Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Խորհրդարանը չընդունեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագիծը |armenpress.am|

Խորհրդարանը չընդունեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Պատգամավորների հիմնական մտահոգությունն օրինագծի այն դրույթի առնչությամբ էր, որ 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ և իմանալ իրենց կարգավիճակը: Կառավարության հեղինակած փաթեթը խորհրդարանում ներկայացրել էր Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նանուշյանը նշել էր, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագիծը չընդունվեց 45 «կողմ», 46 «դեմ» և 10 «ձեռնպահ» ձայներով:
17:16 - 11 փետրվարի, 2021
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|

tert.am: Ես շատ ուշադիր լսում եմ բոլոր ելույթները և ուզում եմ հիասթափեցնել: Այս մասին Ազգային ժողովում, որտեղ բուռն քննարկման առարկա դարձավ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Պատգամավորները մտահոգիչ էին համարում, որ 16 տարեկանի շեմը իջեցվել է 14-ի, որով հնարավորություն են ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա, ինքնուրույն ՄԻԱՎ-ի տեստ հանձնի և հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը: «Կներեք, որ հիասթափեցնում եմ,  բայց տվյալ դրույթը տասը տարուց ավելի է՝ գործում է, գործող օրենքը կարդացեք, ֆիքսված է, մենք որևէ բան չենք փոխում»,- ասաց նա և նշեց, որ այս նախագիծը որևէ կապ չունի ՄԻԱՎ կենտրոնի միացման կամ չմիացման հետ: Փոխնախարարը նշեց, որ պատրաստ են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և հատ առ հատ հոդվածներով անցնել և հասկանալ՝ որ դրույթն է պետք պահպանել: «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, այսօր կորոնավիրուսը խնդիր է, բայց ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ը խնդիր չէ, որովհետև մենք ունենք բուժում, տեստավորում, հիմնադրված ծառայություններ»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:00 - 11 փետրվարի, 2021
Զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման նախագիծն ԱԺ-ում քննարկման առիթ դարձավ |armenpress.am|

Զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման նախագիծն ԱԺ-ում քննարկման առիթ դարձավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները տարբեր տեսակետներ ունեն վիրավորանքի և զրպարտության համար փոխահատուցման չափը բարձրացնելու՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հորդորեց հաշվի առնել, թե օրենսդրական նախաձեռնությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ. «Եթե դուք ասում եք, որ դատարանները բավարարվում են 50-150 հազար դրամ փոխհատուցման գումարով և հիմք եք ընդունում այդ դատական պրակտիկան, 3 մլն դրամ սարքելու իմաստը ո՞րն է»: «Իմ քայլից» Լուսինե Բադալյանն էլ, կարևորելով խոսքի ազատությունը զրպարտությունից, վիրավորանքից սահմանազատելը, ասաց. «Երբեմն զրպարտությունը մարդուն շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան 10 միլիոնով, 100 միլիոնով երբևիցե կարող ես փոխհատուցել: Այնպես որ, կարծում եմ, ավելի խելամիտ կլինի մենք քննարկենք ընդհանրապես տուգանքի վերին շեմը հանելը, քան 10 միլիոնից 3 միլիոնի իջեցնելը»: «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն էլ նշեց, թե առաջարկված նախագիծը չի կարող ընդունելի նախագիծ լինել, քանի որ, ըստ Սամսոնյանի,դրա հիմքում չկա ազնվություն, չկա իրական պայքար: «Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում ձեզ՝ ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ, հետո՝ մյուսների նկատմամբ»,- ասաց նա: Անկախ պատգամավոր Տիգրան Ուրխանյանն էլ, նշելով, որ կողմ է, որ հարցը պետք է լրջորեն քննարկվի, պետք է լինի քրեական պատասխանատվոթյուն, հարցրեց. «Դուք սա ինչո՞ւ եք հիմա բերել, որվեհտև խնդիրը չոքեց ձեր դո՞ւռը»: «Իմ քայլից» Բաբկեն Թունյանի կարծիքով՝ Հայաստանում, հատկապես սոցցանցերում, հիմա այդ առումով տիրում է գաղջ մթնոլորտ: «Հատկապես սոցանցերում՝ վիրավորանք, զրպարտություն, վիրավորանքով համեմված զրպարտություն, մանիպուլյացիա: Այդ միջավայրում առողջ խոսքն էլ է կորում, առողջ քննարկումն էլ է կորում: Այս խնդիրը պետք է լուծել: Չգիտեմ, թե այս նախագիծն այդ խնդիրն ինչքանով է լուծելու, բայց, որ մի քայլ առաջ է, հաստատ»,- նշեց նա ու հավելեց՝ կողմ է նախագծին: «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանն էլ իրեն համարեց ամենաշատ զրպարտված ու վիրավորված քաղաքական գործիչներից մեկը: «Հիմա այս նախագծով թերթերին դատի են տալու, «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակեն աշխատե՞լ: Այդ «ֆեյքերի ֆաբրիկաներն» ի՞նչ անել»,- ասաց նա ու իշխանությանը մեղադրեց «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ: Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց Մարուքյանին. «Ես 1.5 ամիս առաջ Ձեր գործընկեր Տարոն Սիմոնյանին հրավիրել եմ, ուղարկել եմ մի Քրեական օրենսգրքում փոփոխության մի նախագիծ, որը նախատեսում է «ֆեյքերի ֆաբրիկաները» քրեականացնել: Չիջաք իմ մակարդակին, չեկաք այդ քննարկմանը»: Անդրադառնալով իշխանությանը «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ մեղադրելուն՝ նա ասաց. «5 ամիս առաջ ձեր գործընկերը հայտարարում էր, որ շուտով ցուցակները հրապարակելու են: Բա ձեր ասածը եթե զրպարտություն չէ, ապա ի՞նչ է: Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի «ֆեյքերի ֆաբրիկա»:  
12:09 - 11 փետրվարի, 2021
Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 մլրդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները՝ 450 մլն դրամից բարձր արժեք ունեցող սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելիս տնտեսավարողներին աջակցելու նպատակով |tert.am|

Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 մլրդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները՝ 450 մլն դրամից բարձր արժեք ունեցող սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելիս տնտեսավարողներին աջակցելու նպատակով |tert.am|

tert.am: Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 մլրդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները։ Որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստի ընթացքում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ 450 մլն դրամից բարձր արժեք ունեցող սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելու հարցում տնտեսավարողներին աջակցություն կցուցաբերվի։ Նախագծի ընդունման հիմնավորմամբ նշվում է, որ վերջին ամիսներին արձանագրված դրամի արժեզրկումը խնդիրներ է ստեղծել նախկինում կնքված լիզինգի պայմանագրերի շրջանակում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների մասով, որոնք դեռևս չեն հասել Հայաստան, և դրանք, Հայաստան հասնելու և լիզինգ ձևակերպելու օրվա արտարժույթի փոխարժեքով պայմանավորված, կարող են գերազանցել ծրագրով նախատեսված առավելագույն 450 մլն դրամի շեմը: «Ծրագիրը միտված է մեր գյուղատնտեսությունը խոշորացնելուն, նաև՝ խթանելու գյուղատնտեսներին՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու և ավելի բարձրացնելու արտադրողականությունը»,-նշեց նա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ի սկզբանե խնդիր են դրել, որ գյուղատնտեսության աջակցման և զարգացման ծրագրերը դարձնեն ավելի արդյունավետ։ «Լիզինգի ծրագիրն այն մասին է, որ գյուղատնտեսական տեխնիկա և ագրովերամշակման սարքավորումներ ձեռք բերելու պրոցեսում մենք աջակցություն ենք ցուցաբերում շահառուներին։ Այդ աջակցությունն արտահայտվում է լիզինգի տոկոսների սուբսիդավորմամբ»,-ասաց նա։ Փաշինյանը նշեց՝ այժմ նշաձողը բարձրացվում է 450 մլն դրամից՝ դառնալով 1 մլրդ դրամ, ինչը, ըստ Փաշինյանի, շատ լավ որոշում է, քանի որ հնարավորություն կտա աջակցել ավելի խոշոր տնտեսություններին։  
12:03 - 11 փետրվարի, 2021
Խորհրդարանը քննարկեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը միտված օրինագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը միտված օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած փաթեթը խորհրդարանում ներկայացրեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նանուշյանը նշեց, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ: 2020 թ. դեկտեմբերի 2-ին օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:
11:57 - 11 փետրվարի, 2021
Վիրավորանքը և զրպարտությունը սովորական պատճառներով չեն գեներացվում. Բաբաջանյան |1lurer.am|

Վիրավորանքը և զրպարտությունը սովորական պատճառներով չեն գեներացվում. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: Վիրավորանքը և զրպարտությունը սովորական պատճառներով չեն գեներացվում՝ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին իր ելույթում: Պատգամավորի խոսքով՝ դրանք մեր հասարակությունը քայքայելու, թուլացնելու, պետության քաղաքական դեմքերի՝ իշխանության նկատմամբ անվստահություն առաջացնելու, մեր երկիրը կազմաքանդելու ներերկրային և դրսից գեներացվող տրամադրությունների համար են արվում: «Ուզում եմ հասկանալ, թե մենք ինչպես ենք պայքարելու արտերկրում Հայաստանի դեմ, Հայաստանի իշխանությունների դեմ անվանարկող, ամենասարսափելի հայհոյանքներով, զրպարտություններով ստեղծվող քոնթենտի դեմ, և դրանք մեծ ջանասիրությամբ տարածվում են տեղական լրատվամիջոցների կողմից՝ հղումներով»,- ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ դրանք հիմնարար լուծումների կարիք ունեն: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար տուգանքների չափը:
11:31 - 11 փետրվարի, 2021
Գործադիրն առաջարկում է վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցումն ավելի քիչ չափով բարձրացնել |armenpress.am|

Գործադիրն առաջարկում է վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցումն ավելի քիչ չափով բարձրացնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է «Իմ քայլը»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի առաջարկած՝ վիրավորանքի և զրպարտության համար նյութական փոխհատուցման ավելի բարձր սահմանաչափերը փոփոխել՝ սահմանելով ավելÇ նվազ սահմանաչափեր՝ 2 մլն դրամ և 3 մլն դրամ: Այս մասին Սիմոնյանի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծով, մասնավորապես, առաջարկում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 միլիոնի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ: Փոխնախարարի խոսքով՝ թեև կա մինչև 2 մլն դրամի սահմանաչափ, սակայն դատարանները կիրառում են 50-150 հազար դրամի չափով սանկցիա: Առավելագույն շեմի կիրառություններ գրեթե չեն հանդիպում: «Հետևաբար, մենք առաջարկում ենք, որ ողջամիտ հարաբերակցում, արդար հավասարակշռություն ապահովվի սահմանադրական երկու արժեքների միջև՝ խոսքի ազատության, ինչպես նաև պատվի, արժանապատվության սահմանադրական արժեքների միջև: Եվ առաջարկու ենք այս փոխհատուցման չափը բարձրացնել ոչ ավելի, քան, վիրավորանքի դեպքում՝ 2 մլն դրամը, իսկ զրպարտության դեպքում՝ 3 մլն դրամը՝ հաշվի առնելով նաև, որ քրեական պատասխանատվության դեպքում անգամ տուգանքը չի կարող գերազանցել 3 մլն դրամը»,-ասաց Վահե Դանիելյանը: Նա նշեց, որ առաջնային նպատակը ոչ թե տուգանքն է, այլ հասցված վնասի փոխհատուցումը: Այսպիսով, նախարարության կարծիքով՝ վերին սահմանաչափը պետք է չգերազանցի, համապատասխանաբար, 2 մլն դրամը և 3 մլն դրամը: ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը նշեց, թե ինքը կողմ է, որ զրպարտության համար անգամ ազատազրկում կիրառվի, սակայն հետաքրքրվեց, թե սանկցիաները բարձրացնելով որքանո՞վ են իրատեսական համարում նախագծի ի կատար ածումը: Փոխնախարարն արձագանքեց՝ միայն սանկցիայի բարձրացմամբ մատնանշված խնդիրները չեն լուծվելու, դրա համար էլ առաջարկել են ավելի քիչ չափով բարձրացում՝ մինչև 2 մլն և 3 մլն սահմանաչափերը:
11:05 - 11 փետրվարի, 2021
ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանն այսօր ընդունեց երեկ քննարկած նախագծերը: «Պետական սահմանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն: Կառավարության ներկայացրած «Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 89 կողմ, 20 դեմ և 3 ձեռնպահ ձայնով: Կառավարության ներկայացրած «ՀՀ հողային օրենգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 93 կողմ և 4 ձեռնպահ ձայնով: Կառավարության ներկայացրած «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվեց 78 կողմ, 21 դեմ և 12 ձեռնպահ ձայնով: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 77, դեմ՝ 35 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր: 
10:37 - 11 փետրվարի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com։ Ազգային ժողովի քառօրյան շարունակվում է: Այսօր խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որի հեղինակը կառավարությունն էր։ Նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջարկվում է  ներդնել պահեստային դատավորի գաղափարը, այսինքն՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում և բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինում գործը նորից սկսել: Նախատեսվում է նաև ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, վերացնել քրեական գործի հարցման ձևական փուլը: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը. վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան:  Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 կողմ,  2 դեմ 2, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
10:22 - 11 փետրվարի, 2021
Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հանդեպ կիրառել սահմանների  շրջափակում. Արա Այվազյան

Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հանդեպ կիրառել սահմանների շրջափակում. Արա Այվազյան

Առկա է նոր իրավիճակ և նոր իրողություն, որն առաջ է բերում նոր մարտահրավերներ․ վիճակը, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ շեշտելով, որ դա հեշտ հարց չէ, ու սա աշխարհաքաաքական իրավիճակի ընդհանուր  արտացոլումն է․ «Բնականաբար, որպես պետություն, որպես կառավարություն, որպես հասարակություն մենք պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև ՀՀ շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը։ Դիվանագիտության համար նույնպես առաջնային է անվատանգության ամրապնդումը»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ  անվտանգային մթնոլորտն ունի շատ տարրեր՝ սկսած ներքին անդորրի ամրապնդումից։ Ըստ Այվազյանի՝ դրանց մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը։ Խոսելով Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին՝ նախարարը շեշտեց, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է տալիս․ «Մի կողմից մենք տեսնում ենք նման դրսևորումներ, և մյուս կողմից տեսնում ենք նույն Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղեևձներ հասցնել, բայց, հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը, ես կարծում եմ, որ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ նախ և առաջ գործողություններով։ Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո պետք է վերադառնա բնականոն գործընթաց, և խոսքն այն մասին է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում․ ինչպես գիտեք՝ սահմանների փակումը կապված էր Արցախի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ Թուրքիան այլևս Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պատճառ չունի։ Այվազյանը հավելեց, որ այս պահի դրությամբ, որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը  և երկրի  դիվանագիտությունը  գործուն ջանքեր են գործադրելու, որպեսզի պետության  անմիջական շրջապատը դառնա նպաստավոր՝ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։  ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, ասաց, որ, հաշվի առնելով պատմության փորձը, ինքը կարծում է՝ սահմանների շրջափակման հարցի կարգավորումը կարող է մեկ այլ, ավելի բարդ խնդրի առաջ կանգնեցնել մեզ, քանի որ գործ ունենք Թուրքիայի հետ․ «Ես չեմ ուզում խոսել տնտեսական, ֆինանսական ծանր հետևանքների մասին։ Ձեր պատասխանի հիմքում դնում եք այնպիսի մի ձևակերպում, առ որի մենք չունենք խնդիր, բայց մենք ունենք խնդիրներ, և դրանք շարունակում են մնալ չլուծված և օրհասական։ Երբ հարևան երկու պետությունները  թշնամական հռետորաբանությամբ իրականացնում են նման մասշտաբի զորավարժություններ, դա անմիջական սպառնալիք է»,- ասաց Գևորգյանը։  Նախարարը մեջբերեց իր խոսքը՝ կրկին հաստատելով, որ ցանկացած զորավարժություն մտահոգության տեղիք է տալիս և մեր դիվանագիտությունը պետք է բոլոր ջանքերը ներդնի երկրի շուրջ անվտանգային մթնոլորտ ստեղծելու համար։  «Բնականաբար, ապագայում ապաշրջափակումը և՛ ստեղծելու է հնարավորություններ, և՛ լուրջ մարտահրավերներ։ Մենք պետք  է պատրաստ լինենք և՛ դիմակայել այդ մարտահրավերներին, և՛ օգտվել ընձեռած հնարավորություններից։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար, մեր դիվանագիտության համար պետք է, մեր պետության և ժողովրդի համար պետք է մեր շուրջը ձևավորել բարենպաստ մթնոլորտ՝ չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»,- եզրափակեց նախարարը։
18:11 - 10 փետրվարի, 2021
Այս տարվա համար մեր ներքին պլանը 1 միլիարդ դոլարն է. Վահան Քերոբյանը՝ ներդրումների մասին |tert.am|

Այս տարվա համար մեր ներքին պլանը 1 միլիարդ դոլարն է. Վահան Քերոբյանը՝ ներդրումների մասին |tert.am|

tert.am: Կան մի քանի տասնյակ ներդրումային ծրագրեր, որոնք նախորդ մի քանի տարում կուտակվել են և ինչ-որ պատճառներով չեն իրագործվում: Այս մասին ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, որ բազմիցս թվեր են ներկայացվել, կա՞ արդյոք որոշակի պլանավորված կամ նախատեսվող ներդրումների ծավալ, որով օրինակ՝ տարվա առաջին եռամսյակում կարող ենք կյանքի կոչել որոշ ծրագրեր: Նախարարի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ պետական տարբեր գերատեսչություններ այդ ծրագրերը շուկա մտցնելու մոտիվացիա չունեն: «Կարելի է ասել «Ռուչնոյ ռեժիմով» (ոչ ավտոմատացված ) օգնում ենք ներդրողներին, որ իրենց ծրագրերը հասցնեն շուկա։ Կարելի է ասել, որ դա իմ աշխատանքի օրական մի քանի ժամն է: Գնահատական չեմ ուզում տալ, որովհետև պետք է խոսել արդյունքի մասին, որն արդեն կա: Բայց հավատացնում եմ, որ մենք ամեն օր տեսնում ենք արդյունքներ, ուղղակի չենք գրանցում»,-ասաց նախարարը: Արձագանքելով Վահան Քերոբյանին՝ պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե մենք դիտարկում ենք ընդհանուր ակնկալիքների տեսանկյունից, ունենք ուղենիշ, ապա ներդրողը պիտի գրանցի, որ հասարակությունը գնահատի այդ ուղենիշը:
17:25 - 10 փետրվարի, 2021
Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ Հայաստանում ռազմամթերքի արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ կլինեն: Արշակյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Սոս Ավետիսյանի՝  Հայաստանում արտադրվող ռազմամթերքի արտահանման հնարավորությունների մասին հարցին: «Ռազմարդյունաբերության նպատակները հենց արդյունաբերական պոտենցիալի ավելացումն է, նաև արտադրական հզորությունների ավելացումը: Հայաստանի շուկայի սահմանափակությունը հաշվի առնելով՝ դա անհրաժեշտաբար պետք է միտված լինեն նաև արտահանմանը: Ներդրումները, որոնք կատարվել են, հենց այդպիսի ուղղվածություն էլ ունեն: Հայաստանում կատարվել են ներդրումներ, որպեսզի արտադրանքը վաճառվի թե ներսի շուկայում, թե հենց արտահանվի դուրս»,-ասաց Արշակյանն ու հավելեց՝ դրանք մասնավոր ներդրումներ են, որոնք ունեն նաև պետական մասնակցություն: Նրա խոսքով՝ սակայն ոլորտի զարգացման համար անհրաժեշտաբար դրսի շուկայի հնարավորությունները ևս պետք է օգտագործվեն: «Արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք և կունենանք: Նաև դրսի շուկայի հետ կան նախնական պայմանավորվածություններ»,-ասաց նախարարը:
17:20 - 10 փետրվարի, 2021
Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է այն տեսակետը, որ պետք է պարզի Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ամեն դետալը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին: «Ձեր առաջարկած նախագծով հանձնաժողովը 70%-ով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, որոնք արդեն ձեր հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից: Մենք փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման այդ թեմայի վերաբերյալ, բայց դուք հարկ չեք համարել գալ: Այս պահին պատերազմի հետ առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ և այդ մեխանիզմը Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն է: «Այն կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն: Ինչ վերաբերում է պատերազմի մասին ճշմարտությանը, կարծում եմ, այն բավականաչափ քննարկվել է, միանշանակ համաձայն եմ, որ մինչև վերջին դետալը պետք է պարզվի»,- ասաց վարչապետը:
17:20 - 10 փետրվարի, 2021
Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրվող բուժօգնությունն իրականացվում է պետության հաշվին ստացիոնար և ամբուլատոր պայմաններում՝ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Նրա խոսքով՝ արտասահմանում բուժման շարունակության կարիք ունեցող դեպքերում գործում է հստակ ընթացակարգ: ՊՆ-ը ներկայացնում է նման դիմումները Առողջապահության նախարարությանը կից գործող մասնագիտական հանձնաժողովին, որն էլ գնահատում է՝ կա՞ արտերկիր մեկնելու կարիք, թե՞ ոչ: Բժշկական ցուցման դեպքում պետությունը նույնպես ամբողջովին փակում է վիրավոր զինծառայողների բժշկական օգնության ծավալը: «Այս պահին էլ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված 12 դիմում, որոնք ընթացքի մեջ են: Ցուցման դեպքում, Կառավարության համապատասխան որոշման ընդունման շնորհիվ, տվյալ զինծառայողները կմեկնեն բուժման, և պետությունը կփակի նրանց բուժման ծախսերը»,- հայտարարեց նախարար Ավանեսյանը:
17:00 - 10 փետրվարի, 2021