ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, թե հայկական ԶՈՒ կրակոցից զինծառայող է զոհվել

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, թե հայկական ԶՈՒ կրակոցից զինծառայող է զոհվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ի գիշերը, հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառ (Քելբաջար) շրջանի ուղղությամբ իբր «հայկական զինուժի հերթական սադրանքի արդյունքում» զոհվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։ Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Բացի սրանից՝ ՊՆ-ից հերքել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ 
09:37 - 09 դեկտեմբերի, 2021
Մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Ստորաբաժանումների համատեղ գործողությունները և տարբեր իրավիճակներում մարտի վարման հմտությունները զարգացնելու նպատակով դեկտեմբերի 6-8-ը N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:  Տանկային ստորաբաժանումների աջակցությամբ անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը, մարտական կրակով ոչնչացրել կարևորագույն օբյեկտներն ու կրակակետերը, բարենպաստ պայմաններ ստեղծել հակահարձակման համար։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի գործողություններն ու ստորաբաժանումներին առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։
22:36 - 08 դեկտեմբերի, 2021
Աբրահամյանը դժգոհում է՝ ԶՈՒ-ի հետ կապված բարեփոխումները որևէ արտացոլում չեն գտել 2022 թվականի բյուջեի նախագծում |armenpress.am|

Աբրահամյանը դժգոհում է՝ ԶՈՒ-ի հետ կապված բարեփոխումները որևէ արտացոլում չեն գտել 2022 թվականի բյուջեի նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ռազմական բյուջեի մասով, անընդունելի է համարում: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց պետբյուջեի նախագծի քննարկմանն ԱԺ-ում խմբակցության անունից ելույթում՝ անդրադառնալով նախագծի՝ անվտանգությանը վերաբերող բլոկին: «Գլխավոր խնդիրը, որը կա այս բյուջեի ռազմական բլոկում, այն է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված ԶՈՒ բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել, ավելին՝ դա նույնիսկ քննարկում չի անցել պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ըստ այդմ ԶՈՒ-ի հետ կապված պայմանական բարեփոխումները որևէ արտացոլում չունեն 2022 թվականի պետական բյուջեի նախագծում: Այսինքն՝ մենք ունենք հետպատերազմյան ժամանակահատված, ունենք աղետալի հետևանքներ, որն արտացոլված է և սահմանագծում և առհասարակ ԶՈՒ-ում և  անվտանգության համակարգում: Մեկ տարի է ՝խոսում ենք Զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչև այժմ այդ բարեփոխումները ոչ միայն առարկայական քննարկումներ չեն ստացել, որևէ ձևով այդ հայեցակարգն ընդունված չէ, բայց մենք քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջե: Մենք չենք էլ ձևակերպել, թե ու՞ր ենք գնում, ի՞նչ ճանապարհով ենք գնում»,-ասաց Աբրահամյանը: Պատգամավորը նշեց, որ պատերազմից հետո և սպառազինությունների՝ ռազմական տեխնիկայի, զինամթերքի, ավտոմոբիլային պարկի կորուստ կա, և բյուջեի նախագծում  որևէ կերպով արտացոլում չունեն կորուստների վերականգնումը, մարտունակության բարձրացման, անվտանգության աստիճանի բարձրացման հետ կապված ստեղծված խնդիրները: «Եվ այս պարագայում այդ փաստաթուղթը բերել ընդունել, գոնե նվազագույնը ռազմական բյուջեի մասով եմ ասում, ուղղակի անթույլատրելի, անտրամաբանական է»,-ասաց պատգամավորը:
14:29 - 08 դեկտեմբերի, 2021
ՀՀ և Լիտվայի պաշտպանության նախարարություններն ստորագրել են 2022-ի ռազմական համագործակցության ծրագիրը

ՀՀ և Լիտվայի պաշտպանության նախարարություններն ստորագրել են 2022-ի ռազմական համագործակցության ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 2-ին անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները: Այս մասին հայտում է ՀՀ ՊՆ-ն։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև  Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և լարվածության թուլացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Հանդիպման մասնակիցներն ամփոփել են երկկողմ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները: Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմական բժշկությանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին:
21:25 - 02 դեկտեմբերի, 2021
Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպան Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները: Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը: Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
20:05 - 02 դեկտեմբերի, 2021
Շարունակվում է նախկին զինծառայող­ներին բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

Շարունակվում է նախկին զինծառայող­ներին բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

ՀՀ ՊՆ համակարգում զինվորական ծառայու­թյունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայող­ներին ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով շարունակվում է բնակարան կամ բնակելի տուն գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, մանրամասնելով, որ ՀՀ մարզերում բնակարա­նային հաշվառման հերթացուցակում ընդգրկված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառու­ներին ևս մեկ անգամ առաջարկվում է ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հասցե՝ ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. զորացրման հրամանի լուսապատճենը, շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ), ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին), անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ, շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից, տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ, տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման և (կամ) օտարման վերաբերյալ, աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում`  համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին: Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել փոստով՝ ք. Երևան, Բաբայան փող. 4 հասցեով:
15:59 - 01 դեկտեմբերի, 2021