Շենքեր, այգիներ, կարևոր տարածքներ. Լոռու մարզպետն անդրադարձել է ապօրինի սեփականաշնորհումներին |armenpress.am|
armenpress.am: Լոռու մարզպետն անձնական ուշադրության կենտրոնում է պահում ապօրինի սեփականաշնորհումների հարցը:
Հրավիրված ասուլիսում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ դեպքերը բազմաթիվ են:
«Երբ տեսնում ենք, որ իրավախախտումներ կարող են լինել, կատարում ենք հարցումներ տարբեր գերատեսչություններ, խնդրի առկայության մասով վստահ լինելու դեպքում գործերը փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Արդեն այնտեղ են գնահատվում հասցված վնասը և այլ հարցեր: Այս պահին կոնկրետ թվեր չեմ կարող ասել, սակայն ապօրինի սեփականաշնորհումները բավական մեծ ծավալի են եղել: Խոսքը վերաբերում է մանկապարտեզների շենքերին, շինություններին, այգիներին, համայնքային կարևորության տարածքներին: Ցավոք, այդ պրոցեսը դեռ կշարունակվի, նոր բացահայտումներ կլինեն»,-ասաց Լոռու մարզպետը:
Վերջին ահազանգերից Անդրեյ Ղուկասյանն առանձնացրեց այն, որ Վանաձորում 3-4 հարկանի շինությունն օտարվել էր 2 մլն դրամով, այնինչ կադաստրային արժեքը 71 մլն դրամ էր եղել:
«Վեր հանված դեպքերը վերաբերում են մեր համայնքներին, և այստեղ շատ կարևոր է, որ համայնքապետերի դերակատարությունն ակտիվ լինի, սակայն կան դեպքեր, երբ հին համայնքապետերն են դեռ պաշտոնավարում, և իրենք շահագրգռվածություն չեն ցուցաբերում այդ բացահայտումների հարցում, ինչը խնդիր է»,-ասաց Անդրեյ Ղուկասյանը:
15:35 - 11 փետրվարի, 2020