ՄԱԿ ԱԽ-ն հենց այն կառույցն է, որն ունի լիազորություններ, որպեսզի կանխարգելի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը․ Արցախի ԱԳ նախարար
|tert.am|
tert.am: Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որոնք ՄԱԿ անվտանգության խորհրդի նսիտին հստակ ձևակերպումներ են տվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ։
«Միևնույն ժամանակ մտահոգություններ ունենք մի շարք երկրների կողմից, որ փորձեր են կատարվել ինչ-որ հավասարության նշաններ դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, տրանսպորտային կոմունիկացիաների միջև, ինչն անթույլատրելի է։ Եվ որը չի համապատասխանում Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի 2020 թվականի փաստաթղթով սահմանված պարամետրերին»,- ասաց Ղազարյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ։
Արցախի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ՄԱԿ արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ ԱԽ-ն հենց այն կառույցն է, որն ունի և՛ նման իրավասություն, և՛ նման լիազորություներ, և՛ նման կարողություններ, որպեսզի կանխարգելի այն ցեղասպան քաղաքականությունը, որը «մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից»։
19:07 - 17 օգոստոսի, 2023