակադեմիական քաղաքի կառուցումն ու կայացումը չեն խոչընդոտելու գործող բուհական և գիտական համակարգի զարգացմանը, ինչը նշանակում է, որ ռազմավարական փաստաթղթերից և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող որևէ ընթացիկ բովանդակային կարևորության ծրագիր չի դադարեցվելու: Տեղափոխման ենթակա բոլոր կազմակերպություններն իրենց աշխատանքները շարունակելու են գոյություն ունեցող ֆիզիկական ենթակառուցվածքներում մինչ այն պահը, երբ կլաստերներում արդեն հանձնված կլինեն համապատասխան ենթակառուցվածքները: Տեղափոխումից հետո Երևան քաղաքում ազատված անշարժ գույքը ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար: Գործընթացին զուգահեռ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. օգոստոսի 7-ը ներառյալ` ստորև կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` https://www.e-draft.am/projects/6013 հղումով, կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]): Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ս.թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 15.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):
17:51 - 21 հուլիսի, 2023
Ակադեմիական քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին
 |armenpress.am|

Ակադեմիական քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին |armenpress.am|

armenpress.am: Ակադեմիական քաղաք հիմնելու հայեցակարգը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա սեպտեմբերին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիատական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։ «Հայեցակարգի հիմքում դրված է բուհերի խոշորացումը։ Նախատեսված է ունենալ պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ։ Սահմանվել են հետևյալ ուղղությունները՝ դասական համալսարան, բժշկական, արվեստի, կրթական, սպայական, տեխնոլոգիական ուղղությամբ համալսարաններ։ Ակադեմիական քաղաքում կձևավորվեն կլաստերներ՝ կրթական-սպայական, արվեստի և տեխնոլոգիական»,- ասաց Լուսինե Գրիգորյանը։ Հայեցակարգում հստակ ժամանակացույց է սահմանվելու նախագծման, կառուցման, բուհերի տեղափոխամն փուլերի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ 2030 թվականին քաղաքը պատրաստ կլինի։ Այդ քաղաքում տեղակայվելու հնարավորություն է տրվելու նաև միջպետական համաձայնագրերով գործող մասնավոր բուհերին։ Լինելու է շուրջ 44 հազար մարդու համար նախատեսված ակադեմիական քաղաք։ Ակադեմիական քաղաքն ունենալու է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, Երևանից ապահովվելու են տրանսպորտային երթուղիներ։ Աշխատանքներն իրականացնելու, համակարգելու համար ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Ինչ վերաբերում է մարզերում գտնվող բուհերին, ապա Լուսինե Գրիգորյանը նշեց, որ դրանց ճակատագրի հարցը քննարկվում է։
16:34 - 20 հուլիսի, 2023
Բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ. կմասնակցեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի և այլ կառույցների աշխատակիցներ
 |armenpress.am|

Բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ. կմասնակցեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի և այլ կառույցների աշխատակիցներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում օգոստոսի 20-27-ը մի շարք ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ, որից շուրջ 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է: Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախատեսված է, որ 2023թ օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՊՆ-ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ: Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության, ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության աշխատակիցները՝ թե կանայք, թե տղամարդիկ: Յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել մեկական թիմ: «Բանակային խաղերում ներառված են լինելու հետևյալ մարզաձևերը՝ բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից, կանանց դեպքում՝ իրանի ծալում և տարածում, վազք՝ 100 մետր և 3000 մետր, կանանց համար՝ 1000 մետր և նռնակի նետում նշանակետին մրցաձևերը: Երկրորդ ձևը ռազմականացված կրոսավազքն է, որը կիրականացվի թե անհատական, թե թիմային ձևերով՝ այս պարագայում արդեն փոխանցումավազքի ձևով՝ ամեն կառույցից 3-ական մասնակցով: Լինելու է կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով: Այնուհետև երեք տարբեր հրաձգության ձևեր են՝ ինքնաձիգից, ատրճականից և հրացանից տարբեր դիրքերով»,-ասաց Անդրեասյանը: Նախատեսվում է, որ առաջինից երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, երկրորդ տեղի համար՝ 500 հազար, իսկ երրորդ տեղի համար՝ 300 հազար դրամ: Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրանքաչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: Առաջին տեղի համար յուրաքանչյուր մասնակիցը կստանա 300 հազար դրամ, երկրորդ տեղի համար՝ 200 հազար, երրորդ տեղի համար՝ 150 հազար դրամ: «Այս նախագծով մեր նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխում ենք իրականացնում բանակային խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով՝ 43 մլն դրամի չափով: Ընդ որում, սրանից 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց այս միջոցառումը: «Կարևոր եմ համարում, որ ծառայողների համար սոցիալական շփման որոշակի միջավայր ձևավորվի: Շատ դեպքերում տեսնում ենք, որ այդ ծառայությունների մեջ ամենատարբեր հանգամանքների բերումով մարդիկ սոցիալականացման հարթակներ չունեն: Հաջորդ հանգամանքը մրցակցության ոգին և հմտությունների շարունակական զարգացման մի խթան ունենալն է»,-ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ ուժային կառույցների փոխադարձ շփումը նաև այսպիսի հարթակներում էականորեն կավելացնի ծառայությունների փոխգործակցության որակը:
12:55 - 20 հուլիսի, 2023
Ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում, հող տալու ենք Ակադեմիական քաղաքում․ Փաշինյանը՝ օտարերկրյա բուհերի մասին |aysor.am|

Ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում, հող տալու ենք Ակադեմիական քաղաքում․ Փաշինյանը՝ օտարերկրյա բուհերի մասին |aysor.am|

aysor.am: Հայաստանի բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե կառավարության պարտքն է հաղթահարել այդ ճգնաժամը։ «Լավ լուրն այն է, որ կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը, մյուս լավ լուրն էլ այն է, որ ծրագիրը սկսել է իրագործվել, խոսքն Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին է»,- նշեց վարչապետը։ Նա ասաց, թե Հայաստանում լինելու է մինչև 8 պետական բուհ։ Փաշինյանի խոսքով՝ 2027 թվականից հետո կառավարությունը թույլ չի տալու հավաստագրման, արտոնագրման ու լիցենզավորման պայմաններին չհամապատասխանող բուհերի գործունեությունը։ «Այսօր Հայաստանում չկա գեթ մեկ բուհ, որը հավաստագրման ու արտոնագրման պայմաններին կհամապատասխանի, ուղղակի չկա նման բուհ»,- նշեց վարչապետը։ Նա ասաց, թե շատ օտարերկրյա բուհեր կան, որ ասում են՝ «մեզ հող տվեք, ցանկալի է՝ Երևանի կենտրոնում»: «Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում, մենք բոլորին հող տալու ենք Ակադեմիական քաղաքում, բոլորը պետք է համակերպվեն սրա հետ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
12:41 - 20 հուլիսի, 2023
Երևանում նոյեմբերին կանցկացվի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը. ԿԳՄՍՆ-ին հատկացվեց 676 մլն դրամ
 |news.am|

Երևանում նոյեմբերին կանցկացվի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը. ԿԳՄՍՆ-ին հատկացվեց 676 մլն դրամ |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023 թվականի բյուջեի նախագծում եւ գումար հատկացրեց ԿԳՄՍՆ-ին՝ նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով: Առաջնությանն ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 մասնակիցների մասնակցություն: Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակեպելու և անցկացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ԿԳՄՍՆ հատկացնել 676,368.0 հազար դրամ, որից 196,548.0 հազար դրամը ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրից վերաբաշխման արդյունքում 3-րդ եռամսյակում` և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 479,820.0 հազար դրամը 4-րդ եռամսյակում` անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար: Միջոցառման ընդհանուր ծախսերը կկազմեն 976,692.0 հազար դրամ, որից 300,324.0 հազար դրամը կհոգա Ֆեդերացիան` հովանավորների աջակցությամբ: 2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության անցկացումը կնպաստի սամբո մարզաձևի զարգացմանը,  մասսայականցմանը, արդյունքների բարձրացմանը և մրցանակային տեղերի գրավմանը:
12:20 - 20 հուլիսի, 2023
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է 6 ուղղությամբ խոշորացված բուհի առաջարկ ներկայացնել մինչև 2024թ․

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է 6 ուղղությամբ խոշորացված բուհի առաջարկ ներկայացնել մինչև 2024թ․

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀպետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելուհայեցակարգային առաջարկություններ ՀՀպետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է` գիտելիքի ազատ շրջապտույտի ապահովման, միջգիտակարգային կապերի խթանման և ստեղծարար միջավայրի ձևավորման նպատակով, բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքի սիներգիայի ապահովման (ուսանողների ներգրավում գիտական և նորարարական գործընթացում, ինչպես նաև գիտնականների և հետազոտողների ներգրավում կրթական գործընթացներում) անհրաժեշտությամբ, Հայաստանի բուհական և հետազոտական համակարգի միջազգային մրցունակության և գրավչության բարձրացման հրամայականով, կրթության ժամանակակից ֆիզիկական և վարչաիրավական միջավայրի ձևավորման, ինչպես նաև կրթական ծրագրերի առկա կրկնորդումների բացառման անհրաժեշտությամբ, ոլորտի ընդհանուր մրցունակության բարձրացման նպատակով բուհական կրթությանը վերաբերող պետական համընդհանուր նոր ստանդարտների ձևավորման անհրաժեշտությամբ, բուհական և գիտահետազոտական համակարգի սոցիալ-տնտեսական ազդեցության բարձրացման հրամայականով, այդ թվում՝ առևտրայնացման և կիրառական մեծ պոտենցիալ ունեցող մշակումների իրականացմամբ, հավելյալ արժեք ստեղծելու ընդունակ մարդկային կապիտալի ձևավորմամբ ու զարգացմամբ, ինչը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական ու առաջանցիկ զարգացման և պաշտպանունակության բարձրացման: ՀՀ վարչապետի 2022 թ. 1314-Ա որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առանձնացվել են բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման հետևյալ ուղղությունները` Դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունների՝ ներառյալ բնագիտական, հասարակական և հումանիտար բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր: Բժշկական, որում ներառվելու են բժշկական և կյանքի գիտությունների բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր: Տեխնոլոգիական, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր՝ ներառյալ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները և այլն: Կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր: Արվեստների, որում ներառվելու են արվեստների ուղղություններով (ինչպես տեսական, այնպես էլ կիրառական), ինչպես նաև մշակութաբանության մասնագիտություններով կրթական և գիտահետազոտական ծրագրեր։ Սպայական, որում ներառվելու են ներքին և արտաքին անվտանգային համակարգին վերաբերող կրթական ծրագրեր, ինչպես նաև անվտանգային և պաշտպանական բնույթի գիտահետազոտական ծրագրեր: Բուհերի խոշորացման գործընթացը սերտորեն առնչվում է Ակադեմիական քաղաք ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվեն և կգործեն այդ հաստատությունների մեծ մասը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայեցակարգային առաջարկներն ընդունելու է մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Այս ընթացքում ակնկալվում է, որ բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները կծավալեն մասնագիտական քննարկումներ, որոնց ավարտին նախարարություն կներկայացվի վերոնշյալ ուղղություններին համապատասխան խոշորացված բուհի առաջարկ, որը կներառի խոշորացվող բուհերի և միացող գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, դրանց կառուցվածքը, կառավարման համակարգը, իրականացվող կրթական ծրագրերն ու գիտահետազոտական ուղղությունները, ինչպես նաև պլան-ժամանակացույցը, կարողունակությունների զարգացման ծրագրերի անհրաժեշտ ցանկը և հնարավոր գործընկեր միջազգային կազմակերպությունների ցուցակը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործընթացին աջակցելու նպատակով նախարարությունը կկազմակերպի մասնագիտական քննարկումներ, աշխատաժողովներ և փորձագիտական աջակցություն, այդ թվում, ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետների ներգրավմամբ: Նախատեսվում է, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին: Խոշորացված բուհերում և դրանց հետ միավորված գիտահետազոտական կազմակերպություններում նախատեսվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը` էական շեշտադրում անելով հետազոտական բաղադրիչի ավելացման վրա, իսկ գիտական աշխատողների համար ստեղծվելու են մրցունակ հետազոտական աշխատանքներ և մշակումներ իրականացնելու անհրաժեշտ պայմաններ: Առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտությունների և մշակումների համալիր ծրագրերին, քանի որ խոշորացման արդյունքում համալսարանական կլաստերներն ունենալու են համապատասխան հետազոտությունների և մշակումների համար նյութատեխնիկական ամբողջական համալիր, ինչպես նաև փորձարկումների և նախատիպավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ` նպաստելով մշակումների տեխնոլոգիական պատրաստվածության առնվազն 6-րդ մակարդակի հաղթահարմանը: Ենթակառուցվածքների համալրման և արդիականացման պետական ծրագրերի հիմնական մասն ուղղվելու է կլաստերների հզորությունների համալրմանը։ Կլաստերներում ուսանողների, ակադեմիական և օժանդակ անձնակազմի համար ապահովվելու են կեցության մատչելի և արժանապատիվ պայմաններ կամ բնակարանի ձեռք բերման արտոնություններ, ինչպես նաև կամպուսները հագեցած են լինելու կենցաղի, ինտելեկտուալ ու ֆիզիկական ակտիվ և առողջ ժամանցի ենթակառուցվածքներով և թիրախային խմբի համար դրանցից օգտվելու հատուկ պայմաններով: Գործընթացի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք դիմել [email protected] հասցեով։ Առաջարկները անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեով։ Ներկայացված հայեցակարգային առաջարկները կքննարկվեն այդ նպատակով ձևավորված գնահատող մասնագիտական հանձնաժողովում, այնուհետև յուրաքանչյուր ուղղությանը համապատասխանող բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար կկազմվեն վերջնական հայեցակարգեր:  
12:32 - 17 հուլիսի, 2023
Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածք՝ ծանոթանալու իրականացվող պեղման աշխատանքներին: ԿԳՄՍ հաղորդմամբ՝ նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:  Հատիս լեռան տարածքում պեղումները մեկնարկել են հունիսի 1-ից. աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը, որի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան): ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է  աշխատանքների ընթացքով, մասնագետներին հարցեր ուղղել գտածոների մասին: Նախարարն ընդգծել է, որ պեղումների ընթացքում մեծ աշխատանք է արվել՝ նկատելի արդյունքներով, և հույս է հայտնել, որ ավարտն ավելի գոհացուցիչ կլինի:  «Այս տարածքը և պեղումներից ձեռք բերված յուրաքանչյուր գտածո մեր պատմական արժեքներն են, որոնք պահպանելու և զարգացնելու համար յուրաքանչյուրս մեծ անելիք ունենք։ Կարծում եմ, պեղումների արդյունքներն արդեն թույլ են տալիս մտածելու ամրոցի և դրա նոր բացված պատերի ամրակայման և վերականգնման մասին»,- ասել է նա: Արշավախմբի ղեկավարը՝ Արթուր Պետրոսյանը նախարարին ներկայացրել է պեղման աշխատանքի մանրամասները՝ սկսած ամրոցի տեղադիրքից. «Ամրոցը գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների»:  Հիշեցնենք, որ այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, օբսիդիանից բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։  Հատիս լեռան վրա պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:
19:36 - 14 հուլիսի, 2023
Կառավարությունում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը

Կառավարությունում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը և այլն: «Բովանդակային առումով դա ենթադրում է ռեֆորմ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի շրջանակում»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս նպատակով վարչապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կատարել է համապատասխան վերլուծական աշխատանքներ: Դրա արդյունքում առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ, որոոնցով ենթադրվում է, որ պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները: «Այս ուղղություններն են՝ դասական ուղղությունը, այսպես կոչված դասական համալսարանը, որը պետք է ներառի հիմնականում հիմնարար գիտությունները հասարակական և հումանիտար բնագավառներում: Այս փուլում չի նախատեսվում դրա տեղակայումն Ակադեմիական քաղաքում: Երկրորդը բժշկական ուղղությունն է, բժշկական և կյանքի գիտությունների բնագավառները ներառող: Սա էլ ենթադրում ենք, որ այս պահին Ակադեմիական քաղաք տեղափոխվելու կարիք չունի: Վերջին 4 ուղղություններն այն բուհերն են, որոնց տեղակայումը նախատեսվում է Ակադեմիական քաղաքում: Տեխնոլոգիականը, որը հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներն է ներառում, այդ թվում՝ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները: Կրթականը, որը կրթական և հարակից գիտությունների բնագավառներն է ներառում, արվեստներինը, որտեղ կարող են լինել ինչպես արվեստի, այնպես էլ մշակութաբանական մասնագիտություններ: Սպայականը, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթական և հետազոտական ծրագրերի ուղղությունն է ներառում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի կոնցեպտը մշակվել է՝ ելնելով այս բովանդակային նկարագրից: «Այսինքն, որ այստեղ պետք է տեղակայվեն վերոնշյալ 4 խոշորացված բուհերը՝ համապատասխան գիտական, հետազոտական ուղղվածությամբ»,- նշել է նա: Ենթադրվում է, որ Ակադեմիական քաղաքը պետք է բավարարի այն պահանջներին, որ դառնա ժամանակակից հետազոտական, նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որտեղ բուհական կրթությունը հետազոտության հետ անբաժանելի կլինի: Նախատեսվում է այնտեղ ունենալ նաև ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառման առևտրայնացման հնարավորություններ: «Այն պետք է հանդես գա որպես ինտելեկտուալ և ժամանցի միջավայր, և պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքները: Այստեղ պետք է ունենանք նաև նորարարական և փորձարարական լուծումների համար անհրաժեշտ միջավայր, ինչպես, օրինակ՝ ագրարային ոլորտի փորձարարական ծրագրերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման և հետագա գործառնության համար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը հանդես է գալու որպես ծրագրի իրականացման հիմնական գործակալ: Նախատեսվում է նաև Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ունենալ առանձին օրենսդրական կարգավորում՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր վայրերին, գերմանական GMP ընկերության հետ իրականացվող նախագծային աշխատանքների ընթացքին, ենթակառուցվածքային և այլ հարցերի: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագրի կարևորությունը և հավելել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ նախագծային աշխատանքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել քաղաքի հետագա զարգացման, ընդլայնման հնարավորությունները, նախատեսել ուսուցման գործնական փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, կանաչ տարածքներն ու այլ կարևորագույն խնդիրներ: Հանձնարարվել է՝ հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները, վերջնական տեսքի բերել  հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը:
19:30 - 13 հուլիսի, 2023
Արցախցի դիմորդների ընդունելության քննությունները կազմակերպվել են հեռավար եղանակով․ ԿԳՄՍ նախարար

 |aravot.am|

Արցախցի դիմորդների ընդունելության քննությունները կազմակերպվել են հեռավար եղանակով․ ԿԳՄՍ նախարար |aravot.am|

aravot.am: Ինչպե՞ս է լուծվելու արցախցի այն դիմորդների խնդիրը, որոնք ընդունվել են Հայաստանի բուհեր։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադառնալով այս հարցին, ասաց, որ այս պահին էլ այնպիսի իրավիճակ է, որ արդեն կան ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնք հանգստյան օրերին մեկնել էին Արցախ, սակայն Լաչինի միջանցքը փակվելուց հետո չեն կարողացել վերադառնալ։ Անդրեասյանի խոսքով՝ այդ ուսանողների ուսման գործընթացը նախարարությունը կազմակերպել է հեռավար․ «Հեռավար եղանակով նույն կերպ ապահովել ենք ընդունելության քննության կազմակերպումը՝ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ։ Ես շարունակաբար բարձրացնում եմ այդ հարցը, որ ուսանողների կրթության իրավունքը պետք է ապահովվի։ Նամակներով դիմել եմ համապատասխան մարմիններին։ Հուսով եմ, որ սեպտեմբերին իրավիճակն այլ կլինի եւ կկարողանան ուսանողները գալ ու դասին մասնակցել։ Եթե հնարավոր չլինի, ապա մենք էլի կփորձենք ապահովել գործընթացը»։
14:51 - 13 հուլիսի, 2023
«Խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու մասին է»․ ԿԳՄՍ նախարարը՝ բժշկական քոլեջի լուծարման մասին
 |aravot.am|

«Խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու մասին է»․ ԿԳՄՍ նախարարը՝ բժշկական քոլեջի լուծարման մասին |aravot.am|

aravot.am: «Խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու եւ ավելի արդյունավետ մոտեցում ունենալու մասին է»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի լուծարմանը, որի մասին որոշման նախագիծն այսօր գործադիրը հաստատեց։ Նախարարն ասաց, որ կառավարության ծրագրով ամրագրված է, որ քոլեջների եւ ուսումնարանների պարագայում նախարարությունը պետք է գնա մասնավորի հետ համագործակցության եւ համատեղ կառավարման մոդելին․ «Շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման գործընթաց, որովհետեւ ունենք 100 հաստատություն, այնինչ կարող ենք նայել եւ տեսնել, թե որտեղ ունենք ավելի լավ տարբերակ՝ հաստատությունների վերակազմակերպման։ Այս պարագայում ունեինք հարեւանությամբ գործող երկու բժշկական քոլեջներ, որոնցից մեկը՝ ոչ պետական, եւ ունենք համագործակցության հնարավորություն մասնավորի հետ։ Բոլոր ուսանողների կրթությունը ապահովված է լինելու եւ մենք շարունակելու ենք ֆինանսավորել այն կրթությունը, որի կարիքը կա»։
14:40 - 13 հուլիսի, 2023
Հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց կոնկրետ աշխատանքային պրոցես չկա․ Ժաննա Անդրեասյանը՝ զինանշանի փոփոխության մասին |armtimes.com|

Հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց կոնկրետ աշխատանքային պրոցես չկա․ Ժաննա Անդրեասյանը՝ զինանշանի փոփոխության մասին |armtimes.com|

armtimes.com: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ հարցին, թե ԿԳՄՍ նախարարությունում ընթանո՞ւմ են քննարկումներ ՀՀ գերբի հետ կապված փոփոխության վերաբերյալ: Վերջինս ընդգծեց՝ այս պահին քննարկումներ չկան։ «Որ որևէ աշխատանքային խումբ լինի, որևէ ձևաչափ։ Իհարկե, հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց կոնկրետ աշխատանքային պրոցես չկա»,- ասաց նա։ Հարցին՝ մտածել գերբը փոխելու մասի՞ն, նախարարը նկատեց․ «Մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե կարիք ունեն փոխվելու։ Ես՝ որպես ոլորտը համակարգող նախարար, առաջին հերթին կարիք ունեմ լսելու պրոֆեսիոնալ կարծիք և մասնագետներին, որովհետև խոսում ենք շատ սպեցիֆիկ հարցերի մասին»։ Ըստ նախարարի՝ պետք է ավելի երկար աշխատանքներ տարվեն, որպեսզի այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին հստակ պատկերացումներ լինեն․ «Ես կարծում եմ, որ պետական խորհրդանիշները պետության դեմքն են, և որևէ փոփոխություն շատ լավ մտածված ու հասկացված պետք է լինի, այսինքն՝ պետք է հասկանանք՝ ինչ ենք փոխում և ինչու»։  Դիտարկմանը, թե փոփոխության են ենթարկվելու գերբի՝ Արևմտյան Հայաստանին վերաբերող խորհրդանիշները, նախարարը կարևորեց․ «Մենք մեր պատմությունից չենք հրաժարվել և չենք կարող հրաժարվել, պարզապես պետք է հասկանալ՝ ինչպես ենք մենք վերաբերվում մեր ներկային, և մեր պետության խոհրդանիշները պետք է արտացոլեն այսօրվա պետությունը։ Մենք խոսում ենք ՀՀ-ի մասին, և ՀՀ-ն պետք է լինի ամենակարևոր հարցը»։ 
14:11 - 13 հուլիսի, 2023
Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:  Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5 մ, բարձրությունը՝ 1-3 մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով: Արևելյան պարսպապատի մեջ պահպանվել է 3 մ լայնությամբ մուտքը, որի երկու կողմերում երկու որմնահեծեր կան։ Արևմտյան պարսպաշարի երկարությամբ ձգվում են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարի առավել պահպանված հատվածը՝ մոտ 3 մ, ունի ավելի քան 10 շարք բարձրություն։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների: Արշավախմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ ամրոցի տարածքի պեղումներն իրականացնելու համար (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան):   Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ կարելի է առանձնացնել տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա. 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։ Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։
11:34 - 11 հուլիսի, 2023
«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն. Ժաննա Անդրեասյան

«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն. Ժաննա Անդրեասյան

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է. հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացումը։ Մեկնարկին փառատոնի պատվավոր հյուրերը, աջակիցներն ու պարզապես մշակութասեր մարդիկ անցել են կարմիր գորգի վրայով: «Ոսկե ծիրան» փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտութան, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով փառատոնի կազմակերպիչներին ու հյուրերին՝ կինոտոնի բացման առիթով, նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ տարին հոբելյանական է թե՛ հայկական կինոյի, թե՛ անիմացիայի, թե՛ փառատոնի համար։ ««Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն։ Մենք լավագույն ֆիլմերին առնչվելու և հայտնի մարդկանց հյուրընկալելու հնարավորություն ունենք, ինչը ևս պայմաններ է ստեղծում հայ կինոարտադրության զարգացման համար։ Փառատոնի մեկնարկին մենք դիտելու ենք մի ֆիլմ, որը հինգ երկրի, այդ թվում՝ Հայաստանի համարտադրություն է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։ Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։ Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը և Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։ Բացման հանդիսավոր արարողությանը Տակեշի Կիտանոն և Դարդեն եղբայրներն արժանացել են «Փարաջանովյան թալեր» մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։ Փառատոնի մեկնարկն ազդարերել են կինոտոնի երեք հիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնի բացման արարողությանը հաջորդել է ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմի ցուցադրությունը, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Ֆիլմը նույն օրը ցուցադրվում էր նաև Արցախում։ «Ոսկե ծիրան»-ն այս տարի անցկացվում է հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Այս տարի Երևանի կինոյի տունը և Մոսկվա կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական ռանդեվուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում։ Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։ Նշենք նաև, որ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Թիմ» ընկերությունների խումբը և «Արարատ» կոնյակի գործարանը։
13:23 - 10 հուլիսի, 2023