Սահմանային լարվածություն Տավուշում

2020 թվականի հուլիսի 12-ին, ժամը 12։30 Տավուշի մարզի հայկական դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա։ Ադրբեջանցի զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 

Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ 

Հուլիսի 13-ին հակառակորդը նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսել է հրետակոծությունը։ 

Նույն օրը Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ 

Հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերվանից հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ DDoS հարձակման տակ են եղել։ 

Հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե: 

Հուլիսի 13-ին մարտական պայմաններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ-ի՝ դրանք փայլուն արդյունքներ են գրանցել:

Հուլիսի 13-ի, լույս 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ 

Հուլիսի 14-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել։ Ժամը 12-ի մոտակայքում հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում են գործել gov.am, e-gov.am եւ primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիեւի ուղերձը եւ Մուբարիզ Իբրահիմովի նկարը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 11 սպանվածի մասին․ կորուստների թվում կա նաեւ երկու մայոր: 

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Առանձնատունը վնասվել է, վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: 

Հուլիսի 14-ին հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ 

ՀՀ ԶՈՒ-երի խոցած ԱԹՍ-ն «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքն է, որն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար։ Սա աշխարհում այս տիպի ԱԹՍ-ի առաջին հայտնի խոցումն է:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Գնդակոծության հետեւանքով վնասվել է 7 տուն: 

Հուլիսի 14-ի երեկոյան հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Զինծառայողներն առաջնագծում չեն եղել։

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ի սահմաններում սահմանում տիրել է հարաբերական անդորր։

Հուլիսի 14-ին հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները։

Հուլիսի 14-ին Monte Melkonian Cyber Army-ն կոտրել եւ հրապարակել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների եւ այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

Հուլիսի 14-ին, Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ 

Հուլիսի 14-ին, ժամը 18։00-ից սկսված հարաբերական անդորրը պահպանվել է նաեւ հուլիսի 15-ի առավոտյան։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ 

Հուլիսի 15-ին պահպանվել է հրադադարի ռեժիմը։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է եղել։

Հուլիսի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ 

Հուլիսի 15-ին, ժամը 05:20-ին ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է նաեւ առավոտյան։ 

ՄԻՊ 2-րդ զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ

ՄԻՊ 2-րդ զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ

Երկրորդ միջանկյալ զեկույցն ենք անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։ Հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:Զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայանքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:
13:15 - 15 հուլիսի, 2020
Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրգործ

Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրգործ

2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակ  է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող  առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին  չի հասցվել, իսկ  նշված առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են: Դեպքի առթիվ նույն օրը  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն։
13:00 - 15 հուլիսի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Արտգործնախարարները քննարկեցին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերի: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող գնահատեց հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն:
11:44 - 15 հուլիսի, 2020