Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն օգոստոսի 30-ին Կոռնիձորում հանդիպել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի և նրա գլխավորած պատվիրակության հետ, ովքեր Հայաստան են ժամանել՝ Ֆրանսիայից Արցախ ուղարկվող հումանիտար բեռն ուղեկցելու և տեղում իրավիճակը գնահատելու նպատակով։
Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի մի շարք շրջանների ղեկավարներ ու քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Սերգեյ Ղազարյանն ի դեմս Ան Իդալգոյի իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիներին աջակցելու ուղղությամբ գործուն քայլերի և Ադրբեջանի անօրինական գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին ամենատարբեր մակարդակներով հետևողականորեն բարձրաձայնելու համար։
«Հատկանշական է, որ տարբեր, երբեմն հակադիր քաղաքական հայացնքներ ունեցող ֆրանսիացի քաղաքական գործիչներ միասնական դիրքորոշում են որդեգրել Արցախի ժողովրդին աջակցելու հարցի շուրջ»,- ընդգծել է նախարար Ղազարյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում տարբեր բնագավառներում առաջացած աղետալի իրավիճակը և դրա հանգուցալուծմանն ուղղված աշխատանքները։
Սերգեյ Ղազարյանը կարևորել է Ադրբեջանի ցեղասպան գործողություններին միջազգային հանրության կողմից հստակ քաղաքական ու իրավական գնահատական տալը և համապատասխան գործիքակազմի կիրառումը, այդ թվում՝ անհատական պատժամիջոցների ձևով, ինչը հնարավորություն կտա կանխելու Արցախում վերահաս ողբերգական զարգացումները:
comment.count (0)