Հնդկաստան

«Ունենք կոնկրետ պատկերացումներ, թե ինչի շուրջ պիտի համագործակցենք». վարչապետն ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին

«Ունենք կոնկրետ պատկերացումներ, թե ինչի շուրջ պիտի համագործակցենք». վարչապետն ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և նրա գլխավորած պատվիրակությանը:Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, պատվիրակության հարգելի անդամներ, Ողջունում եմ բոլորիդ: Մենք մշտապես կարևորել ենք Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները և մշտապես ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ Դուք Հնդկաստանի առաջին արտաքին գործերի նախարարն եք, որ այցելում է Հայաստան: Դա իսկապես շատ զարմանալի է, որովհետև տպավորություններն այնպիսին են, թե Հնդկաստանը Հայաստանում և Հայաստանը Հնդկաստանում շատ տեսանելի են ներկայացված: Բայց երևի թե այդ փաստն իր մեջ ունի որոշակի խորհրդանիշ, և բաց թողած ահագին աշխատանք ունենք, որ պետք է լրացնենք:Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Ձեր հանձնառության համար՝ ակտիվացնելու մեր աշխատանքները: Ես հիշում եմ՝ Դուշանբեում մեր ԱԳ նախարարի հետ ձեր հանդիպումից հետո մենք զրույց ենք ունեցել, և իր գնահատականը նույնպես այն է եղել, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք, որոնք գուցե պատշաճ չենք օգտագործել, և հիմա պետք է ամեն ինչ անենք՝ բաց թողնվածը լրացնելու համար: Բայց նաև ուզում եմ իմանաք, որ մենք ոչ միայն պատրաստակամություն ենք ուզում արտահայտել, այլ ունենք կոնկրետ պատկերացումներ և առաջարկություններ, թե ինչի շուրջ և ինչի վերաբերյալ պիտի համագործակցենք: Պետք է ընդգծեմ, որ այդ մտադրությունը, մթնոլորտը և օրակարգն  արձանագրել ենք նաև վարչապետ Մոդիի հետ 2019 թվականին՝ Նյու Յորքում մեր ունեցած հանդիպման ժամանակ և այն ժամանակ պայմանավորվեցինք, որ արդեն կոնկրետացնենք մեր գործողությունները: Բայց գիտեք, ցավոք, կորոնավիրուսը հաջորդ պահին վրա հասավ: Մենք սովորել ենք կորոնավիրուսի պայմաններում աշխատել, և հույս ունեմ՝ առաջ կգնանք:Պարոն նախարար, կրկին ողջունում եմ Ձեր այցը Հայաստան և հույս ունեմ, որ այն պատմական կլինի ոչ միայն վիճակագրական, այլև բովանդակային առումով»: Իր հերթին Հնդկաստանի արտգործնախարարը նշել է.«Շնորհակալ եմ, Ձերդ Գերազանցություն: Պարոն վարչապետ, նախևառաջ թույլ տվեք Ձեզ փոխանցել վարչապետ Նարենդրա Մոդիի ողջույնները: Նա հիշում է 2019 թվականին Ձեզ հետ ունեցած իր հանդիպումը և շատ է կարևորում իմ այս այցը:Ձերդ Գերազանցություն, անկեղծ ասած, ես նույնպես շատ զարմացած էի՝ տեղեկանալով, որ Հնդկաստանի արտաքին գործերի ոչ մի  նախարար չի այցելել Հայաստան։ Ես բացահայտեցի այդ փաստը, երբ առաջին անգամ հանդիպեցի իմ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին Դուշանբեում: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ եթե անգամ տեղի չի ունեցել այն, ինչ ժամանակին պետք է լիներ, այսօր առկա է  մեծ ուշադրություն մեր կարևոր հարաբերությունների վրա: Համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր միջև կա շատ լավ տրամադրվածություն, պատմություն, բայց պետք է անցնենք գործնական և շոշափելի քայլերի՝ մեր հարաբերություններն առաջ մղելու համար»:ՀՀ վարչապետը ողջունել է Հնդկաստանի գործնական տրամադրվածությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ փոխշահավետ նոր նախաձեռնություններով հարստացնելու հայ-հնդկական գործակցությունը:Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Հնդկաստան քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և պետք է ավելի շատ կենտրոնանալ տնտեսական ծրագրերի վրա՝ հաշվի առնելով տնտեսական չիրացված մեծ ներուժի առկայությունը: Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջարկել է գործարար համաժողով կազմակերպել կամ բիզնես առաքելություն ուղարկել Հայաստան: Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ գաղափարը՝ այն համարելով տեղում ՀՀ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հայ-հնդկական գործարար կապերն ակտիվացնելու փոխշահավետ հնարավորություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել:Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը հայ-հնդկական գործընկերության հաջող օրինակ են համարել կրթական համագործակցությունը և համակարծիք եղել, որ այդ օրինակով պետք է զարգացնել կապերը ենթակառուցվածքների, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության և այլ ոլորտներում:Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ իր այցով սկիզբ կդրվի հայ-հնդկական նոր ինտենսիվ գործընկերությանը:
17:33 - 13 հոկտեմբերի, 2021
Նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք է բերվել. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |1lurer.am|

Նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք է բերվել. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումը: Այս մասին այսօր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Պետք է մեր գոհունակությունը հայտնեմ այն փաստի առթիվ, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում կամ դրա աշխատանքներին զուգահեռ համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ինչպես առանձին ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ համանախագահների և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը: Մենք ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ հանդիպման ընթացքում: Քննարկել ենք ու փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, հայկական մշակութային հուշարձանների մատչելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ, ապա հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի՝ ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին: Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան»,- ասաց Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց նաև լրագրողներից մեկի այն հարցին՝ արդյո՞ք որպես նյույորքյան հանդիպումների շարունակություն՝ նախատեսվո՞ւմ է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: «Հանդիպումներ նախատեսվում են, առնվազն պայմանավորվածություն՝ գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու, ձեռք է բերվել»,- ասաց Միրզոյանը:
13:28 - 13 հոկտեմբերի, 2021
Հնդկաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծմանը. Ջայշանկար |armenpress.am|

Հնդկաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծմանը. Ջայշանկար |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:   Այս մասին ասաց Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ ՋայշանկարըԵրևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին: «Մեր դիրքորոշումը շատ հետևողական է: Բախումներից սկսած մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:  Հնդկաստանը միշտ խաղաղության և կայունության կողմնակիցն  է այս տարածաշրջանում»,- ասաց  Ջայշանկարը: Նա նկատեց՝ անցյալ տարի Հայաստանն անցել է շատ դժվար փուլով: Նախարարը Հնդկաստանի կառավարության, ժողովրդի անունից խորը ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին: Անդրադառնալով Հայաստան իր առաջին այցին՝ նախարարն ասաց, որ դա երկու երկրների միջև համագործակցության համար նոր փուլի սկիզբ է: ԱԳ նախարարը շեշտեց, որ երկու երկրների  բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ միջնադարից սկսած: Ջայշանկարն ընդգծեց, որ Հնդկաստանում ունեն հայկական ժառանգություն, եկեղեցիներ, կրթական հաստատություններ, գերեզմանոցներ, հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ և հարգանքով: Նա ընդգծեց նաև Հնդկաստանի պատմությանը հայկական համայնքի բերած մեծ նպաստի մասին: Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի հետ իր հանդիպմանը՝ նա ասաց, որ շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել: «Մենք ուրվագծեցինք մեր համապարփակ երկկողմ հարաբերությունները, քննարկեցինք երկկողմ հարցերը, հիմնականում համաձայնեցինք հետագա համագործակցության և փոխանակումների վերաբերյալ: Համաձայնեցինք, որ մեր երկկողմ հարաբերություններն ընդլայնվել են մշակութային, քաղաքական ոլորտներում: Դեռևս մեծ հնարավորություն կա՝ ընդլայնելու տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, ներդրումների ոլորտներում»,- ասաց նա: Հնդկաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ներկայում էլ քննարկումներ են գնում ԵԱՏՄ-ի հետ Հնդկաստանի առևտրի համաձայնագրի ուղղությամբ: Նա կարևորեց նաև երկրու երկրների գործարարների համագործակցության խթանումը: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև փոխադարձ չվերթների հավանականության հարցը: «Հայաստանը դիտարկում ենք որպես սերտ համագործակցող երկիր»,- ընդգծեց Հնդկաստանի ԱԳ նախարարը:
12:48 - 13 հոկտեմբերի, 2021