Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի  22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի 22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Ման Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։  Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը»։
00:17 - 11 նոյեմբերի, 2020
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։ Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։ Քաղաքական ուժերը վստահեցնում են, որ, խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով»։
09:54 - 10 նոյեմբերի, 2020
ԲՀԿ-ն կամավորականների ջոկատ է ձեւավորում

ԲՀԿ-ն կամավորականների ջոկատ է ձեւավորում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը երեկ՝ հոկտեմբերի 22-ին, գրավով ազատվեց կալանքից, կամավորագրման կոչով դիմել է կուսակիցներին։ «Սիրելի’ հայրենակիցներ, կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերներ. Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը: Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար մենք չափազանց թանկ գին ենք վճարում: Ես անասելի ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի ու կամավորականի թափած արյան ամեն մի կաթիլի համար: Ցավակցություններս ու խոնարհումս մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հայորդիների ընտանիքներին ու հարազատներին: Փա՛ռք ու պատի՛վ նրանց: Թեպետ պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել և այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին:Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել: Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և դա անբեկանելի ճշմարտություն է: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայ զինվորին և հայոց անպարտ բանակին… Հ.Գ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին գործընթացը կազմակերպելու համար»,- ասված է Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ:
15:16 - 23 հոկտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց պաշտպանների գրավի միջնորդությունը |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց պաշտպանների գրավի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը՝ այսպիսով բավարարելով պաշտպանների գրավի միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Նրան կալանավորելու որոշումը կայացվել էր սեպտեմբերի 25-ին նույն դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի կողմից: Որոշման հրապարակումից հետո պաշտպանները այն որակել էին անօրինական, ավելի ուշ՝ բողոք ներկայացրել դրա դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դրանից հետո պաշտպանները գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան։
18:06 - 22 հոկտեմբերի, 2020
13 կուսակցություններ դիմել են գլխավոր դատախազին Գագիկ Ծառուկյանին ազատ արձակելու համար

13 կուսակցություններ դիմել են գլխավոր դատախազին Գագիկ Ծառուկյանին ազատ արձակելու համար

13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Գրության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի և Արցախի Հանրապետություններում պատերազմական իրավիճակից ելնելով, նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավանդը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, ինչպես նաև ունեցած միջազգային մեծ կապերը, պետության շուրջ քաղաքական ուժերի համախմբվածության, ներազգային հաշտության ու համերաշխության հրամայականը` ներքոստորագրյալ կուսակցությունները գտնում են, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։ Քրեական գործի հարուցումից հետո շուրջ երեք ամիս Գագիկ Ծառուկյանը գտնվել է ազատության մեջ, որի ընթացքում որևէ կերպ չի խուսափել նախաքննության մարմնից, որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը։ Ավելին` Գագիկ Ծառուկյանն իր բազմաթիվ հայտարարություններով և գործողություններով ապացուցել է, որ պատրաստ է լիարժեքորեն կատարել քրեադատավարական կանոններով սահմանված իր բոլոր պարտականությունները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ կուսակցություններս միջնորդում ենք վերացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կամ ընտրել «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը»: Հայտարարությունը ստորագրել են «Ազգային Օրակարգ», «ԱԻՄ», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Դեմկուս», «ՀՅԴ», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները:
12:14 - 06 հոկտեմբերի, 2020
Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան

Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը գրել է.   «Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․ Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը գլխավոր դատախազի խորհրդականի գրառման միջոցով հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետ կապված։  Հայտարարության ամբողջ իմաստն, ըստ էության, կայանում է հետևյալում՝ -առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը «շատ վատն է», ամոթ իրեն, չկատարեց քաղաքական պատվերը և չկալանավորեց Գագիկ Ծառուկյանին։ Ռոբերտ Պապոյանի նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցվի, նա պետք է հրապարակային պատժվի, որ հանձնարարություն չկատարող մյուս դատավորներն այլևս նման համարձակություն չունենան։ -Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ «նենց՝ ոչինչ»։ Ճիշտա նա էլ չկատարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական պատվերը, դրա համար էլ վճռաբեկ բողոք ներկայացրեցինք, բայց գոնե բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և հնարավորություն տվեց, որ «Մացոն» կալանավորի։ - Դե վճռաբեկ դատարանը հեչ՝ մերնա։ Ինչ ասենք՝ կանեն, պետքա՝ 3 օրում վճռաբեկ բողոքը կմերժեն, պետքա՝ վճռաբեկի աշխատակից կուղարկեն փոստ, որ պաշտպանի ստորագրած հետադարձ ծանուցումն առձեռն վերցնի ու վազելով հասցնի վճռաբեկ դատարան, որ արագությունն ապահովեն, պետքա՝ գործն այնքան կպահեն, որ «Մացոյի» հերթապահության օրն առձեռն մուտքագրեն դատարան, որ գործը նա քննի։  -Իսկ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն իրոք՝ ապրի։ Ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ օրվա քաղաքական իշխանության սրտի դատավորը, ով մշտապես կատարել և վստահ ենք,որ կատարելու է քաղաքական իշխանության պահանջները /որակումները ԶԼՄ-ներինն է, իսկ հաստատող փաստերը՝ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման և ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից մշտապես որպես քաղաքական որակված այլ գործերով մյուս անձանց ազատազրկման դատավճիռները վկա, որոնք նույնպես Մնացական Մարտիրոսյանն է կայացրել/։  Դե իհարկե՝ հասկանալի է, որ դատախազությունն այս գրառմամբ իր պարտքն է համարում գոնե հրապարակային կերպով աջակցել օբյեկտիվ քննադատության արժանացած դատավոր Մարտիրոսյանին, չէ որ հետո էլի նման որոշումների կարիք է լինելու։ Միաժամանակ, նույն հայտարարությամբ գլխավոր դատախազությունը խորհրդականի միջոցով պնդում է, թե իբրև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում և որ այս քրեական գործը և կալանավորումը բացառապես իրավական տիրույթում են։  Նկատելի է, որ գլխավոր դատախազությունն այլևս խուսափել է խոհրդականի գրառումները որպես պաշտոնական հաղորդագրություն ներկայացնելուց, քանի որ հասկանում են, որ ժամանակը և փորձը ցույց են տվել, որ դրա իրավունքը չունեն, քանզի իշխանափոխությունից հետո դատախազությունը շատ արագ կարգով սկսեց օրվա քաղաքական իշխանությանը հաճո որոշումներ կայացնել և գործողություններ կատարել։  Մասնավորապես, շատ արագ նոր երևան եկած հանգամանքների հիմքով անհիմն կարգով վերացվեցին մի շարք քրեական գործերով իրենց իսկ կողմից կարճ ժամանակ առաջ կայացված կամ օրինականությունը հաստատված կարճման որոշումները և տրամաբանորեն հակառակ որոշումներ կայացվեցին՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, նույնիսկ սկսեցին դիմել դատարաններ նախկինում «քաղաքական հետապնդումների» հետևանքով դատապարտված անձանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները բեկանելու խնդրանքով։  Դե իհարկե, հիմա էլ կպնդեն, թե դա ոչ մի կապ չունի օրվա քաղաքական իշխանության ցանկությունների հետ և իրենք այդ ցանկությունները երբեք չեն կատարել և չեն էլ կատարելու։ Մնում է պարզել, թե գոնե դատախազությունում կա արդյոք մեկ աշխատակից, ով անկեղծորեն հավատում է դրան։ Կամ ասենք՝ ի վիճակի է արդյոք դատախազությունն այսօր հայտարարել, որ օրվա քաղաքական իշխանության կառավարման շրջանում եղել են կամ կան քաղաքական հետապնդումներ։ Պատկերացնում եք , թե ինչ վեթինգ տեղի կունենա դատախազությունում։ Վստահ եմ՝ պակերացնում եք։  Դրա համար էլ ավելի լավ է լռել, քան, թե ուղղակի հայտարարություններ անել, որոնց համար մի օր նույնպես կարող եք զղջալ և շատ արագ ուղիղ հակառակ որոշումներ կայացնել։  Մի բան էլ՝ պետք չի «գլուխ գովել», թե իբրև վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության վերաքննիչ բողոքը հենց դատախազության ներկայացրած հիմնավորումներով։  Այդ նույն հիմնավորումները դատախազությունը չէր ներկայացրել առաջին ատյանում միջնորդության քննության ժամանակ, քանի որ լավ էլ հասկանում էր, որ դրանք իրականում այդ հիմքի հետ ոչ մի կապ չունեն։ Հենց այդ պատճառով էլ նշված փաստաթղթերը չէր ներկայացրել դատարան, դրանց վրա որևէ հղում չէր կատարել, դրանց բովանդակությունը դատարանում չէր ուսումնասիրվել, ուստի այդ հիմնավորումները առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը չէր կարող դնել որոշման հիմքում։ Գոնե էստեղ հնարավոր չէ մանիպուլյացիա անել, քանի որ դատական նիստի ձայնագրությունն առկա է։  Ավելին, վերաքննիչ դատարաննն էլ բացարձակապես իրավունք չուներ առաջին ատյանի դատարան չնեկայացված, չհետազոտված, քննության առարկա չհանդիսացած, դատախազության կողմից որպես կալանավորման հիմքը հաստատող հիմնավորում գոնե ակնարկով չանդրադարձած, այսինքն՝ «չեղած» հիմնավորումներին առաջին ատյանի դատարանի կողմից չանդրադառնալը դիտել որպես խախտում և այդ հիմքով բեկանել որոշումը՝ ուղարկելով նոր քննության։  Քանի որ դատախազության հայտարարությունը լի էր վերաքննիչի որոշումից մեջբերումներով, ուստի մեկ մեջբերում էլ ես կատարեմ․ «/․․․/ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ միգուցե դա թե դատախազների, թե քննիչի և թե Առաջին ատյանի դատարանի թերությունն է, որ հետևողական չեն եղել նշված հանգամանքը քննարկման առարկա դարձնելու առումով,/․․․/»։   Իսկ միթե առաջին ատյանի դատարանը պետք է դատախազության փոխարեն կալանավորման հիմք որոներ և հետևողական լիներ, որ այդ հիմքի մասին դատախազությունը խոսի, որ հիմնավորումներ նեկայացնի։ Միթե դատավորն էլ պետք է դատարանում դատախազի դեր կատարեր և աշխատեր պաշտպանության կողմի դեմ։  Վերաքննիչ դատարանի որոշման անօրինական լինելուն դեռ առանձին կանդրադառնամ, սակայն իրականում, վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը, որպիսի մոտեցումը իրավական պետության մեջ տեղ չի կարող ունենալ։ Գոնե դրա համար շնորհակալ եղեք վերաքննիչ դատարանին․․․»։
16:42 - 26 սեպտեմբերի, 2020
ՀՅԴ-ը պահանջում է դադարեցնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները

ՀՅԴ-ը պահանջում է դադարեցնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները

Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։ Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրությանը պառակտելու, քննադատությանը բացառապես վրեժխնդրությամբ և անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը: Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունում։ «Այս գործում քաղաքական իշխանությունը ամբողջությամբ ներգրավել է ՀՀ դատախազությանը, որի ակնառու վկայությունն է վերջինիս կողմից իշխանության քաղաքական պատվերները չկատարած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացները: ԲՀԿ առաջնորդին կալանավորելու մասին հապշտապ որոշումը  իշխանությունների արատավոր ուղեգծի դրսևորումներից է, որով փորձ է կատարվում թանձրացնել վախի մթնոլորտը և հասարակական տրամադրությունները շեղել իշխող վարչակարգի` բոլոր ոլորտներում արձանագրած ձախողումներից: Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը: Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները, փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը: Ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների քաղաքական հալածանքները չդադարեցնելու դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը: ՀՅ Դաշնակցությունը համախոհ քաղաքական ուժերի հետ շարունակելու է ազգային-պետական օրակարգերի շուրջ հանրության համախմբման աշխատանքները: Ս. թ. հոկտեմբերի 8-ին եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվանն է: Համոզված ենք, որ հանրային համախմբմամբ է հնարավոր դիմագրավել մեր պետականությանն ուղղված բացահայտ սպառնալիքները», – նշված է հաղորդագրությունում:
15:26 - 26 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը տրամաբանություն չի կարող ունենալ․ Գոռ Աբրահամյան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը տրամաբանություն չի կարող ունենալ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական մեդիայում ծավալված՝ քրեական գործով մեղադրյալ, ԱԺ ԲՀԿ խմբացկության ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման շուրջ հանրային դիսկուրսը գործի ելքով շահագրգիռ առանձին անձանց կողմից, ըստ էության, նախապես պատրաստված գրառումների ուղղորդմամբ, մանիպուլյատիվ էֆեկտով սահուն կերպով տեղափոխվեց որոշման անձնավորման, դրա իրավական նշանակությունը զրոյացնելու, իրավական հարությունից դուրս հանելու տիրույթ: Այս տեսանկյունից հարկ եմ համարում հանրության ուշադրությունը բևեռել մի քանի ակնհայտ իրողությունների ու փաստերի վրա, որոնք փորձ է արվում համառորեն թողնել ստվերում՝ արժեզրկելով ի սկզբանե դատախազության կողմից ներկայացվող փաստարկներն ու հիմնավորումները և քաղաքական պաստառ հաղորդելով դրանց: Նախ՝ կարծես թե ոչ ոք չի ուզում նկատել, որ նախքան Առաջին ատյանի դատարանի կողմից այս որոշման կայացումը, եղել էր ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով, ըստ էության, գրեթե ամբողջությամբ հիմնավոր էին համարվել դատախազության վերաքննիչ բողոքում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստարկները՝ ինչպես Գ. Ծառուկյանի կողմից իրեն մեղսագրվող հանցավոր արարքներին հնարավոր առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության, այնպես էլ կալանավորման հիմքերի, քննչական ենթակայության հարցի որոշման դատախազության լիազորության, Գ. Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված լինելու և այլնի վերաբերյալ: Եվ հենց Վերաքննիչ դատարանի կողմից դրանց վերաբերյալ հիմնավորումների, արված պատճառաբանությունների, իրակավան վերլուծության ամբողջականությունը հաշվի առնելով էր ՀՀ դատախազությունը գտել, որ այդ պայմաններում Վերաքննիչ դատարանն ինքը կարող էր իր իսկ տված իրավական գնահատականների, եզրակացությունների հիման վրա կայացնել հարցը լուծող դատական ակտ, և հենց այդ մասով էր որոշման դեմ ներկայացրել վճռաբեկ բողոք:Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանը այս որոշումը կայացրել է՝ ունենալով հիմնական վիճարկվող հարցերի ճնշող մեծամասնության վերաբերյալ վերադաս դատարանի կողմից արված եզրահանգումները, հստակ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք որևէ պարագայում հաշվի չառնել չէր կարող: Ընդ որում, հարկ է նկատել, որ մինչ այս որոշումը ինչպես Առաջին ատյանի դատարանը միջնորդության կապակցությամբ իր առաջին՝ հունիսի 21-ի որոշմամբ, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ իր հուլիսի 8-ի որոշմամբ, հաստատված են համարել իրեն մեղսագրվող արարքների կատարմանը Գ. Ծառուկյանի հնարավոր առնչության հիմնավոր կասկածի առկայությունը:Իսկ կալանավորման հիմքերի բավարարության կապակցությամբ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, ուղղակիորեն էր արձանագրել, որ, մասնավորապես, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը բամզակողմանի և խորը վերլուծության չէր ենթարկել, օրինակ, գործի կոնկրետ փաստական այն հանգամանքները, որոնք վերաբերում են Գ. Ծառուկյանի տան խուզարկությամբ հայտնաբերված՝ պատգամավորների թեկնածուների ձեռագիր «հայտարարություններ»-ի մասով Գ. Ծառուկյանից նրանց ունեցած ենթադրյալ անվերապահ կախվածությանը: Ավելին. Վերաքննիչ դատարանն ինքն է գտել, որ «նշված հանգամանքի» քննարկումը էական և վճռորոշ նշանակություն ունի մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայության կամ բացակայության հարցը քննարկելու համար, քանի որ դա կարող է վկայել ոչ թե հնարավոր և/կամ ենթադրյալ ազդեցության մասին, այլ ուղղակի և/կամ իրական ազդեցության մասին: Բացի այդ, վերաքննիչ դատարանն արդեն իսկ գտել էր, որ հիմնազուրկ է Գ. Ծառուկյանի նկատմամբ նշանակվող կալանքի հրատապությունը կորսված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արած պատճառաբանությունը:Քանի որ բազմիցս առիթ ունեցել ենք ներկայացնելու նաև կոնկրետ այս գործով քննչական ենթակայության և Գ. Ծառուկյանի անձեռնմխելիության հաղթահարման դատախազության հիմնավորումներին, որոնց հետ, ըստ էության, գրեթե ամբողջությամբ համակարծիք է նաև ՀՀ վերաքննիչ դատարանը, չեմ ուզում դրանց անդրադառնալ:Ընդամենը հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի բողոքների քննարկման համատեքստում անդրադարձել է Գ. Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու պնդումներին՝ հստակ արձանագրելով, որ այդ կապակցությամբ որևէ նյութ, ապացույց կամ փաստ չի ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից արվող հայտարարություններն առ այն, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, չեն նշանակում, որ դրանք համապատասխանում են իրականությանը, քանի դեռ այն չի ապացուցվել և հիմնավորվել: Իսկ Գ. Ծառուկյանի անձով, կարգավիճակով, և զբաղեցրած պաշտոնով պայմանավորված՝ նրա նկատմամբ իրականացվող ցանկացած վարույթ, ըստ Վերաքննիչ դատարանի, կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում: Նման իրողությունների պայմաններում Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված երեկվա որոշումը անձնավորելու, քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը որևէ տրամաբանություն չի կարող ունենալ, և հորդորում եմ դադարեցնել նման շահարկումները: Հ.Գ. Հարկ եմ համարում նշել նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից 21.06.2020թ. կայացված կալանքի միջնորդությունը մերժելու որոշմամբ խախտվել են իրավական պրակտիկայում ձևավորված հանրաճանաչ նորմերը և խեղաթյուրվել են կալանավորման հիմքերի կանխատեսական բնույթի մասին ՄԻԵԴ-ի վճիռներում և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները: Մասնավորապես, չնայած դատարանն ինքն էր իրական համարել մեղադրյալի, տվյալ դեպքում Գ. Ծառուկյանի կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու և գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ ոչնչացնելու միջոցով խոչընդոտելու հնարավորությունը, սակայն այդ պայմաններում ակնհայտ անհիմն եզրահանգում էր կատարել այդ հիմքով կալանքի բացառման մասին: Հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ դատախազությունը նախաձեռնելու է Առաջին ատյանի դատարանի դատական այդ ակտը ընդունած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց»:
14:25 - 26 սեպտեմբերի, 2020
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որեւէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի եւ ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է: Իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ եւ ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։ Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի եւ սարսափի մթնոլորտ, ինչը վստահաբար չի ստացվելու։ ԲՀԿ-ն իր համախոհ քաղաքական ուժերի հետ միասին շարունակելու է պայքարը հանուն մեր երկրի եւ քաղաքացիների այն խնդիրների լուծման, որի ակնկալիքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ երկուսուկես տարի առաջ փողոցներ էին փակել եւ որոնք լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է երկրում ներքին թշնամիների հարատեւ փնտրտուքով, քաղաքական հաշվեհարդարներով եւ բռնապատեություն հաստատելու փորձերով։ Սիրելի՛ հայրենակիցներ, Գագիկ Ծառուկյանի եւ մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել եւ լռեցնել չի հաջողվելու եւ վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ եւ էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եւ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է։ Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»  
11:10 - 26 սեպտեմբերի, 2020
Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|

Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|

tert.am: Գագիկ Ծառուկյանի՝ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր այցելելը վկայում է այն մասին, որ մենք առավել քան վստահ էինք, որ դատարանը իրականացնելու է քաղաքական հանձնարարություն և միջնորդությունը բավարարելու է։ Այս մասին Ազգային Անվտագության ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Ծառուկյանը թիմակիցներին հորդորեց չընկճվել և պայքարը ավարտին հասցնել և նշեց, որ քաղաքական պատվերի այս հեղինակները պատասխան են տալու ժողովրդի և Աստծո առաջ: Մեր հետագա անելիքիների մասին վաղը կտեղեկացնենք և՛ եռյակի ձևաճափով, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ձևաչափով»,-նշեց ԲՀԿ պատգամավորը: Նա նշեց, որ փաստաբանները նշել են, որ դատարանը որևէ հիմնավորում չի կարողացել ներկայացնել, որ այս ամիսների ընթացքում՝ սկսած հունիսի 16-ից, Ծառուկյանը փորձել է խոչընդոտել գործի քննության ընթացքին.  «Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի և պատվերի հետ, դատարանը բացարձակապես թքած է ունեցել թե՛ արդարադատության սկզբուքների և թե՛ այն հիմնական գաղափարների իրագործմանը, որին միտված է»: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Խորհրդարանում գործընթաց սկսվի Գ․ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված, Իվետա Տոնոյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող նման գործընթացով հանդես գալ, քանի որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը որևէ իրավաբանական հենք չունի: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:11 - 26 սեպտեմբերի, 2020
Պատասխան են տալու. Ծառուկյանը կալանավորվելու որոշման հրապարակումից հետո ժամանեց ԱԱԾ
 |news.am|

Պատասխան են տալու. Ծառուկյանը կալանավորվելու որոշման հրապարակումից հետո ժամանեց ԱԱԾ |news.am|

news.am: Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ շենքի դիմաց, հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ բոլորն ասում են՝ ժողովրդին սթափեցնելու բան չունենք։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողները պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։ Ծառուկյանը հայտնեց, որ կալանավորման պատճառը քրեական գործին իր կողմից խոչընդոտելու ռիսկն է. «Դուխներդ տեղը, ամեն մեկը պատասխան է տալու։ Իմանալով այս անօրինական որոշմանը՝ դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել»։    
23:41 - 25 սեպտեմբերի, 2020