Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Արդյո՞ք արդարացված է համայնքների խոշորացումը |acnis.am|

Արդյո՞ք արդարացված է համայնքների խոշորացումը |acnis.am|

acnis.am: Կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՀՀ վարչատարածքային բաժանման եւ ՏԻՄ մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների միավորմամբ ստեղծել միասնական Լերմոնտովո համայնքը, իսկ Տավուշի մարզում 19 համայնքների միավորմամբ՝ միասնական Իջեւան համայնքը։ Հիմնավորման մեջ ՏԿԵ նախարարը մատնանշել է հետեւյալ կետերը. 2008-2011թթ․ կատարված հողային բարեփոխումների արդյունքում վերոնշյալ համայնքների միջեւ ծագել են հողային վեճեր, որոնք կլուծվեն համայնքների  միավորման արդյունքում։ Լերմոնտովո միասնական համայնքի ստեղծման պարագայում նշվեց, որ այստեղ բնակվում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, եւ որ այս միավորված համայնքի ստեղծման ժամանակ ՀՀ-ն ապահովելու է, որ ազգային փոքրամասնությունների այս համայնքները մնան իբրեւ առանձին միավորներ։ Տավուշի մարզում մեկ ընդհանուր համայնքի մեջ 19 համայնքների միավորումը մեծապես հիմնավորվեց այն հանգամանքով, որ դրանք պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լրավճարներ ստանալու կապակցությամբ ընդհանուր առմամբ ներկայացրել են 97 մլն դրամի ծրագրեր, ինչը նախարարի կողմից որակվեց իբրեւ աննախադեպ ցածր ցուցանիշ՝ հաշվի առնելով այն, որ այդ գումարի կեսից ավելին բաժին է ընկել Իջեւան քաղաքին։ Եվ, բացի դրանից, 19 համայնքից միայն 6-ն է մասնակցել սուբվենցիոն ծրագրին։ Նախարարն այնուհետեւ ընդգծեց, որ նշվածները եւ, ընդհանրապես, ՀՀ շատ համայնքներ առանց պետական ֆինանսավորման սեփական միջոցներով չեն կարող վճարել անգամ վարչական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը։ Ամփոփելով՝ Պապիկյանն ասաց, որ համայնքներին հնարավորություն կտրվի ցանկության դեպքում սեփական նախաձեռնությամբ կազմակերպել տեղական հանրաքվեներ եւ եթե 50 տոկոսից ավելին դեմ լինի, ապա իրենք դուրս կմնան խոշորացման գործընթացից։ Ռիսկեր․ Խոշորացման դեպքում մեծ են ռիսկերը, որ համայնքները՝ մասնավորապես սահմանամերձ բնակավայրերը, կշարունակեն մարդաթափ լինել, հաշվի առնելով, որ խոշորացման պարագայում բոլորը կձգտեն տեղափոխվել միասնական համայնքի կենտրոն։ Եվ ասվածի առավել քան ակներեւ ապացույցը Երեւան մայրաքաղաքն է, որտեղ փոքր կենտրոնի ու ծայրամասերի միջեւ եղած տարբերությունը ուղղակի հսկայական է։ Նույնը կարելի է ասել նաեւ Պապիկյանի նշած Մեղրու կամ Գորիսի խոշորացած համայնքների մասին, որտեղ լրավճարների հիմնական բաժինը հասնում է Գորիս կամ Մեղրի քաղաքներին, ինչն էլ խթանում է արտահոսքը շրջակա գյուղերից դեպի այս քաղաքներ։ Որեւէ երաշխիք կամ մեխանիզմ չառաջարկվեց, որով կբացառվեին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ստացված պետական լրավճարների անհամաչափ բաշխվածության երեւույթները։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ ստացված համաֆինանսավորման առյուծի բաժինը չի օգտագործվի հենց կենտրոնի համար։ Ոչ մի խոսք չեղավ համայնքների միավորման ժամանակ աշխարհագրական պայմանների եւ, ըստ այդմ, առանձին համայնքների աշխատանքային մասնագիտացման համադրման նպատակայնության մասին։ Այսինքն՝ համայնքը, որտեղ զարգացած են, ասենք, խաղողագործությունն ու այգեգործությունը, որքանով է նպատակահարմար միավորել այնպիսի համայնքների հետ,  որտեղ առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասունների բուծումն է կամ, օրինակ, թեպետ թույլ զարգացած, բայց արդյունաբերական արտադրությունը: Արդյո՞ք նման կարգի համադրություններն արդարացված են տնտեսական առաջընթացի տեսանկյունից։ Ավելին՝ արդյո՞ք մարզպետարանները կամ միասնական համայնքների համայնքապետարանները, առաջին հերթին, իրենց կադրային  բազայով ու կազմակերպվածության առումով կարող են ապահովել նման բազմատար եւ հակոտնյա ուղղվածություններ ունեցող համայնքների համաչափ զարգացումը։ Հաշվի առնելով վարչապետի այն հայտարարությունը, թե կառավարությունը մտադիր է 2050թ․ ՀՀ-ում ապահովել 5 միլիոն բնակչություն, խոշորացման այս առաջարկն ուղղակի հակասության մեջ է վերոնշյալ հեռահար նպատակի հետ եւ ռազմավարական առումով արդարացված չէ։ 5 միլիոն բնակչություն ունենալու համար յուրաքանչյուր համայնք պետք է ոչ թե գոյություն պահպանի, այլ հարաճուն զարգացում ապրի, կայանա եւ ընդարձակվի։ Էլ չենք խոսում կառավարության այն որոշումների մասին, համաձայն որոնց՝ փակվում են համայնքային ծննդատներ ու հիվանդանոցներ, առաջարկվում է նաեւ դպրոցներ փակել: Ուրեմն՝ ինչ խոսք կարող է լինել բնակչության աճի մասին, երբ գյուղական համայնքներից արտագաղթի միտումներն ավելի ու ավելի տեսանելի են։ Համայնքների խոշորացման այս որոշումը գալիս է դեռ նախորդ իշխանությունից եւ, ինչպես երեւում է, «բարեհաջող» շարունակվում է: Այդպես շարունակվում են նաեւ նախորդների կողմից սկզբնավորված մի շարք այլ ուղղություններ (Ամուլսար, ԵԱՏՄ եւ այլն)։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ շարունակելով հանդերձ՝ անընդհատ քննադատում են նախկիններին՝ բոլոր ձախողումների մեղքը բարդելով նրանց վրա: Շարունակությունը՝ acnis.am-ում։
11:10 - 01 մարտի, 2020
Տավուշի մարզում 2019թ. ընթացքում ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված պաշտոնական հանցագործություններով 3.8 անգամ ավելացել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը

Տավուշի մարզում 2019թ. ընթացքում ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված պաշտոնական հանցագործություններով 3.8 անգամ ավելացել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը

Տավուշի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թվականի ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվը, ինչն առաջին հերթին պայմանավորված է այդ բնույթի դեպքերի հայտնաբերման և բացահայտման հարցում մարզի իրավապահ մարմինների կատարած մեծ ծավալի և անզիջում աշխատանքով, քննությունների լիարժեքության և օրինականության ապահովման գործընացում մարզի դատախազության հետևողականության հանգամանքով։ Մասնավորապես, 2019թ. ընթացքում վարույթում քննվել է ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված 127 քրեական գործ` որը 2018թ. համեմատ  ավելի է 18-ով կամ 16.5%-ով: Դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 26 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ կամ 2018թ. համեմատ 53%-ավելի քրեական գործ՝ 27.3%-ով ավելի անձանց վերաբերյալ: Ընդ որում՝ Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից 2019թ. ընթացքում նշված հոդվածի հատկանիշներով հետաքննության մարմնի կողմից նախապատրաստված նյութերից 6-ով վերացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները և նույն հոդվածի տարբեր մասերով հարուցել են քրեական գործեր: Ավելին՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում ավարտվել է 22 անձի վերաբերյալ 17 քրեական գործ։ Ապօրինի ծառահատումներին առնչվող պաշտոնական հանցագործությունների հատկանիշներով 2019թ.  ընթացքում Տավուշի մարզային դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվել է 21 քրեական գործ, որոնցից առանձնապես խոշոր չափերով վնասի պատճառմամբ կատարված ապօրինի անտառահատման հետ պաշտոնեական անփութության համակցության հատկանիշներով՝ 17 քրեական գործ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ համակցության հատկանիշներով՝ 3 քրեական գործ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ համակցությամբ՝ 1 քրեական գործ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութութուն կատարելու համար և 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:  Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղում 2018թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստի առթիվ 2019թ. հարուցված մեկ քրեական գործով կոռուպցիոն չարաշահումներում այս կամ այն կերպ ներգրավվածության համար այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ որոնցից 3-ը՝ նշված մասնաճյուղի աշխատակիցներ: Նշված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող պաշտոնական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը նպաստում է այս ոլորտում վարվող քրեական քաղաքականության փոփոխությունը, որի շրջանակում փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում: Բացի այդ, դատքննության փուլում գտնվող այս բնույթի քրեական գործերով մարզի դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն՝ հիմնական պատիժներին զուգահեռ մեղադրողների կողմից միջնորդելով նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։ 2019թ. միայն Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը և պետությանը պատճառված շուրջ 623մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում է 2.3 անգամ (269մլն դրամ): Վերականգնվել է մոտ 30մլն ՀՀ դրամի չափով վնաս, որը 2018թ. համեմատ (7.8մլն դրամ) ավելի է շուրջ 3.8 անգամ: Չվերականգնված գումարի մի մասով արդեն իսկ կալանք է դրվել մեղադրյալների ինչպես շարժական, այնպես էլ՝ անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Բացի այդ, 2019թ. ընթացքում հետաքննության մարմինների կողմից նախապատրաստված նյութերով ապօրինի ծառահատումների այն դեպքերում, երբ բավարար չեն եղել քրեական գործ հարուցելու հիմքերը, 237 անձինք ենթարկվել են վարչական տույժի: Դրանցով վնասի ընդհանուր չափը կազմել է 26մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 10.5մլն ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի մասով գործերը ներկայացվել են ԴԱՀԿ:
17:54 - 27 փետրվարի, 2020
Իջևանում բացվել է ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն

Իջևանում բացվել է ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն

ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի հետ միասին, այսօր ներկա է գտնվել Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։Իջևանում տեղակայված այս կենտրոնը գիտելիքների հարստացման մի նոր օջախ է, որը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ամենամեծ բաղադրիչն է։Կազմակերպության կողմից Տավուշում իրականացվող ծրագրով ամերիկյան աջակցության միջոցով կազմակերպվում են անգլերենի և այլ դասընթացներ պատանիների և երիտասարդների համար, իրականացվում են կարողությունների զարգացման տարբեր  նախաձեռնություններ և ապահովվում են ռեսուրսներ, որոնք կօգնեն ավելի հստակ պատկերացում կազմել ամերիկյան հասարակության մասին։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը տեղի համայնքի համար կկազմակերպի ուսումնական տարբեր ծրագրեր՝ միտված այնպիսի կարողությունների զարգացմանը, որոնք կարևոր են ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։Դասընթացների հիմնական ուղղություննեը կներառեն՝  անգլերենի ուսուցում, մեդիագրագիտություն, նախագծերի մշակում և իրականացում, առաջնորդական հմտություններ, հաղորդակցության հմտություններ և այլն։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունի ամերիկյան գրքերի և այլ նյութերի հարուստ հավաքածու։ Այստեղ կկազմակերպվեն նաև կինոդիտումներ, գրական ակումբներ և տարբեր թեմաներով դասախոսություններ՝ հրավիրված մասնագետների ներգրավմամբ։
17:19 - 20 փետրվարի, 2020
«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումից հետո եղել են ծրագրեր, որոնք չեն իրականացվել, հետաձգվել են, բայց նախատեսված ներդրումային ծավալն ավելացել է. մարզպետ |tert.am|

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումից հետո եղել են ծրագրեր, որոնք չեն իրականացվել, հետաձգվել են, բայց նախատեսված ներդրումային ծավալն ավելացել է. մարզպետ |tert.am|

tert.am: Հունիսին իրականացված «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումը բարձր ենք գնահատում, քանի որ ունեցանք բավականին մեծ թվով ներդրումային ծրագրեր: Այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով հարցին, թե ֆորումից հետո ինչ ներդրումներ են եղել մարզում, որ ծրագրերը չեն իրականացվել:«Այն, որ 2019 թվականն ամփոփեցինք բարձր տնտեսական և ներդրումային ցուցանիշներով, կարծում եմ, որ այս գործում մեծ դեր պատկանում է այդ ֆորումին: Ե՛վ արդյունաբերության ոլորտում, և՛ զբոսաշրջության ոլորտում, և՛ գյուղատնտեսության ոլորտում, մենք բազմապատկեցինք այն ներդրումային ակնկալիքները, որոնք ի սկզբանե ունեինք»,– ասաց նա:«2019 թվականը ամփոփեցինք շուրջ 7 միլիոն դոլար ներդրումային ծավալով և գյուղատնտեսության մեջ 6 միլիոն դոլար լրացուցիչ ներդրումային ծրագրեր ունեցանք: Այսինքն՝ 7 մլրդ դրամի փոխարեն մենք տարին ամփոփեցինք 10 միլիարդ դրամից ավելի ցուցանիշով»,- ասաց նա, թեև դժվարացավ ներկայացնել թե օտարերկրյա ներդրումները և ներքին ներդրումները որքան են կազմել»,– հավելեց նա:Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Տավուշում ընդհանուր ներդրումային ծավալը՝ պետական, մասնավոր, միջազգային, կազմել է 46,6 միլիարդ դրամ։ Տարեսկզբին պլանավորված է եղել 30,5 միլիարդ դրամ:Մարզպետը նշեց, որ թեև այդ բիզնես ֆորումի շնորհիվ տասնյակ ծրագրեր իրականություն են դարձել, այդուհանդերձ, եղել են ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացվել։«Օրինակ՝ կար պավլովիաների ծառատեսակների ստեղծման ծրագիր, որն իրականություն չդարձավ, որովհետև հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս ներդրումը շատ կայուն չի կարող լինել և նույնիսկ վնասակար կարող է լինել շրջակա միջավայրի համար: Եղել են ծրագրեր են, որոնք 2019 թվականին սկսվել են, բայց որոշակի ընթացակարգային հարցերով տեղափոխվել են 2020 թվական: Եղել են ծրագրեր, որոնց կանգնելը կապված է եղել ֆինանսական գործիքների կիրառման անհնարինության հետ, եղել են ծրագրեր, որոնք կարող էին հետաքրքիր լինել ներդրողների համար, բայց այդ հետաքրքրությունները չեն եղել»,– ասաց նա՝ հավելելով, որ սրանք շարունակական գործընթացներ են:Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ խնդիրների են հանդիպում ներդրողները, որոնք կարող են վանել նրանց, Հայկ Չոբանյանը նշեց. «Օրինակ՝ ունենք հարյուրավոր հեկտար այգիների ստեղծման հնարավորություն, ներդրումային պատրաստակամություն, բայց չենք կարողանում ծրագիրն առաջ տանել՝ մեր հողային բալանսի առանձնահատկությունից ելնելով, քանի որ դրանք կտրտված են ... Սեփականաշնորհումից հետո հողերը բաժանվել են փոքր-փոքր կտորներով, դրանք վերաբաշխվել են, և եթե նույնիսկ մեկ-երկու հեկտար ներդրումային ծրագիր է լինում, բավականին դժվարություններ են առաջանում այդ հողակտորները համախմբելու հարցում, քանի որ համայնքային նշանակության հողեր գրեթե չկան, բոլորը մասնավորեցված են»:Հայկ Չոբանյանը նշեց, որ մարզի տնտեսության, քաղաքացիների կենսամակարդակի, որակի վրա մեծ ազդեցություն ունեն գյուղատնտեսությունը, այգեգործությունը: Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտում հանդիպող խնդիրներին, մարզպետն ասաց.  Շարունակությունը՝ tert.am-ում
14:04 - 19 փետրվարի, 2020
Սահմանամերձ Բերդավան գյուղի դպրոցը, մանկապարտեզը եւ բուժկետը պաշտպանական նոր պատեր ունեն. գյուղն ավելի ապահով կլինի

Սահմանամերձ Բերդավան գյուղի դպրոցը, մանկապարտեզը եւ բուժկետը պաշտպանական նոր պատեր ունեն. գյուղն ավելի ապահով կլինի

Այսուհետև Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղն ավելի պաշտպանված կլինի. գյուղի դպրոցը, մանկապարտեզը և բուժկետն ունեն պաշտպանական պատեր։ Փետրվարի 15-ին Բերդավան գյուղում մեկնարկեց պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագիրը։Ծրագիրն իրականացվում է Պահապան զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և բարերար Գրիգոր Ավագյանի ընտանիքի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել են «Պահապան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Ինգա Հարությունյանը, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Սարգիս Ալեքսանյանը և Սոֆյա Հովսեփյանը, որը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Տավուշի սահմանապահ գյուղերի խնդիրները: Քննարկվել են նաև գյուղի բուժկետի և դպրոցի ապաստարանների արդիականացման և վերազինման հնարավորությունները: 
09:21 - 18 փետրվարի, 2020
Քրեական գործեր՝ Տավուշի մարզի համայնքներում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերով

Քրեական գործեր՝ Տավուշի մարզի համայնքներում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերով

Տավուշի մարզի դատախազության դատախազի հանձնարարությամբ և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարը, 2019թ. սկզբներին տեղեկանալով, որ Այրում բնակավայրի բնակիչը «Մշակույթի պալատի» հետնամասով անցնող ստորգետնյա գազատարի վրա ինքնակամ կառուցել է շինություն, նրա նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Բացի այդ Վանաձոր քաղաքի մի բնակչի թույլ է տվել օրինականացնել Այրում բնակավայրում գտնվող համայնքային նշանակության ստորգետնյա ջրատարի վրա ինքնակամ կառուցված կապիտալ շինությունը: Արդյունքում վերջինս ստացել է ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար: 2019թ. նոյեմբերի 16-ին Իջևան քաղաքում կանգնեցված և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենայում կրաքարի հայտնաբերման հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ ավտոմեքենան վարող անձը, չունենալով օրենքով սահմանված կարգով ընդերքի օգտագործման պայմանագիր, տևական ժամանակ հողափոր էքսկավատորի գործադրմամբ, Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասի վերջնամասում գտնվող կրաքարի պաշարներ պարունակող վայրից ապօրինի արդյունահանել է կրաքար: Կրաքարի պաշարներ պարունակող վայրում կատարվել է դեպքի վայրի զննություն և պարզվել, որ արդյունահանված տարածքը ընդգրկում է շուրջ 3000 քմ. տարածք, ունի երկաստիճան շուրջ 15մ. խորություն, դեպքի վայրում առկա են երկու հողափոր էքսկավատոր: Քարի ապօրինի արդյունահանման ծավալները և դրա արդյունքում պետությանը պատճառված վնասը պարզելու համար գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ մարկշեյդեր մասնագետների միջոցով համապատասխան չափագրումներ կատարելու համար: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը: Սկսվել է նախաքննություն, որի ընթացքում կպարզվեն նաև տևական ժամանակահատվածում իրականացված արդյունահանման փաստը համայնքային մարմինների կողմից չարձանագրելու և դրանից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու հանգամանքները: Ընդհանուր առմամբ ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ներկայումս քննվում է մարզի տարբեր համայնքների ղեկավարների, համայնքապետարանների պաշտոնատար աձանց և համայնքային ենթակայության հիմնարկների պատասխանատու անձանց կողմից կամ ներգրավմամբ առերևույթ կատարված կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներին առնչվող 12 քրեական գործ, ևս մեկ քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարզի Ազատամուտ, Աչաջուր, Արծվաբերդ, Վարագավան, Իջևան, Կողբ, Կիրանց, Գանձասար, Խաշթառակ, Ծաղկավան, Լուսաձոր և Այրում համայքներին: Նշված քրեական գործերի շրջանակներում համայնքի բնակիչների անուններով որպես օգնություն համայնքի բյուջեից գումարների տրամադրման, պետական ծրագրերով գյուղացիական տնտեսություններին սերմացու ցորենի հատկացման գործընթացում հափշտակություններ կատարելու, առանց աշխատանքային պարտականությունների կատարման՝ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով անձանց աշխատավարձեր հատկացնելու և այդ գումարները յուրացնելու, վատնելու, ինքնակամ կառուցապատումները չվերացնելու, վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու, հողամասերի ինքնակամ զավթումները, ապօրինի շինարարությունները դիտավորությամբ չդադարեցնելու և այլ հանցավոր արարքներ առերևույթ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել նշված համայնքների թվով 7 պաշտոնատար անձանց (այդ թվում՝ համայնքների 4 նախկին ղեկավարների): Քրեական այս գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 44մլն ՀՀ դրամ: Պատճառված վնասները վերականգնելու նպատակով բոլոր դեպքերում մեղադրյալների գույքի վրա կիրառվել են արգելանքներ:
13:40 - 04 դեկտեմբերի, 2019
Տավուշի մարզի դատախազությունը ապօրինի անտառահատումներին նպաստող կոռուպցիոն չարաշահումների կանխմանն ուղղված միջնորդագիր է ներկայացրել

Տավուշի մարզի դատախազությունը ապօրինի անտառահատումներին նպաստող կոռուպցիոն չարաշահումների կանխմանն ուղղված միջնորդագիր է ներկայացրել

Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին: Մարզի դատախազությունում իրականացված՝ 2019թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերից 54-ով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 54 քրեական գործ, որոնցից՝ 41-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ենթակա մասնաճյուղերի տարածքներում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով՝ բուսական աշխարհին պատճառված ընդհանուր 263.6մլն ՀՀ դրամ վնասով: Հարուցված 41 քրեական գործերից 29-ի դեպքում անտառխախտման մասին արձանագրություններով ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունը պարզված չէ: Ուշագրավ է, որ նշված 29 դեպքերով պետությանը հասցված վնասը կազմել է 258.6մլն ՀՀ դրամ, կամ ընդհանուր վնասի ավելի քան 98 տոկոսը: Մինչդեռ մնացած 12 դեպքերում, երբ արձանագրությունները կազմվել են ապօրինի ծառահատում կատարած անձանց ինքնության պարզմամբ, վնասի չափը կազմել է ընդամենը 5 մլն ՀՀ դրամ: Թեև 2019թ. հուլիսից արձանագրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի նվազում, սակայն դա առավելապես պայմանավորված է իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումներով և մարզի տարածքում ԲԸՏՄ-ի հետ համատեղ ոստիկանության հսկիչ անցագրային հենակետերի տեղակայմամբ: Սակայն այդ միջոցառումները բավարար արդյունավետ չեն կարող լինել առանց ապօրինի ծառահատումները կանխարգելող առաջնային օղակի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի՝ անտառպահպանության համար պատասխանատու պաշտոններում (մասնաճյուղի տնօրեն, անտապապահ և անտառապետ) նշանակված անձանց կողմից ապօրինի ծառահատումների և բնափայտի ապօրինի մթերմանը նպաստող գործոնները վերացնելու: Մասնավորապես, եզակի չեն դեպքերը, երբ այդ պատասխանատու պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք ոչ միայն անտառահատումների առնչությամբ տարաբնույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ենթարկվել են քրեական հետապնդումների, այլ նաև նրանց վերաբերյալ առկա են մեղադրական դատավճիռներ: Օրինակ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի 2019թ. օգոստոսի 8-ի հրամանով որպես անտառապահ է նշանակվել անձ, ում դեռևս 2018թ. հունվարին մեղադրանք է առաջադրվել «Իջևանի անտառպետության» պահաբաժնի անտառապահի պաշտոնում պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալու համար և դատավճռով դատապարտվել 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման: Կամ՝ այլ քրեական գործով մեկ այլ պահաբաժնի անտառապահի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի համար, որի արդյունքում բնակիչը հնարավորություն է ունեցել տևական ժամանակ այդ պահաբաժնի տարածքում կատարել ապօրինի ծառահատումներ և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառել պետությանը: Չնայած նշված գործով 2019թ. սեպտեմբերին կայացվել է մեղադրական դատավճիռ, սակայն նա մինչ օրս շարունակում է պաշտոնավարել՝ տեղափոխվելով Խաչարձանի անտառպետության պահաբաժին: Մեկ այլ դեպքում անտառապահը բնակիչներին անվճար թափուկ վառելափայտ տրամադրելու պատրվակով թույլ է տվել իր հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող անձին իր պահաբաժնից ապօրինի պատրաստել և դուրս բերել վառելափայտ, ինչի համար 2018թ. ապրիլի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի: Նշված քրեական գործի քննության ընթացքում նա ազատվել է հիշյալ պաշտոնից, սակայն հետագայում նշանակվել է Այգեհովիտի անտառպետության պահաբաժնի անտառապահ: Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով անհրաժեշտ է համարել քննարկման առարկա դարձնել հիշյալ անտառապահների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, այդ պաշտոններում կատարվող նշանակումների ժամանակ ընտրություն կատարելիս դրսևորել բծախնդրություն: Ապօրինի անտառահատումների դեպքերի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ շարունակում են կոռուպցիոն սխեմաներ գործել նաև ոչ արտադրական նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման գործընթացում: Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապետերը, անտառապահները, հանցավոր համաձայնության գալով փայտանյութի առք ու վաճառքով զբաղվող անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ լրացված անվճար տրամադրվող թափուկ փայտանյութի տոմսով անտառից մթերում և իրացում են իրականացնում՝ նպաստելով փայտանյութի ապօրինի շրջանառությանը: Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով բարձրացրել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերի ղեկավարների կողմից նշված գործընթացն անմիջական և ամենօրյա հսկողության տակ վերցնելու, ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցերը:  
12:38 - 03 դեկտեմբերի, 2019
Տավուշում անցկացվել են հանրային քննարկումներ. ներկայացվել են միավորման ենթակա համայնքների փնջերը

Տավուշում անցկացվել են հանրային քննարկումներ. ներկայացվել են միավորման ենթակա համայնքների փնջերը

ՀՀ մարզերում համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իր հանդիպումները մարզպետարանների պաշտոնատար անձանց, մասնագետների, ինչպես նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։Նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը ներկայացվում են համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով: ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներում կազմակերպված քննարկումներին հաջորդել են ՀՀ Տավուշի մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ նման ձևաչափով հանդիպումներ և քննարկումներ հունիսի 24-ից 26-ը կազմակերպվել են Իջևան, Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ, Կիրանց, Աճարկուտ, Ն.Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Ակնաղբյուր, Լուսահովիտ, Խաշթառակ, Ենոքավան, Գետահովիտ համայնքներում, որոնց բնակիչներին ներկայացվել են իրենց համայնքների միավորման վերաբերյալ մոտեցումները, համայնքների միավորման նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումները, տրվել են պարզաբանումներ բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ:
08:41 - 29 հունիսի, 2019
Տավուշում կա 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը. մարզպետ |lragir.am|

Տավուշում կա 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը. մարզպետ |lragir.am|

lragir.am: Տավուշի մարզպետ Հայկ Չոբյանյանը «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» գործարար համաժողովում ներկայացրեց մարզի զարգացման ռազմավարությունը: Նա ասաց, որ իր ներկայացրածը ուղերձներ են, որոնք ուղղված են նեդրողներին:«Բնությունը մեզ շռայլորեն պարգևատրել է, մնացածը պատկանում է մարդուն, որպեսզի համարձակ երազանք ունենալու կարողության շնորհիվ կարողանանք իսկապես Տավուշը դարձնել լավագույն վայրը ապրելու համար»,- ասաց նա:Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը, ըստ Չոբանյանի, պետք է զարգացնել հատկապես պատմամշակութային տուրիզմի առումով, որովհետև հենց այդ տարածաշրջանում են գտնվում հիմնական պատմամշակութային հուշարձանները:«Երկրորդ առավելությունը, որն ունի Նոյեմբերյանը, այն է,որ գտնվում է ՀՀ դարպասի վրա, և կառավարության նպատակն է Վրաստանի 8 մլն-ոց տուրիստական շուկան ուղղորդել դեպի Հայաստան: Թբիլիսիից մինչև Իջևան նույն հեռավորությունն է, ինչ Երևանից դեպի Իջևան: Մենք պետք է մեր տուրիստական քաղաքականությունը տանենք երկու օդանավակայանների համակողմանի կիրառման ուղղությամբ: Մենք պետք է ունենանք մշտական երթուղի Թբիլիսիի օդանավակայանից մինչև Դիլիջան, որ տուրիստական շարժը մեծանա: Պետք է ամբողջ ճանապարհին ստեղծել նոր տուրիստական գողտրիկ հանգրվաններ: Դրանիցից մեկը Աճարկուտ գյուղն է, որն ունի 200 բնակիչ և որը աշխարհի ամենագողտրիկ գյուղերից մեկն է և որի շրջակայքում կա 30-ից ավելի պատմամշակութային հուշարձան»,- ասաց նա:Իջևանի տարածաշրջանը ՀՀ ամենամեղմ կլիմա ունեցող տարածաշարջանն է, հետևաբար, ըստ մարզպետի, այն պետք է առանձնացնել առողջարանային ու վերականգնողական տուրիզմի համար: Այդ ուղղությամբ արդեն կան ծրագրեր:Մարզի զբոսաշրջային թիվ մեկ բրենդ համարվող Դիլիջանում առաջիկայում պետք է զարգանա կրթական ու ինտելեկտուալ տուրիզմը, որտեղ արդեն կան լուրջ պայմաններ:«Դիլիջանում ունենք կրթական այնպիսի հագեցվածություն, որը չկա ՀՀ ոչ մի բնակավայրում: Մենք ունենք միջազգային դպրոց, որտեղ սովորում են նաև հայերեն, ունենք ՀՀ առաջավոր դպրոցներից մեկը՝ Այբը, ունենք Թումո տեխնոլոգիական կենտրոնը, մեկ տասնյակ տեխնոլոգիական կենտրոններ»,- ասաց Չոբանյանը: Դիլիջանում կրթական տուրիզմի զարգացումը, ըստ մարզպետի, քաղաք կբերի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ: Եվ սա առաջին հերթին կոչ է Սփյուռքի հայրենակիցներին, որպեսզի նրանց երեխաները կրթվեն այստեղ, ասաց նա:«Տուրիզմը դա հյուրանոցը չէ, որ կառուցվում է, այն հանգրվաններն են, որոնք մենք ստեղծում ենք: Մենք մեծ զարկ ենք տալու հնագիտական տուրիզմին: Դիլիջանի հարևանությամբ ունենք դամբարանադաշտ, որն ունիկալ է նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նա:Հայկ Չոբանյանը խոսեց նաև մարզի գյուղատնտեսության զարգացումից:«Մեզ մոտ հապալաս է աճում 3000 մետր բարձրության վրա և զեյթուն է աճում 380 մետր բարձրության վրա: Այս բազմազանությունը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական ցանկացած ճաշակի ներդրող ունենալ Տավուշում: Այնպես որ, համեցեք և ներդրումներ կատարեք Տավուշի գյուղատնտեսությունում: Եվ ուզում եմ հայտարարել որ առաջիկա տարիներին գյուղատնտեսությունն ամենամեծ ներդրումները պետք է ներգրավի Տավուշում: Մենք ունենք 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը: Եվ մենք ունենք շուրջ այդքան էլ անտառային տարածք, որ պակաս գյուղատնտեսական նշանակություն չունի»,- ասաց մարզպետը:Տավուշի ամենամեծ առանձնահատկությունն, ըստ Չոբանյանի, հասանելիությունն է արտաքին շուկաներին:Հայկ Չոբանյանը նշեց նաև այն կենտրոնները, որոնց զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մարզի համար: Դրանցից մեկը Ազատամուտ համայնք է, որը գտնվում է տարբեր տարծաշրջանների խաչմերուկում:«Ազատամուտը քաղաքային մշակույթ ունեցող բնակավայր է, պետք է լինի քաղաք, և մենք պետք է իրեն զարգացնենք այդ ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ Ազատամուտը հավակնում է դառնալ նաև հատուկ տնտեսական գոտի իր սահմանամերձ կարգավիճակով: Եվ Ազատամուտի հետագա տնտեսական զարգացումը իրականում կարող է խթան լինել ամբողջ մարզի տնտեսական զարգացման համար»,- ասաց նա:Հաջորդ կետը Բագրատաշենի միջազգային հատուկ տնտեսական գոտու ստեղծումն է, որի կարիքն, ըստ մարզպետի, կա, ներառյալ ազատ տնտեսական գոտու կարգավիճակը:«Եվ մենք նախնական դիտարկում ենք Բագրատաշենի օդանավակայանի տարածքը, որը 7.5 հա տարածք է: Եվ սա արդեն ոչ թե տարածաշրջանային, այլ համապետական նշանակության կարևոր կետ կարող է հանդիսանալ: Ինչպես գիտեք, այդտեղ հատվում են Տավուշի ու Լոռու մարզերը, և ըստ էության այսպիսի կենտրոն ունենալով՝ մենք հսկայական առավելություն ու առաջընթաց կարող ենք ապահովել հատկապես եվրասիական շուկայի հետ հարաբերություններին առումով»,- ասաց նա:Հայկ Չոբանյանը հավելեց, որ դեռ պաշտոնավարման սկզբից իրեն հռչակել է Տավուշի բիզնես օմբուդսմեն, իրենք գործարարների պաշտպանն ու գործընկերն են, ամեն ինչ պետք է անեն, որ ստեղծեն մեխանիզմներ՝ գործարարության զարգացման համար:
09:36 - 22 հունիսի, 2019
Տավուշում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են

Տավուշում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են

Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ անգամ գերազանցում են հարեւան այլ համայնքների ցուցանիշներին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:Մասնավորապես, եթե 20000 բնակիչ ունեցող Իջեւան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, ապա 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ:Համեմատական կարգով՝ Ազատամուտում բարձր են նաեւ ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները:Հաշվի առնելով ուսումնասիրության նման մտահոգիչ արդյունքները, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանձնարարել է, որպեսզի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջական հաշվետվություն պատրաստվի, մշակվի առաջարկությունների փաթեթ, գործողությունների ծրագիր, համապատասխան գրություններ կուղարկվեն գերատեսչություններին:Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ հանձնաժողովի գործենության նպատակը ոչ թե որեւէ աշխատատեղ փակելն է կամ տնտեսվարողներին իրենց գործունեությունից զրկելը, այլ’ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ’ փայտածուխի արտադրության ռիսկերի նվազեցումը, արտադրության արդյունավետության բարձրացումը:Հանձնաժողովը տնտեսվարողներին առաջարկել է արդիականացնել արտադրության պրոցեսը, ինչը հնարավորութուն կտա կատարել արտանետվող գազերի եկրորդական այրում: Խոսքը կոնվեկցիոն վառարանների կիրառման մասին է, որոնց մեկը հատի միջին արժեքը 150 հազար դրամ է:Տավուշի մարզպետարանը նախատեսում է իրականացնել 2 պիլոտային ծրագիր:
13:51 - 12 հունիսի, 2019