Ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովումը իրականությունից կտրված տեսլական է․ Արցախի ԱԳ նախարար
11:48 - 19 օգոստոսի, 2023

Ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովումը իրականությունից կտրված տեսլական է․ Արցախի ԱԳ նախարար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը օգոստոսի 17-ին տեղի ունեցած արտակարգ ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Հարց. Ինչպե՞ս կնկարագրեք հումանիտար իրավիճակն Արցախում:

Պատասխան. Ինչպես գիտեք, այսօրվա մեր ասուլիսի ձևաչափը փոխվել է, քանի որ րոպեներ առաջ ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ, և իմ գործընկերները չեն կարողացել Ստեփանակերտից միանալ ասուլիսին:

Ինչպես տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, արդեն ունենք սովամահության դեպք: Մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, այդ վտանգը գնալով ավելի է լուրջ դառնալու՝ հաշվի առնելով, որ շատ սահմանափակ կարողություններ ունենք։

Միևնույն ժամանակ, հաշվի առնենք, որ վառելիքի պակասությունը շատ ծանր վնասներ է հասցնում կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտերին՝ սկսած առողջապահության համակարգից մինչև գյուղատնտեսություն։ Ինչպես նշվել է պարոն Օկամպոյի զեկույցում, այո, Ադրբեջանը շատ գիտակցաբար է սովի մատնելու գործինքն ընտրել, և միայն ու միայն միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու պարագայում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական կողմին։

Հարց. Ի՞նչ կարող են անել միջազգային կառույցները, կոնկրետ ՄԱԿ-ը՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Կա՞ մի բան, որ ակնկալում եք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերից

Պատասխան. Ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և սա արդեն ողջունելի է։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեր շնորհակալությունը փոխանցել այն երկրների ներկայացուցիչներին, որոնք հստակ ձևակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը։

Միևնույն ժամանակ մտահոգություն ունենք մի շարք երկրների կողմից Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, ինչ-որ տրանսպորտային կոմունիկացիաների միջև հավասարության նշաններ դնելու փորձերի առնչությամբ, ինչն անթույլատրելի է և չի համապատասխանում Լաչինի միջանցքի՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված պարամետրերին։ Այստեղ պետք է նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ այս արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է:

Կարողությունների առումով նշեմ, այո՛, ՄԱԿ-ի ԱԽ-ն այն կառույցն է, որն ունի և՛ նման իրավասություն, և՛ լիազորություններ՝ կանխարգելելու այն ցեղասպան քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից։

Հարց. Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Արցախի վերաբերյալ տարածած փաստաթուղթը և երեկվա հայտարարությունը որևէ կերպ կմեկնաբանե՞ք:

Պատասխան. Այդ հարցի վերաբերյալ կնշեմ, որ պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել։ Հուլիսի 27-ի Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականի, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովումը։ Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա:

Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետևանքները՝ այն պարագայում, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի, ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ՝ այդ թվում և ուժի կիրառման մասին, տեսնելով՝ ինչպես է ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ միջնորդ որևէ հիմք չունի պնդելու, որ նման տեսլականների առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել։

Հարց. Ի՞նչ կարող են անել ԱՄՆ Կոնգրեսն ու Պետական դեպարտամենտը՝ օգնելու կանխարգելել ցեղասպանությունն ու լուծելու այս կոնֆլիկտը։ Կա՞ն արդյոք կոնկրետ քայլեր, որոնք պետք է արվեն։

Պատասխան. Ես շատ կարճ կանդրադառնամ։ ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի ԱԽ-ն, հատկապես մշտական անդամ երկրներն այն պետություններն են, որոնք ունեն կանխարգելման գործիքակազմ: Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի ուղերձում հստակ նշված է, թե ինչ ակնկալիքներ ունենք։

Առաջին հերթին պետք է հստակ քաղաքական գնահատական տան, հստակ իրավական բնորոշում տան ստեղծված իրավիճակին։ Արդեն իսկ նման գնահատականներ և բնորոշումներ ստանալուց հետո այդ գործիքակազմն ինքնին ի հայտ կգա, խոսքը և՛ պատժամիջոցների, և՛ այլ տեսակի դիվանագիտական, քաղաքական գործիքների մասին է։

Հարց. Պարոն Ղազարյան, ինչպե՞ս եք տեսնում Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունները:

Պատասխան. Արցախյան կողմն ամենաշահագրգիռն է, որպեսզի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով մենք կարողանանք հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը։ Այստեղ ուղղակի մի քանի կարևոր հանգամանք պետք է նշենք:

Առաջինը, նման բանակցությունները պետք է ընթանան միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա ներգրավված կողմերին տեսնելու, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։

Երկրորդը, պետք է ամրագրվեն հստակ երաշխիքներ, որ կողմերը ստանձնած պարտավորությունները կատարելու են՝ հաշվի առնելով, որ մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, և որը չի գործում:

Ինչ վերաբերում է այն առաջարկներին, որ ստացել ենք երրորդ երկրի տարածքում հանդիպելու, այո՛, օգոստոսի սկզբին նախատեսվում էր նման հանդիպում, արցախյան կողմն ընդունել է առաջարկը, ադրբեջանական կողմը չեղարկել է մասնակցությունը, և մենք ստացել ենք Եվլախում հանդիպելու մասին առաջարկ։ Բայց, ինչպես տեղյակ եք, մեր հայրենակիցը՝ Վագիֆ Խաչատրյանը, ԿԽՄԿ-ի միջոցով Հայասատան տեղափոխվելու ընթացքում առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից: Դրանից ելնելով՝ ինչ-որ հանդիպումներ, հատկապես առանց միջազգային միջնորդների, առանց երրորդ կողմի ներկայության, Ադրբեջանի տարածքում, անհնար են։

Ավելացնեմ նաև, որ արցախյան կողմը ռուսական խաղաղապահների միջոցով պարբերաբար փոխանցում է հանդիպումների մասին առաջարկներ, որոնք անտեսվում են ադրբեջանական կողմից։ Տեղյակ եք, որ վերջին այդպիսի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական և հումանիտար բնույթի հարցեր, բայց ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել այդ հանդիպման բովանդակային մասը, և մարտի 5-ին մենք տեսել ենք ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք ոստիկան զոհվել է և մեկը վիրավորվել։

Հարց. Երեկ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ Արցախ բեռների տեղափոխման համար առաջարկվել է ոչ միայն Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ, այլև Ֆիզուլի-Շուշի երթուղու տարբերակը: Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ:

Պատասխան. Պետք է նշենք, որ այդ իսկ քայլով կլեգիտիմիզացվի Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակման ապօրինի գործողությունները։ Ադրբեջանը հստակ ուզում է, որպեսզի Հայաստանի և Արցախի միջև կապը կտրի՝ արգելափակելով Լաչինի միջանցքը: Եվ երկրորդը՝ որևէ միջազգային օգնություն չպետք է նսեմացնի մարդու արժանապատվությունը։ Հետևաբար, եթե Ադրբեջանը ստեղծել է նման ծանր իրավիճակ՝ միտումնավոր սովի մատնելով ավելի քան 120 000 մեր հայրենակիցների, կեղծ փորձերը՝ ներկայանալ մարդասիրական քողի տակ, անընդունելի են:

Սա ոչ միայն Արցախի իշխանությունների, այլ նաև մեր քաղաքացիների դիրքորոշումն է։ Ինչպես տեղյակ եք, երեկ արցախյան մի շարք ՀԿ-ներ անդրադարձել են այս հարցին և նշել, որ սա ուղղակի անընդունելի է։ Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միջև անթույլատրելի է»,- նշված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել