ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Քրեակատարողական հիմնարկներում հրատապ է բժշկական ծառայությունների հարցը |forrights.am|

Քրեակատարողական հիմնարկներում հրատապ է բժշկական ծառայությունների հարցը |forrights.am|

forrights.am: «Քրեակատարողական հիմնարկներում հրատապությամբ առաջնային խնդիր է համարվում բժշկական ծառայությունների հարցը, անդրադառնալով փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին»,- հայտարարեց Մարդու իրավունքների պատպան Արման Թաթոյանը։ «Այսօր քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձինք չեն վստահում բժիշկներին, այսինքն կա ցածր վստահելիության մակարդակ, և դա պայմանավորված է նրանով, որ տարիներ ի վեր առկա համակարգը այնպես է կառուցված եղել, որ բժիշկը ընդամենը դիտվում է որպես քրեակատարողական ծառայող և ազատությունից զրկված մարդն էլ բժշկին չի դիտարկում որպես բժիշկ և նա էլ որպես պացիենտ», — մանրամասնեց Արման Թաթոյանը, շարունակելով, որ շատ կարևոր է նաև բժշկական անձնակազմի համալրվածության, վերապատրաստման հարցը: Այսօր քրեակատարողական հիմնարկներում լուրջ խնդիր է կոնկրետ մասնագիտություններով բժիշկների առկայությունը: Մենք ունենք քրեակատարողական հիմնարկ, որտեղ առհասարակ բժիշկ չկա»: Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերին՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց՝ Հայաստանում մինչ այս պահը գոյություն չունի մահվան դեպքերի կամ ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարական ծրագիր։ «Դեպքից դեպք է, որ իրականացվում է քննություն և չի իրականացվում արդյունքների ամփոփում, որպեսզի համալիր միջոցներ ձեռնարկվեն, վեր հանվեն պատճառներն ու նպաստող պայմանները՝ այդ խնդրի լուծման ուղղությամբ», — նշեց օբմուդսմենը:2013-16թթ․ արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Թաթոյանը ներկայացրեց խոշտանգման հանցակազմի կիրառությանն առնչվող վիճակագրական տվյալներ։ 2015-ից մինչ այսօր որևէ մեղադրական դատավճիռ չի արձանագրվել․ «2015-ի հունիսից քննվել է 113 քրեական գործ, որից 84-ը կարճվել է, 7 քրեական գործով վարույթը կասեցվել է: 4 քրեական գործ ուղարկվել է դատարան, որոնցից 1-ով արդարացվել է և 9 քրեական գործով շարունակվում է նախաքննությունը: Ուզում եմ հատուկ նշել՝ այս հոդվածով որևէ անգամ չի արձանագրվել դատապարտման դեպք: Սա շատ վատ է մեր դատական, իրավապահ պրակտիկայի համար»,-ասաց նա։ Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ բոլոր այն տրանսպորտային միջոցները, որոնցով ուղեկցում են ազատությունից զրկված անձանց, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Արձանագրել են, որ ազատազրկված անձանց ժամանակավոր պահման համար դատարաններում նախատեսված խցերը ևս հարմարեցված չեն։ Ավելին՝ կան դատարաններ, որտեղ այդ խցերը առհասարակ բացակայում են։ Հավելենք, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մշակվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում, որը ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ: Համակարգը պարունակում է մոտ 300 հարց։ Այն հնարավորություն է տալիս գտնել այն հարցի պատասխանը, որը առնչվում է ազատությունից զրկվածին։
07:13 - 18 հուլիսի, 2019
Քրեական ենթամշակույթը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերացված չէ. Արման Թաթոյան |armenpress.am|

Քրեական ենթամշակույթը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերացված չէ. Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am։ Քրեական ենթամշակույթը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերացված չէ, և այն բերում է հանցավոր դրսևորումների: Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «ՀՀ արդարադատության նախարարության մեր գործընկերներն այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկում են, պարզապես դրանք պետք է առավել թիրախային լինեն: Ընդգծեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը մշակել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ, որն ուղարկել եմ ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ կառավարություն: Կարծում եմ`դա այնպիսի փաստաթուղթ է, որ կարող է քննարկման առարկա դառնալ: Գուցե այդ փաստաթղթի հիման վրա հարցի լուծման համար միջոցներ ձեռնարկվեն»,- նշեց Թաթոյանը: Նրա խոսքով` քրեական ենթամշակույթը, ի վերջո, տանում է հանցավոր դրսևորումների, ինչի հետևանքով շատ են լինում դեպքեր, որ քրեակատարողական հիմնարկում կատարվող տարբեր հանցանքների զոհ են դառնում քաղաքացիական անձինք:
10:09 - 17 հուլիսի, 2019
Ազատազրկվածների պահման պայմանները չեն համապատասխանում ընդունված նորմերին․ ՄԻՊ |shantnews.am|

Ազատազրկվածների պահման պայմանները չեն համապատասխանում ընդունված նորմերին․ ՄԻՊ |shantnews.am|

shantnews.am։ Հայաստանում ազատազրկված անձանց պահման պայմանները խնդիրներ ունեն՝ սկսած ամենաառաջին օղակից՝ ազատազրկվողներին տեղափոխող մեքենաներից։ Այս մասին այսօր հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ այդ մեքենաները ձեռք են բերվել խորհրդային/ռուսական ստանդարտով, բայց արդեն չեն համապատասխանում ներկայում ընդունված նորմերին։ Դա, օրինակ, վերաբերում է նրան, որ ազատազրկվածների կամ կալանավորների դեպքում նրանց պահման տեղի մակերեսը առնվազն 0,8 քառակուսի մետր պետք է լինեն, սակայն հիմա դրա կեսի չափ են։ Խնդիրներ կան նաև դատարաններում, քանի որ դատարանների սրահների մի մասը պատշաճ կահավորված չէ ազատազրկվածների ու կալանավորների՝ դատական նիստին մասնակցելու համար։ Արդյունքում ազատազրկվածներին տեղափոխում են այլ տարածքների դատարաններ, որպեսզի պատշաճ պայմաններում ապահովվի դատական ընթացքը։ Քրեակատարողական հիմնարկներում նույնպես, ըստ Թաթոյանի, խնդիրներ կան մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։ Առաջին հերթին, ըստ Թաթոյանի, դա վերաբերում է առողջապահության հարցերին, քանի որ, օրինակ, ազատությունից զրկվածները չեն վստահում բժիշկներին։ Բժիշկներին, ըստ պաշտպանի, դիտարկում են որպես ուսադիրներով մարդու։
07:40 - 17 հուլիսի, 2019
ՄԻՊ-ը նախատեսում է մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին |armenpress.am|

ՄԻՊ-ը նախատեսում է մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանի գրասենյակը նախատեսում են հաջորդ տարի մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը: Արման Թաթոյանն այս մասին տեղեկացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում` ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը: «Հաջորդ տարի նախատեսում ենք մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը: ՄԻՊ-ն ունի օրենքով սահմանված գործառույթ` դատական իշխանության բարձրագույն մարմնին ներկայացնել դատական պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Դրանից բացի՝ մենք մոնիտորինգի ենք ենթարկում նաև դատական նիստերը և այլ միջոցներով նույնպես իրականացնում ենք մեր աշխատանքները: Դատական համակարգում կարևորագույն նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, և մենք այն գաղափարի ջատագովն ենք, որ ունենանք անկախ դատական իշխանություն»,-ասաց Թաթոյանը: ՄԻՊ-ի աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին: Թաթոյանը տեղեկացրեց, որ շուտով կգործի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների իրավունքների պաշտպանության բաժին: Հիմա կանոնադրության մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում են: Նա վստահեցրեց, որ աշխատանքները տանելու են ինչպես անհատական, այնպես էլ ամբողջ իրավական համակարգում փոփոխությունների մակարդակում: Թաթոյանն առանձին խմբերի անձանց իրավունքների պաշտպանությունը նույնպես կարևոր համարեց, օրինակ՝ փախստակաների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը: «Բայց նաև կարևոր է և մեծ արդիականություն ունի կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը: Մենք այստեղ, ինչպես նաև մյուս բոլոր հարցերում կարևորում ենք իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու համակագային աշխատանքներ տանելը»,-նշեց ՄԻՊ-ը:
10:48 - 15 հուլիսի, 2019
ՄԻՊ-ը նախատեսում է Տավուշում և Լոռիում ևս հիմնել մարզային ստորաբաժանումներ |armenpress.am|

ՄԻՊ-ը նախատեսում է Տավուշում և Լոռիում ևս հիմնել մարզային ստորաբաժանումներ |armenpress.am|

armenpress.am։ Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն առաջնահերթ է համարում արագ արձագանքման համար Տավուշի և Լոռու մարզերում ստորաբաժանումներ ստեղծել: Չի բացառվում, որ նույնիսկ մինչև 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծեն մարզային բաժին: Արման Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեն» թեմայով քննարկմանը` պատասխանելով պատգամավորների հարցերին: «Այս պահին ՄԻՊ-ը ստորաբաժանումներ ունի երեք մարզերում՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի։ Մենք կարևորում ենք իրավունքների պաշտպանությունն առավել մեծացնելը, քանի որ իրավիճակներ են լինում, որտեղ արագ արձագանքի անհրաժեշտություն է լինում: Առաջնահերթ թիրախում Տավուշի և Լոռու մարզերն են: Հնարավոր է, որ մինչ 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծենք մարզային բաժին: Այս պահին դեռ ստեղծված չէ, գործողություններն ընթանում են»,-ասաց Թաթոյանը:
09:51 - 15 հուլիսի, 2019
Արման Թաթոյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է երկու հայերին առնչվող գործերը

Արման Թաթոյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է երկու հայերին առնչվող գործերը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր  էջում հայտարարում է․ «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիայի հետ՝ երկու գործով մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության առնչությամբ:  Մի քանի օր առաջ ինձ է հասցեագրվել դիմում այն մասին, որ Հայաստանի երկու քաղաքացի մի քրեական գործով Վրաստանում ներգարվված են՝ որպես վկա, նրանցից իրավապահ մարմինները վերցրել են անձնագրերը ու նրանք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Քրեական վարույթը հարուցվել է ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում ուղևորափոխադրում իրականացնելիս: Քրեական գործը գտնվում է քննության փուլում և վաղը նշանակված է դատական նիստ դատարանում: Մեր երկու համաքաղաքացիները պետք է հարցաքննվեն վկայի կարգավիճակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմել են նրանց եղբայրները՝ մտահոգված լինելով քրեական գործով իրենց ազգականների կարգավիճակի ու վերադարձի հարցով։ Վրաստանի գործընկերս հենց նոր տեղեկացրեց, որ ինձ հետ խոսելուց անմիջապես հետո հարցը քննարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ու դատախազության հետ։ Մեր համաքաղաքացիների վերաբերյալ քրեական գործն ու անձնագրերի հարցն առաջնահերթ արդեն իր անմիջական ուշադրության ներքո են և իր իրավասության սահմաններում կլինի հետևողական, որպեսզի նրանք որևէ խնդիր չունենան ու ստանան նաև իրենց անձնագրերը՝ Հայաստան վերադառնալու համար: Ողջունում եմ այս հարցով նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության ակտիվ աշխատանքը. այսօր այս գործի մասին տեղեկություն ստացանք նաև դեսպանության մեր գործընկերներից: Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Երեկ ինձ ևս մեկ գործի մասին տեղեկացրել էր ու անհրաժեշտ տվյալներ տրամադրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը՝ կապված Վրաստանում Հայաստանի երկու քաղաքացիների ծեծի ենթարկվելու հետ։ Երեկ տեսել էի, որ այս մասին մտահոգություն էր հայտնել ու տեղին դիտարկում արել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Երեկվանից այս հարցով զբաղվեցինք այն պահից, երբ լուրը ստացանք։ Քիչ առաջ Վրաստանի Հանրային պաշտպանի հետ քննարկեցի նաև այս հարցը։ Թեև մեր հայրենակիցներն արդեն Հայաստանում են, ամեն դեպքում պայմանավորվեցինք, որ գործընկերս իր ուշադրության տակ կպահի խնդիրը, որպեսզի հետագայում նման միջադեպեր չլինեն։ Շնորհակալ եմ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայից՝ արագ արձագանքի ու մեր արդյունավետ համատեղ աշխատանքի համար։ Այս գործերի մասին տեղեկությունները որոշեցի հրապարակել, քանի որ քննարկվում են ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում և ունեն հանրային հետաքրքրություն»։    
05:40 - 12 հուլիսի, 2019
ՄԻՊ նախագծով առաջարկվում է ներդնել հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ

ՄԻՊ նախագծով առաջարկվում է ներդնել հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ։ Այն կապահովագրի բիզնեսին հակամենաշնորհային օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։  Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքները։  Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․ սահմանել հակամենաշնորհային կոմպլեանսի (hակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) հասկացությունը, սահմանել, որ հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգի կազմակերպման համար տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտի հետ միասին մեկ խմբի մեջ մտնող անձանց ընդունվող ներքին ակտը (ակտերը) պետք է պարունակեն՝ 1) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման հետ կապված հակամենաշնորհային օրենսդրության խախտման ռիսկերի գնահատման իրականացման կարգի պահանջներ․ 2) տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության հետ կապված հակամենաշնորհային օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ․ 3) տնտեսվարող սուբյեկտի կողմից հակամենաշնորհային կոմպլեանսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ․ 4) տվյալ իրավական ակտին կամ տվյալ փաստաթղթերին (ներքին քաղաքականություն, կանոնակարգ) տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցներին ծանոթացնելու մեխանիզմ․ 5) հակամենաշնորհային կոմպլեանսի կիրարկման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկություններ: Սահմանել, որ հակամենաշնորհային կոմպլեանսն արդյունավետ ներդրած կազմակերպության նկատմամբ կնվազեցվեն իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը։  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։  
07:22 - 09 հուլիսի, 2019
ՀԲՃ նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանի գործով պարզաբանումներ են պահանջվել Ոստիկանությունից. ՄԻՊ

ՀԲՃ նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանի գործով պարզաբանումներ են պահանջվել Ոստիկանությունից. ՄԻՊ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին տեղեկության և դրա կապակցությամբ մտահոգությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում։ «Բացի դրանից, վերը նշվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել նաև դեպքից հետո Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ներկայացված «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկի ահազանգով: Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած քննարկման շրջանակում առաջնահերթ կարգով կապ է հաստատվել Աննա Շահնազարյանի հետ: Նա Պաշտպանին հասցեագրած գրավոր բողոքով հայտնել է, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել իրեն արգելանքի վերցնելու, այն է՝ ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, իր դատավարական կարգավիճակը, դրանից բխող իրավունքները: Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանության ծառայողներն անհիմն առգրավել են ակցիայի մասնակիցների գույքը (պաստառ, սեղան, աթոռ, թռուցիկներ), ինչպես նաև հանգանակված ողջ գումարը: Աննա Շահնազարյանի ձևակերպմամբ՝ Ոստիկանության ծառայողներն իրեն հայտնել են, որ ինքը ոչ թե բերման է ենթարկվել, այլ խարդախության կասկածանքով ներկայացվել է Ոստիկանության բաժին: Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանությունն այս գործողություններով խոչընդոտել է իր հասարակական գործունեությանը: Ներկայում ձեռք բերված բոլոր տեղեկություններն, այդ թվում՝ Աննա Շահնազարյանի գրավոր բողոքի հանգամանքներն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում: Բարձրացված հարցերի կապակցությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով ու կոնկրետ հարցադրումներով գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
17:44 - 08 հուլիսի, 2019
Հոգեբուժական կազմակերպությունում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք․ ՄԻՊ

Հոգեբուժական կազմակերպությունում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով 2019 թվականի հունիսի 7-ի հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք: Մասնավորապես, հոգեբուժական կազմակերպության վարչակազմը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպությունը այդտեղ ամբուլատոր բուժվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական բնույթի հարկադրական միջոցը հիվանդանոցայինով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան դեռ 2018 թվականի օգոստոս ամսին։ Սակայն միջնորդության քննարկումը դատական նիստերի հետաձգումների պատճառով անընդհատ ձգձգվում է:  Տեղի է ունեցել առանձնազրույց հոգեբուժական կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում պահվող անձի հետ: Նրա տեղեկացմամբ՝ հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստանալու կամ այնտեղից դուրս գրվելու հարցը պետք է լուծվի դատարանի որոշումից հետո, որին սպասում է արդեն 11 ամիս:  Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ դատարանի վճռով նա ճանաչված է անգործունակ, նրա նկատմամբ սահմանված է խնամակալություն, իսկ խնամակալ է նախկին ամուսինը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողը նշել է, որ նախկին ամուսնու հետ ունի լարված հարաբերություններ, մի շարք տարաձայնություններ և շահերի բախում՝ կապված երեխաների տեսակցության հարցի հետ:  Ըստ պացիենտի՝ դատական նիստերի հետաձգման պատճառ է իր խնամակալի՝ դրանց պարբերաբար չներկայանալը: Դատական նիստերի բազմաթիվ հետաձգումների վերաբերյալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական փաստաթղթերում առկա են եղել հոգեբուժական կազմակերպությանը դատարանի հասցեագրած գրությունները: Նշվածի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման վարույթ, որի շրջանակում Պաշտպանը գրություններ է հասցեագրել Բարձրագույն դատական խորհրդին և Երևանի քաղաքապետարան: Պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ հարկադիր բուժման վերաբերյալ դատական գործերի քննության ձգձգման նման անընդունելի պրակտիկան ունի համակարգային բնույթ և առաջացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումներ: Այս հայտարարությունը կամ Պաշտպանի աշխատակազմի վարույթը կոնկրետ գործով դատավորի լիազորությունների իրականացմանը միջամտելու նպատակ չի հետապնդում: Պաշտպանի գնահատականները հիմնված են բացառապես հոգեբուժական կազմակերպություն իրականացրած այցի, փաստաթղթերի առերևույթ ուսումնասիրության, ինչպես նաև առանձնազրույցների վրա: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ հարկադիր և ոչ հոժարակամ բուժման օրենսդրական և գործնական խնդիրները շարունակում են ունենալ համակարգային բնույթ՝ հանգեցնելով մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Դրանք Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ուշադրության կենտրոնում են և շարունակվելու են ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցները դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ։
06:47 - 02 հուլիսի, 2019
ՄԻՊ-ը շարունակում է համագործակցությունը ԱԺ-ի հետ՝ արձանագրված խնդիրների լուծման համար

ՄԻՊ-ը շարունակում է համագործակցությունը ԱԺ-ի հետ՝ արձանագրված խնդիրների լուծման համար

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված խնդիրները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների և պատգամավորների օգնականների հետ։ Տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Ազգային ժողովի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցությունը հատկապես կարևոր է Պաշտպանի՝ նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթի իրականացման համատեքստում: Սա ենթադրում է Պաշտպանի՝ անհատական դիմումների քննարկման և մշտադիտարկման արդյունքում վեր հանած օրենսդրական խնդիրների համատեղ լուծում: Այդ խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներն արձանագրված են ինչպես տարեկան հաղորդման և զեկույցի, այնպես էլ հատուկ զեկույցների մեջ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, Ազգային ժողովում Պաշտպանի ներկայացուցիչ Սերգեյ Ղազինյանը։Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի աշխատանքի ուղղությունները, փակ հաստատություններում մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև անդրադարձել են Սահմանադրական դատարան հատուկ կարծիք ներկայացնելու, դիմում հասցեագրելու լիազորություններին։Պատգամավորի օգնականները և հանձնաժողովի փորձագետները բարձրացրել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերող հարցեր և հետաքրքրվել առանձին ոլորտներում Պաշտպանի ձեռնարկած քայլերի մասին:Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական՝ կենտրոնանալով կոնկրետ ոլորտների խնդիրների և լուծման առաջարկների ձևավորման վրա։
13:38 - 29 հունիսի, 2019
Սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ. ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ. ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Հունիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները, Պաշտպանի որոշմամբ, չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը: Մշտադիտարկման շրջանակում ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին և այլն:Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկ, սոցիոլոգ և հոգեբույժ: Այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և հատուկ չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն): Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.• շենքային (խոհանոց, պահեստներ, քննչական սենյակներ, սանհանգույցներ, պատժախցեր և այլն) և սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ. առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,• պատշաճ չի ապահովվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը: Այս խնդիրն ունի համակարգային բնույթ քրեակատարողական ողջ համակարգի համար։• ատամնաբուժական և հոգեբուժական ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրներ (քրեակատարողական հիմնարկը չունի հոգեբույժ և ատամնաբույժ),• բժշկական փաստաթղթերը վարվում են խախտումներով կամ պատշաճ չեն վարվում,• արտաքին բժշկական զննությունն իրականցվում է ոչ պատշաճ պայմաններում և ուղեկցող ոստիկանների ու քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ: Սա նույնպես համակարգային բնույթի խնդիր է և ենթակա է վերացման,• տարբեր տեսակի ժամկետանց դեղեր,• չի իրականացվում դատապարտյալների ազգականների կողմից բերվող դեղորայքի հաշվառում,• բժշկական թափոնների խոտանման խնդիրներ,• դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնում ստացիոնար պայմաններում պահելուն առնչվող խնդիրներ,• պատժախցերում պահման պայմանների հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ լոգանքի ապահովման խնդիր, ակնողնային պարագաների բացակայություն, կիսապատով առանձնացված սանհանգույցներ,• առկա չեն վերասոցիալականացման և կրթական միջոցառումներ,• անընդունելի է դատապարտյալների անհատական ուղղման ծրագրերի վարման պրակտիկան, առկա են ձևական բնույթի նշումներ,• տաքսոֆոնների՝ Պաշտպանի թեժ գծին զանգահարելու անհնարինություն,• քրեակատարողական ծառայողների և բժշկական անձնակազմի սոցիալական խիստ անբավարար երաշխիքներ՝ ներառյալ աշխատավարձ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների սակավություն կամ բացակայություն, առկա չեն աշխատանքի բավարար պայմաններ, այդ թվում՝ կապված աշխատակիցների համար ճաշարանի կամ սննդից օգտվելու հնարավորության բացակայության հետ:Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Դրանք սահմանված կարգով կամփոփվեն և կներկայացվեն լուծման առաջարկների հետ միասին:Պաշտպանը դրական է համարում, որ այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ և աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:Նախորդ այցի համեմատ, քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ իրականացվել են բարեկարգման և վերանորոգման (այդ թվում՝ կոյուղու) աշխատանքներ:Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ազատությունից զրկված անձանց տրամադրել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով գործունեության վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ և ազատությունից զրկված անձանց ու նրանց մերձավոր ազգականների համար հասանելի վայրերում փակցրել տեղեկատվական պաստառներ:
10:44 - 25 հունիսի, 2019