ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ ): Նախարարը ծանոթացել է ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական ծրագրերին: ԱԻ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարար Փիլոյանն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը նշել է, որ կառուցողական աշխատանքի և կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման կողմնակից է: Նա ցանկացած խնդրի անհատական լուծում տալու պատրաստակամություն է հայտնել: Անդրանիկ Փիլոյանը նաև առանձին խորհրդակցություն է անցկացրել ակադեմիայի ղեկավար կազմի հետ: Քննարկվել են առաջիկա անելիքները: Այնուհետև նախարարը եղել է ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման, ինչպես նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոններում: Նրան ներկայացվել է կենտրոնների գործունեության ու հնարավորությունների ամբողջ շրջանակը՝ սկսած տեխնիկական ապահովվածությունից մինչև երկու երկրների կողմից համատեղ իրականացվող ծրագրեր: Նախարարն ընդգծել է, որ այս կառույցները կարևոր նշանակություն ունեն պետության համար, ուստի նման այցերը պարբերական բնույթ են կրելու:
13:35 - 26 նոյեմբերի, 2020
Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության ընթացքում

Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության ընթացքում

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Փիլոյանը ներկայացրել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության ընթացքում՝ հավելելով, որ նորի ներդրման հետ մեկտեղ շարունակելու է զարգացնել նաև նախկինում մեկնարկված ծրագրերը: Ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին: Ի թիվս այլ հանձնարարականների, նախարարն ընդգծել է մասնավորապես քաղպաշտպանության և ձմեռային սեզոնի նախապատրաստման աշխատանքների առաջնահերթությունը: Խորհրդակցությունից հետո Անդրանիկ Փիլոյանը շրջել է նախարարության մասնաշենքերով, ծանոթացել ԱԻՆ աշխատակիցների հետ:  
13:28 - 23 նոյեմբերի, 2020
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
19:00 - 21 նոյեմբերի, 2020
Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից․ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ուղերձը

Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից․ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ուղերձը

ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև։ «ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։ Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի հայրենիքն ի վերջո կհայտնվի կործանման եզրին։ Լինելով սպա, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել բանակաշինության ակունքներում, ինձ վստահված պաշտոններում արել եմ առավելագույնը՝ հզորացնելու և զարգացնելու մեր զինված ուժերը։ Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի և չեմ առաջնորդվել քաղաքական շահերով։ Այժմ էլ հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է։ Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, և չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել Անդրանիկ Փիլոյանին:
18:30 - 21 նոյեմբերի, 2020