Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար առաջին կիսամյակում պլանավորել ենք 2 մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարար

Չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար առաջին կիսամյակում պլանավորել ենք 2 մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարար

Չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար առաջին կիսամյակում պլանավորել ենք 2 մեծ դադար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաեւ դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու եւ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Այսպիսով, սովորողները դասի կգնան շուրջ մեկուկես ամիս եւ կունենան աշնանային երկշաբաթյա արձակուրդ՝ նոյեմբերի 2-15-ը ներառյալ, երկրորդ արձակուրդին կգնան եւս շուրջ մեկուկես ամիս դասերից հետո՝ արդեն ամանորին։ Սա թույլ կտա դեպքերի աճի պարագայում անհրաժեշտ դադար առնել, բայց նաեւ վերսկսել ուսումնական գործընթացը։ Հուսանք, որ երկրորդ կիսամյակում համաճարակային իրավիճակն ավելի բարենպաստ կլինի եւ կկարողանանք մեծ ինտենսիվությամբ լրացնել ուսումնական տարվա անելիքները»։
21:41 - 04 սեպտեմբերի, 2020
Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը, որով նախատեսում ենք, որ նախարարությունը վարելու է ուսուցիչների շտեմարան, որոնք ցանկություն կունենան տեղափոխվել սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքների դպրոցներում դասավանդելու, իսկ գործուղվող ուսուցիչների համար նախատեսել ենք մի շարք նոր կարգավորումներ, որոնք ավեի բարենպաստ պայմաններ կստեղծեն աշխատանքի համար, մասնավորապես․ ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում չի հատկացվել/, բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը /նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ/, գ) տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ/, դ) բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով․ ե) կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ** / նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000/, զ) աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով /նախկինում չի հատկացվել/։ Կարծում ենք, որ այս կարգավորումները պետք է նպաստեն համայնքներում ուսուցիչների պակասի առժամանակ լրացմանը և սովորողներին բոլոր առարկաների դասավանդմանը։ Նախատեսում ենք, որ ընդունվելու պարագայում այն կգործի 2021 թվականից։ Կարգի նախագիծը՝ հղմամբ»։
17:52 - 28 օգոստոսի, 2020
Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է իրականացվի կենտրոնացված հեռավար ուսուցում |armenpress.am|

Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է իրականացվի կենտրոնացված հեռավար ուսուցում |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 15-ից դպրոցների վերաբացումից հետո ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է, որ իրականացվի կենտրոնացված ուսուցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կենտրոնացված հեռավար ուսուցում կացնկացվի այն դեպքում, երբ նրանց առկա ուսուցումը ցուցված չի լինի։ Սա պետք է լինի ծնողի դիմումից հետո, որը պետք է ամրապնդվի բժշկի ցուցումով։ Մենք այս բեռն ուսուցիչների ուսերին չենք թողնելու, փորձելու ենք կենտրոնացված իրականացնել այս երեխաների ուսուցման գործընթացը՝ գնահատման իրավասությունը թողնելով դպրոցներին»,- նշեց Անդրեասյանը։ Անդրադառնալով ռիսկի խմբում գտնվող ուսուցիչներին՝ նա նշեց, որ առաջարկվել է դպրոց հաճախել պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը։ Մյուս տարբերակը հեռավար կրթության անցկացումն է, իսկ եթե նախորդ դեպքերը հնարավոր չլինի իրականացնել, ապա այդ ուսուցիչները կփոխարինվեն։ Դպրոցներում դիմակ կրելու վերաբերյալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ սա կատարվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների համապատասխան։
18:17 - 26 օգոստոսի, 2020
ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է աշակերտների՝ դասամիջոցներին դուրս գալու արգելքի վերաբերյալ որոշումը |armenpress.am|

ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է աշակերտների՝ դասամիջոցներին դուրս գալու արգելքի վերաբերյալ որոշումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպրոտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե հանրակրթական նոր չափորոշիչների համաձայն ինչու դպրոցներում աշակերտները չեն կարող դուրս գալ դասարաններից։ Անդրեասյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պետք է հստակ հասկանանք, թե որն է մեր մոտիվը, երբ դասամիջոցներին երեխաների դասարանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակում ենք։ Բոլորիս մոտիվն այն է, որ մենք հնարավորինս նվազեցնենք դպրոցում վարակի տարածման ռիսկը։ Պատկերացրեք իրավիճակ, որ դասամիջոցին երեխաները դուրս են գալիս միջանցք և տեղի է ունենում անկանոն շփում դպրոցի բոլոր երեխաների միջև։ Եթե հանկարծ մենք ունենում ենք որևէ վարակի դեպք, ապա ունենում ենք շատ մեծ հավանականություն դրա տարածման։ Սակայն, եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, ապա կարողանում ենք ապահովել կրթության շարունակականությունը»,- նշեց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ սահմանված է, որ 10 և ավելի տոկոս վարակվածության դեպքեր ունենալու դեպքում դպրոցը չի գործի որոշակի ժամանակահատված։ Փոխնախարարը շեշտեց, որ այդ կանոնները բխում են ընդհանուր համավարակի կանոններից, պետք է հասկանալ, որ բոլորը պետք է պահպանեն այդ կանոնները, եթե ցանկանում են օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի։ Անդրադառնալով գրատախտակի մոտ չգնալուն՝ Անդրեասյանն ասաց, որ շատ ուսուցիչներ կան, որ երեխաների հետ աշխատելու բազմաթիվ ձևեր գիտեն և ընդգծեց, որ այդ ձևերից է նաև բնության գրկում դաս անցկացնելը, շատ են նաև տարբեր միջավայրերում ուսումնական պրոցեսի կազմակերպումը, երբ գրատախտակի կարիք հաճախ չի էլ լինում։ «Կարծում եմ, որ շատ ակնհայտ է, թե ինչու գրատախտակին մոտենալն այդքան էլ անհրաժետ չէ։ Երեխան վերցնում է կավիճը, օգտագործում է, ապա մեկ ուրիշն է մոտենում, վերցնում է նույն կավիճն ու այդպիսով մենք ունենում ենք վարակի տարածման հավելյալ ռիսկ։ Մինչդեռ, ուղեցույցում մենք ունեք անգամ կետ, որով առաջարկվում է, որ երեխաներն անգամ միմյանց հետ իրեր չփոխանակեն, օրինակ, գիրքը, տետրը ու գրիչը, որովհետև յուրաքանչյուր հավելյալ նման շփում ռիսկի մեծացում է»,- ասաց Անդրեասյանը։ Նա ըդնգծեց, որ, երբ խոսքը 400 հազար երեխայի մասին է, ապա ամեն դպրոցում նման չկանոնակարգված շփումների հետևանքները կարող են անկանխատեսելի լինել ու զգալի։
16:37 - 26 օգոստոսի, 2020
20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ. փոխնախարար |civilnet.am|

20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ. փոխնախարար |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին և շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով. այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պարետի ցուցումով հրապարակվել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը, որով տրված են մի շարք կարգավորումներ՝ դպրոցների նախապատրաստական աշխատանքների հետ կապված։ «Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին», - ասաց Անդրեասյանը: Պարետի ցուցումով նախատեսվող պաշտպանիչ միջոցներով դպրոցները կապահովվեն սեփական խնայողությունների և նախարարության հավելյալ ֆինանսական աջակցության միջոցով: Նախարարությունը հավաքագրել է դպրոցներում առկա խնայողությունների մասին տեղեկատվությունը․ դրանք գոյացել են կոմունալ ծախսերից՝ ուսումնական գործընթացի չիրականացման արդյունքում։ «Բացի այդ, հավելյալ միջոցներ կտրամադրի նաև նախարարությունը»,- հայտնեց Անդրեասյանը: Յուրաքանչյուր դպրոցի համար մշակվելու են ելքի, մուտքի և շարժի կանոններ, քանի որ խոսքը փակ տարածքում թվով շատ մարդկանց շփման հնարավորության մասին է, որն էլ բարձրացնում է կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը:  «Նապատակն է՝ նվազեցնել դպրոցի ներսում ինտենսիվ և անկանոն շփման ռիսկը: Կարգավորվել է նաև ուսուցիչների և աշակերտների տեղաշարժը», - ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե դպրոցն ունի մի քանի մուտք, ապա երեխաներին պետք է ընդունեն տարբեր մուտքերով: Կանոնանկարգվել են նաև 20-ից ավել աշակերտ ունեցող դասարաններում դասապրոցեսի կազմակերպման հետ կապված հարցերը: Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացը կիրականացվի՝ պահպանելով համաճարակային կանոնները: «Իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում 20-ից ավելի երեխա կա, պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: Նպատակը դպրոցներում միաժամանակ գտնվողներիի թվաքանակը նվազեցնելն է», - նկատեց փոխնախարարը: Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, հնարավոր է, որ դպրոցներն անցնեն նաև երկրորդ հերթի: «Դպրոցը կգնա երկրորդ հերթի, եթե ունենա անհրաժեշտ դրամական միջոցներ: Յուրաքանչյուր հերթափոխից հետո դպրոցներում պետք է ախտահանման աշխատանքներ իրականացվեն», - ասաց նա՝ հավելելով, որ այդ իրավիճակում ուսուցիչների համար անհրաժեշտություն կծագի վերանայելու ուսումնական ծրագիրը և դասացուցակը։ Արդյունքում կարող է բարձրանալ ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Երկու հերթափոխով աշխատելու դեպքում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները պետք է ապահովվեն նաև հավելյալ վարձատրությամբ։
15:50 - 26 օգոստոսի, 2020
Երեխան դպրոց չի հաճախելու, եթե տանը հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ

Երեխան դպրոց չի հաճախելու, եթե տանը հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ

Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կենտրոնի միջոցով այն երեխաների համար, ում ցուցված չի լինելու առկա ուսուցումը՝ վերջիններիս և վերջիններիս ընտանիքների անդամների առողջության պահպանման նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Մասնավորապես, երեխան դպրոց չի հաճախելու եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի, տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից: Այն սովորողների համար, որոնց ուսուցումը առկա եղանակով ցուցված չի լինի, կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից: Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։
21:46 - 22 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի

Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները (65 և ավելի տարիք ունեցողները` անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից, աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները, չներկայանալ աշխատանքի: Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների համար դասաբաշխում չի կատարվում: Նրանց աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել քան մեկ հաստիքի չափով: «Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է դպրոցի որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն: Դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների այս հիմքով առաջացած թափուր ժամերի մասով»,- նշում է փոխնախարարը։
20:59 - 22 օգոստոսի, 2020
Քննարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման նախագիծը

Քննարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի շրջանակներում նախատեսում ենք․ 1) տնային պայմաններում սովորողի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպում, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար, 2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով սովորողի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծում, 3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցում»:
15:31 - 13 օգոստոսի, 2020
Որևէ դասագիրք դրված չէ քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո. Ժաննա Անդրեասյան

Որևէ դասագիրք դրված չէ քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարրական մանիպուլյացիայի կանոնները. վերցնում ենք գործող Գրականության դասագիրքը 9-րդ դասարանի համար (հեղինակ՝ Դավիթ Գասպարյան), ընդգծում ենք, որ դասագրքի անվանումից բացակայում է Հայ բառը, ինչն արդեն շտապում ենք նշել, որ վկայում է, թե դասագրքի հեղինակը գործել է ազգի դեմ, այնուհետև բացում ենք դասագրքի 125-126 էջերը և կարդում. Միջնադարում չզարգացավ թատրոնը, որովհետև հայ եկեղեցին թատրոնը համարում էր յուրովի սատանայություն և դեմ էր դրա գոյությանը։ Հայ առաքելական եկեղեցին մերժեց թատրոնը։ Թատրոնը համարվել է սատանայության վայր և օտարվել։ Այդ ոգով է գրված Վասն անօրեն թատերաց դիվականաց ճառը, որ ստեղծել են հոգևոր հայրերը։ Դյութերի և գուշակների կախարդանքից խուսափելու հետ մեկտեղ նրանք խորհուրդ էին տալիս հեռու մնալ թատրոնից։ Թատրոնը համարում էին կործանարար խեղկատակություն, աշխարհիկ անիմաստ զվարճանք։ Այստեղից էլ թատերգությունների իսպառ բացակայությունը հայ միջնադարում։ Հակառակ հայոց եկեղեցու վճռական արգելքներին՝ կաթոլիկ եկեղեցին թատրոնը թույլատրեց։ Սրանից հավելյալ եզրակացնում ենք, որ հեղինակը գործել է նաև ընդդեմ հայ եկեղեցու, դեռ ավելին՝ գովերգում է օտար կաթոլիկ եկեղեցին՝ ի հակադրություն մեր ազգային եկեղեցու և սկսում ենք դատափետել՝ տարածելով նյութեր հետևյալ վերնագրերով՝ ԳՐՈՀ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆԻ ԴԵՄ։ ԴՊՐՈՑԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է։ Աղմուկն ապահովված է։ Սակայն մենք այսպես չենք վարվում, մեզ պետք չեն էժանագին միավորներ, պետք է իրական փոփոխություն, ուստի կարդում ենք, տարբերում ենք չափորոշիչը դասագրքից և երբ մեզ ուղարկում են սարսափահար տեղեկություններ, թե նոր դասագրքերը կործանում են մեր կրթական համակարգը, խորը շունչ ենք քաշում, հիշում ենք, որ որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո, որ քննարկման դրված են առարկայական չափորոշիչների նախագծերը, որոնք հարկավոր է կարդալ, եթե կարևորում ենք, ուզում ենք սեփական կարծիք ու դիրքորոշում ձևավորել, կարդում ենք, վերլուծում, փաստարկված քննադատում, առաջարկներ ենք ուղարկում, մի խոսքով՝ նպաստում ենք հանրակրթության բովանդակության փոփոխություններին։ Որովհետև մանիպուլյացիան չի անցնելու»։
13:13 - 02 օգոստոսի, 2020
Հանրակրթության չափորոշչի նախագիծը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին

Հանրակրթության չափորոշչի նախագիծը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին

Շարունակվում են «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ թիրախային խմբերի հետ առցանց հանդիպումները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Այս անգամ ZOOM հարթակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել չափորոշչի հիմնական սկզբունքները։ Ըստ փոխնախարարի՝ շուրջ մեկ տարի չափորոշչի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետ, որոնց թվում՝ գործող մանկավարժներ։ «Չափորոշչի նախագծի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է դպրոցից պահանջները ձևակերպել ոչ թե գիտելիքային իմացության, այլ վերառարկայական կարողունակությունների՝ կոմպետենցիաների տեսքով։Ութ առանցքային կարողունակություններն ամփոփում են դպրոցից ընդհանրական պահանջը, թե ինչպիսի շրջանավարտ ենք ուզում ունենալ»,-նշել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ չափորոշչի նախագծով՝ խնդիր է դրվել հասկանալ ու ձևակերպել, թե ինչպես է առանձին առարկան մասնակցում ընդհանուր կարողունակության ձևավորմանը։ «Մենք հանրակրթությունը պատկերացնում ենք որպես մի գործընթաց, որտեղ ամենակարևորը սովորողի շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե առարկաների։ Բացի այդ, մենք դպրոցին և ուսուցչին տալիս ենք ազատություն՝ իր վերջնաարդյունքը որոշելու համար»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին ներկայացնելով չափորոշչի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Այն է՝ Ծրագրի էական բեռնաթափում՝ ըստ աստիճանների նվազագույն ժամաքանակների մասով, որի շնորհիվ առաջարկվում է երկրորդ և չորրորդ դասարանում ևս երկուական շաբաթ հավելյալ արձակուրդի հնարավորություն ուսումնական տարվա ընթացքում։ Գնահատման փոփոխություն դեպի բնութագրող գնահատումը. հրաժարվել անբավարար գնահատականից, դրա փոխարեն սովորողների հետ աշխատել տարվա ընթացքում, այդ թվում կիրառելով հարակից գործիքները՝ պարտադիր կրթությունից դուրս մնացող երեխաների հաշվառման, երկարօրյա ուսուցման հնարավորությունները։ Միավորային գնահատումն առաջարկվում է սկսել հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից։ Բացի ուսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներից, առաջարկվում է անհատական բաղադրիչը, որի շրջանակում սովորողի հանդեպ անհատականացված մոտեցման հնարավորություն է ստեղծվում։ Նախագծային ուսուցումը պարտադիր կլինի 7-12-րդ դասարաններում առնվազն մեկ նախագծի տեսքով, ինչպես որևէ առարկայի, այնպես էլ համայնքային ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված կլինեն որոշակի սոցիալական կամ բնապահպանական խնդիրների լուծմանը։ Ավագ դպրոցում առաջարկվում է հոսքային ուսուցումից հրաժարվել՝ ի նպաստ անհատականացված դասացուցակի, որը կկազմվի պարտադիր առարկաների համադրությամբ և այլն։ Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ փատաթղթով հստակ ամրագրվում է համապատասխան արժեքային համակարգով և քաղաքացիական գիտակցությամբ սովորողի ձևավորումը։Խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել բանախոսին, մասնավորապես, նրանց հետաքրքրել է՝ արդյոք չափորոշչի նախագծով պայմանավորված կրթական այս մեծ բարեփոխումն ուղեկցվելո՞ւ է հարակից այլ փոփոխություններով՝ դպրոցների կառավարման համակարգ և այլն, որքանո՞վ կարող է ռիսկային լինել տնօրենների սուբյեկտիվ ընտրությունը՝ կապված ինտեգրված առարկաների հետ, ինչպե՞ս է կազմակերպվելու ուսուցիչների շարունակական վերապատրաստումը, ինչպիսի՞ն է լինելու չափորոշչի իրականացման ճանապարհային քարտեզը և կներդրվի՞ արդյոք մոնիթորինգի համակարգ։Խորհրդի անդամներին հետաքրքել է նաև, թե ծրագրի բեռնաթափումը ո՞ր առարկաների հաշվին է լինելու, բացի այդ, խնդիր է դրվել փաստաթղթում ներառական կրթության մասով հստակեցման, ինչպես նաև անդրադարձ է եղել սոցիալական մանկավարժի հաստիքին։ Ժաննա Անդրեասյանը, մանրամասն պատասխանելով հնչեցված հարցերին և արձագանքելով բոլոր մտահոգություներին, շնորհակալություն է հայտնել առաջարկների և շահագրգիռ քննարկման համար։ Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ ստացված հազարավոր առաջարկները վկայում են այն մասին, թե հանրությունը որքան է կարևորում կրթության ոլորտի փոփոխությունները։ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է քննարկել բոլոր առաջարկությունները և իրականացնել համապատասխան լրամշակումներ։
10:29 - 13 հուլիսի, 2020
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ |hetq.am|

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պնդմամբ՝ հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ հանրային քննարկումները կարեւոր են, որովհետեւ փաստաթուղթը ներկայացվում է տարբեր կողմերից։ Այսօր հրավիրված եւս մեկ քննարկման ընթացքում նա ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակը. դպրոցից պետության ակնկալիքներն ու պահանջը ձեւավորելը։ Նոր չափորոշիչով սահմանվում է, թե ինչ աշխատանք պետք է կատարեն ուսուցիչը եւ դպրոցը։ «Կարեւոր փոփոխությունը սկզբունքների փոփոխությունն է՝ վերափոխել դպրոցն այնպես, որպեսզի կարողանա դառնալ ստեղծագործ միջավայր, որտեղ ուսուցիչները որոշում կայացնելու դաշտ ունենան, ստեղծագործ աշխատանքի համար հնարավորություն ունենան»,- նշեց փոխնախարարը։ 12 տարվա կրթությունից հետո աշակերտները պետք է ունենան այն ութ կարողությունները, որոնք ներկայացվում են չափորոշչում։ Փոխնախարարը պնդում է՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է «վեր կանգնել առարկայական մոտեցումներից եւ զուտ գիտելիքային պահանջների հիման վրա գործն ավարտված համարելուց»։ Չափոորոշիչը հնարավորություն է տալիս առարկաների միջեւ կապ ստեղծել եւ վերառարկայական մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան 12 տարվա ուսուցումից հետո պատրաստել այնպիսի քաղաքացիներ, որոնք կնպաստեն հանրության զարգացմանը։ «Մենք պետք է ոչ թե պահպանենք առարկաների շահերը, այլ պաշտպանենք սովորողի շահերը։ Հասկանանք, որ տարբեր առարկաները, որոնք ինքնանպատակ չեն, պետք է միտված լինեն սովորողի մոտ որոշակի արժեքային, գիտելիքային հմտությունների համակարգ ձեւավորելուն, եւ դրա  շրջանակում պետք է հասկանալ՝ քանի՞ առարկայի կարիք ունեն, ի՞նչ ծավալով, ինչպե՞ս պետք է դրանք փոխլրացնեն միմյանց»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարը վստահեցնում է՝ որեւէ առանձին առարկայի ճակատագիրը քննարկելու նպատակ չունեն, չափորոշչի նպատակը առարկայացանկերի ձեւավորման սկզբունքները նկարագրելն է։ Նոր չափորոշիչը հնարավորություն է տալիս ուսուցիչներին եւ դպրոցներին ձեւավորել իրենց ուսումնական պլանները, իսկ պետության վերահսկողությունը լինելու է վերջնարդյունքների միջոցով։ Հանրակրթության չափորոշիչը ներդրվելու է  2022-23 թթ.-ից, հաջորդ ուսումնական տարում կսկսվեն վերապատրաստումները եւ փորձարկումները։ Փոխնախարարը գնահատման համակարգում փոփոխության վերաբերյալ նշեց, որ պետք է գտնել մոտիվացիոն եղանակներ, հաղորդակցության նոր ձեւեր։ Ըստ նրա՝ միավորային գնահատում նախատեսվում է իրականացնել 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, իսկ անբավարար գնահատման համակարգը դուրս մղել դպրոցից։ Ավագ դպրոցում ներդրվելու են նոր գործիքներ, կլինի մոդուլային եւ կրեդիտային ուսուցում, որոնց շնորհիվ կհրաժարվեն հոսքային ուսուցումից եւ անցում կկատարեն անհատականացված դասացուցակների, ուսումնական պլանների կազմմանը։
13:51 - 09 հուլիսի, 2020
Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը
 |armtimes.com|

Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը |armtimes.com|

armtimes.com: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) e-draft.am-ում քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը: Հիմնային փոփոխություններ ենթադրող այս նախագիծը, որին նախկինում էլ անդրադարձել ենք, հարյուրավոր հարցեր է առաջ բերում, որոնց պատասխանները շարունակաբար կփորձենք ստանալ պատկան մարմիններից եւ ոլորտի մասնագետներից: ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեր զրույցում մեկնաբանեց վերջին օրերի քննարկումները Հայ եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ: Այն դիտարկումներին, որ առարկան դուրս է բերվում հանրակրթական առարկայացանկից, մինչդեռ ԿԳՄՍՆ պաշտոնյաները, այդ թվում Արայիկ Հարությունյանը նախկինում նշել էին, որ նման խնդիր դրված չէ, Անդրեասյանն արձագանքեց. «Մենք ընդհանուր առմամբ առարկայացանկի ձեւավորման մոտեցումներն ենք փոխել: 5-րդ եւ 6-րդ դասարաններում ունենք որոշակի ինտեգրված առարկաներ, որոնց առարկայական ծրագրերն առաջիկայում կդրվեն քննարկման, եւ բոլորը հնարավարություն կունենան դրանց հետ ծանոթանալու: Հայ եկեղեցու պատմության ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական եւ հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձեւաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձեւով: Այսինքն 5-6-րդ դասարաններում խոսում ենք ինտեգրված առարկայի մասին, ավելի բարձր տարիքում՝ առանձին առարկաների: Ընդ որում, ամեն դասարանում իր տարիքային հոգեբանությամբ եւ ընդհանուր մանկավարժական մոտեցմամբ»: Ո՞ր առարկաների հետ է ինտեգրվելու Հայ եկեղեցու պատմության ծրագիրը, նյութի ո՞ր մասը կպահպանվի. «Ընդհանուր առմամբ նյութը, որ որպես գիտելիք եւ հմտություն ներառված է Հայ եկեղեցու պատմություն առարկայի շրջանակներում, հիմնականում՝ ճնշող մեծամասնությունը, պահպանված է, բայց թե կոնկրետ որ դասարանի որ առարկայի չափորոշչում կլինի, կներկայացվի առաջիկայում: Ծրագիրը որոշ տեղերում մենք փորձել ենք նույնիսկ ընդլայնել՝ կապելով ավելի լայն բովանդակության-մոտեցումների հետ: Այնպես որ, այստեղ խոսքը մեխանիկական փոխանցման մասին չէ, քանի որ առարկաների մոտեցումները սկզբունքորեն փոխվել են, որեւէ առարկա մեխանիկորեն չի գնում-միանում այլ առարկայի կամ առանձնանում»: Եթե կատարվող իրադարձությունները, կաթողիկոսների կյանքն ու կայացրած որոշումները կարելի է ներառել Հայոց պատմության դասընթացի շրջանակում, իսկ ազգ, հայրենիք, բարոյականություն, ազնվություն թեմաները, որ ներառված էին ՀԵՊ առարկայի շրջանակում, դիտարկել հասարակագիտության շրջանակում, ապա քրիստոնեական արժեհամակարգի ուսումնասիրությունը, Հին եւ Նոր կտակարանների պատումները, ո՞ր առարկայի շրջանակում պիտի դրվեն. «Այն, ինչ նշեցիք, արժեքային ուսուցմանն ու դաստիարակության բաղադրիչին են վերաբերում, դա չի կարող լինել որեւէ առանձին առարկայի շրջանակում, դա դաստիարակության անբաժանելի մասը պիտի լինի եւ պիտի արտացոլված լինի կրթության ամբողջ ընթացքում: Օրինակ, տարրական դպրոցում արժեքային ուսուցումն իրականացվում է նաեւ մայրենի լեզվի ուսուցման շրջանակում: Մեր ամբողջ հանրակրթությունը, եւ հանրակրթության պետական չափորոշչի նախագծով առաջարկվող արժեքային բաղադրիչը կարող է լինել միայն, երբ դա ընդհանուր մոտեցում լինի բոլոր առարկաների շրջանակում: Դաստիարակության եւ արժեքային բաղադրիչի խնդիրը պետք է լուծենք բոլոր առարկաների շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ գիտելիքին եւ այդ փաստական տեղեկատվությանը, ապա դա իհարկե, առարկայական ծրագրերի շրջանակում տեղ կգտնի»: Անդրեասյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առարկայական չափորոշիչները հանրային քննարկման կդրվեն մոտ տասն օրից: «Առաջարկում եմ բովանդակային քննարկումներին մասնակցել հենց այդ պահից»,- կոչ արեց նա: Ի պատասխան այն հարցին, թե բուռն հանրային ընդվզման դեպքում նախատեսվո՞ւմ է վերանայել որդեգրված սկզբունքը եւ առարկան պահպանել՝ որպես, օրինակ, կրոնագիտություն կամ մշակույթի պատմություն, ինչպես արվում է բազմաթիվ երկրներում՝ Անդրեասյանը նշեց, որ դա առանձին կարող է լինել՝ որպես դպրոցի որոշում: «Կրթության այս փիլիսոփայությունը դպրոցներին ինքնավարություն, ուսուցիչներին՝ ճկունության հնարավորություն տալն է: Դա նշանակում է, որ մենք առանձնացրել ենք վերջնարդյունքները՝ թե երեխան ինչ արդյունքների պիտի հասնի այս կրթական ծրագրերի ավարտին, ինչ պիտի կարողանա, իմանա եւ անի: Բայց ինչպես դպրոցը դրան կհասնի, դա արդեն դպրոցի որոշելիքն է. դպրոցը կարող է ձեւավորել առանձին առարկա, որտեղ կներառի կրոնի պատմության, մշակույթի պատմության ինչ-որ դրվագներ: Նման առարկայական ծրագրեր մշակել եւ իրականացնել այսօր էլ կարող է յուրաքանչյուր դպրոց, սակայն այդ հնարավորությունը տրված է ավելի ընդլայնված՝ գործիքային չափորոշչի տարբերակով, քանի որ մենք նախատեսում ենք ֆինանսավորել առավելագույն ժամաքանակով բոլոր պետական դպրոցներին: Դա նշանակում է, որ դպրոցը, որպես մանկավարժների համախումբ, որպես միջավայր, ուր որոշում են, թե ինչպես աշխատել երեխայի հետ, պետք է կարողանա որոշել, թե որն է առարկաների այն հավելյալ ցանկը, որ ուզում է ավելացնել եւ ուսուցանել: Հետեւաբար դա չի ենթադրում, որ մենք պիտի փոխենք այս պահի նախագիծը: Մենք արդեն իսկ այդ հնարավորությունը տվել ենք դպրոցին, եւ քանի որ ծնողն էլ ունի դպրոցի ընտրության իրավունք, կկարողանա ընտրել՝ իր երեխան ինչ ձեւաչափով է ուզում, որ սովորի այս կամ այն դպրոցում, եւ կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է բավարարի բոլորին: Քանի որ մեր հասարակության ներսում միշտ տարբեր են կարծիքները, հիմա մենք ստեղծում ենք հնարավորությունը, որ դպրոցները կարողանան այլընտրանքային մոտեցումներ ձեւավորել մանկավարժության մեջ: Դպրոցը կարող է ուսուցանել Արվեստ ինտեգրված առարկա կամ առանձին Երաժշտություն եւ առանձին Նկարչություն առարկաներ: Այսինքն՝ դպրոցներին տրվում է ստեղծագործական մոտեցման հնարավորություն, եւ կարծում եմ, որ սա ամենաճիշտ ճանապարհն է դպրոցը զարգացնելու»:Ավելին՝ Armtimes.com-ում։
19:13 - 02 հուլիսի, 2020
Հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացվեն օգոստոսին |armenpress.am|

Հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացվեն օգոստոսին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գարնանը հանրակրթության դպրոցների հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կկազմակերպվի օգոստոսին: Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  «Հասկանում ենք, որ այս երեխաները սեպտեմբերին կունենան դժվարություններ նոր նյութերի, նոր թեմաների յուրացման առումով: Եվ պետք է ամեն ինչ անել, որ ամառվա ընթացքում լրացուցիչ կրթական օժանդակություն ցուցաբերվի, որ երեխաները յուրացնեն բացթողնված թեմաները»,-ասաց նախարարի տեղակալը:   Ներկայում մարզերից հավաքագրվում են տվյալներ, երեխաների խմբերն են ձևավորվում, որոնք պիտի մասնակցեն դասընթացներին: Նախատեսվում է դասընթացներն անցկացնել օգոստոսի առաջին շաբաթների ընթացքում: Այդ դասընթացները կլինեն հեռավար, թե ոչ՝ կախված է այդ ժամանակ երկրում համաճարակային իրավիճակից: Նույնիսկ համաճարակային պայմաններում` քննարկվում է դրա կազմակերպման հնարավորությունը՝ պահպանելով կանխարգելիչ միջոցները:  «Իհարկե, մենք այս փուլում քննարկում ենք նաև սեպտեմբերից ուսումնական պրոցեսը սկսելու բոլոր սցենարները: Դիտարկում ենք նաև անհրաժեշտության դեպքում որոշակի խառը ուսուցման հնարավորությունը: Իհարկե, լավագույն տարբերակն այն է, որ մենք ունենանք ամբողջական առկա ուսուցում: Ամեն դեպքում որևէ այլ իրավիճակի պարագայում հասկանում ենք, որ տարրական դասարանի դեպքում հեռավար դասընթացը ճիշտ չէ: Առաջին դասարանցիների պարագայում դա կարող է լինել ճակատագրական: Մենք կարող ենք տարբերակված մոտեցում ունենալ, օրինակ, քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցներում, որտեղ մեկ դասարանում երեխաների թիվը փոքր է և հնարավոր է պահպանել բոլոր կանոնները, ապա դասապրոցեսը կազմակերպվի դասարանում: Բոլոր տարբերակները քննարկվում են, որպեսզի կախված իրավիճակից, ուսումնական պորցեսը հնարավորինս արդյունավետ կազմակերպվի»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ դպրոցները պատրաստելու տեսանկյունից մի քանի ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ունեն անելու: Նախ ուսուցիչների կարողությունների զարգացումն է: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ընթացքում արագացված դասընթացներ կազմակերպեցին, սակայն ուսուցիչների մի զգալի հատվածն ինքնաբուխ, սեփական նախաձեռնությամբ ինչ-որ հմտություններ դրսևորեց, զարգացրեց:  «Բայց դրանք պետք է մեթոդապես, գործիքների իմաստով կարգավորված լինեն: Մենք ունենք  վերապատրաստումների կարիք: Նախատեսում ենք ուսուցիչների շրջանում վերապատրաստման գործընթաց սկսել հուլիսից: Հիմքում լինելու է և՛ գործիքներից օգտվելը, և՛ մանկավարժությունը: Դրանից բացի, մշակում ենք մեթոդական ուղեցույց: Մինչև սեպտեմբեր ամեն ինչ պետք է արված լինի: Մենք նախատեսում ենք, որ այդ դասընթացները հասանելի լինեն բոլոր ուսուցիչներին: Մեր խնդիրն է, հանրապետության բոլոր ուսուցիչների մոտ ձևավորել անհրաժեշտ հմտությունները: Քննարկում ենք նաև այն տարբերակը, որ ունենանք մենթոր ուսուցիչներ, որոնք կիրականացնեն այդ հմտությունների հավելյալ տարածումը: Խոսքն ուսումնական ամբողջական պրոցես կազմակերպելու մասին է, ոչ թե օրինակ Zoom հավելվածի, որը տեսահանդիպման հնարավորություն է տալիս: Այլ ծանոթ լինեն այնպիսի գործիքների, ինչպես, օրինակ, «google classroom»-ը, «Microsoft Teams»-ը, որոնք ավելի լայն հնարավորություններ ունեն»,-ասաց նա:     Հեռավար ուսուցման կրկին անհրաժեշտություն առաջանալու պարագայում խնդրիր է նաև տեխնիկական հագեցվածությունը: Նախարարի տեղակալը նշեց, որ երեխաների 15-20 տոկոսը տեխնիկական սարքերի անհասանելիության պատճառով չէր կարողանում մասնակցել պրոցեսին: Ներկայում քննարկում են կոնկրետ տարբերակներ, մի քանի մոտեցումներ մշակված են, սպասում են վերջնական համաձայնությունների, որ կարողանան վերջնական ընթացք տալ տեխնիկական հագեցվածության ապահովման հարցին: Մինչև սեպտեմբեր սա նույնպես կարգավորված կլինի: 
09:39 - 19 հունիսի, 2020
Փոխնախարարն անդրադարձավ առաջին դասարանցիներին գրանցելու համար կեղծ փաստաթղթերի օգտագործման հարցին |armenpress.am|

Փոխնախարարն անդրադարձավ առաջին դասարանցիներին գրանցելու համար կեղծ փաստաթղթերի օգտագործման հարցին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առաջին դասարանցիների առցանց հայտագրման համակարգը արձանագրել է ծնողների կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործման դեպքեր։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Մենք փորձել ենք շատ մանրակրկիտ ստուգել բոլոր այն տվյալները, որ առաջնահերթություն ունեցողների գրանցման ընթացքում արձանագրվել են։ Ունեցել ենք 6 տասնյակից ավելի դեպք, որոնք հավելյալ ստուգել ենք, օրինակ՝ ազգանունների տարբերության առումով»,- նշեց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում իրենք սերտ համագործակցել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ, և բոլոր այն դեպքերը, որոնց պարագայում ունեցել են ճշգրտելու ավելի լուրջ հիմքեր՝ մանրակրկիտ նայել են։ ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծեց՝ որոշ դեպքերում պարզվել է, որ գործ են ունեցել 2-րդ ամուսնության կամ հայրության ճանաչման գործընթացի հետ։ Եղել են նաև հատուկենտ դեպքեր, երբ փորձ էր արվել խեղաթյուրել փաստաթղթերը, և այդ հայտերն ուղղակի չեղարկվել են։ Անդրեասյանը կոչ արեց առաջին դասարանցիների ծնողներին, որպեսզի այլևս նման փորձեր չանեն, քանի որ համակարգն աշխատում է շատ հստակ, և հնարավոր է պարզել ցանկացած նման քայլ։
13:39 - 17 հունիսի, 2020
Առցանց համակարգով հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի |armenpress.am|

Առցանց համակարգով հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի |armenpress.am|

armenpress.am: Հանրապետության բոլոր այն համայնքներում, որտեղ կա 1 և ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով. արդեն հայտագրվել է 22 հազար 150 երեխա։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Այս տարի մենք կանխատեսում ենք ունենալ շուրջ 40 հազար առաջին դասարանցի։ Հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-27 հազար երեխայի համար։ Սրանք այն երեխաներն են, որոնք բնակվում են այն համայնքներում, որտեղ կա 1-ից ավելի դպրոց։ Այս պահին արդեն հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի»,- նշեց Անդրեասյանը։ Տվյալ համակարգն առաջին անգամ փորձարկվել է 2019 թվականին Երևանում և փորձարկման արդյունքներով, հետագայում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում եղավ փոփոխություն, որով 2 խմբի ընձեռվեց առաջնահերթության իրավունք։ Առաջին խմբում այն երեխաներն էին, ում քույրը կամ եղբայրը սովորում են տվյալ դպրոցում, իսկ երկրորդ խմբում էլ նրանք էին, ում ծնողները կամ օրինական ներկայացուցիչներն աշխատում են դպրոցում։ «Հաշվի առնելով առաջնահերթությունը՝ համակարգը գործել է հատուկ ձևով. հունիսի 1-10-ն առցանց հայտագրվելու հնարավորություն են ունեցել այդ խմբերի երեխաները։ Այդ առաջնահերթության իրավունքից օգտվել է 9247 երեխա»,- ասաց ԿԳՄՍ փոխախարարը։ Նա ընդգծեց, որ համակարգն այս ընթացքում աշխատել է անխափան, և ծնողները բավական արագ և հեշտ կարողացել են գրանցել իրենց երեխաներին։ Հունիսի 11-ից հայտագրվելու իրավունք ունեն բոլորը։ «Հանրապետությունում մենք ունեցել ենք 49 դեպք, երբ ծնողները միաժամանակ գրանցել են իրենց երեխաներին միևնույն դպրոցում։ Սա տեխնիկական հարց է, և կփորձենք այն լուծել։ Ունեցել ենք իրավիճակներ, երբ ընտանիքում եղել են 1 և ավելի երեխա՝ զույգեր կամ նույնիսկ եռյակներ, և ծնողները հասցրել են նրանցից 1-ին գրանցել, իսկ մյուսին՝ ոչ։ Այս հարցը նույնպես կփորձենք կարգավորել։ Մենք ունենք նաև ազգային փոքրամասնությունների խումբ, որոնց համար իրենց մայրենի լեզվով ուսուցման հնարավորությունները սահմանափակ են կոնկրետ դպրոցներում և դասարաններում»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։  
12:22 - 17 հունիսի, 2020