«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելը բացասական ազդեցություն է ունենալու ոլորտի վրա, դա անընդունելի է. Բորիս Նավասարդյան |tert.am|
tert.am: Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելը բացասական ազդեցություն է ունենալու ոլորտի վրա, ինչն իհարկե անընդունելի է: Այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծին:Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր, ու աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն: Ըստ նախագծի՝ 2020թ. հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները:Բորիս Նավասարդյանը նշեց, որ առաջին հիմնական խնդիրը, որ այդ նախագծում տեսնում է, հանրային մուլտիպլեքսի մենաշնորհի պահպանումն է և շատ քիչ հավանականություն կա, որ այդ կարգավորմամբ մասնավոր մուլտիպլեքսներ էլ կձևավորվեն: «Երկրորդ խնդիրը վերգետյա հեռարձակման համար մրցույթների պահպանումն է, որն այսօրվա տեխնոլոգիաների զարգացման պայմաններում նոնսենս է»,-ասաց նա:Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց, որ գոնե այն տարբերակում, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է, բավականին շատ և ոչ հիմնավորված սահմանափակումներ են նախատեսված բովանդակությանը վերաբերող, որոնք չափազանց խիստ են և նույնիսկ կարգավորման առումով իրատեսական չեն: «Ապահովելը, որպեսզի բոլոր հեռուստաընկերությունները ներառված լինեն հանրային մուլտիպլեքսում և բովանդակային պահանջներին համապատասխանելիության վերահսկումը իրականանալի չէ: Այդ սահմանափակումներն արդյունավետ իրացնել հնարավոր չէ»,-ասաց նա և չբացառեց, որ մինչև երկրորդ ընթերցում բավականին փոփոխություններ կլինեն նախագծում:
Շարունակությունը՝ tert.am-ում
16:30 - 01 հուլիսի, 2020