Արցախյան պատերազմի հետևանքներին հակազդելու ուղղությամբ հատկացված միջոցները 2021-ին կազմել են ՀՆԱ-ի 1.9 տոկոսը. փոխնախարար
|armenpress.am|
armenpress.am: ՀՀ 2021 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: Այս մասին կառավարության նիստին ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, նա նշեց, որ հարկաբյուջետային, դրամավարկային տնտեսական քաղաքականությունների համադրության արդյունքում 2021 թվականին ՀՆԱ-ն կազմել է 5.7 տոկոս՝ տարեսկզբի կանխատեսվող 3.2 տոկոսի դիմաց:
«Հարկային եկամուտների մակարդակի բարելավման արդյունքում գերակատարվել է հարկային եկամուտների և տուրքերի պլանը՝ 147 միլիարդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14.5 տոկոսով, ինչի արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0.3 տոկոսային կետով, և 2021 թվականին արձանագրել ենք պատմական ամենաբարձր 22.7 տոկոս հարկեր-ՀՆԱ մակարդակ»,- ասաց նա:
Հայրապետյանը նշեց, որ 2021 թվականին պլանավորված պակասուրդի ֆինանսավորման համար իրականացվել են քայլեր՝ լավ պայմաններով պարտք ներգրավելու համար: «Կառավարությունը 2021 թվականի սկզբին կարողացավ հաջողությամբ հասնել եվրոբոնդերի թողարկման և տեղաբաշխման հարցում սուվերեն թողարկումների ամենացածր եկամտաբերությունը արձանագրելով: Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմեց 3.875 տոկոս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 3.6»,- հավելեց նա :
Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ պարտքի բեռի նվազմանը զուգահեռ բարելավվեց նաև պարտքի կառուցվածքը, դրամային պարտքի կշիռը կանխատեսված 27.5 տոկոսի փոխարեն հասավ 28.8 տոկոս մակարդակի:
«2021 թվականին նախատեսվածից ավել է ծախսվել 153 միլիարդ դրամ: 2021 թվականի կառավարության կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ տարեկան պլանի նկատմամբ կատարվելով 100 տոկոսով՝ կազմելով 216 միլիարդ դրամ»,-ասաց նա, հավելելով, որ արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հակազդման ուղղությամբ հատկացված միջոցները կազմել են 132.9 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի 1.9 տոկոսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ առայժմ շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով:
17:43 - 22 ապրիլի, 2022