ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, որին համարժեք պատասխան են ստացել հայկական զինված ուժերի կողմից և կրել մարդկային կորուստներ: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ ակտիվորեն ծավալելով ռազմական գործողություններ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ներգրավմամբ: Ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին: Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին, որը լրացուցիչ զսպաշապիկ կհանդիսանա ռազմատենչ Բաքվի համար: Հուսանք՝ ադրբեջանական կողմը արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա»:
00:56 - 13 հուլիսի, 2020
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն |razm.info|

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն |razm.info|

razm.info: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։ Կորուստներն են․ Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu); Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu); Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu): Հիշեցնենք, այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հակառակորդը ճնշվել էր հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել։ Հայկական կողմից կորուստներ չեն եղել։ Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  հայտնել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 զոհված և 5 վիրավորված զինծառայողի մասին։ Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
23:36 - 12 հուլիսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ պաշտպանության ոլորտում գիտության հնարավոր ներուժի կիրառումը քննարկելու նպատակով: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Անի Ապրահամյանի դերը գիտության առաջընթացի գործում՝ Հայաստանում և աշխարհում: Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է. «Հարգելի պրոֆեսոր, երկար ժամանակ է հետևում եմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ձեռքբերումներին և հիացած եմ հաջողություններով: Ի սրտե ցանկանում եմ ուրվագծել գործնական հեռանկարները: Արագ փոփոխվող աշխարհում ցանկալի արդյունքի կարող ենք հասնել միասնական ջանքերի շնորհիվ: Բոլոր գործերում կարևոր է ճշգրտությունն  ու արագությունը: Դրան զուգահեռ` ցանկալի է տեսանելի դարձնել քվանտային տեխնոլոգիաների ներդրումը»: Անի Ապրահամյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Դավիթ Տոնոյանին՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար և, մասնավորապես, նշել. «Պարոն նախարար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության և Ձեր կողմից առաջարկած գաղափարների իրագործման համար, որոնք մեծ հաջողություններ են բերել պաշտպանության ոլորտին: Միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ իրատեսական եք համարում գիտության և ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի գործադրումը: Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել»: Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք ուղղություններով համագործակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
18:01 - 11 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ  ներդրած ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ, Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը,  ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է օդաչուներին ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետական պարգևի՝  Երախտագիտության մեդալի արժանանալու կապակցությամբ։   Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել օդաչու-փորձարկողների իրականացրած աշխատանքները, համագործակցությունն ու ցուցաբերած աջակցությունը։ Օդաչու-փորձարկողներ Վյաչեսլավ և Եվգենի Ավերյանովներն իրենց հերթին ընդգծել են հայ ռազմական օդաչուների պատրաստության բարձր մակարդակը։
17:27 - 11 հուլիսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՉԺՀ դեսպանի հետ. կարծիքներ են հնչել տարածաշրջանային անվտանգության հարցերիի շուրջ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՉԺՀ դեսպանի հետ. կարծիքներ են հնչել տարածաշրջանային անվտանգության հարցերիի շուրջ

Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման ուղիները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար:
19:24 - 09 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները, քննարկվել են երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Երկուստեք ընդգծվել է ծրագրի ներդրման կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կրթական կարողությունների զարգացման և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին օժանդակության, համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային  2016թ.-ից հաստատված արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություն նոր պաշտոնում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի և Շվեդիայի կողմից:
22:35 - 08 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին` պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր և փոխհարաբերությունների հետագա զարգացման ուղիները, ընդգծվել է համագործակցության բավականին բաձր դինամիկան: Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
15:08 - 08 հուլիսի, 2020
Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Վարչապետին տեղեկացվել է, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաև նանո մանրաթելերի, ինչպես նաև նանո մանրաթելից տարբեր իրերի արտադրություն։ Մասնավորապես, այստեղ արտադրվելու են օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը և մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը: Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև: Արտադրանքի մի մասը կհամալարի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է մեր երկրում «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության հիմնումը և այն գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության արդյունք: Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ գործարանի կողմից փամփուշտների արտադրությունը Երևան քաղաքից տեղափոխվում է Կոտայքի մարզում գտնվող արտադրական տարածք։ Տվյալ տարածքները վերանորոգելուց և արդիականացված հոսքագծերով համալրելուց հետո, կսկսվի 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ, 9x18 մմ և 9x19 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրություն, որի արդյունքում նաև կավելանան նոր աշխատատեղեր։ ՌԴ «Սպեցմաշինժինիրինգ» ԲԸ-ի հետ կքնվել են մոտ 24 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրության համար ժամանակակից և արդիականացված հոսքագծեր ու սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև խորհրդային արտադրության առկա հոսքագծերը վերանորոգելու վերաբերյալ։ Կոտայքի մարզում գտնվող մասնաճյուղի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել ավտոտեխնիկայի և զրահատեխնիկաների վերանորոգման արտադրամասեր։ 
16:29 - 07 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումները, ուսումնասիրվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Քննարկվել է նաև միջազգային խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին Հայաստանի շարունակական մասնակցության, ստեղծված իրավիճակում հերթափոխների իրականացման ընթացքը։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի դեմ պայքարի և տարածման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաև համավարակի պայմաններում ամառային զորակոչի կազմակերպման ընթացը։ Տիկին դեսպանը նշել է, որ ուրախ է հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և քննարկել Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ շահերին ու մտահոգություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:  
13:48 - 07 հուլիսի, 2020