ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Խախտումներ «Արթիկ» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման այցի արդյունքները

Խախտումներ «Արթիկ» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են վերլուծություն: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. ✔ քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է, ✔ պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ, ✔ պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից ամբողջական պատով առանձնացված չեն և բացակայում են դռները, ✔ առկա են կարանտինային բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձանց անկողնային պարագաների տրամադրմանն առնչվող խնդիրներ, ✔ տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները, ✔ չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ✔ առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ պահանջվող դեղորայքը ոչ բավարար քանակությամբ և տեսականիով է, արձանագրվել են ժամկետանց դեղեր, բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում պատշաճ և ժամանակին, առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը, բժշկական անձնակազմի աշխատանքը գերծանրաբեռնված է և այլն), ✔ անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները, ✔ բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները և այլն: Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից, նշված է օմբուդսմենի գրասենյակի հոկտեմբերի 8-ին տարածած հաղորդագրությունում:
07:42 - 08 հոկտեմբերի, 2019
Օրենքի բացակայության հետևանքով սեփականատիրոջ իրավունքները զանգվածաբար խախտվել են, իսկ ՄԻՊ գնահատականը եղել է բացասական. Արման Թաթոյան |shantnews.am|

Օրենքի բացակայության հետևանքով սեփականատիրոջ իրավունքները զանգվածաբար խախտվել են, իսկ ՄԻՊ գնահատականը եղել է բացասական. Արման Թաթոյան |shantnews.am|

shantnews.am։ ԱԺ-ում մեկնարկել են խորհրդարանական լսումներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ: Թեման առնչվում է «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին»: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր խոսքում նշել է, որ թեև երկու տարածքների մասին են խոսելու, բայց խնդիրը համընդհանուր է նաև մյուս թաղամասերի համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը, ով վարում էր լսումները, հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը համաժողովի մասնակցելու պատճառով չի կարող ներկա գտնվել: Լսումների ընթացքում նախատեսվում են հանրային սեկտորի ներկայացուցիչների հարցերը, որոնց կպատասխանի ՄԻՊ Արման Թաթոյանը, որից հետո ներկաներին կտրվի ելույթի հնարավորություն: «Երբ այս գործընթացն սկսվեց, առաջին օրվանից աշխատել եմ ՀՀ ՄԻՊ առաջին, երկրորդ պաշտպանի օրոք, ինքս մասնակցություն եմ ունեցել ՄԻՊ-երի ելույթների կազմմանը, խնդիրներին տեղյակ եմ, բազմաթիվ այցեր եմ ունեցել բնակարաններ, շատերիդ ճանաչում եմ և կարծում եմ, որ խնդիրները, որ կներկայացնենք, բխում են հենց այդ իրավիճակներից»,-ասել է Արման Թաթոյանը: Նա խոսել է նաև սեփականության իրավունքի, սեփականության տնօրինման ազատության մասին: «Օրինակ՝ Երևանի կառուցապատման ծրագրով պարբերաբար առաջ է եկել քաղաքացիների բնակարանները, շինությունները հասարակական կարիքների համար վերցնելու անհրաժեշտություն: Առանձին օրենք, որը պետք է վերաբերեր հատկապես այդ գործընթացին, այդպես էլ չի եղել, դրա բացակայության հետևանքով զանգվածաբար խախտվել են սեփականատիրոջ իրավունքները, իսկ ՄԻՊ գնահատականը եղել է բացասական»։
07:33 - 07 հոկտեմբերի, 2019
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների կապակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի իրավասու ներկայացուցիչը հրապարակային պարզաբանում է տարածել այն մասին, որ Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերի խմբագրություններին ուղարկել է գրություններ կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ: Ըստ քննչական մարմնի՝ այդ գրությունների նպատակն է պարզել հոդվածների հեղինակներին և նրանց հարցաքննել գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային արձանագրել, որ նշված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո այն պատճառով, որ վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնողների և լրագրողների մասնագիտական աշխատանքին: Դրանից բացի, արդեն արձանագրվել են նշված լրատվամիջոցների ղեկավարների մտահոգություններն առ այն, որ կարող է իրենց ներկայացվել տեղեկատվության աղբյուրների բացահայտման պահանջ: Հարցաքննության նպատակով իրենց գրություն ուղարկելը նրանք նաև դիտարկում են՝ որպես իրենից նկատմամբ ճնշման ձև: Վերը նշվածը հաշվի առնելով՝ Պաշտպանը զգուշացնում է քննչական և իրավապահ մյուս մարմիններին, որ լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների մասնագիտական աշխատանքը պաշտպանված է կոնկրետ երաշխիքներով՝ կապված որևէ քրեական գործով վարույթի նրանց ներգրավվածության հետ: Նրանց տեղեկատվության աղբյուրի բացահայտում կարող է պարտադրվել բացառապես օրենքով նախատեսված սպառիչ կարգավորում ունեցող իրավական պայմանների դեպքում (դատարանի որոշում, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակ, հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցների սպառված լինելը և այլն): Ընդորում,յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հավաստել այս պայմանների միաժամանակյա առկայությունը: Լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխիքները պահանջում են, որպեսզի քրեական հետապնդման մարմինները ցուցաբերեն առավել ուշադրություն մասնագիտական գործունեության կապակցությամբ լրագրողին քրեական դատավարության ոլորտ ներգրավվելու հարցում կամ նրանց վերաբերյալ հայտարարություններ անելիս՝ անկախ կարգավիճակից: Հանրային բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք նույնպես պետք է նկատի ունենան այս երաշխիքները իրենց գործողություններում կամ հայտարարություններում: Լրագրողական մասնագիտական աշխատանքն ուղղակիորեն բխում է Հայաստանի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով ամրագրված խոսքի ազատության հիմնարար արժեքից, նպաստում է պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովմանը և պետք է ունենա հատուկ պաշտպանություն: Մարդու իրավունքների պաշտպանի համար լրագրողի մասնագիտական աշխատանքն ունի ռազմավարական կարևորություն: Մարդու իրավունքների պաշտպանն այս ողջ ընթացքում կապի մեջ կլինի նշված լրատվական կայքերի ղեկավարների հետ՝ անմիջական ուշադրության ներքո պահելով հարցը: Քննչական մարմնի գործողությունները կգտնվեն անմիջական դիտարկման ներքո:
07:55 - 25 սեպտեմբերի, 2019
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ: Պաշտպանի որոշմամբ դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել նաև մի շարք քաղաքացիներ: Բարձրացված հարցերից մեկը վերաբերում է նրան, որ դեռ Ռոբերտ Քոչարյանի առաջին կալանավորման հաջորդ օրը՝ 2018 թվականի հուլիսի 28-ին քննիչի որոշմամբ արգելվել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: Դրանից հետո, այդ արգելքը մերձավոր ազգականներից մի մասի հետ մասնակի վերացվել է, սակայն պահպանված է արգելքը Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկի հետ: Ըստ փաստաբանի՝ այս որոշումն այլևս անիրավաչափ է և կիրառության համար չունի հիմքեր: Մասնավորապես, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրած բողոքում նշել է փաստաբանը, քրեակատարողական հիմնարկը Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելու համար հիմք է ընդունել դեռևս նախաքննության փուլում ու դեռ նրա առաջին կալանավորումից անմիջապես հետո քննիչի կայացրած որոշումը՝ չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում ու վերջին անգամ նա կալանավորվել է հենց դատարանի վարույթում գործի գտնվելու ընթացքում: Ուստի, փաստաբանի համոզմամբ, առանց կոնկրետ փուլում վարույթի իրականացումը ստանձնած մարմնի, այսինքն՝ դատարանի որոշման քրեակատարողական հիմնարկն իրավունք չուներ արգելել Ռոբերտ Քոչարյանի կապն արտաքին աշխարհի ու առավել ևս՝ մերձավոր ազգականի հետ:Այս հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարություն է հասցեագրել անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություն: Այդ պարզաբանումների վերլուծության արդյունքներով Պաշտպանը համապատասխան հիմնավորումներով ու առաջարկով նախարարություն է ուղարկել լրացուցիչ գրություն: Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև նրա փաստաբանների, մի շարք քաղաքացիների բարձրացրած մյուս հիմնական հարցը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն անիրավաչափ է: Դրանից բացի, նրանց պնդմամբ՝ անտեսվում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը, դատական գործընթացներն անընդհատ ձգձգվում են, դատական նիստեր չեն կայանում, ինչի պատճառով նախևառաջ ոտնահարվում են նրա արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքները: Փաստաբանները նշել են, որ դատարանին հասցեագրած իրենց միջնորդությունները, այդ թվում՝ կապված կալանքից ազատ արձակելու, գրավի կիրառության հետ, դատարանն առհասարակ քննության չի արժանացնում, չեն նշանակվում դատական նիստեր՝ չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ տեղի է ունեցել դատավորի փոխարինում նորով: Փաստաբանների բարձրացրած՝ վերը նշված հարցերը բնույթով այնպիսին են, որոնք պետք է կոնկրետ գործով քննարկման առարկա դարձնի միայն այդ գործով վարույթն իրականացնող մարմինը, կոնկրետ դեպքում՝ դատարանը:Սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր կողմերի համար պարզաբանել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը Պաշտպանին արգելում է միջամտություն ցուցաբերել կամ քննարկման առարկա դարձնել այն հարցերը, որոնք առնչվում են կոնկրետ գործերով դատավորների լիազորությունների իրականացմանը: Հետևաբար, առաջնորդվելով օրենքով վերապահված իրավասության սահմաններով՝ Պաշտպանը ձեռնպահ է մնում որևէ այնպիսի գնահատական տալուց կամ գործողություն կատարելուց, որը դուրս է մեջբերված օրենսդրական արգելքի շրջանակից:Այդուհանդերձ, նշված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են և գտնվում են մշտադիտարկման ներքո, քանի որ առնչվում են մարդու սահմանադրական իրավունքներին:Այս տեսանկյունից Պաշտպանն արձանագրում է, որ կալանքի ու, առհասարակ, ազատությունից զրկելուն վերաբերող հարցերը դրանց հասցեատեր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պետության պոզիտիվ պարտականության ուժով պահանջում են առավելագույն ջանքեր՝ ապահովելու համար ազատությունից զրկված ցանկացած մարդու իրավունքների երաշխավորումը: Բոլոր դեպքերում, պետք է հաշվի առնել, որ կալանքը բարձր աստիճանի միջամտություն է անձի անձնական ազատությանը, ուստի դրա հետ կապված հարցերը պահանջում են հետաձգում չհանդուրժող քայլեր հանրային իշխանության կողմից՝ դրանց ցանկացած այնպիսի վիճարկման դեպքում, որը վերաբերում է անազատության մեջ գտնվելու իրավաչափությանը: Հարցն առավել արդիական է գործը քննող դատավորի փոփոխության պարագայում, երբ քննությունը պետք է սկսվի նորից ու կալանքին առնչվող հարցերը լինեն այնպիսինների թվում, որոնց պետք է անդրադարձ կատարվի հետաձգում չհանդուրժող դատավարական քայլերով: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել է նաև Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թ. սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշումը: Այդ որոշմամբ դատարանը սահմանել է ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր միջոցներ:Սույն հայտարարությամբ Պաշտպանը չի անդրադառնում Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված անհատական միջոցներին, քանի որ դրանք առնչվում են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործին և հետևաբար՝ գտնվում են բացառապես կոնկրետ գործի վարույթը ստանձնած դատարանի իրավասության տիրույթում:Սահմանադրական դատարանի սահմանած ընդհանուր միջոցներն ունեն համակարգային բնույթ և վերաբերում են կամ կարող են վերաբերել նույն իրավիճակում հայտնված, դատարանի բնորոշմամբ, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց իրավունքներին առհասարակ:Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանը հակ է համարում ընդգծել Սահմանադրական դատարանի կողմից՝ որպես օրենսդրի պարտականություն ձևակերպված ընդհանուր միջոցը. «…օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստի և կալանքի կիրառման իրավաչափությունը»:Ուստի, այս հարցը պետք է դիտարկել՝ որպես լուծման ենթակա համակարգային բնույթի հարց: Այն առնչվում է ոչ միայն պաշտոնաթող Նախագահներին, այլ ունի առավել մեծ նշանակություն երկրի մարդու իրավունքների համակարգի համար, քանի որ գործնականում վերաբերում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի պատգամավորների, դատավորների ու հատուկ պաշտպանություն ունեցող մյուս պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիության հարցին:Նկարագրված բոլոր հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
09:19 - 10 սեպտեմբերի, 2019
Կալանավորված անձանց երկարատև տեսակցության իրավունքը պատշաճ չի ապահովվում. Պաշտպան |aysor.am|

Կալանավորված անձանց երկարատև տեսակցության իրավունքը պատշաճ չի ապահովվում. Պաշտպան |aysor.am|

aysor.am: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա սեպտեմբերի 3-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 14 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները:Ազատությունից զրկված անձանց խնդիրները հիմնականում վերաբերել են նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը, ցուցաբերվող բժշկական օգնության և պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը: Այցի ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև երկարատև տեսակցություններին առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ըստ ստացած տեղեկությունների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տրամադրվում են երկարատև տեսակցություններ 2 օր տևողությամբ, թեև ոլորտը կարգավորող իրավական ակտերը սահմանում են, որ երկարատև տեսակցությունները կարող են տրամադրվել մինչև 3 օր տևողությամբ: Ըստ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի՝ պատճառն այն է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում ներկայում կալանավորված անձինք նույնպես ունեն մինչև 3 օր տևողությամբ երկարատև տեսակցության իրավունք, կտրուկ ավելացել է երկարատև տեսակցությունից օգտվող անձանց թիվը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում գործնականում՝ նկատի ունենալով, որ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չունեն բավարար հարմարեցվածություն: Վարչակազմի այս պատճառաբանությունը թեև հասկանալի է, սակայն երկրի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից ընդունելի չէ. պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի տեխնիկական պատճառներով չսահմանափակվի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի կարևոր իրավունքը: Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկներում բժշկական ցուցում ունեցող անձանց համար հատուկ սննդակարգի բացակայության, ինչպես նաև, դրանով պայմանավորված՝ հում սնունդ ընդունելու հարցերը: Այս կապակցությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ քրեակատարողական հիմնարկում հում սննդամթերք, այդ թվում՝ բանջարեղեն ընդունելու ընդհանուր արգելքը խոչընդոտ է ազատությունից զրկված հիվանդ անձանց անհրաժեշտ սննդակարգ ապահովելու առումով: Ուստի, կարևոր է ըստ անհրաժեշտության հատուկ սննդակարգի, այդ թվում՝ հում սնունդ ստանալու հնարավորության ապահովումը, որն էական նշանակություն ունի ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման տեսանկյունից: Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև քրեակատարողական հիմնարկում լոգասենյակների ոչ բարվոք վիճակում գտնվելու հարց: Թեև քրեակատարողական հիմնարկի վարչակազմը քննարկման արդյունքում պատրաստակամություն է հայտնել կարգավորել բարձրացված խնդիրը, ինչը կարևոր է, սակայն Պաշտպանն, այնուամենայնիվ, հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց լոգանքի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է իրականացնել լոգասենյակների և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ: Այցերի ընթացքում ձեռք են բերվել նաև մի շարք տեղեկություններ այն մասին, որ խափանման միջոց կալանքը ծանր հիվանդության հիմքով փոփոխելու համար ազատությունից զրկված մի շարք անձինք դիմել են ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական հանձնաժողովին, սակայն եզրակացության տրամադրումը ձգձգվում է, որի արդյունքում, ինչպես վերջիններս պնդել են, շարունակում են մնալ իրենց հոգեկան առողջության խնդիրների հետ փաստացի անհամատեղելի կալանքի տակ: Այս կապակցությամբ Պաշտպանն արձանագրում է, որ դեռևս արդիական է մնում վերոնշյալ հանձնաժողովին դիմելու, գործի քննության և նրանց կողմից որոշում կայացնելու ժամկետների սահմանումը, ուստի անհրաժեշտ է hստակեցնել ծանր հիվանդության հիմքով կալանքից ազատվելու հարցերով բժշկական հանձնաժողովների գործունեության կարգը և դրանց փոխհարաբերությունները: Հատկանշական է, որ վերը նշված խնդիրները, ներառյալ դիետիկ սննդի, լոգարանների բարեկարգման և համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների գործունեության արդյունավետության հետ կապված հարցերը, քանիցս բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, և կոնկրետ գնահատականներով ու առաջարկություններով ներկայացվել են հաղորդումներում ու զեկույցներում: Նշված հարցերը գտնվում են Պաշտպանի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով անմիջական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծմանն աջակցելու նպատակով Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
08:23 - 06 սեպտեմբերի, 2019
Առաջիկայում քաղհասարակության հետ կմշակվեն ՀՀ-ին վերաբերող ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ. Արման Թաթոյան |tert.am|

Առաջիկայում քաղհասարակության հետ կմշակվեն ՀՀ-ին վերաբերող ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի հատուկ հրավերով այսօր ելույթ է ունեցել Նախարարների կոմիտեի նիստում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: ԵԽ նախարարների կոմիտեի նիստը նվիրված է մարդու իրավունքների ազգային հաստատությունների և օմբուդսմանների գործունեությանը ժամանակակից աշխարհում, ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։ Արման Թաթոյանը ելույթում ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և փորձը, աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, թե ինչպես է աշխատում քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ՝ ապահովելով անկախության բարձր մակարդակ և աշխատանքի արդյունավետության զգալի աճ։ Նա կարևորել է նաև խորհրդարանի հետ հաստատված է ինստիտուցիոնալ ամուր հիմքեր ունեցող համագործակցությունը: Օրինակ՝ ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդունեց, իսկ հետո Հանրապետության Նախագահը ստորագրեց քրեակատարողական համակարգին առնչվող օրենսդրական փաթեթ, որը մշակվել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, հետագայում համատեղ աշխատանք տարվել Արդարադատության նախարարության ու ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Սա ցույց է տալիս եռակողմ կարևոր համագործակցության ձևաչափի մասին: Ակտիվ և արդյունավետ համագործակցություն է ձևավորված նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչի գրասենյակի հետ։ «Մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ Աշխատանքի անաչառ սկզբունքներով պայմանավորված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ճանաչվում են կարևոր աղբյուր, որոնց վրա հղումներ են կատարվում Հայաստանին վերաբերող վճիռների մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ ՄԻԵԴ-ում քննվող գործով, որը բացառիկ պրակտիկա է։ Մենք հաջողությամբ շարունակում ենք ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացնել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումները»,- ելույթում նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում քաղաքացիական հասարակության հետ միասին կմշակեն Հայաստանին վերաբերող ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է ամենօրյա աշխատանքով նպաստել երկրի իրավական համակարգը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանեցնելուն: 47 պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կառույցների ղեկավար կազմերի ու մարդու իրավունքների մի շարք հաստատությունների մասնակցությամբ քննարկմանը ելույթով հանդես են եկել նաև Ֆրանսիայի Մարդու իրավունքների ազգային խորհրդատվական հանձնաժողովի նախագահ պարոն Ժան-Մարի Դելարուն, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահ տիկին Էմիլի Լոգանը, և Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի նախագահ պարոն Յան Հելգեսենը:
13:12 - 05 սեպտեմբերի, 2019
«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: Ինչպես  հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:Ծրագրի իրականացումն այս տարբերակով կնպաստի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի և խարանի խորացմանը։  Մասնավորապես, Պաշտպանն արձանագրում է հետևյալ հիմնարար նկատառումները՝ -- Սոցիալական տարբեր խմբերին պատկանող և հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց համայնքներից տեղափոխելը և նրանց համար հատուկ կառուցվող բնակավայրում տեղավորելը հակասում է համայնքում ապրելու հավասար իրավունքին («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա),-- Քաղաքի կառուցումը հակասում է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Երեխայակենտրոն քաղաք» ծրագրի սկզբունքներին: «Երեխայակենտրոն քաղաք» ստեղծելը չի նախատեսում մեկուսացած բնակավայրերի կառուցում: Ավելի քան 35 երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր երկրներն էլ կարևորում են համայնքի ողջ բնակչության ներգրավվածությունը երեխայակենտրոն քաղաքների ստեղծման գործում, այլ ոչ թե դրա կառուցումը երեխաներին հասարակությունից մեկուսացնելու կամ առանձնացնելու սկզբունքով,-- Ծրագրով նախատեսված միայն կրթության և ինքնազարգացման սահմանափակ հնարավորությունների պայմաններում ապրող երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ կրթությունը խնդրահարույց է երեխաների ներառականության տեսանկյունից:Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բարձր առաքելությամբ: Պետությունը պետք է աջակցի, պաշտպանի և ապահովի, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն և հավասարապես իրացնեն իրենց իրավունքները, ինչպես նաև ապահովվի հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ կառավարություն՝ առաջարկելով լրամշակել ծրագիրը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով:
13:21 - 30 օգոստոսի, 2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում մշակվել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ։ Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում կարող են տուժել հարկային վարչարարությունից, հարկային մարմինների կայացրած վարչական ակտերից, հարկային մարմիններում առկա քաշքշուկներից և այլն։ Խնդիրը հատկապես առնչվում է հարկային մարմինների ստուգումներին։Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են բարձրացվում Պաշտպանին հասցեագրվող դիմումներում ու բողոքներում։ Օրինակ, որո՞նք են հարկային հսկողության շրջանակներում իրականացվող հարկային ստուգումների տեսակները, ո՞րն է հարկային ստուգման իրականացման իրավական հիմքը, ի՞նչ տեղեկություն պետք է պարունակի հարկային ստուգման հանձնարարագիրը և այլն։Ուղեցույցի նպատակն է բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը, հատկապես՝ հարկային ստուգումների ոլորտում։Ուղեցույց՝ https://bit.ly/2LbgAKP
11:34 - 28 օգոստոսի, 2019
Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում առ այն, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։ Մասնավորապես, այս պահին ստացած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը: Որպես հիմնարար լուծում՝ քննարկվում է նոր պոմպակայան և ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով։Հիշեցնենք, որ Այրում խոշորացված համայնքի Արճիս գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու Արճիսի հատվածը: Արճիսցիների բողոքի ակցիայի պատճառը խմելու ջրի բացակայությունն է:
07:23 - 26 օգոստոսի, 2019
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ Մարդու իրավունքների պաշտպան

ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ Մարդու իրավունքների պաշտպան

Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև տեղի է ունեցել քննարկում կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ: Նման քննարկում կազմակերպվում է առաջին անգամ, չնայած նրան, որ անհատական գործերով կողմերի միջև տեղի են ունենում քննարկումներ, որոնց կարող են բախվել մեր հայրենակիցները Ռուսաստանում: Կողմերի աշխատակազմերից նշանակված են պատասխանատու ներկայացուցիչների այդ բոլոր հարցերի առնչությամբ: Մոսկվայում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Դեսպանության հետ ձևավորված է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում քաղաքացիների բարձրացրած խնդիրները քննարկվել են հանդիպմանը: Մարդու իրավունքների պաշտպանն իր խոսքում կարևոր է դեսպանության հետ նման սկզբունքներով իրականացվող աշխատանքը:Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա նույնպես բարձրացրել է հայերին հուզող առաջնային կարևորության հարցեր, որոնց լուծման համար քաղաքացիները պարբերաբեր դիմում են իրենց։Օրակարգում եղել են հարցեր, որոնք վերաբերում են ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածի հաշվարկմանը միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելուն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը, ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների կիրառությանը և այլն: Քննարկվել են նաև մամուլում առկա տեղեկությունները կապված Սոչիի օդանավակայանում աշխատող հայերի աշխատանքից ազատելու հետ։Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմանների համագործակցության արդյունքում առաջին անգամ տեղի է ունեցել ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների ընդունելություն, որոնք իրենց խնդիրները բարձրացրել էին դիմելով ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին։Համագործակցության արդյունքում մի քաղաքացու նկատմամբ վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը և առաջիկայում կկարողանա միավորվել Ռուսաստանում ապրող ընտանիքին։ Մյուս թեմաներով ձեռք եր բերվել կոնկրետ պայմանավորվածություններ քաղաքացիների խնդիրներն արագ լուծում տալու նպատակով։Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել Հայաստանի քաղաքացիների կամ ազգությամբ հայերի աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական և այլ իրավունքներին առնչվող խնդիրների լուծմանը։Կողմերը հանդիպման ավարտին քննարկել են նաև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
09:31 - 17 օգոստոսի, 2019
ՄԻՊ իրավական դիրքորոշումները դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ

ՄԻՊ իրավական դիրքորոշումները դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր և գրավոր բողոքներ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Դ.Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման և խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ: Փաստաբանները ներկայացրել են պնդումներ այն մասին, որ քրեական վարույթի ընթացքում թույլ են տրվել Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտումներ, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմնի օրենքով չնախատեսված գործողությունների արդյունքում: Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանների հրապարակային հայտարարություններն այս հարցերի առնչությամբ, ինչպես նաև նրա վերաբերյալ քրեական վարույթի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՀ բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական հաղորդագրությունները: Ի գիտություն է ընդունվել Դավիթ Գրիգորյանի հրապարակային հայտարարությունն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ փաստաբաններ Գերոգի Մելիքյանի և Երվանդ Վարոսյանի բարձրացրած հարցերը քրեական վարույթի ընթացում մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից համակարգային նշանակության են, պարունակում են մյուս գործերով առգրավմանն ու խուզարկությանն առնչվող իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց զարգացման վտանգներ և կարող են առաջացնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները խախտող հետևանքներ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային դարձնել դրանց առնչությամբ իր իրավական դիրքորոշումներն ու նախատեսվող քայլերը: Դրանք հիմնված են ինչպես Պաշտպանի քննարկմանը ներկայացված բողոքների ու վարույթային փաստաթղթերի, այնպես էլ ՀՀ օրենսդրության ու վերաբերելի միջազգային չափանիշների համադրված ուսումնասիրության վրա: Ընդ որում, կոնկրետ գործով հարցերն առավել ուշադրության արժանի են, քանի որ բարձրացված են և վիճարկվում են պաշտպանության հատուկ երաշխիքներ ունեցող անձի՝ դատավորի վերաբերյալ գործով: Մարդու իրավունքների պաշտպանը նաև հատուկ արձանագրում է, որ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու կոնկրետ դատական ակտի և այն հարցերին, որոնք դատական վիճարկման առարկա են ու գտնվում են կոնկրետ գործով դատարանի լիազորությունների տիրույթում: Բոլոր հարցերին անդրադարձերը կատարված են բացառապես Պաշտպանի իրավասության տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետևյալ հարցերին. 1. Նախաքննության մարմնի կողմից առգրավմանը կամ խուզարկությանը այն անձի և նրա փաստաբանի մասնակցությունը (ներկայությունը) չթույլատրելը, ում աշխատասենյակում կատարվում է քննչական գործողությունը և ով անմիջականորեն հանդիսանում է այդ աշխատասենյակում առկա գույքի տիրապետողը կամ տնօրինողը: Կոնկրետ իրավիճակում քննիչը դատավոր Դավիթ Գրիգորյանին չի թույլատրել ներկա լինել կամ մասնակցել վերջինիս աշխատասենյակում կատարվող առգրավմանը: Փոխարենը՝ քննիչն առգրավմանը մասնակից է դարձրել դատարանի աշխատակցի, ով այդ աշխատասենյակի հետ առնչություն չունի: Ընդ որում, քննիչը Դ.Գրիգորյանի մասնակցությունն իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրա մասնակցությունը քննչական գործողությանը նախատեսված չէ: Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնակալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը և ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը: Ուստի, անձի ներկայությունը կամ մասնակցությունը իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը, անկախ նրա դատավարական կարգավիճակից, պետք է ցանկացած գործով միշտ դիտարկվի հենց այդ տեսանկյունից: Դա ապահովելու անմիջական պարտականություն կրում է քննչական գործողությունը կատարողը, եթե իհարկե հնարավոր չէ դա օբյեկտիվ պատճառներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքը հատուկ պաշտպանվող սուբյեկտի՝ դատավորի նկատմամբ կատարվող գործողության մասին է: Նշվածից բացի, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած բողոքում պնդել է փաստաբան Գ.Մելիքյանը, քանի որ խոսքը վերաբերում է առգրավմանը, ապա հենց առգրավման պարագայում է իր վստահորդի մասնակցությունն այդ գործողությանը եղել առանցքային: Հարցն այն է, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ առգրավման մասին որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո է քննիչն առաջարկում կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Միայն առգրավման ենթակա առարկաները առգրավման մասին որոշման մեջ նշված տեղում չհայտնաբերելու դեպքում է հնարավոր կատարել խուզարկություն: Մարդու իրավունքների պաշտպանը տեղին է համարում փաստաբանի պնդումն այն մասին, որ քննիչին անհրաժեշտ առարկաների կամ փաստաթղթերի առկայության մասին ստույգ տեղեկությունների կարող էր տիրապետել միայն այն անձը, ում հատկացված է համապատասխան աշխատասենյակը կամ ով զբաղեցնում է աշխատասենյակը: Այդ անձն է հաստատապես տիրապետում առգրավման ենթակա առարկաների ու դրանց գտնվելու կոնկրետ տեղի մասին տվյալների: Ըստ փաստաբանի՝ այդ առաջարկը պետք է արվեր ու հնարավորությունը տրվեր իր վստահորդին: Միջազգային, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն առավել խիստ պահանջներ է ներկայացնում խուզարկության նկատմամբ: Բանն այն է, որ խուզարկությունն առավել մեծ ծավալով է միջամտում անձի մասնավոր կյանքին և կարող է պարունակել նաև քրեական հետապնդման տարրեր: Ուստի, սկզբունքային նշանակություն ունի աշխատասենյակում խուզարկության կատարմանն այն անձի ու իրավաբանական օգնության համար հրավիրված նրա փաստաբանի մասնակցությունը, ում դա հատկացված է և ով ունի մասնավորության ակնկալիք (expectation of privacy) այդ աշխատասենյակի նկատմամբ: Կոնկրետ գործով քննիչը չի թույլատրել փաստաբանի մասնակցությունը խուզարկությանը՝ պատճառաբանելով, թե դա նախատեսված չէ, չնայած փաստաբանի համապատասխան միջնորդությանը և նրան, որ Դ.Գիգորյանն ինքն է խնդրել թույլ տալ իր փաստաբանի մասնակցությունն իր իսկ աշխատասենյակում կատարվող խուզարկությանը: Քրեական հետապնդման մարմնի նման գործողություններն անթույլատրելի են և կոպտորեն խախտում են իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքը: Ընդ որում, փաստաբանը նշել է նաև, որ որոշ ժամանակով չի թույլատրվել նաև Դ.Գրիգորյանի մասնակցությունը խուզարկությանը: Սույն գործով պետք է նկատի ունենալ նաև, որ վերը նկարագվածից բացի, Հայաստանի օրենսդրությունը նախատեսել է դատավորի՝ իբրև պաշտպանության ենթակա հատուկ սուբյեկտի առանձին երաշխիքներ: Դրանք իրենց հերթին պայմանավորված են դատավորի աշխատանքի ու դատական իշխանության հեղինակության երաշխավորման կարևորությամբ (Բարձրագույն դատական խորհրդին ու դատավորին իրազեկում և այլն): Ուսումնասիրությունը վկայում է այս երաշխիքների հարցում ակնհայտ խնդիրների մասին: 2. Ընդհանրական ձևակերպումները խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդության ու այդ միջնորդության կապակցությամբ դատարանի կայացրած որոշման մեջ, խուզարկությունը դատարանի թույլատրած տարածքում, ինչպես նաև խուղարկությամբ որոնվող առարկաների կապը քրեական վարույթի հետ: Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով բարձրացրել են նաև հարց այն մասին, որ նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը և այդ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը պարունակում են ընդհանրական, վերացական բնույթի ձևակերպումներ: Ըստ փաստաբանների՝ դա հանգեցրել է նրան, որ քննիչը, օգտվելով այդ ձևակերպումներից, դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև այնպիսի առարկաներ ու փաստաթղթեր, որոնք առնչություն չունեն Դ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի հետ: Ըստ փաստաբանի՝ խուզարկության համար դատարանի որոշման մեջ նշված կոնկրետ տարածքից բացի քննիչը խուզարկություն է կատարել նաև այնպիսի տարածքում, որը դատարանի որոշման մեջ նշված չէ: Նախ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդունում է, որ առգրավումը և խուզարկությունը քրեական վարույթի ընթացքում հանրային իրավաչափ շահերի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեցող քննչական գործողություններ են: Դրա հետ միասին, աշխատասենյակում կատարվող առգրավումը և խուզարկությունը ցանկացած պարագայում մարդու անձնական կյանքին միջամտող քննչական գործողություններ են, իսկ խուզարկությունն առհասարակ կարող է պարունակել քրեական հետապնդման տարրեր: Ուստի, քննչական այս գործողությունների ու հատկապես խուարկության պարագայում կարևորագույն նշանակություն ունի այն, թե որոշակիության ինչ աստիճան ունեն քննիչի միջնորդության ու առավել ևս խուզարկությունը թույլատրող դատարանի որոշման մեջ առկա ձևակերպումները: Կոնկրետ դեպքում, ինչպես վկայում է փաստաբանի բողոքն ու դատական ակտի ուսումնասիրությունը, դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում, այդ թվում՝ դրանցում առկա չհրկիզվող պահարաններում խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշման եզրափակիչ մասում տեղ է գտել «(…) քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտորանյին կրիչներ և փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ և իրեր հայտնաբերելու և վերցնելու համար» ընդհանրական ձևակերպումը: Իրականում, դատական ակտի ձևակերպումները պետք է լինեն կոնկրետ (այդպիսին պետք է լինի նաև քննիչի միջնորդությունը), հստակ ցույց տան դատարանի թույլտվության սահմանները, խուզարկության ծավալն և կանխորոշեն քննիչի գործողությունների շրջանակը: Հակառակ դեպքում խուզարկության նկատմամբ դատական վերահսկողության նշանակությունն իմաստազրկվում է և չի ծառայում իր նպատակին՝ իրական երաշխիքից վերածվելով պատրանքայինի: Այդ պարագայում խուզարկությունը չի ծառայում քննության կամ քրեական հետապնդման իրավաչափ շահի պաշտպանությանը, իսկ անձնական կյանքին միջամտությունը դառնում է ոչ իրավաչափ: Ձևակերպումների կոնկրետության պահանջը վերաբերում է ոչ միայն որոնվող առարկաներին կամ փաստաթղթերին, այլ նաև այն կոնկրետ տարածքին, որի խուզարկության համար տրվել է դատարանի թույլտվությունը: Այս կանոնից ցանկացած շեղում պետք է համարել անթույլատրելի: Դավիթ Գրիգորյանի գործով դատարանի որոշմամբ քննիչի համար խուզարկության թույլատրվող տարածք են սահմանվել միայն դատավորի և նրա օգնականի աշխատասենյակները: Այս մասին է վկայում նաև դատական ակտի ուսումնասիրությունը: Սակայն փաստաբանը Պաշտպանին ներկայացված բողոքի հիմնավորմամբ նշել է, որ քննիչը դուրս է եկել դատարանի որոշման մեջ նշված տարածքի շրջանակից և խուզարկել է նաև գործավարի ու դատական նիստերի քարտուղարի աշխատասենյակները, որոնք դատավորի կամ նրա օգնականի աշխատասենյակները չեն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն այս հարցում հստակ է՝ առգրավում և խուզարկություն թույլատրող որոշման ընդհանրական ձևակերկուպմները և այդ որոշմամբ չնախատեսված տարածքի խուզարկությունը խախտում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվորպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը: 3. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով փաստաբանների բարձրացրած մյուս հարցն առնչվում է քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնիքվել է դատավորի աշխատասենյակի դուռը և նրան թույլ չի տրվել մուտք գործել իր աշխատասենյակ: Ըստ բողոքի՝ քննիչը դա արել է այնպիսի եղանակով, որ դատարանի աշխատակիցների ու այլ անձանց համար ակնհայտ է դարձել, որ ինքն անհնարին է դարձնում դատավորի կողմից իր լիազրությունների իրականացումը՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի նկատմամբ, վտանգելով նրա հեղինակությունն ու անկախությունը: Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել նաև ոստիկանության ծառայողի հսկողության ներքո դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը պատկերող լուսանկար: Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատավորի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ քրեական հետապնդման մարմնի ցանկացած գործողություն պետք է արվի առավելագույն զգուշությամբ՝ խստորեն պահպանելով օրենսդրական պահանջն առ այն, որ պետք է ապահովել մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: Սա միջազգային իրավաբանությունից բխող կանոն է: Ուստի, քննչի գործողությունը մտահոգիչ է: Այս հարցի հետ կապված՝ Պաշտպանը ողջունում է Բարձրագույն դատական խորհրդի արձանագրումն այն մասին, որ «...քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ», ինչպես նաև կարևոր է համարում խորհրդի ձեռնարկած միջոցները դատավորի անկախության ապահովման ուղղությամբ: Այսպիսով, վերը նկարագրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սույն գործով իր իրավասության սահմաններում ձեռնարկել հետևյալ միջոցները՝ 1) դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հրավիրելով վերջինիս ուշադրությունը համակարգային բնույթի նկարագրված հարցերի վրա և առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ՝ թույլ չտալու համար մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց զարգացումներ դատական պրակտիկայում. 2) առաջադրել կոնկրետ հարցադրումներ և դրանց առնչությամբ պահանջել պարզաբանումներ Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից յուրաքանչյուրից իր իրավասությանն առնչվող մասերով, ինչպես նաև ներկայացնել իրավակիրառ պրակտիկայի վտանգավոր զարգացումներ թույլ չտալուն ուղղված առաջարկներ: Սույն հայտարարության մեջ նշված հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:   ՄԻՊ
07:01 - 08 օգոստոսի, 2019
Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան․ ՄԻՊ

Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Հարցն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Ստեղծված իրավիճակում ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունը ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում: Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաև խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի և համաչափության սահմանադրական սկզբունքները:
06:39 - 02 օգոստոսի, 2019
ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Իջևանի դեպքերով կալանավորվածներին

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Իջևանի դեպքերով կալանավորվածներին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10-ը անձանց հետ: Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեական վարույթին և առաջադրված մեղադրանքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նրանք պնդել են, որ քրեական գործում չկան իրենց մեղսագրվող հանցանքի մասին վկայող ապացույցներ, և առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ նրանք նշել են, որ իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները հիմնված են մեկ անձի՝ ոստիկանության ծառայողի, և այն էլ անորոշ ցուցմունքի վրա: Ինչպես արդեն նշել ենք նախորդ հայտարարությամբ, այս գործով բերման ենթարկելիս և ձերբակալելիս Ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունք դրսևորելու հարցի առնչությամբ արդեն իսկ վարույթ է նախաձեռնված: Այս հարցերն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ: Քրեակատարողական հիմնարկներ այցի ընթացքում բարձրացվել են նաև առողջական վիճակի հետ կապված խնդիրներ, որոնք ըստ բնույթի և անհրաժեշտության քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, քրեական վարույթին ներգրավված փաստաբանի կամ ազատությունից զրկված անձի ընտանիքի անդամների հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև կալանավորված անձանց փաստաբանների հետ:«Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պայմաններից և ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ չեն ներկայացվել: Արձանագրված խնդիրներն ամփոփվել են և լրացուցիչ գրություններ են հասցեագրվել Դատախազություն, Ոստիկանություն և Արդարադատության նախարարություն:Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռնարկել օրենքով պահանջվող բոլոր անհրաժեշտ միջոցները:
07:35 - 29 հուլիսի, 2019
Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքի մարզում: Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և մարզպետարանի ներկայացուցիչներին: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են ինչպես մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներին, այնպես էլ մարզում մարդու իրավունքների վիճակին առնչվող մի շարք հիմնահարցերի: Մասնավորապես, քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, ներառական կրթության ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին պատշաճ բուժօգնության ապահովմանը, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բացառմանը, կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, վթարային բնակելի շենքերի վիճակի լուծման ուղիները և այլ առաջնահերթություններ: Հանդիպման ընթացքում նշվել է, որ մարզում բնակվող փախստականների համար ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ի տարբերություն սահմանամերձ մյուս մարզերի: Քննարկվել է արծվաշենցիների բարձրացրած փոխհատուցման հարցերը:Ընդգծվել է մարզում աշխատատեղերի բացակայության պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների բարձր ցուցանիշը և դրա հետևանքով ընտնիքներում առաջացող դժվարությունները (կանանց անարդարացի ծանրաբեռնվածություն, երեխաների դաստիարակության խնդիրը և այլն): Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կաջակցի քննարկված հարցերի լուծմանը: Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաև Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչների հետ:Քննարկվել են կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիները, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորությունները, ինչպես նաև հարցեր՝ կապված աշխատանքային իրավունքների խախտումների, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, առողջության պահպանման իրավունքի հետ: Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման ուղղությամբ արդյունավետ հետևողականության և հսկողության հարցում: Նշված հարցերը քննարկվել են նաև Գեղարքունիքի մարզում գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Այցն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն» Հայաստանյան ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում:
08:09 - 27 հուլիսի, 2019
Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվել է նրանց հասանելիք ամենամսյա պարգևավճարը

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվել է նրանց հասանելիք ամենամսյա պարգևավճարը

Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացրել են, որ 1998թ. իրենց որդին զորակոչվել էր ԼՂՀ զինված ուժեր և ծառայության ընթացքում անհայտ կորել: Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող, քանի որ դեպքը տեղի է ունեցել նրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածում, և առկա է 2008թ. դատարանի վճիռ, որն իրենց որդուն ճանաչել է զինվորական ծառայության ընթացքում մահացած: Այդ իսկ պատճառով իրենք պետք է համարվեն զոհված (մահացած) զինծառայողի ծնողներ և պետք է ստանան համապատասխան սոցիալական վճար: Դիմումատուները մի քանի անգամ դիմել էին պետական լիազոր մարմնին՝ իրենց կարգավիճակով պայմանավորված համապատասխան սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու համար, սակայն ստանում էին բացասական պատասխան: Դիմումատուները խնդրել են Պաշտպանին վերականգնել իրենց խախտված իրավունքները, որպեսզի զոհված (մահացած) զինծառայողի ծնողների կարգավիճակով պայմանավորված օգտվեն իրենց հասանելիք համապատասխան սոցիալական աջակցությունից: Նշված հարցի վերաբերյալ Պաշտպանը հարցումներ է կատարել պետական լիազոր մարմիններին, ստացել համապատասխան պարզաբանումներ և նյութեր, այնուհետև ուսումնասիրվել են առկա փաստաթղթերն ու իրավական կարգավորումները: Գործի համակողմանի ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա՝ Պաշտպանը պետական լիազոր մարմնին ներկայացրել է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ, ինչի արդյունքում հարցը ստացել է դրական լուծում: Այսպիսով, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում վերականգնվել են անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողների տարիներ շարունակ խախտվող իրավունքները, և նրանց նշանակվել է ամենամսյա պարգևավճար՝ յուրաքանչյուրին 31,000-ական (երեսունմեկ հազարական) դրամի չափով: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
07:55 - 26 հուլիսի, 2019