Վերափոխվող անձնագրային. ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կպարզեցվի |armenpress.am|
armenpress.am: Ազգությամբ հայերի շրջանում Հայաստանի քաղաքացիություն ստանալու թվի աճ է նկատվում: Այս մասին նշեց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: 2017-ին քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 10 հազար 40 անձ, 2018 թվականին՝ 12 հազար 449, 2019 թվականին՝ 14 հազար 900 անձ:
«Հիմնականում, կարելի է ասել գերակշիռ մասն ազգությամբ հայեր են: Նկատվում է ազգությամբ հայերի դիմումների աճի միտում»,- ասաց Մնացական Բիչախչյանը:
Անձնագրային ոլորտում ընթացիկ տարում զգալի փոփոխություններ սպասվում: Նկատելիորեն դյուրացվելու են Հայաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը, հատկապես եթե դիմողներն ազգությամբ հայեր են: Նախորդ տարի ՀՀ վարչապետի կողմից եղավ հանձնարարական այն մասին, որ նախապատրաստվի օրենքի նախագիծ՝ ուղղված ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ստանալու ընթացակարգի պարզեցմանը: Քաղաքացիություն ստանալու համար ներկայում օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ, նոր նախագծով այդ ժամկետը կրճատվում է դառնալով 3 ամիս:
Նախագծով նախատեսված է մեկ կարևոր փոփոխություն ևս, որն, ըստ Մնացական Բիչախչյանի, աննախադեպ առաջարկ է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարիների ընթացքում 20 հազար անձ ստացել է քաղաքացիություն, սակայն դեռ չի եկել անձնագիր ստանալու: Գործող օրենքը նախատեսում է, որ երբ անձն առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր է ստանում, այն պետք է կազմակերպվի ՀՀ-ում: Նոր նախագծով նախատեսվել է դրույթ, ըստ որի՝ քաղաքացիները կարող են անձնագիրը ստանալ և երդման արարողությանը մասնակցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում: Այսինքն՝ մինչ Հայաստան այցելելը, կարող են դիմել և դիվանագիտական ներկայացուցիչներից ստանալ իրենց անձնագիրը:
Սպասվող փոփոխությունների համաձայն՝ պարզեցվում են նաև քաղաքացիություն ստանալու համար նախատեսված դիմում-հարցաթերթիկները:
«Քաղաքացիություն ստացող անձանց դիմում-հարցաթերթիկները մի քանի էջից են բաղկացած, որոնց լրացնելը դժվարություններ, անհարմարություններ են առաջացնում: Շատերը ստիպված են լինում դիմել այլոց օգնությանը, այլ ծառայություններին: Այժմ մենք առաջարկում ենք հարցաթերթիկը պարզեցնել առավելագույն ձևով: Լինելու է ընդամենը մեկ էջից բաղկացած դիմում հարցաթերթիկ, հաջորդ էջում նախատեսված կլինի հատուկ նշումների բաժին, որտեղ քաղաքացին կարող է լրացնել իր մասին հավելյալ տեղեկատվություն»,-ասաց Մնացական Բիչախչյանը՝ նշելով, որ նախատեսված փոփոխություններն այս տարի ուժի մեջ կմտնեն:
Անձնագրային և վիզաների վարչության պետը ներկայացրեց մեկ այլ կարևոր սպասվող փոփոխություն: Արդարադատության նախարարությունում մշակվել է բարեփոխումների փաթեթ, որով նախատեսվում է ՀՀ-ում ներդնել «մեկ կանգառ, մեկ պատուհան» սպասարկման գրասենյակներ:
«Դրանցում լինելու են բոլոր անհրաժեշտ ծառայությունների ներկայացուցիչները: Եթե քաղաքացին կունենա որևէ խնդիր մեկ այլ մարմնի հետ կապված, ապա ստիպված չի լինի ժամանակ կորցնել, դռնեդուռ ընկնել: Դա հնարավորություն կտա քաղաքացուն իր հարցը տեղում բարձրացնել, պարզաբանում ստանալ, սպասարկվել և այլն: Այսինքն՝ գործողությունները մեկ տեղում են արվելու: Սա աննախադեպ փոփոխություն է, օրինակ, քաղաքացիություն ստացող անձինք մեկ տեղում կարող են ունենալ իրենց մտահոգող բոլոր հարցերի պատասխանները: Տարիներ շարունակ կուտակվել են խնդիրներ, ժամանակն է քայլ առաջ կատարել, սպասարկման որակը բարձրացնել, որ քաղաքացին պատշաճ ծառայություն ստանա»,-ասաց Մնացական Բիչախչյանը:
Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:41 - 05 մարտի, 2020