ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Մինսկի խմբի համանախագահները լրացրել են իրենց հայտարարությունը` կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը |armenpress.am|

Մինսկի խմբի համանախագահները լրացրել են իրենց հայտարարությունը` կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրացրել են դեկտեմբերի 14-ի իրենց հայտարարությունը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը: Հայտարարության նոր տարբերակը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «Ընդգծելով վերջին դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են զոհերի, համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար՝ իրենց պարտավորություններին համապատասխան։ Հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հայտարարությանը, համանախագահները կրկին հայտարարում են իրենց միասնական դիրքորոշման մասին՝ ի նպաստ բոլոր մնացած հիմնական հարցերի համապարփակ և կայուն կարգավորման։ Համանախագահները և կողմերը կարևորել են սադրիչ հռետորաբանության նվազեցումը՝ ավելի դրական մթնոլորտ ստեղծելու համար»,- ասված է հայտարարությունում: Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ավարտել բոլոր պահվող անձանց փոխանակումը և արագացնել աճյունների նույնականացումն ու հայրենադարձումը՝ ԿԽՄԿ-ի հետ համատեղ: «Համանախագահները և կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար»,- նշված է համանախագահների հայտարարությունում: Դեկտեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էնդրյու Շոֆեր) տարածաշրջանային այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Պոպովը, սակայն, Բաքու և Երևան այցին չէր մասնակցում:
13:48 - 15 դեկտեմբերի, 2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
 |armenpress.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել |armenpress.am|

armenpress.am:   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էնդրյու Շոֆեր) տարածաշրջանային այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասված է.   «Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը մեկնել են Բաքու դեկտեմբերի 12-ին և 13-ին, Երևան՝ դեկտեմբերի 13-ին և 14-ին: Բաքվում նրանց ընդունել է Նախագահ Ալիևը։ Հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ: Երեւանում նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը, հանդիպել են արտգործնախարար Այվազյանի հետ: Ռուս համանախագահ Իգոր Պոպովի՝ ճանապարհորդելու անկարողության պատճառով, Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երևանում` Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը: Համանախագահները հանդիպել են նաև տարածաշրջանում գործող ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ: Գրասենյակի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը նույնպես մասնակցում էր բոլոր հանդիպումներին:   Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրեցին իրավիճակի գնահատականը և հայտնեցին  գալիք տարում համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները: Հաշվի առնելով նոր իրողությունները ՝ համանախագահները հաստատեցին իրենց շարունակական նվիրվածությունը ՝ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու և առկա խնդիրները լուծելու համար:   Համանախագահները պարտավորվել են նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ»։
00:23 - 15 դեկտեմբերի, 2020
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վարչապետը կարևորել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը: Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորումն էին արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
17:06 - 14 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Ըստ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության՝ հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում: Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը: Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում  շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` նախարարը շեշտեց, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից: Հանդիպմանը ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:
15:40 - 14 դեկտեմբերի, 2020
Համանախագահների հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ |news.am|

Համանախագահների հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ |news.am|

news.am: Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։  Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ Արայիկ Հարությունյանը Երևանում է։ «Հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,– ասաց նա։ Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բաքու այցից հետո ժամանել են Երևան։ Այսօր նրանք հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ, նախատեսվում են հանդիպումներ նաև կառավարությունում։ ԱԳՆ մտնելիս նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու:
14:56 - 14 դեկտեմբերի, 2020
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը գնահատում է Ուկրաինայում ղարաբաղյան սցենարի կրկնության հնարավորությունը
 |azatutyun.am|

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը գնահատում է Ուկրաինայում ղարաբաղյան սցենարի կրկնության հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, թե Դոնբասի հակամարտությունը 2021 թվականին այլընտրանքային սցենարով կարգավորելու հնարավորության մասին Կիևի հայտարարությունը շատ վտանգավոր է։ «Նման հարցերը հիմա բավականին արդիական են, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Որքան էլ տարօրինակ է, Կիևից դեռ հնչում են ինչ-որ «Պլան-Բ»-ի հիշատակումներ։ Շփման խմբի բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը վերջին 3 օրվա ընթացքում մի քանի անգամ ասել է այդ մասին` նշելով, որ գալիք տարվա հունվարին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կարող է որոշում ընդունել հակամարտության կարգավորման այլընտրանքային սցենարի անցնելու մասին։ Դա շատ վտանգավոր արտահայտություն է»,- ասել է Լուկաշևիչը ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը։ Նա ասել է, որ Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման հենքը Մինսկի համաձայնությունների իրականացումն է։ Ռուս դիվանագետի խոսքերով՝ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական մեթոդներով։
17:55 - 13 դեկտեմբերի, 2020
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ, հասցեագրված արձագանքել Ադրբեջանի գործողություններին. ԱԳՆ

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ, հասցեագրված արձագանքել Ադրբեջանի գործողություններին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումների՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում կազմակերպած գործողությունների կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է․«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը՝ ընդգծում ենք, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է: Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ: Պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իր միջազգային պարտավորությունների խախտման անպատժելիության փաստը և դրա հետևանքները՝ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման, էթնիկ զտման և հայկական բնակավայրերի գրավմանն ուղղված այս գործողություններին»:
13:53 - 13 դեկտեմբերի, 2020
Մինսկի խումբը պատրաստ է որոնել ընդունելի տարբերակներ հակամարտության կարգավորման համար |shantnews.am|

Մինսկի խումբը պատրաստ է որոնել ընդունելի տարբերակներ հակամարտության կարգավորման համար |shantnews.am|

shantnews.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ փնտրել՝ հաշվի առնելով կողմերի կամքը։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: «Միջնորդները կփորձեն գտնել տարբերակ (կարգավորում)՝ համաձայն կողմերի կամքի: Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում կայունության և բարեկեցության հավաքական ստեղծման համար: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին մնացած բոլոր հարցերի շուրջ, ապա դա ամբողջովին կախված կլինի ձեզանից: Դրա համար լավ հիմք կա: Մենք անցումային փուլում ենք, և ապագայի ծրագրերը կարող են մշակվել», – ասել է դիվանագետը: Վիսկոնտին ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ողջունել է Ղարաբաղում հրադադարը, որը «վերջ է դրել սպանդին»: «Մենք շատ դրական ենք վերաբերվում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված համաձայնագրի բոլոր դրույթներին»,- նշել է ֆրանսիացի համանախագահը: Հավելենք, որ Ադրբեջանի նախագահն այսօր  ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին: Ընդունելությանը ներկա էին նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: ՌԴ դեսպանը նշել է, որ ՌԴ կառավարությունը միշտ կարևորել է Մինսկի խումբի դերակատարությունը:
23:33 - 12 դեկտեմբերի, 2020
Ես ձեզ չեմ հրավիրել, այստեղ գալը ձեր գաղափարն է եղել․ Ալիևը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին |tert.am|

Ես ձեզ չեմ հրավիրել, այստեղ գալը ձեր գաղափարն է եղել․ Ալիևը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում այսօր ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: «Ցավոք սրտի, Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման հարցում: Չնայած, որ 28 տարվա ընթացքում մանդատ է ունեցել դրա համար: Ես 17 տարի մասնակցել եմ բանակցություններին: Սակայն անգամ եթե Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործաբար մոտենալ հարցին, դա որևէ արդյունք չի տվել»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումն ամբողջովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում: «Ներկա պահին ամբողջովին նոր իրավիճակ է ստեղծվել»,- շեշտել է Ալիևը՝ համաձայնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որ ԼՂ հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել:   Վերջինս հավելել է, որ Բաքու այցելելու նախաձեռնությունը համանախագահներինն է եղել, և ինքը նրանց չի հրավիրել: «Այստեղ գալը ձեր գաղափարն է եղել: Կարող եմ ևս մեկ անգամ ասել դա տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին չեմ հրավիրել, սակայն երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ասացի՝ թող գան, ես դեմ չեմ: Գուցե ինձ ասելու բան ունեն»,- ասել է Ալիևը:
23:11 - 12 դեկտեմբերի, 2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան |hy.armradio.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան |hy.armradio.am|

hy.armradio.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հանգստյան օրերին կլինեն Բաքվում ու Երևանում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Տեղեկությունն այսօր հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով խորհրդականի պարտականություններ կատարող Ֆիլիպ Ռիկերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսին կից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (Հելսինկիի հանձնաժողով) անդամների համար ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ու Հայաստանին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀՄ Մինսկի համանախագահների ձևաչափով։ Ռիկերը հայտնել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Ժնևում է ու հանդիպումներ է անցկացնում Վրաստանի հարցով ժնևյան գործընթացի շրջանակում։ «Այս շաբաթ-կիրակի նա Մինսկի խմբի այլ համանախագահների հետ կմեկնի երկու մայրաքաղաք՝ ինչպես Բաքու, այնպես էլ Երևան, որ հասկանա՝ որտեղ կարող ենք առաջ շարժվել այդ հակամարտության դիվանագիտական կարգավորման հարցում», — ասել է Ռիկերը։ Նա ավելացրել է, որ Մինսկի խմբի ձևաչափն ինքնին հաջող է, քանի որ զգալի հատված՝ 30 տարի, խաղաղություն էր, «նույնիսկ եթե փխրուն»։ Ռիկերը նշել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ բանակցությունների սեղանի շուրջ «կայուն լուծում» մշակվի։
09:57 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը

ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը, որը ներկայացնում ենք ստորև. «Շնորհակալություն տիկին նախագահող, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Տիկին նախագահող, միանալով գործընկերներիս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալբանիայի նախագահությանը՝ այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում ներդրած համառ ջանքերի և կազմակերպությունը ղեկավարելու համար։ 2020 թվականը նշանավորվեց կորոնասիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և դրանց ծանր հետևանքներով։ Այնուհանդերձ, Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական ներգրավմամբ սանձազերծված պատերազմը Արցախի և Հայաստանի ժողովրդի համար ձևավորեց առավել ծանր իրավիճակ: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, բացահայտ կերպով արհամարհելով իրենց միջազգային պարտավորությունները և խախտելով ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառությունները, շարունակում էին ռազմական գործողությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերը, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունները և միջազգային հանրության հաստատակամ կոչերը: Ագրեսիան ուղեկցվում էր զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող միջազգային օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության  և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն էր իր իսկ պատմական հայրենիքում: Այս համատեքստում մենք ողջունում ենք Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման և վերացման մասին նախարարական խորհրդի որոշման նախագծի շուրջ ձեռք բերված կոնսենսուսը՝ դա համարելով այս նախարարական հանդիպման ամենակարևոր արդյունքը: Ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Վլադիմիր Պուտինի անձնական ներգրավվածությունը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման գործում, այդ թվում՝ տեղում խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով: Մենք նաև շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին հրադադարին հասնելու գործում ներդրած ջանքերի և ներգրավվածության համար: Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունները նաև նոր վտանգավոր նախադեպ են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտային իրավիճակների հասցեագրման առումով: Առաջինը Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրումը, տեղափոխումը և տեղակայումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչը օտարերկրյա զինյալ ահաբեկչության երևույթի դեմ պայքարի ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ խախտում է։ Սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտության համատեքստում ԵԱՀԿ երկու մասնակից պետություն իրենց զինված ուժերը համալրելու նպատակով տեղակայում են զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ. փաստ, որն արձանագրվել է ոչ միայն ԵԱՀԿ մասնակից պետություններից շատերի, այլև ՄԱԿ համապատասխան կառույցի կողմից: Երկրորդ, Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծապես հրահրվել և քաղաքական ու ռազմական  աջակցություն է վայելել Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ի ցույց դնելով Թուրքիայի  ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում և անդին: Երրորդ, Ադրբեջանն ու իր դաշնակիցները սանձազերծեցին պատերազմ Արցախի դեմ՝ կեղծորեն պնդելով ուժի կիրառման օրինականության վրա, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Ավելին, Ադրբեջանը և Թուրքիան այժմ պնդում են, որ ուժի կիրառման, ագրեսիայի և պատերազմի, միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի լայնամասշտաբ խախտումների, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը պետք է համարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում։ Խստորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը և չենք ընդունելու Արցախի ժողովրդին իր իրավունքներից զրկելու որևէ փորձ: Չնայած այսօր էլ հնչեցված հավաստիացումներին՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերջերս օկուպացված տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ այն սակավաթիվները, ովքեր մնացել են՝ սպանվել կամ խոշտանգվել և վտարվել են իրենց պատմական հայրենիքից ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս իրողությունը հստակորեն վկայում է, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է․ Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը: «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան։           Միաժամանակ, այդ նպատակին հասնելու համար Թուրքիան, որի՝ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հայտնի է, պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։  Այս համատեքստում կոչ ենք անում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր զինված անձնակազմն իր հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորումների հետ միասին դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից: Առայժմ չկա որևէ ազդակ, որ օտարերկրյա զինյալ ահաբեկիչները դուրս են բերվում հակամարտության գոտուց: Ընդհակառակը, հավաստի տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրության ընդլայնման և Արցախի օկուպացված շրջաններում նրանց վերաբնակեցման ծրագրերի մասին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ մեխանիզմն է: Այս համատեքստում մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում համանախագահ երկրների միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում: Մենք նաև համակարծիք ենք, որ բոլոր օտարերկրյա վարձկանները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են բերվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, պետք է ամբողջությամբ և անհապաղ դուրս բերվեն տարածաշրջանից: Ամփոփելով՝ կցանկանայի ողջունել Շվեդիային՝ որպես գալիք նախագահող, և մաղթել ամենայն հաջողություն։ Շնորհակալություն»։
21:16 - 03 դեկտեմբերի, 2020