Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության մեկնարկի մասին շրջանառվող լուրերը
 |armenpress.am|
19:59 - 01 օգոստոսի, 2023

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության մեկնարկի մասին շրջանառվող լուրերը |armenpress.am|

armenpress.am: Արցախի ԱԳՆ-ն, ընդունելով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մեկնարկի շուրջ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հանրային հետաքրքրության կարևորությունը՝ միևնույն ժամանակ նպատակահարմար չի համարում մեկնաբանություններ անել ոչ իր պատճառով չկայացած առանձին հանդիպումների վերաբերյալ։ Այս մասին նշել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում տարածվող լուրերի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցի:

«Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկելու Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ: Ավելին, արցախյան կողմն, իր հերթին, պարբերաբար հանդես է գալիս միջնորդների մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման նախաձեռնություններով և առաջարկներով»,- հավելեցին Արցախի արտգործնախարարությունից:

Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք հայտնեցին, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից:

«Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար: Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով»,- նշեեցին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ ավելացնելով, որ նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել