#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Կայացավ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը

Կայացավ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր տեղի ունեցավ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի օրակարգը հաստատելուց հետո մասնակիցները կողմ քվեարկեցին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ստեղծմանը, որից հետո ելույթ ունեցան կուսակցության հիմնադիր անդամները։ Հիմնադիր անդամներից Դավիթ Սանասարյանն իր ելույթը սկսեց՝ անդրադառնալով երեք տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ «Ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և ընդունեց իր սխալը։ Հենց այս օրը փողոցները ողողված էին հաղթանակի բերկրանքի, հուզմունքի, ուրախության ճիչերով»։ Սանասարյանի խոսքով՝ անցել է երեք տարի, բայց մեր երազանքները մնում են անկատար․ «Այո՛, կատարվել են փոփոխություններ, բայց դրանց ծավալն ու բովանդակությունը չեն համապատասխանում հեղափոխական հարթակից ու այլ ամբիոններից տված մեր խոստումներին։ Երեք տարին բավարար ժամանակ էր՝ իրականացնելու համակարգային լուրջ փոփոխություններ»։  Սանասարյանի խոսքով՝ կառավարությունը կարող էր փոփոխություններր իրականացնել Զինված ուժերում, դատաիրավական համակարգում, իրավապահ մարմիններում և առանցքային այլ ոլորտներում, բայց անկարող է եղել և հիմա էլ է անկարող։ Խոսելով Արցախյան հակամարտությունից և բանակցային գործընթացից՝ Դավիթ Սանասարյանը նշեց․ «Հայաստանի նման փոքր երկրի անվտանգության բարձրացման գրավականներից մեկն իր սուբյեկտայնությունն ու արտաքին քաղաքական որոշումներ կայացնելու արդյունքում ինքավարության մակարդակի բարձրացումն է, ասել է թե՝ որևէ երկրից միակողմանի արտաքին կախվածության ֆոնը թուլացնելու, հավասարակշռելու կարևորությունն է։ Մեզ համար ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում ռազմավարական առաջնահերթություններից է նաև երկրի սուբյեկտայնության և ինքնիշխանության մակարդակի էական բարձրացումը, ինչն իր հերթին կբարձրացնի Հայաստանի արտաքին քաղաքական կշիռը և հետևաբար՝ նաև անվտանգությունը»։ Սանասարյանը նշեց, որ իրենց կուսակցությունն Արցախի հարցի լուծումը տեսնում է Արցախի Հանրապետության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային իրավունքի շրջանակներում․ «Մենք տեսնում ենք Հայաստանում այնպիսի հզոր պետության կառուցման հնարավորություն, որը կկարողանա ապահովել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ապա և վերամիավորումը Մայր Հայաստանին»։ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք համագործակցելու են այնպիսի ուժերի հետ, որոնք չունեն արատավոր անցյալ, որոնց պատասխանատու դեմքերը պետության առջև հանցագործություն չեն իրականացրել․ «Մենք մերժում ենք «հինգերորդ շարասյուն» հանդիսացող ուժերի միութենական նկրտումները»։ Համագումարի ժամանակ ընդունվեցին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ծրագիրը և  կանոնադրությունը։ Աննա Սահակյան
23:51 - 23 ապրիլի, 2021
Ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև․ մենք գիտենք, թե երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ուղղակի այս հարցում վստահեք ինձ․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր աջակիցներին |tert.am|

Ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև․ մենք գիտենք, թե երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ուղղակի այս հարցում վստահեք ինձ․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր աջակիցներին |tert.am|

tert.am: Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասել է  Ռոբերտ Քոչարյանը։«Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ, կամ հնարավոր այն դաշինքի հետ, որ ես եմ գլխավորելու, իրենք իմ դեմ քարոզչություն են անում, իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձևավորմանը։ Ես գիտեմ, որ շատերի մոտ կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել, և մենք հետ ենք մնում․ հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մենք մեր քայլերով առաջ ենք գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները»,– ասաց նա։Նա նշեց, որ ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև։ «Մենք ի՞նչ ենք ուզում, մենք ուզո՞ւմ ենք պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա  և թշվառ ապագա, քանի որ տնտեսությունը բավականին ծանր վիճակում է, թե՞ մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն և բարեկեցիկ կյանք։ Սա է լինելու ընտրությունը, ցավոք էլի սև ու սպիտակի է վերածվելու, կոնտրաստի իմաստով եմ ասում, ոչ թե այն իմաստով, որը միշտ այս իշխանությունն էր օգտագործում։ Հիմա եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ ապագա, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»,–ասաց նա։
16:44 - 23 ապրիլի, 2021
Կայացավ «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը․ կուսակցությունն առաջիկայում կհայտնի իր դիրքորոշումները տարբեր թեմաների վերաբերյալ

Կայացավ «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը․ կուսակցությունն առաջիկայում կհայտնի իր դիրքորոշումները տարբեր թեմաների վերաբերյալ

Այսօր կայացավ «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի սկզբում ելույթ ունեցավ Մհեր Տերտերյանը։ Նա նշեց, որ կուսակցությունն իր առջև նպատակ է դրել շատ կարճ ժամանակում ճանաչելիություն ձեռք բերել: «Մենք հրաժարվում ենք դատապարտել գործող և նախկին իշխանություններին, ժամանակը չէ, որ թողնենք մեր վտանգված ապագան և քննադատենք Պողոսին կամ Պետրոսին»,- ասաց Տերտերյանը: Նրա խոսքով՝ իրենց կուսացությունը նախատեսում է հանդիպումներ ունենալ բիզնես հատվածի, զինվորականների հետ, այցելել մարզեր, գյուղացիների հետ հանդիպել և նրանց խնդիրները հավաքագրել։ Մհեր Տերտերյանը նշեց, որ իրենց կուսակցությունն արդեն սկսել է աշխատել կառավարության ծրագրի վրա։ «Միասնական հայրենիք»-ն առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումները տարբեր թեմաների վերաբերյալ։ Տերտերյանի ելույթից հետո հիմնադիր համագումարին ներկա եղողները միաձայն կողմ քվեարկեցին, որ հիմնադրվի «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Մհեր Տերտերյանն առաջադրվեց որպես կուսակցության նախագահ։ Նա ևս ընտրվեց միաձայն։ Կուսակցության նախագահի ընտրությանը հաջորդեց վարչության անդամների փակ, գաղտնի քվեարկությունը։ Ձայների մեխամասնությամբ վարչության անդամեր ընտրվեցին Նաիրի Իսրայելյանը, Լուսինե Ավագյանը, Էդուարդ Աբովյանը, Տիգրան Պարսամյանը, Մելիք Փինաչյանը, Ավետիս Հովսեփյանը։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը կմասնակցի սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին։  
15:58 - 23 ապրիլի, 2021
Բանակցություններ որևէ ուժի հետ չունենք. Գորգիսյանը՝ Մարուքյանի՝ նախկին ուժերին ուղղած կոչի մասին |armtimes.com|

Բանակցություններ որևէ ուժի հետ չունենք. Գորգիսյանը՝ Մարուքյանի՝ նախկին ուժերին ուղղած կոչի մասին |armtimes.com|

armtimes.com: «Հայտարարությունն արվել է հրապարակային: Առանձին բանակցություններ որևէ ուժի հետ այս փուլում չունենք: Եթե լինեն բանակցություններ, մենք դա կուլիսային չենք անի»: Այսօր ԱԺ-ում անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին և մյուս ընդդիմադիր ուժերին մի կողք քաշվել, որպեսզի իրենք Փաշինյանի ուժին դարձնեն քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն, ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: «Բայց ես ուզում եմ հիշեցնել 2020 թվականի «Այո», «Ոչ»-ի քարոզարշավին մեր կոչին հետևեցին քաղաքական ուժերը, և ոչ ոք չձևավորեց «Ոչ»-ի ճամբարը, և այդպիսով քարոզարշավը վերացվեց ֆարսի, քանի որ Փաշինյանը չուներ հակառակորդ ում իր սովորության համաձայն պետք է «թաղեր»: Նա ուղղակի չէր կարողանում քարոզարշավ անել»,- նկատեց պատգամավորը: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
13:06 - 20 ապրիլի, 2021
ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ՀՅԴ-ն կմասնակցի դրանց․ հայտարարություն

ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ՀՅԴ-ն կմասնակցի դրանց․ հայտարարություն

ՀՅԴ-ն Գերագույն ժողովից հետո հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում կուսակցությունը մասնակցելու է դրանց։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին եւ ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում է. – մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը, – թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար, – արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար։ Ելնելով վերոհիշյալ հաստատումներից եւ արձանագրումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գեագույն ժողովը որոշեց՝ Ա. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել՝ դրանք դիտարկելով որպես հայրենադավ իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը, Բ. հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձեւաչափի  վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահել ՀՅԴ  Հայաստանի Գերագույն մարմնին։ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն ժողովը կոչ է անում մեր հայրենակիցներին՝ ցանկացած զարգացման պարագայում՝ լինի ընտրություն, թե՝ ոչ, շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը՝ հանուն երկրի ապագայի»։
16:51 - 19 ապրիլի, 2021
«Ընտրությունների քարոզարշավն ու ընտրությունները ցույց կտան` որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը»․ Փաշինյանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

«Ընտրությունների քարոզարշավն ու ընտրությունները ցույց կտան` որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը»․ Փաշինյանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով հասարակության վերաբերմունքի վերաբերյալ հարցին, ասել է, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:«Ընտրությունների քարոզարշավն ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ և լիովին հասկանում ենք նրանց խնդիրները, կարիքներն ու ցանկությունները», - ասել է Փաշինյանը:Նա նշել է, որ հանրությանը ներկայացնելու են այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարեկեցության ապահովմանը: Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հասրակությունը կկարողանա օրինական կառավարություն ձևավորել և իրենք, քաղաքացիների հետ շփումների միջոցով, կներկայացնեն առաջիկա տարիների իրենց ծրագրերը։
17:54 - 06 ապրիլի, 2021
Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների |armenpress.am|

Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 82 կողմ ձայն:  Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել նախագծի՝ իր կողմից լրամշակված տարբերակը: Նախագծից հանվել են կորոնավիրուսով պայմանավորված փոփոխությունների առաջարկները: «Նախագահի աշխատակազմի մեր գործընկերների կողմից արդեն իսկ մեզ տեղեկացվել է, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված իրենք խնդիրներ են տեսնում: Այդ իսկ պատճառով ընդառաջ գնալով՝ բոլոր այդ կարգավորումներից, որոնք պետք է լինեին Ընտրական օրենսգրքում, մենք հրաժարվել ենք»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ նախագծում կատարել են նաև տեխնիկական շտկումներ: Այսպիսով` նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները: Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը: Նախագծի համահեղինակներն են խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը: Մինչև այդ ևս գործում էր համամասնական ընտրակարգ, սակայն ռեյտինգային համակարգի համադրությամբ՝ այսինքն` ռեյտինգային ցուցակներով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր այս փոփոխությանը: ԼՀԿ-ն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը՝ միաժամանակ շեշտելով, որ գործընթացի կեսից՝ այսինքն ընտրությունների մասին պայմանավորվածությունից հետո խաղի կանոններ չեն փոխում: Իշխանությունը վստահեցնում է, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացքը: ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:
18:44 - 01 ապրիլի, 2021
Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը. Էդմոն Մարուքյան |tert.am|

Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սիրելի ժողովուրդ, ձեր անունը տալով, շահարկելով ձեր անունը՝ այս ամբիոնից արվում է ընտրական սխալ քայլ: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ առանց ընդդիմադիր ուժերի՝ ընդունվում է Ընտրական օրենսգիրք և կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում: Սակայն դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը, որովհետև որ ուժն ինքն իր համար Սահմանադրություն է ընդունել կամ Ընտրական օրենսգիրք, ինքն իր գլուխը կտրել է: Այնպես որ, ի գործ, ընդունեք այս օրենսգիրքը և գնացեք այն ճանապարհով, որով գնում եք, մենք ժողովրդին վերադարձնելու ենք և’ նախագահ ընտրելու, և’ քաղաքապետ ընտրելու իրավունքը, և’ պատգամավոր ընտրելու իրավունքը»,-ասաց նա:
14:04 - 01 ապրիլի, 2021
Ռեյտինգային ցուցակը կհանվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

Ռեյտինգային ցուցակը կհանվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ստացավ 83 կողմ ձայն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկա չէր նիստին։ Նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով: Այն հեղինակել են ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը,  Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշել էր, որ քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը։ Էդմոն Մարուքյանն էլ նիստի ընթացքում հայտնել էր, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է այլ բան, այժմ քննարկվում է մեկ այլ բան։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ քննարկումը տեղի կունենա այսօր։
13:31 - 01 ապրիլի, 2021
Օր առաջ պետք է ֆիքսել, որ հունիսի 20-ի ընտրություններին ռեյտինգային ընտրակարգ չի լինելու. պատգամավոր |1lurer.am|

Օր առաջ պետք է ֆիքսել, որ հունիսի 20-ի ընտրություններին ռեյտինգային ընտրակարգ չի լինելու. պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Ցավոք, 2019 թ. ամռանը մեր ծրագրածները կարողացանք իրականացնել մասամբ՝ հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ: «Ընդամենը 10 ամիս առաջ այս նույն դահլիճում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթ ընդունվեց, բայց դա նվիրված էր ՏԻՄ ընտրություններին: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բոլոր խմբակցությունները համահեղինակեցին: Չեմ հիշում այն ժամանակ որևէ մեկին, որ հանդիմաներ, թե ռեյտինգային ընտրակարգն ինչու եք հանում: Մենք ծրագրել էինք՝ ռեյտինգայինը փոխվելու է 2020-ի աշնանը կամ 2021-ի գարնանը, որից հետո մենք արդեն համալիր փոփոխություններ կունենայինք: Ցավոք չեղավ: Հիմա գործում ենք հնարավորինս անելու տրամաբանության մեջ»,- նշեց Դանիելյանը: Նրա խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծից բացի, ունենալու են Ընտրական օրենսգրքի խորքային, բովանդակային փոփոխությունների առանձին նախագիծ: «Մեր հաջորդ նիստերին գալու է այն նախագիծը, որն ուզում եմ մեր «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին հիշեցնել՝ շրջանառության մեջ է դրվել շատ ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտություն է՝ օրենսդրությամբ օր առաջ ամրագրել, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին չի լինելու ռեյտինգային ընտրակարգ:
13:13 - 01 ապրիլի, 2021
Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու մինչև հիմա իշխանությունը չի նախաձեռնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունում |armenpress.am|

Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու մինչև հիմա իշխանությունը չի նախաձեռնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունում |armenpress.am|

armenpress.am: Գործող իշխանությունը իշխանության գալուց հետո մինչև այժմ չի իրականացրել Ընտրական օրենսգրքի էական փոփոխություններ՝ սպասելով նոր Սահմանադրության նախագծի մշակմանն ու ընդունմանը:  Այս մասին ասաց «Իմ քայլի» պատգամավոր, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը՝ նախագծի քննարկմանը անդրադառնալով խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Բաբաջանյանը, որը քննարկվող նախագծի համահեղինակ է, նշեց, որ այն, ինչով հիմա իրենք զբաղված են, ըստ էության, խորհրդարանի և իշխանության ամոթն է: Նա նկատեց, որ հեղափոխությունից երեք տարի է անցել, և իրենք այդ  խայտառակ օրենքով գնում են ճակատագրական ընտրության: «Ի՞նչն էր խանգարում, որ երեք տարի այս ամբողջ ժամանակահատվածում մենք ընդունակ լինեինք նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու»,-հարցրեց պատգամավորը: Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ես ասեմ, թե ինչու ոչ երեք տարի, այլ երկու տարի շարունակ այս փոփոխությունները չէին արվում: Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխություններ նախատեսող մասնագիտացված հանձնաժողով էր ձևավորել: Եվ ըստ էության, երբ որ գործընթացները զարգանում էին այն ուղղությամբ, որ նոր Սահմանադրության նախագիծ էր առաջարկվելու, որով էական փոփոխություններ էին տեղի ունենալու, ճիշտ հերթականությունն այն է, որ տեղի ունենա նոր Սահմանադրության ընդունում, ըստ այդմ  նոր՝ նոր Ընտրական օրենսգիրք ընդունվի»,- ասաց պատգամավորը: Նա նկատեց, որ սակայն քաղաքական իրադարձությունները, երկրի կյանքն այնպես զարգացան, որ այսօր քաղաքական  ճգնաժամ կա, և պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ և ընտրություններից առաջ այդ նվազագույն փոփոխություններն առնվազն պետք է ապահովեն:
13:09 - 01 ապրիլի, 2021
Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանն արտահերթ նիստով այսօր քննարկում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով նախագիծը ներկայացնող «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանին, նշեց, թե նա սուտ տեղեկություններ է տարածում ամբիոնում կանգնած. «ԼՀԿ-ի ոչ մի նախընտրական ծրագրում չկա գրված, որ նման օրենսգքրի նախագիծ պետք է ընդունենք: Որքանով տեղյակ եմ մյուս ֆրակցիայի ծրագրում էլ չի եղել նման բան գրված, որտեղից եք նման բաներ խոսում ամբիոնից»: Հիշեցնենք, որ քիչ առաջ Վահագն Հովկիմյանը իր խոսքում նշեց, որ ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանի 3 ուժերի նախընտրական ծրագրերում: Մարուքյանն ընգծեց, որ 2018-ի հեղափոխությունը նոր էր եղել և ԸՕ-ի փոփոխությունը հապճեպ պրոցես էր. «Մենք միշտ պնդել ենք, որ միայն համամասնական ընտրակարգը սխալ է, առաջարկել ենք, որպեսզի լինի բաց համամասնական տարբերակը, դա քննարկվել է նաև «Ելք » դաշինքի ժամանակ»: Անցնելով բուն հարցին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Դուք Վենետիկի հանձնաժողով եք ներկայացրել մեկ այլ բան, այսօր քննարկում եք մեկ այլ նախագիծ: Ո՞ւմ եք ուզում մոլորեցնել, մտածում եք՝ էնտեղ մարդիկ չեն տեսնում, որ մի բան ուղարկում եք, այլ բան՝ ընդունում»: Վահագն Հովակիմյանն էլ պնդեց, եթե նայեն քարոզարշավի տեսանյութերը, կտեսնեն, որ իր ասածը սուտ չէ. «Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին: Այն ինչ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում: Չկա մի նորություն, որը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: Փոփոխությունները միայն այն է, որ մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ավելի շուտ են առաջարկվում ընդունվել»: Էդմոն Մարուքյանն էլ պնդեց՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ, որի հետ ուղարկվել է ԼՀԿ-ի բաց համամասնական ընտրակարգը. «Փաստ է, այն ինչ հիմա բերել եք, չի ուղարկվել հանձնաժողով: Քաղաքական ուժերը կոնսենսուս են արձանագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված: Օրը հայտարարելուց հետո դուք սկսել եք ԸՕ-ն փոխել, որքան է խաղի կանոնները կեսից փոխելը ժողովրդավարական: Ձեր ուզածը օրը ընտրություն անենք, ձեր ուզած ԸՕ-ով, էլ ինչ անենք ձեր համար, որ լավ լինի»,-ասաց ԼՀԿ ղեկավարը: «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ նկատեց. «Հարգելի պարոն Մարուքյան ջան, խաղի կանոները չեն փոխվում: Ընտրակարգը պարզեցվում է: Բաց համամասնականի ձեր առաջարկը կարող է քննարկվել, օրինակ՝ հաջորդ ընտրություններին: Բայց այսօր այդ համակարգով կազմակերպելն անիրատեսական է»:
12:21 - 01 ապրիլի, 2021
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել |armtimes.com|

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովն այսօր պատգամավորներ Արման Բաբաջանյանի,  Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծն է: Նախագծի հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախագծի քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը. «Փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մինչ այդ գործընթացի սկսվելը, հանձնաժողովների ապագա անդամները դասընթացների ընթացքում այդ փոփոխությունները իրացրած լինեն»: Հովակիմյանն անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխություններին, մասնավորապես խոսեց ռեյտինգային ընտրակարգի մասին, նշելով, որ այն միշտ քննադատության է արժանացել.«Այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի: Մյուս կողմից ԱԺ արտահերթ ընտրությունները, տեղի են ունենում մի պայմաններում, որի նպատակն է հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որը մենք ունենք: Գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի լինի: Ցանկանում եմ ընգծել, որ ԱԺ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն»: «Իմ քայլ»-ի պատգամավորը հիշեցրեց՝  ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանաի 3 ուժերի նախընտրական ծրագրերում. «Ուժերը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին և 29-ին կողմ են քվեարկել ընտրական ԸՕ-ի այն փոփոխություններին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից: Հովակիմյանը հավալեց, որ կան փոփոխություններում կետեր, որոնք վերաբերում են կորոնավիրուսային փաստով ստեղված իրավիճակին. «Աշխարհի շատ երկրներ վերանայում են ընտրությունների կազմակերպման իրենց մոտեցումները: Ըստ այդմ, այս փոփոխություններով առաջրկվում է սահմանել իրավական հիմքներ, կարանտինի պայմանների համահունչ ընտրական գործըթնացները կազմակերպելու համար»: Պատգամավորը շեշտեց, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր առարկությունները: Նա առաջարկեց ԸՕ նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց 24 ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի 3-ական ժամ:
11:53 - 01 ապրիլի, 2021
Հարցվածների 31.7 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին |armenpress.am|

Հարցվածների 31.7 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկի 31.7 տոկոսը, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի: Այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա նշեց, որ քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին, որ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք: «Իմ քայլը» դաշինքի օգտին նշել է 31.7 տոկոսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին նշել է 5.9 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` 4.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` 2.7 տոկոս, Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին` 2.4 տոկոսը, Հայ Յեղափոխական դաշնակցության օգտին` 2.1 տոկոս, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին 1 տոկոսը, «Սասնա ծռեր» կուսակցությանը 0.5 տոկոսը, «Հայրենիք» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը և «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ 0.1 տոկոսը: «Ոչ մեկին» նշել է 24.6 տոկոսը և դժվարացել է պատասխանել այս հարցին 20 տոկոսը: 3.9 տոկոսը տարբեր այլ կուսակցությունների է նշել»,- ասաց Նավասարդյանը: Նրա խոսքով` նախորդ հետազոտության հետ համեմատ, գրեթե չկա փոփոխություն: Մարտի 26-29-ն անցկացված հարցումներին մասնակցել է 801 անձ՝ հեռախոսային զրույցի միջոցով: 
14:38 - 31 մարտի, 2021
Հարցվածների մոտ 41 տոկոս մտադրված է մասնակցել հունիսի 20-ին իրականացվելիք ընտրություններին |armenpress.am|

Հարցվածների մոտ 41 տոկոս մտադրված է մասնակցել հունիսի 20-ին իրականացվելիք ընտրություններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում իրականացված հարցման մասնակիցների 41.2 տոկոսը մտադրված է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Արամ Նավասարդյանը նշեց, որ քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին. արդյոք պատրաստվո՞ւմ են մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին: «Միանշանակ մասնակցելու է» պատասխանել է հարցվածների 41.2 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է 10.7 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 15 տոկոսը, միանշնական չի մասնակցելու 15.9 տոկոսը: 17.2 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- ասաց Նավասարդյանը: Նավասարդյանի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, համաձայն որի 2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ-ում նախատեսվում է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տեղյակ է հարցվածների 92.5 տոկոսը, իսկ 7.5 տոկոսը տեղյակ չէ: Քաղաքացիներին խնդրել են պատասխանել նաև հետևյալ հարցին, թե ըստ ձեզ ներկայիս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ արդյոք կիրականացնի՞ արդար և թափանցիկ ընտրություններ: «Միանշանակ «այո» պատասխանել է 35.5 տոկոսը, ավելի շուտ «այո» 9 տոկոսը, ավելի շուտ «ոչ» 13.4 տոկոսը և միանշնական «ոչ» 29.7 տոկոսը: Դրական և բացասական տիրույթում պատասխանները նույն են: Դժվարացել է պատասխանել այս հարցին 13.5 տոկոսը»,- եզրափակեց Նավասարդյանը:
14:09 - 31 մարտի, 2021