Տեղական հանրաքվեն կլինի կարևոր գործիք համայնքների խոշորացման գործում |armenpress.am|
armenpress.am: Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը վերսկսվում է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ գործընթացը դադարել էր հիմնավոր պատճառներից ելնելով:
«Հեղափոխությունից հետո իշխանությունն ուսումնասիրեց գործընթացը, վերհանեց հարցերը: Բավարար չհամարեց հարցի վերաբերյալ ժողովրդի կարծիքն իմանալու գործընթացը և որոշեց նոր գործիքակազմ ներդնել, որպեսզի հստակ ու պարզ լինի, թե բնակիչներն ինչ են ուզում, բնակչության ձայնը լսելի լինի: Մշակվեցին օրենսդրական նախաձեռնություններ, արդյունքում՝ բնակիչներին հնարավորություն է ընձեռվում նախաձեռնել տեղական հանրաքվե, եթե դրա կարիքը կա, և սեփական կամքը արտահայտել համայնքների խոշորացման հարցի վերաբերյալ»,-ասաց Աշոտ Գիլոյանը: Այսինքն՝ համայնքների խոշորացման նախագիծը հրապարակելուց հետո, բնակիչները եռօրյա ժամկետում իրազեկվում են: Եթե կարիքը կա, ապա համայնքը քննարկում է անցկացնում, որոշում կայացնում հանրաքվեի վերաբերյալ: Սա գործիք է, որից կարող են համայնքները օգտվել: Որպես կարևոր գործիք Աշոտ Գիլոյանն առանձնացրեց նաև հանրային լսումների գաղափարը, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն:
Օրերս կառավարությունը հավանության էր արժանացրել օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: Ներկայացրած նախագծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում: 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 52 խոշոր համայնք: Այդ համայնքները գրեթե բոլոր մարզերում են: Միայն Արմավիրի մարզում առայժմ համայնքների խոշորացում տեղի չի ունեցել: Հենց Արմավիրից էլ այսօր դժգոհություններ կան, շատ համայնքներ հակված չեն խոշորացման: Աշոտ Գիլոյանի խոսքով, այստեղ տեղեկացվածության խնդիր կա:
«Շատերը նշում են, որ իրենց գործը դժվարացնում են, ինչո՞ւ պետք է տեղեկանքի համար գյուղից հասնեն կենտրոն և այլն: Ես կարող եմ ասել, որ համակարգը, մոդելն այնպիսին է, որ որևէ մեկը տեղեկանքի համար չի գնում կենտրոն: Գյուղերում կա վարչական ղեկավար, ով օժտված է բոլոր այն լիազորություններով, որոնցով օժտված է ներկայիս համայնքի ղեկավարը, բացի ֆինանսական բլոկից: Ցանկացած տեղական կամ վարչարարական հարցերի հետ կապված ոչ ոք ստիպված չի լինելու գնալ կենտրոն»,-ասաց Աշոտ Գիլոյանը: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ շատ դեպքերում հենց համայնքների ղեկավարներն են դեմ խոշորացմանը: Նրանք, դառնալով վարչական ղեկավար, լավ չեն աշխատում, թերանում են, մարդկանց ամեն պարզ հարցի հետ կապված ուղղորդում են համայնքի կենտրոն:
Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:42 - 11 փետրվարի, 2020