Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև երկար տարիների համագործակցությունը և հետագա համատեղ անելիքները: Հարկ է նշել, որ անկախության տարիներից ի վեր` հիմնադրամը մշտապես աջակցել է, մասնավորապես իմունականխարգելման, մանկական տրավմատիզմի, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող ծրագրերին, իսկ վերջին տարվա ընթացքում օժանդակությունն ուղղված է եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: «Հայաստանի համար շատ կարևոր էր անցյալ տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը, հատկապես` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և Արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը: Հուսով եմ, որ ընթացքի մեջ գտնվող առողջապահական ծրագրերը կյանքի կկոչվեն հնարավորինս առաջիկայում և կօգնեն հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:  Մարիան Քլարկ–Հաթինգը նշել է, որ հոգեկան առողջությունը գերկարևոր ուղղություններից է` հաշվի առնելով նախորդ տարի ստեղծված իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդությամբ և պատերազմով պայմանավորված: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված երեխաների բժշկական օգնության կազմակերպման, կրթության իրավունքի և հոգեկան առողջության խնդիրների լուծման ուղղությամբ` հավելելով, որ այդ հարցերի լուծումն առաջնային է: Կողմերը խոսել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի, դրանց ձեռքբերման և հասանելիության վերաբերյալ` նշելով, որ տվյալ հարցում համագործակցություն կարող է ծավալվել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
09:41 - 06 փետրվարի, 2021
Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ՝ այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. ՀՀ առողջապահության նախարար

Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ՝ այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. ՀՀ առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:  Մաքսիմ Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքներով:  Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին` Անահիտ Ավանեսյանը նշել է. «Հայկական կողմը թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո կազմակերպել է ադրբեջանական կողմի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը: Այնինչ, այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան և այդ առումով ակնկալում ենք միջազային ատյանների ճնշումը` օր առաջ նրանց վերադարձը կազմակերպելու հարցում»:  Հյուրերը ներկայացրել են նաև Հայաստանում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի իրականացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել արձագանքել նախարարության կողմից ներկայացվող կարիքներին:  Կողմերը դիտարկել են Հայաստանին ընձեռված հնարավորությունը՝ լինելու առաջին երկիրը, որտեղ իրականացվում է այսպիսի ծրագիր: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ ներկայումս նախապատրաստվում են կենսաբժշկության ոլորտում անդամ-պետությունների հետ բազմակողմանի և բազմաչափ համագործակցության նոր նախագծեր:
22:08 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն աշխատանքային այցով եղել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության պայմաններին, առկա հնարավորություններին և վերջին շրջանում կատարված բարեփոխումներին:   Կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է վերակենդանացման և այն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորները: Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:   Ոլորտի պատասխանատուները եղել են նաև գլխուղեղի սուր կաթվածի բուժման ծրագրի իրականացման համար առանձնացված ընդունարանում, հանդիպել «Աստղիկ» բժշկական կենտրոնի թիմի հետ: Նշենք, որ փետրվարի 1-ից կենտրոնը միացել է պետական ծրագրին:   Շրջայցի ընթացքում նախարարն ու փոխնախարարը նաև ծանոթացել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին: Ասատուր Ասատրյանը ներկայացրել է կենտրոնի առաջիկա զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները:
12:27 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ցուցաբերված աջակցության համար` ընդգծելով, որ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը պատերազմական այս բարդ իրավիճակում մշտապես եղել է մեր կողքին: Հիմնադրամը զգալի ներդրում է ունեցել Հայաստանի բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության բարելավման հարցում: «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը նախարարության հետ համագործակցությունը բարձր է գնահատել և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի: «Ճիշտ է պատերազմն ավարտվել է, սակայն հետևանքները դեռ մնացել են: Այդ առումով ծանր տարի է սպասվում, ուստի ողջունում ենք մեր բարեգործ-հայրենակիցներին, ովքեր այստեղ չեն ապրում, սակայն ամեն կերպ աջակցում են: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգնել այն զինվորներին, ովքեր ստացել են ծանր վիրավորում և պետք է անցնեն վերականգնողական կուրս: Այս առումով անգնահատելի է ձեր աջակցությունը», - նշել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին նախարարը «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս նախագահ Տատյանա Հովհաննիսյանի, պարգևատրել է պատվոգրով` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և ռազմական դրությամբ պայմանավորված անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար:
19:17 - 04 փետրվարի, 2021